5 ՊԱՏՃԱՌ «ՋՈՆԱԹԱՆ ԼԻՎԻՆԳՍԹՈՆ ՃԱՅԸ» ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Դու ազատ ես, դու իրավունք ունես ապրել այստեղ և հիմա, ինչպես քեզ թելադրում է քո եսը, և ոչ մի բան չի կարող քեզ խանգարել:

5929
Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

1970 թվականին հրատարակելով իր պատմվածքը՝ Ռիչարդ Բախը չէր էլ կարող պատկերացնել, որ այն հաշված շաբաթների ընթացքում իսկական բեսթսելլեր է դառնալու: Իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ պատմվածքի գաղափարն ասես վերևից է եկել իրեն, իսկ այն գրելու ամբողջ ընթացքը տևել է ընդամենը մի քանի ժամ: 4 տարվա ընթացքում «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» հասավ աշխարհի բոլոր անկյունները և վաճառվեց միլիոնավոր օրինակներով:

Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը

Պետք է ասել նաև, որ Ռիչարդ Բախը պարզապես գրող չէ, նրա առաջին և ամենամեծ սերը թռիչքն էր. ինչպես և Էքզյուպերին, Բախը նույնպես օդաչու էր: Նրա գրքերի մեծ մասը գրվել են թռիչքների ընթացքում՝ երկնքի փիլիսոփայությամբ:

«Ամենակարևոր բանը կյանքում կատարելության ձգտումն է այն բանում, ինչ դուք ամենից շատ եք սիրում»:

ԳԻՐՔՆ ՈՒՆԻ ՓՈՔՐ ԾԱՎԱԼ ԵՎ ԸՆԹԵՐՑՎՈՒՄ Է ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄՈՒՄ

Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը

Գիրքը շատ փոքրածավալ է, մոտ 20 էջ՝ և ընթերցվում է մի շնչով: Գրքի նկարագրությունները պարզ են, միևնույն ժամանակ՝ շատ գրավիչ ու հիշվող: Փիլիսոփայական խորը մտքերը այստեղ արտահայտված են պարզ ձևով և հասկանալի են ընթերցողների լայն շրջանակների: Գրաքաննդատաներն ու ընթերցողները բնորոշում են այն որպես գիրք, որտեղ չկա ոչ մի ավելորդ բառ: «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» ընթերցվում է մի քանի ժամում, բայց այդ մի քանի ժամը կարող են գլխիվայր շրջել ձեր կյանքը:

«Ամեն շրջադարձը, որից վախենում ես, ոչ այլ ինչ է, քան դատարկություն, որն իրեն անհաղթահարելի խոչընդոտ է երևակայում»: 

ԳՐՔԻ ՍՅՈՒԺԵՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԵՎ ԲԱԶՄԱՇԵՐՏ

«Աչքերիդ մի հավատա, նրանք տեսնում են միայն խոչընդոտները:  Դու մտքով նայիր, ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես, և կտեսնես թռիչքի տանող ճանապարհը»։

«Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» բազմաշերտ պատմվածք է: Գրքի ընթերցողը հասկանում է այն, ինչ հենց իրեն է հարկավոր է:  Մի կողմից այն խորը փիլիսոփայական, մոտիվացնող գիրք է, իսկ մյուս կողմից՝ հետաքրքիր պատմություն ճայերի մասին: Այն պատմում է Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայի մասին, որը չնայած իր երամի անհամաձայնությանը, որոշում է կատարելագործել իր թռիչքային կարողությունները և նորանոր բարձունքներ նվաճել: Նրան վրդովեցնում է այն փաստը, որ իր երամի անդամները մտահոգվում են միայն կեր հայթայթելու մասին: Եվ մի օր Ջոնաթանը գնում է իր երազանքի հետևից՝ ուշադրություն չդարձնելով ամբոխի քննադատություններին ու հալածանքին: Նա համառորեն գնում է դեպի իր նպատակը՝ սովորելով ճախրել ու նվաճել երկնքի անսահման տարածությունը:

«Ուզածդ տարածությունը ուզածդ պահին կարելի է թռչել, մնում է միայն ցանկանալ»:

ԳԻՐՔԸ ՄՂՈՒՄ Է ՄԵԶ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը

Բավական է կարդալ գրքի առաջին էջերը և կենցաղային հոգսերը, առօրեական մտածմունքներն անմիջապես մղվում են հետին պլան, և զգացվում է ազատության շունչը: Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը մեզ ստիպում է մտածել այն մասին, թե ինչին ենք մենք նվիրել մեր կյանքը և արդյոք այն տեղում ենք, որտեղ պետք է լինենք: «Հասկացիր, թե աշխարհում ամենից շատ ինչ կցանկանայիր անել, և արա դա», – ասում է Ռիչարդ Բախն իր պատմվածքում:

«Երբ գիտես, թե ինչ ես անում, միշտ հաջողվում է»։

Պատմվածքն ասես արթնացնում է ընթերցողին ինչ-որ խորը քնից, ստիպում վերագնահատել կենսակերպը, որը նա վարում է  այդ պահին: Այն մղում է դուրս գալ հարմարավետության գոտուց, հավատալ սեփական ուժերին և փոփոխություններ անել կյանքում:

Եթե համեմատություն անցկացնենք իրական կյանքի հետ, ապա պատկերացրեք, որ դուք արդեն 10 տարի աշխատում եք գրասենյակում ու հանգիստ, ոչնչով չտարբերվող կյանք եք վարում, երբ ձեր շրջապատում հայտնվում է մեկը, ով կարողանում է ոգեշնչել ձեզ և հավատացնել, որ դուք կարող եք սեփական գործ սկսել կամ գտնել ավելի հետաքրքիր ու բարձր վարձատրվող աշխատանք, կամ ճամփորդել՝ հեռահար աշխատելով: Ահա այդպիսի զգացողություններ եք ունենում գիրքը կարդալիս: Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը ոչ միայն ինքն է սովորում թռչել, այլև մեզ է սովորեցնում դա, օգնում է չվախենալ լինել ուրիշներից տարբեր և ընդլայնում է մեր մտահորիզոնը:

«Երամը արարածների խումբ է, որոնք համառորեն չեն ցանակնում բացել իրենց աչքերը և տեսնել թռիչքի երջանկությունը, և հենց այդ պատճառով իրենց թևերը վերածում են սահմանափակ հնարավորություններով գործիքի»:

ԳԻՐՔԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԵՐԱԶԵԼ

Գրքի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ գիրքը սովորեցնում է  երազել, պատկերացնել մեր ապագան, հասկանալ, թե որտեղ կցանկանայինք ապրել իրականում, ինչով զբաղվել: Իսկ երբ չես վախենում երազել, երազանքներդ սկսում են իրականություն դառնալ:

«Դու կարող ես անել  ցանկացած բան. բայց քանի դեռ չես ապացուցել դա, դու ոչինչ չես կարող անել»:

Գրքի հիմնական հարցադրումը հետևյալն է. «Ինչպե՞ս համոզել ազատ մարդուն, որ նա ազատ է»: Իսկ պատասխանը սա է՝ սովորեցնել նրան երազել: Ռիչարդ Բախը շատ է խոսում այն մասին, թե ինչ է երազանքը և ինչպես կանգ չառնել դրան հասնելու ճանապարհին, այն մասին, որ հենց երազանքն է ստիպում մեզ վեր կենալ բազմոցից, հաղթահարել վախերն ու քայլ անել դեպի նոր կյանք:

ԳԻՐՔԸ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՐԴԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԻՔՈՒՄ

Եվ վերջապես, գրքի մյուս դրական առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է կարդալ ցանկացած տարիքում և ոչ մեկ անգամ:  Այն շատ բան ունի սովորեցնելու թե՛ երիտասարդներին, թե՛ նրանց, ովքեր կյանքի մեծ կենսափորձ ունեն:

Եվ որքան դուք շուտ կարդաք  գիրքը, այնքան շուտ ձեր կյանքում վառ ու դրական փոփոխություններ կլինեն, այնքան ավելի ազատ կդառնաք և անկախ՝ շրջապատի կարծիքից:

«Շարունակիր ինքդ քո փնտրտուքները, ահա թե ինչ է պետք քեզ, ձգտիր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ քո իրական եսին»:

Գիրքը միանշանակ խորհուրդ ենք տալիս ընթերցել այն մարդկանց, ովքեր ցանկանում են մեկ աստիճանով վեր բարձրանալ անձնական և մասնագիտական առումներով, նրանց, ովքեր մոտիվացիա են փնտրում, ոգևորության և ուժի նոր աղբյուր:

Գիրքը տարբեր ֆորմատներով ներբեռնել կարող եք այստեղ:
In this article


Join the Conversation