ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ APPLE-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հազարավոր մարդիկ երազում են աշխատել այնպիսի ընկերությունում, ինչպիսին Apple-ն է: Apple-ը նույնպես, ի թիվս այլ մեծ ընկերությունների, անցկացնում է բավական անկանխատեսելի հարցազրույցներ նոր աշխատակիցների աշխատանքի ընդունելիս:

13678
Տրամաբանական հարցեր

Այստեղ էլ տրամաբական հարցեր են տալիս թեկնածուներին՝ փորձելով ստուգել նրանց տրամաբանությունն ու արագ կողմնորոշվելու կարողությունը: Ահա թե ինչպիսի հարցեր են տալիս Apple-ում հարցազրույցների ժամանակ:

ԴՌՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

ՀԱՐՑ: Հանրահայտ հեռուստասերիալի հերոս Շելդոն Կուպերը գանձերի որոնման ճանապարհին հասնում է երկու դռան, որոնցից մեկը տանում է դեպի գանձերը, իսկ մյուսը՝ դեպի մահացու վտանգավոր լաբիրինթոսը: Յուրաքանչյուր դռան մոտ կանգնած է մեկ պահապան, որը գիտի, թե ինչ կա դռան հետևում: Պահապաններից մեկը միշտ ստում է, մյուսը երբեք չի ստում: Շելդոնը չգիտի, թե որ մեկն է նրանցից ստախոսը: Դուռն ընտրելու համար նա կարող է միայն մեկ հարց տալ և միայն պահակներից մեկին: Ի՞նչ հարց պետք է տա Շելդոնը, որպեսզի հասնի գանձերին:

ՊԱՏԱՍԽԱՆ: Պահապաններից յուրաքանչյուրին կարելի է տալ այս հարցը՝ «Ո՞ր դուռն է, ըստ մյուս պահապանի, ճիշտ դուռը»: Եթե այդ հարցը տրվի ճշտախոս պահապանին, ապա կստանա տեղեկություն, թե որ դուռն է տանում դեպի լաբիրինթոսը, չէ՞ որ ստախոսը միշտ սխալ պատասխան կտա: Իսկ եթե հարցնի ստախոս պահապանին, ապա նորից կիմանա, թե որ դուռն է դեպի լաբիրինթոս տանում, որովհետև ստախոսը կխաբի նաև ճշտախոս պահապանի տեսակետի վերաբերյալ:

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՎ ԿԱՆԱՉ ԳԼԽԱՐԿՆԵՐԸ

ՀԱՐՑ: Երկիրը գրավել են այլմոլորակայինները: Նրանք պլանավորում են ոչնչացնել մոլորակը, բայց որոշել են մարդկությանը հնարավորություն տալ: Նրանք ընտրել են տասնյակ ամենախելացի մարդկանց և տեղավորել են նրանց բացարձակ մութ սենյակում՝ շարքով նստացնելով մեկը մյուսի հետևից:  Բոլոր մարդկանց գլխին գլխարկներ են դրել: Գլխարկների մի մասը վարդագույն է, մյուս մասը՝ կանաչ: Այն բանից հետո, երբ բոլորի գլխարկները արդեն նրանց գլխին են, լույսերը միացվում են:

Այլմոլորակայինը սկսում է շարքի վերջին մարդուց և հարցնում է, թե ինչ գույնի է նրա գլխարկը: Գլխարկի գույնից բացի ուրիշ բառ ասել չի կարելի: Չի կարելի նաև լռել: Եթե նա ճիշտ է պատասխանում, կենդանի է մնում, եթե սխալ է պատասխանում, նրան սպանում են:

Չի կարելի նայել, թե ինչ գույնի է գլխարկը, բայց կարելի է նախապես պայմանավորվել հաջորդականության մասին, որով կպատասխանեն բոլորը: Գլխարկների դասավորվածությունը պատահական է: Տվյալ մարդը կարող է տեսնել միայն իր առջև նստած մարդկանց գլխարկները: Ինչպե՞ս պատասխանել, որպեսզի կենդանի մնան հնարավորինս շատ թվով մարդիկ:

ՊԱՏԱՍԽԱՆ: Առաջին պատասխանողը հաշվում է իր առջև գտնվող մարդկանց գլխարկները՝ ըստ գույների: Եթե կանաչ գլխարկների թիվը կենտ է, ապա նա ասում է «կանաչ», եթե զույգ է՝ «վարդագույն»: Նրա առջևում նստածը, լսելով իր նախորդի պատասխանը, հաշվում է իր առջև գտնվող կանաչ գլխարկների թիվը, եթե դրանք դեռ կենտ են, ապա ուրեմն իր գլխին վարդագույն գլխարկ է: Եթե կանաչներն արդեն զույգ են, ուրեմն իր գլխին նույնպես կանաչ գլխարկ է: Այսպես 10-ից 9-ը միանշանակ կենդանի կմնան, իսկ առաջին պատասխանողի ողջ մնալու հավանականությունը 50% է:

Դժվար չէ կռահել, որ այս խնդիրը միտված է թիմային մտածողությունը ստուգելուն:

Մյուս անգամ կխոսենք Google-ի, Microsoft-ի և մի շարք այլ խոշոր ընկերությունների «փորձությունների» մասին:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին