ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ԱՍԵԼ «ՈՉ»

Կան մարդիկ, ովքեր պարզապես չեն կարողանում մերժել, երբ իրենց ինչ-որ բան են խնդրում: Մինչդեռ նրանց իսկ գործերը, ծրագրերը, նպատակները շարունակ հետ են մղվում: Հաճախ այդպիսի մարդիկ մինչև իրենց կյանքի վերջ զբաղվում են՝ միայն ուրիշների խնդիրները լուծելով և նրանց օգնության հասնելով:

11341
Ինչպես սովորել ասել «ոչ»

Ամենավատն այն է, որ բոլորին մշտապես օգնության հասնող մարդկանց անգամ մոռանում են շնորհակալություն հայտնել, չէ՞ որ արդեն մի քանի անգամ ինչ-որ բան խնդրելով ու ստանալով, սկսում ես կարծել, որ այդպես էլ պետք է լիներ, այլ կերպ հնարավոր չէր:

Մարդիկ, ովքեր չեն կարողանում ասել «ոչ», առաջին հայացքից թվում են կենսուրախ, պատրաստակամ, միշտ ժամանակ ունեն լսելու և օգնության հասնելու: Բայց բավական է նրանց տեսնել իրենց «թուլության» պահին և կհասկանաք, որ նրանք սարսափելի հոգնած ու հյուծված են, ապրում են ոչ թե իրենց կյանքով, այլ ուրիշների, իրականացնում են ոչ թե իրենց երազանքները, այլ ընկերների, բարեկամների և բոլոր նրանց, ովքեր ամեն պարագայում հույս են դնում նրանց օգնության վրա:

Եվ ուրեմն, ինչ անել, եթե դուք էլ եք պատկանում այն մարդկանց թվին, ովքեր չեն կարողանում մերժել, երբ իրենց որևէ բան են խնդրում: Ինչպե՞ս դուրս գալ այդ շղթայից հնարավորինս քիչ կորուստներով:

ՆԱԽԵՎԱՌԱՋ ՀԻՇԵՔ

Դուք և բոլոր մնացած մարդիկ ունեք հավասար քանակությամբ ժամանակ, էներգիա ու ռեսուրսներ: Եվ ժամանակի լավ կամ վատ պլանավորումը մեզնից յուրաքանչյուրի գործն է: Եթե դուք այնպես եք պլանավորել ձեր ժամանակը, որ որոշ չափով ազատ ժամանակ ունեք հանգստի և ինքներդ ձեզ համար, դա ձեզ չի պարտավորեցնում այն հատկացնել ուրիշներին, եթե նրանք պնդում են, որ չեն հասցնում իրենց գործերը: Մարդիկ պարզապես սովորում են հույս դնել ուրիշների վրա, եթե կա նման հնարավորություն: Երբեմն դա կարող է լինել պարտականություններից խուսափում, երբեմն պարզապես ինչ-որ մեկի ուսին հենվելու ցանկություն:

Երկրորդ բանը, որ հարկավոր է հիշել, այն է, որ դժբախտություններն ու անհաջողությունները բոլոր մարդկանց մոտավորապես նույն չափաքանակով են բաժին հասնում: Պարզապես մարդկանց մի մասը իր խնդիրներն ինքնուրույն է լուծում, իսկ մյուս մասը փաթաթում է այդ խնդիրները ուրիշների վզին: Մի մոռացեք նաև այս «հավասարության մասին» և գուցե ձեզ ավելի պակաս պարտավորված կզգաք:

Եվ այսպես, փորձենք հասկանալ.

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄԵՐԺԵԼ

Ինչպես սովորել ասել ոչ

ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ՈՐ ԱՌԱՆՑ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ
ԳԼՈՒԽ ՉԵՆ ՀԱՆԻ

Իսկ ի՞նչ է լինում այն ժամանակ, երբ դուք քաղաքում չեք, երբ դուք հիվանդ եք: Այդ մարդիկ ինչ-որ կերպ գլուխ են հանում, չէ՞: Նույնը կլինի նաև այն դեպքում, երբ դուք պարզապես մերժեք նրանց: Ձեր օգնությանը դիմելը նրանց ավելի հարմար է. նրանց, բայց ոչ ձեզ: Եվ եթե դուք այդ օգնությունը ցուցաբերելու եք ձեր կարևոր գործերի, ժամանակի, առողջության, ընտանիքի հետ շփման հաշվին, ապա համաձայնվելուց առաջ, միանշանակ, արժե մտածել:

ՈՒԶՈՒՄ ԵՔ, ՈՐ ԲՈԼՈՐԸ ՍԻՐԵՆ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵՆ ՁԵԶ

Բոլորին դուր գալ, բոլորին ուրախացնել, չնեղացնել պարզապես անհնար է, եթե դուք չեք ուզում կորցնել ձեր անհատականությունը ձեր ժամանակի ու երազանքների հետ միասին: Եթե կարծում եք, որ ձեզ կգնահատեն ու կսիրեն այն բանի համար, որ դուք այդպես նվիրված եք բոլորին, ապա պարզապես խաբում եք ինքներդ ձեզ: Յուրաքանչյուր մարդ ունի իր առաջնահերթությունները, և մարդկանց համար ամենակարևոր բանը չի կարող լինել ձեզ անդադար շնորհակալ լինելը: Վաղ թե ուշ, ինչ-որ պահի դուք ձեզ չգնահատված ու անտեսված կզգաք: Եվ համընդհանուր սեր միայն ձեր անձնազոհության հաշվին դուք չեք վայելի:

ՉԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԿԱՄ ԿՈՐՑՆԵԼ ԱՅԴ ՄԱՐԴՈՒՆ

Մի կարծեք, որ մեկ անգամ մերժելով՝ դուք կվիրավորեք դիմացինին ու կփչացնեք նրա հետ հարաբերությունները: Ձեր մերժումը ուղղված է խնդրանքին, այլ ոչ թե մարդուն: Բացատրեք դա նրան, ասացեք, որ այս պահին պարզապես ի վիճակի չեք կատարելու նրա խնդրանքը: Քաղաքավարի եղեք ու ջերմ խոսեք, բայց ձեր մերժման մեջ հաստատուն եղեք: Դուք մերժում եք ոչ թե ձեր հարաբերությունները, այլ տվյալ խնդրանքը:

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՔ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԲԱՑ ԹՈՂՆԵԼ

Շատերը չեն մերժում, երբ իրենց ինչ-որ բան են խնդրում, որովհետև կարծում են, թե դա մի հետաքրքիր ու նոր բանի հնարավորություն կտա իրենց: Ե’վ «այո», և’ «ոչ» ասելը հնարավորություն են: Պարզապես պետք է ընտրություն անել այդ երկուսից: Շատ հաճախ մեկ «ոչ»-ը ձեզ կտանի դեպի ավելի լավ, ավելի հետաքրքիր ու արժեքավոր «այո»-ն:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Ինչպես սովորել ասել ոչ

ՈՐՈՇԵՔ, ԹԵ ՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵՐԺԵԼ

Սա առաջին ու ամենակարևոր քայլն է: Յուրաքանչյուր մարդու կյանքում կան մարդիկ և կան իրավիճակներ, երբ նրանք իսկապես չեն ցանկանում մերժել: Դա բոլորիս առաջնահերթություններ են: Գրի առեք ձեր առաջնահերթությունները և մնացած բոլոր պարագաներում, եթե դրանք չեն տեղավորվում ձեր այդ ցանկի մեջ, կամ ավելին՝ անգամ համեմատության եզր չունեն, առանց խղճի խայթ զգալու պատրաստ եղեք քաղաքակիրթ ձևով մերժել:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՂԵՔ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Եթե ձեզ դիմել են օգնության խնդրանքով, ապա նշանակում է, որ ձեզ վստահել են, ինչն արդեն իսկ լավ է և արժե շնորհակալ լինել դրա համար: Վստահության համար շնորհակալություն հայտնելը ձեզ բոլորովին չի պարտավորեցնում անմիջապես «այո» ասել: Փոխարենը այս կերպ դուք դրական էմոցիաներով կմեղմեք իրավիճակը:

ԲԱՑԱՏՐԵՔ ՊԱՏՃԱՌԸ

Սովորաբար մարդիկ գոնե մոտավոր բացատրության սպասում են, երբ իրենց մերժում են: Ավելի լավ է անկեղծորեն ասել, որ դուք զբաղված եք, այլ բան եք պլանավորել տվյալ օրվա համար կամ պարզապես շատ հոգնած եք: Գուցե այդ ինչ-որ բանը ձեր սկզբունքներին է դեմ: Եվ վերջապես կարող եք ասել, որ դուք սովորում եք ասել «ոչ»:

Եթե մերժել եք, բայց ձեզ կպչուն ձևով  շարունակում են համոզել, հաստատուն եղեք ձեր որոշման մեջ: Արդյունքում ձեզնից ոչ թե կնեղանան, այլ պարզապես ժամանակի ընթացքում կսկսեն ձեզ վերաբերվել որպես մարդու, ով ունի սեփական կարծիք ու հաստատուն կամք:

Լինում են նաև դեպքեր, երբ մարդը դեռ չի սկսել խոսել, իսկ դուք արդեն գիտեք, որ նա ինչ-որ բան է պատրաստվում խնդրել: Այդ դեպքերում ավելի լավ է կանխել նրա խոսքը՝ ասելով, որ զբաղված եք շատ կարևոր գործով և չեք կարող շեղվել:

ՓՈՐՁԵՐ ԱՐԵՔ

Որպեսզի անսպասելի իրավիճակներում ձեզ չկորցնեք և ձեզ համար ոչ նպատակահարմար դեպքերում կարողանաք մերժել մարդկանց, հարկավոր է նախապես պատրաստվել, փորձեր անել: Կարող եք սկսել ամենասովորական իրավիճակներից և հատկապես անծանոթների հետ, չէ՞ որ նրանց դեպքում չեք վախենա հարաբերություններ փչացնել:

Մերժեք, երբ փորձում են, օրինակ, հերթում առանց պատճառի առաջ խցկվել, հրաժարվեք, երբ հեռախոսով ինչ-որ բան են առաջարկում գնել, հրաժարվեք, երբ մատուցողն առաջարկում է խմիչք կամ աղանդեր վերցնել, իսկ դուք այդքան էլ չեք ցանկանում: Մերժեք, եթե ձեզնից գումար են խնդրում, իսկ դուք գիտեք, որ դա ձեր առաջնահերթ ծախսերի գումարն է: Ասեք, որ զբաղված եք, երբ ժամերով ձեր գլուխը տանում են՝ հեռախոսով խոսելով: Փոքր բաներում սովորելով մերժել՝ դուք շատ ավելի հեշտությամբ կկարողանաք «ոչ» ասել ավելի կարևոր իրավիճակներում:

Հավաքեք ձեր ողջ քաջությունը, մոռացեք այն մասին, որ ձեզնից կվիրավորվեն, ձեր մասին վատը կմտածեն, որ դուք լավ ընկեր չեք և այլն, և այլն: Համակերպվեք նաև այդ ամենի հետ: Դա ավելի լավ կյանք ունենալու գինն է, որ երբեմն հարկավոր է վճարել: Դա միակ տարբերակն է անձնական տարածության ձեր սահմաններն ունենալու համար, հոգեկան հանգստություն գտնելու համար, սեփական երազանքներն իրականացնելու և հարգված լինելու համար:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին