ԻՆՉՊԵ՞Ս COCA-COLA-Ն ՍՏԵՂԾԵՑ ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻՆ

Աշխարհի բազմաթիվ երկրներում Ամանորն ու Սուրբ Ծնունդը ասոցացվում են Սանտա Կլաուսի և... Coca-Cola-ի հետ: Թերևս քչերն են տեղյակ, որ Սանտա Կլաուսին այն տեսքով, ինչպիսին նա հայտնի է այսօր, ստեղծել է հենց Coca-Cola ընկերությունը:

988
Ինչպես Coca-Cola-ն ստեղծեց Սանտա Կլաուսի կերպարը

Coca-Cola-ն աշխարհի ամենահայտնի բրենդն է: Այն ճանաչում են 6,5 միլիարդ մարդ՝ Երկիր մոլորակի բնակչության 94%-ը: Այս լեգենդար գազավորված ըմպելիքը հասանելի է աշխարհի ավելի քան 200 երկրում:

Ճանաչումը, սակայն, նրա միակ ձեռքբերումը չէ. Coca-Cola-ն տարիներ շարունակ զբաղեցնում է առաջատար դիրքեր ամենաթանկ բրենդների ցանկում: 2015 թվականի տվյալներով նա զիջում է միայն Apple-ին, Microsoft-ին և Google-ին՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

Ամեն օր աշխարհում վաճառվում է 1,5 միլիարդ շիշ Կոկա-Կոլա: Եթե ընկերության՝ մինչև այսօր թողարկված արտադրանքի թիվը բաժանենք երկրագնդի բնակչության թվի վրա, ապա մեզնից յուրաքանչյուրին բաժին կհասնի 767 շիշ:

Բայց ըմպելիք ստեղծելուց զատ Կոկա-Կոլան նաև մշակույթ է ստեղծում: Ամանորյա տոների շրջանը Կոկա-Կոլայի շրջանն է: «Տոներն են մոտենում, տոներն են մոտենում…». ո՞վ չի հիշում այս տողերը՝ նախապատրաստվելով Ամանորին: Այս երկու երևույթներն այսօր անբաժան են թվում, բայց դրան հասնելու համար ընկերությունը ծախսել է ավելի քան 80 տարի և հսկայական քանակությամբ միջոցներ:

Սանտա Կլաուսին կարմիր հագուստով ցմփոր ծերուկի տեսքով պատկերացնելու համար մենք նույնպես Կոկա-Կոլային ենք պարտական և Հեդդոն Սանդբլոմ անունով նկարչին, ով ընկերության պատվերով նկարել է նրան այդպիսին:

Ինչպես Coca-Cola-ն ստեղծեց Սանտա Կլաուսի կերպարըՄինչև 1931 թվականը Սանտա Կլաուսին մարդիկ պատկերում էին ամենատարբեր արտաքինով: Հիմնական գերիշխող գույնը կանաչն էր: Սանտան մեկ հանդես էր գալիս կանաչ գուլպաներով էլֆի տեսքով, մեկ թզուկի տեսքով, մեկ կապույտ հագուստով ծերուկի տեսքով և այլն:

Կոկա-Կոլա ընկերությունը, որը ցանկանում էր խթանել ըմպելիքի վաճառքները նաև ձմռանը, որոշեց օգտագործել Սանտա Կլաուսի կերպարն իր գովազդային արշավում՝ կտրուկ փոփոխելով կերպարի արտաքինը: Կոկա-Կոլան պատվիրեց Հեդդոն Սանդբլոմին նկարել նոր Սանտա Կլաուս, որը կլիներ իրական Սանտա, այլ ոչ թե մարդ, ով պարզապես Սանտայի հագուստ է հագել: Կերպարը պետք է մոտ լիներ մարդկանց սրտերին՝ անկախ սեռից ու տարիքից:

Արդյունքում «ծնվեց» Կոկա-Կոլայի շիշը ձեռքին, եղջերուներին լծված սահնակով ճանապարհորդող և երեխաներին ծխնելույզների միջով նվերներ հասցնող Սանտայի կերպարը: Նա դարձավ ամենաէժան և ամենաեկամտաբեր ֆոտոմոդելը գովազդային բիզնեսի ողջ պատմության մեջ:

Որպես բնորդ Սանդբլոմն ընտրեց իր ընկերներից մեկին՝ թոշակի անցած վաճառական Լու Պրենտիսեին: Նկարչի խոսքերով՝ նա իսկական սրբի արտաքին ուներ՝ բարի ու երջանիկ մարդու հայացք, կնճիռներ աչքերի անկյուններում: Երբ Պրենտիսեն մահացավ, Սանդբլոմը երկար ժամանակ նոր մոդել էր փնտրում, մինչև մի օր իրեն ուշադիր ուսումնասիրեց հայելու մեջ և հասկացավ, որ ինքն էլ հասցրել է նմանվել Սանտա Կլաուսին: Իր կնոջ նախատիպով Սանդբլոմը նկարեց Միսիս Կլաուսին, իսկ 3 աղջիկներն ու 15 թոռնիկները բազմաթիվ անգամներ հանդես եկան Սանտային դիմավորող երեխաների կերպարներում:

Ինչպես Coca-Cola-ն ստեղծեց Սանտա Կլաուսի կերպարը

Հեդդոն Սանդբլոմը և Լու Պրենտիսեն

 

Առաջին անգամ Սանտայի կերպարը հայտնվեց 1931 թվականի Սուրբ Ծննդի նախօրեին The Saturday Evening Post շաբաթաթերթում, այնուհետև Ladies Home Journal, National Geographic, The New Yorker և բազմաթիվ այլ ամերիկյան լրատվամիջոցներում:

30 տարի շարունակ Սանդբլոմն ամեն Սուրբ Ծննդի համար նկարում էր նոր նկար՝ Սանտա Կլաուսի մասնակցությամբ: Սանդբլոմն ու Կոկա-Կոլան Սանտային նաև բնավորության մի շարք գծերով օժտեցին. նա երեխաներին ոչ միայն նվերներ էր բերում, այլև նրանց սիրելի ըմպելիքը, սիրում էր մարդկանց տներում երբեմն «չարաճճիություններ» անել, դատարկում էր սառնարանը, քաղցրավենիքներ համտեսում, խաղում տանն ապրող կենդանիների հետ և այլն:

Սանդբլոմի նկարներն այսօր համարվում են Կոկա-Կոլա ընկերության արխիվի ամենաթանկարժեք բաղադրիչներից մեկը, ցուցադրվել են բազմաթիվ թանգարաններում և ցուցասրահներում՝ այդ թվում՝ և Լուվրում:

Հեդդոն Սանդբլոմը մահացավ 1976 թվականին: Բայց տարիներ անց նրա պատկերած Սանտա Կլաուսի նկարները կրկին կենդանություն առան և սկսեցին օգտագործվել Կոկա-Կոլայի գովազդային արշավներում: Սանտան վերածնվեց ոչ միան նկարներում, այլև տեսանյութերում: Բազմաթիվ հուզիչ ու գեղեցիկ տեսահոլովակներով նա դարձավ նաև ժամանակից մշակույթի անբաժան մասնիկը:

In this article


Join the Conversation