ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԱՍԽԱՆԵԼ «ՊԱՏՄԻՐ ՔՈ ՄԱՍԻՆ» ՀԱՐՑԻՆ

Դուք նստած եք ձեր հնարավոր գործատուի առջև, և ահա հնչում է այն հարցը, որը դուք ամենաքիչը կցանկանայիք լսել, այն հարցը, որի մասին մտածում էիք. «Միայն թե ոչ դա, խնդրում եմ»...

5082
Պատմիր քո մասին

«Պատմիր քո մասին» հարցը լսելիս՝  ձեր գլխում ամեն ինչ իրար է խառնվում, դուք հիշում եք ամենաանիմաստ մանրամասները՝ մոռանալով գլխավորի մասին, չեք կարողանում կողմնորոշվել, թե ինչը հետաքրքիր կլինի գործատուին, և ինչը կլինի շահեկան ձեզ համար:

Ինքներդ ձեր մասին պատմությունը հարցազրույցի ամենակարևոր մասն է՝ առանց չափազանցության: Ահա այն ամենակարևոր խորհուրդները, որոնք ձեզ կօգնեն առանց խուճապի մատնվելու պատասխանել այդ հարցին:

ԽՈՍԵՔ ԿԱՐՃ

Գուցե ձեզ տարօրինակ թվա, բայց ձեր մասին ամբողջ ինֆորմացիան պետք է տեղավորել 1 րոպեի ընթացքում, եթե ոչ ավելի կարճ ժամանակում: Նախ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործատուն չի հասցնի շեղել ուշադրությունը ձեր պատմության ընթացքում և ամեն ինչ կմտապահի:

Բայց հակիրճության համար երկրորդ պատճառն ավելի կարևոր է. այն է՝ դուք ինքներդ կենտրոնացած կլինեք այդ մեկ րոպեի ընթացքում: Երբ հուզված ենք, շատ հաճախ սկսում ենք երկար խոսել և կարևոր ինֆորմացիան հեղեղում ենք անպետք մանրամասներով, իսկ հաճախ այնպիսիններով, որոնց համար հետո խորապես զղջում ենք: Թույլ մի տվեք, որ ձեր խոսքը անկառավարելի լինի, իսկ այս դեպքում հակիրճությունն ամենաաշխատող տարբերակն է:

ԽՈՍԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Պատմիր քո մասին հարցին պատասխանելիս մենք, չգիտես ինչու, սկսում ենք ընտանիքից, հետաքրքրություներից ու անձնական նպատակներից: Մենք սովոր ենք մեզ ընկալել այդ տեսանկյունից, բայց գործատուին այդ ամենը բացարձակ հետաքրքիր չէ:

Մյուս կողմից, եթե հասկացել եք, որ պետք է խոսել աշխատանքի մասին, պետք չէ այսպիսի խոսքեր ասել. «Ես աշխատասեր եմ, ճշտապահ, մոտիվացված, կարող եմ լավ աշխատել թիմում և այլն»: Այս ամենը առանց այդ էլ ձեզնից պահանջվում և ակնկալվում է: Դա նույնն է, ինչ անշարժ գույքի գործակալը փորձի ձեզ վաճառել բնակարանը՝ ասելով, որ այն ունի պատեր, հատակ և առաստաղ:

Խոսեք ըստ էության՝ քանի տարվա փորձ ունեք տվյալ ոլորտում, ինչ կրթություն ունեք, ինչ կուրսեր եք անցել, ինչ ծրագրերի եք տիրապետում: Այս ամենը կախված է ձեր մասնագիտությունից և պետք է խորանալ հենց այդ ուղղությամբ և միևնույն ժամանակ խուսափել պարզ թվարկումից, որովհետև…

ՁԵԶ ՊԵՏՔ ԵՆ ԹՎԵՐ

Ինչպես և ռեզյումեի մեջ, հարցազրույցի ժամանակ ձեզ պետք են թվեր և փաստեր: Եկեք նայենք այս երկու օրինակներին և տեսնենք, թե որն է ավելի տպավորիչ:

1-ին տարբերակ՝ «Ես աշխատել եմ թե՛ խոհանոցում, թե՛ ռեստորանի սրահում: Հիմնականում ես մատուցողի փորձ ունեմ, բայց նաև կարողանում եմ սպասք լվանալ, պատվերներ փոխանցել ու սառը ուտեստներ պատրաստել»:

2-րդ տարբերակ՝ «Ես կես տարի աշխատել եմ ընտանեկան ռեստորանում: Մոտ մեկ տարի աշխատել եմ որպես մատուցող, սպասարկել եմ օրական մինչև 200 մարդ, իսկ հանգստյան օրերին՝ մինչև 400 մարդ: Մի քանի ամիս աշխատել եմ նաև խոհանոցում, պատվերներ եմ փոխանցել, լվացել եմ սպասք և սառը ուտեստների պատրաստման մեջ եմ հմտացել»:

Այս դեպքում, իհարկե, սպասարկված մարդկանց քանակը կախված է ռեստորանի չափից, բայց ձեր հմտությունների մասին հստակ պատկերացում կազմելով՝ գործատուն ավելի հեշտ ու վստահ կկարողանա որոշում կայացնել:

ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ ԴՐԵՔ

Երբ մարդիկ գալիս են հարցազրույցի, փորձում են ապացուցել, որ իրենք համապատասխանում են հայտարարության նվազագույն պայմաններին: Հիշեք. եթե ձեզ կանչել են հարցազրույցի, ուրեմն դուք արդեն իսկ համապատասխանում եք դրանց, հակառակ դեպքում ձեզ վրա ժամանակ չէին ծախսի: Հարցազրույցի նպատակն այն է, որ դուք ցույց տաք, որ ունեք շատ ավելի շատ հմտություններ, քան մնացած բոլոր թեկնածուները:

Հիշեք, թե ինչպես է աշխատում գովազդը: Ձեզ ոչ միայն ասում են, թե ինչ բաղադրություն ունի կամ ինչպես է աշխատում ապրանքը, այլև ցույց են տալիս այն ամենը, ինչ դուք կունենաք՝ ապրանքը ձեռք բերելով՝ երջանիկ, անհոգ կյանք, ձյունաճերմակ ժպիտ, առողջ ու փարթամ մազեր և այլն և այլն: Մոտավորապես նույն բանը պետք է անեք նաև դուք:

Պատմելով ձեր մասին՝ առաջին մասում դուք պետք է հիմքեր ստեղծեք՝ փաստեր ներկայացնելով, իսկ երկրորդ մասում պետք է պատմեք այն մասին, թե ինչ եք անելու դուք՝ ներգրավելու եք նոր հաճախորդների, թարմ գաղափարներ եք առաջարկելու, նոր դիզայն եք մշակելու և այլն: Ձեր օրինակները կրկին կախված են ձեր մասնագիտությունից:

ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Եթե չեք փայլում աշխատանքային փորձով և ձեռքբերումներով, ապա կոմպենսացրեք այդ ամենը ձեր սովորելու ցանկությամբ, ցանկացած բան որակյալ անելու կարողությամբ, մասնագիտական աճ գրանցելու մեծ ձգտումով և այլն: Երիտասարդությունն ու անփորձությունը ներկայացրեք ոչ թե որպես բացասական կոմղեր, այլ ընդհակառակը՝ դրական:

Երիտասարդությունը էներգիա է, աշխատունակություն ու ամենատարբեր հանգամանքներին ու իրավիճակներին հեշտ ընտելանալու կարողություն: Փորձեք օրինակներ գտնել ձեզ համար այս մասին խոսելիս:

ՍԵՆԴՎԻՉԻ ԷՖԵԿՏԸ

Սա բացասական ինֆորմացիան դրական տարբերակով մատուցելու տեխնիկան է: Սկսեք դրական կողմերից՝ փորձ, կրթություն, կարողություններ, ապա բացասականը(եթե ստիպված եք դա անպայման նշել)՝ գիտելիքների բացակայություն որևէ կոնկրետ ոլորտում, իսկ հետո կրկին անցում կատարեք դրական կողմերին, ներկայացրեք այլ փաստեր, որոնք միայն լավը կխոսեն ձեր մասին: Բացասականը կմնա երկու դրականների արանքում, և գործատուն մատների արանքով կնայի դրան:

ՎԱՐՊԵՏԱՑԵՔ

Այս ամենն ընդհանրացնելով՝ գրի առեք ձեր ելույթը և կարդացեք ինքներդ ձեզ համար: Դուք ձեզ ավելի վստահ կզգաք և հարցազրույցի ընթացքում այս ու այն կողմ չեք ընկնի, չեք սկսի կմկմալ ու կորցնել տիրապետումը ձեր մտքերի ու խոսքերի վրա: Չեք էլ կարող պատկերացնել, թե որքան կարևոր ինֆորմացիա կարելի է տեղավորվել 1 րոպեի ընթացքում:

Փորձեր արեք հայելու առաջ, հնարավորության դեպքում տեսանկարահանեք ձեզ: Ինչպես ցանկացած հմտություն, գործատուին ճիշտ ներկայանալն էլ պահանջում է ժամանակ և փորձ, և եթե ձեր երազանքի աշխատանքը ձեռք բերելը կախված է մեկրոպեանոց ելույթից, մի՞թե չարժե այն հասցնել կատարելության:

Աղբյուր

In this article


Join the Conversation