facebook

ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՁԵՐ ՉՎԵՐԹԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Միշտ ուզում ենք հավատալ, որ տհաճ իրավիճակները մեզ կշրջանցեն, հատկապես՝ արձակուրդի ժամանակ: Հանգստի մեկնելիս փորձում ենք ամեն ինչ կանխատեսել ու նախապատրաստվել՝ դեղարկղիկ ենք վերցնում մեզ հետ, ապահովագրում ենք առողջությունը, պատճենահանում փաստաթղթերը, բայց կան բաներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են: Դրանցից են, օրինակ, եղանակային պայմաններն ու չվերթի հետաձգումը:

988
չվերթը հետաձգվել է

Եթե եղանակային վատ պայմանների դեմ ոչինչ չենք կարող անել, ապա չվերթի հետաձգման դեպքում կարող ենք վերահսկել առնվազն մեր քայլերը: Խուճապի մատնվելու փոխարեն պետք է պարզապես տեղեկացված լինել մեր իրավունքների մասին:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանա ուղևորը, ով չի թռել ինքնաթիռով ճիշտ ժամանակին:

Յուրաքանչյուր՝ կանոնավոր կամ չարտերային, ազգային կամ միջազգային ավիաընկերությունների չվերթով թռչելիս մենք ունենք միևնույն իրավունքները, դրանք կարգավորվում են առհասարակ օդանավակայաններում ուղևորների սպասարկման հիմնական կանոններով, մեր երկրի տարածքում մասնավորապես՝ ՀՀ օդանավակայաններում ուղևորների, ուղեբեռի և բեռի հաշվառման և սպասարկման կանոնակարգով:

1. Նախևառաջ, ավիաընկերությունը ձեզ պարտավոր է տրամադրել հավաստի տեղեկություն չվերթի հետաձգման պատճառների և ժամանակի մասին:

Ըստ նշված կանոնակարգի.

«56. Չվացուցակում փոփոխությունների դեպքում փոխադրողը պարտավոր է կիրառել համապատասխան միջոցներ ուղևորներին, բեռ առաքողներին այդ մասին տեղեկացնելու համար, ինչպես նաև չվացուցակի փոփոխության հետևանքով առաջացած ֆինանսական փոխհաշվարկի համար»:

2. Եթե պատրաստվում եք դիմել փոխհատուցման համար, ապա ձեզ անհրաժեշտ են փաստեր, որ չվերթը հետաձգվել է:

Ավիաընկերության աշխատակիցը վայրէջքից հետո պարտավոր է կնիք դնել ձեր տոմսի վրա՝ թռիչքի փաստացի ժամով:

3. Մինչև 2 ժամով հետաձգվելու դեպքում դուք՝ ուղեբեռը ձեզ հետ այս ու այն կողմ քաշ տալու փոխարեն կարող եք հանձնել այն ավիաընկերության աշխատակիցներին, ովքեր պարտավոր են ապահովել ուղեբեռի պահպանումը:

4. Մինչև 2 ժամով հետաձգվելու դեպքում ավիաընկերությունը պարտավոր է նաև սենյակ տրամադրել մինչև 7 տարեկան երեխային և նրա ուղեկցողին:

չվերթը հետաձգվել է

5. 2 ժամից ավելի հետաձգման դեպքում ավիաընկերությունը պարտավոր է ձեզ տրամադրել 2 հեռախոսազանգի (այդ թվում՝ միջազգային) և 2 էլեկտրոնային հաղորդագրության անվճար իրավունք:

6. 2 ժամից ավելի հետաձգման դեպքում ավիաընկերությունը պետք է նաև ապահովի ձեզ սառը ըմպելիքով:

7. Տաք սննդով ձեզ պարտավոր են ապահովել 4 ժամ և ավելի ժամանակով թռիչքը հետաձգելու դեպքում: Յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ ձեզ պարտավոր են տրամադրել սնունդ՝ կախված օրվա ժամանակահատվածից:

8. Եթե թռիչքը հետաձգվել է ավելի քան 6 ժամ, դուք ստիպված չեք քնել օդանավակայանի նստարանին՝ գլուխը պայուսակին հենելով: Ընկերությունը ձեզ պետք է ապահովի հյուրանոցով, եթե թռիչքը հետաձգվել է ավելի քան 6 ժամով գիշերային ժամերին կամ ավելի քան 8 ժամով՝ ցերեկային ժամերին:

Ընկերությունը պետք է նաև ապահովի ձեր փոխադրումը օդանավակայանից հյուրանոց և հակառակը:

9. Ընդ որում, չի թույլատրվում ուղևորին տեղավորել անծանոթ մարդու հետ նույն հյուրանոցային համարում: Եթե ձեզ չեն բավարարում ավիաընկերության առաջարկած հյուրանոցի պայմանները, ապա կարող եք ինքնուրույն հյուրանոցի համար վերցնել, պահպանել բոլոր փաստաթղթերն ու կտրոնները և վերադարձից հետո պահանջել ավիափոխադրողից ամբողջական կամ առնվազն մասնակի փոխհատուցում:

չվերթը հետաձգվել է

10. Երբեմն ավիաընկերությունը կարող է տարբերակ առաջարկել ձեզ թռչել այլ չվերթով (անգամ՝ այլ ավիափոխադրողի): Այդ դեպքում ձեզնից իրավուքն չունեն գումար պահանջել: Բոլոր ծախսերը ավիափոխադրողը, ով այս պարագայում իրավիճակի մեղավորն է, պետք է վերցնի իր վրա:

Ձեզնից իրավունք չունեն հավելյալ գումար պահանջել, եթե առաջարկում են թռչել ավելի բարձր կարգով, մինչևդեռ եթե ձեր տոմսը բիզնես դասի էր, իսկ այս պահին ձեզ առաջարկում են թռչել էկոնոմ դասով, ապա, ըստ օրենքի, պարտավոր են ձեզ վճարել եղած տարբերությունը՝

«182. Փոխադրողի մեղքով ուղևորի սպասարկման կարգի ցածրացման դեպքում վճարվում է վճարված սակագնի և կիրառված սակագնի միջև տարբերությունը»:

11. Եվս մեկ անգամ կրկնենք, այս ամենը ընկերությունը պարտավոր է անել անվճար՝ անկախ հետաձգման պատճառներից: Եթե նշված պայմաններից որևէ մեկը չի կատարվել, և դուք ստիպված եք եղել ինքնուրույն վճարել հյուրանոցի համարի կամ սննդի համար, անպայման պահպանեք բոլոր կտրոնները, թռիչքի հետաձգման մասին փաստաթուղթն ու տոմսը և համարձակ դիմեք ավիաընկերությանը՝ պահանջելով փոխհատուցում ծախսերի համար:

Որպես կանոն ավիաընկերությունները նախընտրում են գործը չհասցնել դատարան, բայց որպեսզի դուք կարողանաք փոխհատուցում ստանալ՝ ձեզ մոտ պետք է լինեն այդ ամենը հաստատող ապացույցները:

Եթե տոմսը ներառված է եղել տուրփաթեթի ընդհանուր գնի մեջ և չվերթի հետաձգման պատճառով դուք բաց եք թողել ձեր հանգստի ժամանակը, վճարված էքսկուրսիաները, կարող եք պահանջել ծախսերի փոխատուցում և գումարի մասնակի վերադարձ նաև տուրօպերատորից: Այս հայցը հարկավոր է ներկայացնել 20 օրվա ընթացքում:

12. Եվս մեկ նկատառում՝ եթե դուք ուշացել եք միջանկյալ չվերթից փոխադրողներից մեկի մեղքով, ձեզ կտեղափոխեն մեկ այլ չվերթով, սակայն հաշվի առեք, որ այսպիսի դեպքերում չափազանց հաճախ է կորչում ուղեբեռը:

Եղեք տեղեկացված և պաշտպանեք ձեր իրավունքները աշխարհի ցանկացած կետում:

In this article


Join the Conversation