10 ԴՐԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔ՝ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք այն մասին, որ արտաքին աշխարհը մեր ներաշխարհի արտացոլումն է: Մենք խորապես հավատում ենք դրան և վստահ ենք, որ մեր յուրաքանչյուր միտք ու գործողություն որոշում են այն, թե ով ենք մենք դառնալու:

10647
դրական փոփոխություններ

Մեր ամեն ցանկություն, որ ունենք մտքում, ուշ թե շուտ արտահայտություն է գտնում այն հնարավորությունների մեջ, որոնք բացվում են մեր առաջ: Այս ամենից հետևում է այն, որ ամեն օր դրական համոզմունքների միջոցով կարելի է ծրագրավորել մեր ուղեղը, մարմինը և հոգին՝ հաջողության հասնելու համար:

Համոզմունքները կամ աֆիրմացիաները մեր մտքերի ու ցանկությունների արտահայտությունն են բառերի միջոցով և դրանց կրկնությունը օրվա մեջ մի քանի անգամ:

ԵՍ ՀԶՈՐ ԵՄ

(հանճարեղ, խելացի, տաղանդավոր)

Ընտրեք այն բառը, որը ավելի բնորոշ է ձեր ընտրած ուղուն, բայց հավատը, որ դուք իսկապես մեծ բան եք ներկայացնում ձեզնից և շատ բանի կարող եք հասնել, ամենակարևոր ու ազդեցիկ համոզմունքներից մեկն է: Գուցե դուք այս պահին չեք կարծում, որ հանճարեղ եք, բայց անընդհատ այդ միտքը կրկնելը մի օր ձեզ անպայման կդարձնի այդպիսին:

Գիտությունը վաղուց է ապացուցել, որ ինքներս մեզ հետ զրուցելը մեր ուղեղում հսկայական փոփոխությունների է հանգեցնում: Այսպիսի համոզմունքի հրաշալի օրինակ է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին, ով իր հարցազրույցների մեջ չափազանց հաճախ էր խոսում այն մասին, որ ինքը հզոր է: Արդյունքում նա իսկապես դարձավ այդպիսին:

ԵՍ ԼԻ ԵՄ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ ՈՒ ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐՈՎ

Դրական լիցքերը մարդու ներսում են առաջանում, և ոչ թե ստեղծվում արտաքին հանգամանքների պատճառով: Իսկ մեր տրամադրությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ մենք արթնանում ենք: Այնպես որ, այս համոզմունքը կրկնեք ինքներդ ձեզ համար ամեն առավոտ:

Հիշեք՝ ոչ ոք չի կարող փչացնել ձեր լավ տրամադրությունը, եթե դուք թույլ չտաք կամ ինքներդ չցանկանաք դա:

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՄ

Ասում են՝ սերը ինքներս մեր հանդեպ ամենաազնիվ ու բարձր սիրո տեսակն է: Եթե մարդուն դուր չի գալիս այն, թե ինչպիսին է ինքը, ապա դա իր բացասական ազդեցությունն է ունենում նրա կյանքի բոլոր ոլորտների վրա: Եվ, իհարկե, դա նրան միայն ներքև է ձգում:

Եթե չեք կարողանում համակերպվել ձեր թերությունների հետ, անընդհատ մեղադրում եք ձեզ ինչ-որ հարցերում, ապա կրկնեք այս համոզմունքը ձեզ՝ մտքում ու բարձրաձայն և որքան հնարավոր է հաճախ:

ԵՍ ԱՌՈՂՋ ՄԱՐՄԻՆ ՈՒՆԵՄ, ԱՌՈՂՋ ՄԻՏՔ ԵՎ ՀՈԳԻ

Մեր ֆիզիկական առողջությունը կախված է առողջ միտք և ոգի ունենալուց: Եթե դուք անհանգիստ եք, լարված, դա վաղ թե ուշ արտացոլվելու է ձեր մտքի ու մարմնի վրա: Եթե դուք խնդիրներ ունեք այս երեքից մեկն ու մեկի հետ, ձեր մարդ-համակարգը արդեն չի կարող աշխատել լիարժեք:

Բայց հարցն այն է, որ մարդը ինքն է որոշում՝ առողջ է ինքը, թե հիվանդ: Եթե կարծում եք, որ առողջ եք մտքով, հոգով ու մարմնով, ուրեմն այդպես էլ կլինի, իսկ եթե կարծում եք, որ ենթակա եք հիվանդությունների, ապա դրանք անպայման ձեզ «կկպչեն»:

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ

Սա այն է, ինչ պետք անպայման ներդնել մեր, մեր երեխաների, մեր թոռների, մեր մտերիմների և առհասարակ մեր շրջապատի մարդկանց ուղեղում: Ամեն գնով:

Դա այն է, ինչին պետք է հավատա մարդը, որպեսզի հետո չզղջա իզուր ապրած տարիների համար:

ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ, ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԼԱՎԸ

Իրական վտանգ մեզ համար ներկայացնում են ոչ թե հանգամանքները կամ բացասական երևույթները, այլ մեր վերաբերմունքը նրանց հանդեպ: Գուցե այն, ինչ մեզ այսօր սարսափելի է թվում (օրինակ, աշխատանքից ազատվելը), իրականում ինչ-որ լավ բանի նախապատրաստություն է: Մենք չենք կարող կռահել ապագան, բայց կարող ենք կառավարել մեր վերաբերմունքը ներկայի հանդեպ: Եվ այս համոզմունքը մեզ կօգնի այդ հարցում:

ԵՍ ԻՆՔՍ ԵՄ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԻՄ ԿՅԱՆՔԸ

Դուք կարող եք նվաճել ցանկացած բարձունք, եթե միայն նախապես պլանավորեք ձեր գործողություններն ու հաջողությունը: Այո, հաջողությունը պլանավորված գործողություններն են և միայն հազվադեպ դեպքերում՝ պատահականության արդյունք:

Ամեն նոր օր նոր հնարավորություն է տալիս ձեզ, և դուք այն կարող եք լցնել այն բանով, ինչն ամենից կարևոր է ձեզ համար: Չէ՞ որ դուք ինքներդ եք կառուցում ձեր կյանքը, այն չի ստեղծվում ինքն իրեն:

Սկսեք ձեր օրը դրական մտքերով, ասացեք ինքներդ ձեզ, որ ամեն ոլորտ ձեր կյանքում դուք կարող եք վերահսկել և շուտով կնկատեք, որ ձեզ հետ զարմանալի բաներ են սկսում տեղի ունենալ:

ԵՍ ՆԵՐՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ՑԱՎ ԵՆ ՊԱՏՃԱՌԵԼ ԻՆ, ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ

Դա չի նշանակում, որ դուք մոռացել եք, դա նշանակում է, որ այդ ամենը ձեզ այլևս չի անհանգստացնում: Դասերը քաղված են, հետևություններն արված:

Ձեր ներելու կարողությունն այն է, ինչ թույլ է տալիս ձեզ առաջ շարժվել, այլ ոչ թե կենտրոնանալ անցյալի վիրավորանքների վրա: Ձեր վերաբերմունքն այս կամ այն իրավիճակի հանդեպ կախված չէ այլ մարդկանց կարծիքից: Դուք այնքան ուժեղ եք, որ կարող եք ներել հազարավոր մարդկանց: Կրկնեք այս համոզմունքն ինքներդ ձեզ համար, եթե կոնֆլիկտային իրավիճակի մեջ եք հայտնվել:

ԵՍ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ ԿՅԱՆՔԻ ԲՈԼՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ, ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼՈՒ ԻՄ ՊՈՏԵՆՑԻԱԼՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է

Դուք չունենք ոչ մի այլ սահմանափակում, բացի նրանցից, որոնք ապրում են ձեր մեջ:

Ի՞նչ կյանք եք ուզում ունենալ: Ի՞նչն է ձեզ խանգարում: Ի՞նչ պատնեշներ եք կառուցել ձեր առջև դուք ինքներդ: 

Այս համոզմունքը թույլ կտա ձեզ դուրս գալ ձեզ համար սովորական դարձած սահմաններից:

ԵՍ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ԻՄ ՀԻՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՁԵՌՔ ԵՄ ԲԵՐՈՒՄ ՆՈՐԵՐԸ

Մեր ամեն մի միտքը, ամեն գործողությունը որոշում է այն, թե ով ենք մենք դառնալու, և ինչպիսին է լինելու մեր կյանքը: Եվ այդ գործողություններն ու մտքերը դառնում են սովորություններ: Մենք այն ենք, ինչ անընդհատ անում ենք:

Բավական է միայն փոխել մեր սովորությունները, և դա կհանգեցնի փոփոխությունների մեր կյանքի բոլոր ոլորտներում: Այս համոզմունքը պետք է ասել օրվա սկզբում և հիշեցնել մեզ, որ եկել է ժամանակը ամեն ինչ փոխելու:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին