TRUTHLY. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑ ԱՆԱՆՈՒՆ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Internest.am-ը զրուցել է Հրաչյա Մանուկյանի հետ Truthly-ի անցած պատմության ու զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայսատանում ստարտափ հիմնելու դժվար, բայց շատ հետաքրքիր գործի մասին: 

1322
Truthly ստարտափ

Հրաչյա Մանուկյանը Truthly.me ստարտափի համահիմնադիրն է, «Փոխիր կյանքդ» գրքի և success.am կայքի հեղինակը: Շուտով լույս կտեսնի Հրաչի երկրորդ՝ «Կամքի ուժ» կոչվող գիրքը, որտեղ նա անդրադառնում է սովորությունները կառավարելու կարողությանը: Հրաչը երբեք չի զբաղվել և կարծում է, որ երբեք չի զբաղվի ինչ-որ գործով, որի օգտակարությունը մարդկանց համար չի տեսնում: 

Truthly նախագիծն էլ նա իր գործընկերոջ՝ Ալեքսանդր Ադամյանի հետ կյանքի է կոչել որպես ինքնազարգացման գործիք, որը օգնում է մարդկանց տեսնել իրենց կողքից և աշխատել իրենց վրա, եթե դրա կարիքը կա: Այն հասանելի է ինչպես web տարբերակով, այնպես էլ iOS հավելվածի տեսքով: 

Truthly-ի երիտասարդ հիմնադիրները արդեն պատկերացնում են այն օրը, երբ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ազատ են զգալու իրենց ընկերներից կարծիք հարցնել և օգտագործելու են այդ ինֆորմացիան ինչ-որ բան բարելավելու համար:

Անանուն կարծիք հայտնելու հարթակի վրա այժմ աշխատում է 9 հոգանոց թիմ: Հրաչը համեստաբար նշում է, որ թիմում ամենամեծ դերը իրենը չէ:

– Մենք սկսեցինք Թրութլին ընկերոջս՝ Ալեքսանդր Ադամյանի հետ և երկար ժամանակ երկուսով էինք: Ընդամենը կես տարի է, ինչ ընդլայնվել ենք, և այժմ մեր թիմի յուրաքանչյուր անդամ նախագծի զարգացման մեջ մեծ դեր է խաղում, իսկ ընդհանուր՝ մենք մի օրգանիզմ ենք:

Մենք արել ենք այն բոլոր սխալները, որոնք կարող էին անել ստարտափ սկսողները և դրանով ենք նաև մենք հարուստ: Նման փորձը անփոխարինելի է, դա հետաքրքրագույն մի ճանապարհորդություն էր:

Որո՞նք էին ձեր առաջին քայլերը: Ի՞նչ տեսք ուներ Truthly-ն ամենասկզբում:

– Թրութլիի պատմությունը շատ հետաքրքիր է: Մենք արել ենք այն բոլոր սխալները, որոնք կարող էին անել ստարտափ սկսողները և դրանով ենք նաև մենք հարուստ: Նման փորձը անփոխարինելի է, դա հետաքրքրագույն մի ճանապարհորդություն էր: Ամենասկզբում կայքը կոչվում էր saymetruth.com, սակայն հետո հասկացանք, որ անունը սխալ անգլերենով է գրված և փոխեցինք այն: Ամենասկզբում կայքը նման տեսք ուներ:

Truthly ստարտափ

Անընդհատ փոփոխություններ ենք արել, մինչև հասկացել ենք, թե ինչ է մարդկանց պետք: Հուսով եմ՝ ճիշտ ենք հասկացել 🙂

Ի՞նչպիսին էին առաջին արձագանքները:

– Երբ խոսում էինք գաղափարի մասին, արձագանքները միշտ դրական էին լինում, մարդկանց մոտ հետաքրքրություն էինք նկատում: Բայց երբ գործը հասնում էր կայքը օգտագործելուն, արձագանքները փոխվում էին, ինչ-որ բան չէր ստացվում: Այդպես հասկացանք, որ պարզապես մենք ենք ինչ-որ բան սխալ անում, և սկսեցինք գաղափարը իրականացնելու եղանակները փոխել:

Եթե Թրութլին և Ֆեյսբուքը լինեին մարդիկ, ապա Ֆեյսբուքը կլիներ այն մարդկանցից, ովքեր ավելի շատ խոսում են, իսկ Թրութլին՝ լսում: Լսելը հենց այն հիմքն է, որի վրա ամեն ինչ կառուցված է: Մենք զարգանում ենք լսելով:

Ի՞նչ հիմնաքարային փոփոխությունների ենթարկվեց նախագիծը իր գոյության ընթացքում:

– Ամենասկզբում մենք մտածում էինք, որ պետք է մարդկանց հնարավորություն տանք անձնական կարծիքներ հայտնել իրենց ընկերներին, և դա էր գլխավոր միտքը: Այսինքն, դու գտնում էիր մարդուն և նրան ասում այն, ինչ ցանկանաս: Բայց հետո հասկացանք, որ նախ պետք է հնարավորություն տալ մարդկանց հարցնել, թե ինչն է իրենց հետաքրքրում, իսկ ընկերները կկարողանային կարծիք հայտնել այդ կոնկրետ հարցերի շուրջ: Այդպես մտավ հարցումներ անելու հնարավորությունը:

Հետո ավելացավ անանուն խոսակցություն սկսելու հնարավորությունը, երբ դու կարող ես ցանկացած ընկերոջդ հետ խոսել՝ մնալով չբացահայտված: Դա պետք է գալիս այն դեպքերում, երբ պարզապես կարծիք հայտնելը բավական չէ, և ավելի բովանդակալից շփում է ակնկալվում:

Truthly ստարտափ

Ստարտափը պետք է սեփական ուժերով ինչ-որ արդյունքների հասնի, ինչ-որ շուկա գրավի, ապա նոր սկսի մտածել ներդրումների մասին՝ ընդլայնվելու համար: Այդպես ավելի ազնիվ կլինի քո և ապագա ներդրողների հանդեպ:

Truthly-ի iOS Հավելվածը հայտվեց միայն 2015-ի ամռանը: Որքա՞ն աճեց օգտատերերի թիվը հավելվածի թողարկումից հետո:

– Իրական աճը մեզ մոտ սկսվել է 2015թ-ի դեկտեմբերից, երբ մենք վերջապես ավարտեցինք ծրագրի մշակման հիմնական փուլը և որոշեցինք տարածվել: Դա վերաբերվում է կայքին:

Հավելվածի դերն այս պահին դեռ այդքան մեծ չէ, քանի որ այն չունի այն ամբողջ ֆունկցիոնալությունը, որը կա կայքում: Մոտակա ժամանակներում, երբ այն լիովին պատրաստ կլինի, շատ մեծ ակնկալիքներ ունենք, քանի որ Թրութլին շատ հարմար է օգտագործել հենց հավելվածի տեսքով:

Ե՞րբ է սպասվում Android տարբերակը:

– Եթե ամեն ինչ գնա նախատեսվածի պես, ակնկալում ենք այս տարի ամռանը:

 Truthly ստարտափ

Ե՞րբ կներդրվեն բիզնես պրոֆիլները: Ի՞նչ եք կարծում՝ ինչպես կընդունեն հայկական ընկերություններն այդ հնարավորությունը:

– Հայկական խոշոր ընկերություններից մեկի հետ արդեն սկսել ենք բիզնես պրոֆիլների թեստավորումը, և արդեն մշակված է բետա տարբերակը, որը հնարավորություն է տալիս անանուն կարծիքներ հարցնել ընկերության ներսում: Իմիջիայլոց, առաջին մի քանի ընկերությունները, որոնք նույնպես կցանկանան օգտագործել Թրութլին որպես բիզնես գործիք՝ իրենց աշխատակիցներից անկեղծ հետադարձ կապ ստանալու համար, կստանան բետա տարբերակը անվճար:

Մեկ այլ նորամուծություն բիզնեսների համար վերջերս փորձարկեցինք ggTaxi ընկերության հետ և զարմանալի արդյունքներ ստացանք: Խոսքը այն մասին է, երբ ընկերությունը կարծիք է հարցնում իր ծառայությունների մասին անմիջապես իր հաճախորդներից և ստանում անկեղծ կարծիքներ: Նման հարցումը հայտնվում է Թրութլիում Հայաստանից գրանցված տասնյակ հազարավոր մարդկանց լրահոսում: Սա հիանալի հնարավորություն է ընկերությունների համար տեսնել իրենց հաճախորդների աչքերով և բարելավվել, իսկ հաճախորդների համար՝ ավելի լավը դարձնել այն ծառայությունները, որոնցից իրենք օգտվելու են:

Ներդրում ստանալը ոչ ռոմանտիկա է, ոչ գովասանքի արժանանալու և ոչ էլ հարստանալու միջոց: Ներդրման դերը ընդլայնվելու, զարգանալու մեջ է:

Պատրաստվում եք մուտք գործել ռուսական շուկա: Ի՞նչ տարբերություններ եք նկատել և ինչպե՞ս եք նախապատրաստվել նոր լսարանին ներկայանալու համար:

– Ռուսական շուկա մուտք գործելու փորձ նախկինում ունեցել ենք և ամեն ինչ ստացվեց, ուղղակի դա շատ կարճ տևեց: Այն ժամանակ դեռ թույլ էինք, շատ ուղղումներ ենք արել: Երկրորդ փորձը, կարծում եմ, ավելի հաջող կլինի: Արդեն սկսել ենք տարածվել ԱՊՀ մի քանի երկրներում, վերջնական կետը մոտակա ամիսների ընթացքում Ռուսաստանն է: Ամեն երկիր սոցիալական շփման իր առանձնահատկություններն ունի, Ռուսաստանն այդ առումով ավելի ազատ է: Արդյունքները, կարծում եմ, երկար սպասեցնել չեն տա:

Truthly ստարտափ

Որո՞նք են հաջորդ թիրախային երկրները:

– Այս պահին ԱՊՀ երկերներն են, հիմնականում ավելի ակտիվ են Մոլդովան, Ուկրաինան, Ղըրղզստանը, Ռուսաստանը և այլն: Հաջորդ քայլը եվրոպական գոնե երկու տարբեր երկիրներ մուտք գործելն է: Հավանաբար դրանք կլինեն Նիդեռլանդները և Մեծ Բրիտանիան: Այս ամենին հասնելուց հետո միայն կորոշենք հետագա մարտավարությունը: ԱՄՆ մտնելը, կարծում եմ, դեռ շուտ է:

Փորձե՞լ եք ներդրողներ գտնել նախագծի համար:

– Ներդրումներ գտնելու փորձեր նախկինում արել ենք, բայց հիմա վստահ չենք, որ դա ճիշտ էր: Ստարտափը պետք է սեփական ուժերով ինչ-որ արդյունքների հասնի, ինչ-որ շուկա գրավի, ապա նոր սկսի մտածել ներդրումների մասին՝ ընդլայնվելու համար: Այդպես ավելի ազնիվ կլինի քո և ապագա ներդրողների հանդեպ: Հետո այդպես ես դու հասկանում քո արժեքը, քո հնարավորությունները և ավելի շահավետ պայմաններով հետագայում կարող ես ներդրումներ ներգրավվել:

Մեզ մոտ հիմա աճի փուլ է, և ներդրումի պահը հասունանում է: Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա է, փետրվար-մարտ ամիսներից կսկսենք ներդրողների հետ բանակցություններ վարել:

Ամեն ինչ պետք է չափել թվերով: Այն, ինչ հիմնված է զգացողությունների և սեփական տեսակետերի վրա, խաբուսիկ է: Որքան շուտ ես հասկանում դա, այնքան շուտ ես սկսում արդյունքներ ստանալ:

Ի՞նչ խորհուրդ կտաք ստարտափներին, ովքեր ուզում են ներդրողներ փնտրել:

– Նախ խորհուրդ կտայի ներդրում ստանալուց առաջ ունենալ այն վստահությունը, երբ «չի ստացվի» դեպքը բացառվում է: Այդ վստահությունը մեզ մոտ միշտ չէ, որ եղել է, երևի թե դա էր պատճառը, որ ներդրումները չէին ստացվում: Նման վստահությունը գալիս է միայն արդյունքներով, թվերով: Եվ երբ դա գալիս է, սկսում ես իրոք հասկանալ ներդրման դերը: Դա ոչ ռոմանտիկա է, ոչ գովասանքի արժանանալու և ոչ էլ հարստանալու միջոց: Ներդրման դերը ընդլայնվելու, զարգանալու մեջ է: Դա ինքնըստինքյան կստացվի, եթե ամեն ինչ ճիշտ է ընթանում:

Truthly-ի գաղափարախոսությանը համաձայն՝ դուք էլ միշտ բաց եք քննադատությունների ու առաջարկների համար: Ձեր օգտատատերերի հետ համատեղ կարողանո՞ւմ եք հավելվածն ավելի կատարելագործել:

– Այո, մենք միշտ պատրաստ ենք լսել: Եթե Թրութլին և Ֆեյսբուքը լինեին մարդիկ, ապա Ֆեյսբուքը կլիներ այն մարդկանցից, ովքեր ավելի շատ խոսում են, իսկ Թրութլին՝ լսում: Լսելը հենց այն հիմքն է, որի վրա ամեն ինչ կառուցված է: Մենք զարգանում ենք լսելով:

Truthly ստարտափի թիմը

Միայնակ մարդը հեշտ է հանձնվում, թիմով միշտ էլ հեշտ է առաջ շարժվել: Ամենակարևորն այն է, թե ինչպես են թիմի անդամներն իրար մոտիվացնում: 

Ի՞նչ փորձ եք ձեռք բերել սեփական սխալների արդյունքում:

– Շատ մեծ փորձ է կուտակվել, սակայն եթե ավելի կոնկրետ խոսենք, կարող եմ մի քանի կետ նշել: Ամենակարևորներից մեկն այն է, որ զգալի ինչ-որ բան անելուց առաջ, պետք է փորձել դա նվազագույն տարբերակով՝ հասկանալու համար, թե որքանով է դա մարդկանց հարմար, օգտակար, հասկանալի:

Երկրորդն այն է, որ պետք է ամեն ինչ չափել: Երբ մենք սկսեցինք Թրութլիում ամեն ինչ չափել թվերով, այդ ժամանակ միայն նոր սկսեցինք տեսնել իրական պատկերը՝ խնդիրներն ու հնարավորությունները: Այն, ինչ հիմնված է զգացողությունների և սեփական տեսակետերի վրա, խաբուսիկ է: Որքան շուտ ես հասկանում դա, այնքան շուտ ես սկսում արդյունքներ ստանալ:

Եղե՞լ են պահեր, երբ կասկածեք ձեր գործի կարևորության կամ դրա ապագայի մեջ: Ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

– Շատ քիչ են եղել նման պահեր, նույնիսկ երբ ընդհանրապես ոչ մի արդյունք չի եղել: Այստեղ կարևորը թիմն է, թե ինչպես եք իրար մոտիվացնում: Միայնակ մարդը հեշտ է հանձնվում, թիմով միշտ էլ հեշտ է առաջ շարժվել: Երկրորդը՝ գաղափարին անմնացորդ հավատն է, եթե թվերը հակառակ բան չեն ապացուցում: Եթե թվերը ցածր են, դա չի նշանակում, որ գաղափարը չի աշխատում: Դա կարող է նշանակել, որ դուք պարզապես չեք անում այն, ինչ պետք է անեք:

Սեփական գործով զբաղվող մարդն ավելի շատ ժամանակ է տրամադրում գործին, քան նա կտրամադրեր, եթե այլ ընկերությունում աշխատեր: Եթե ընտանիքի անդամները հասկանում և աջակցում են, նրա էներգիան եռապատկվում է: Ամուր ընտանիքը ազդում է գործնական հաջողությունների վրա:

Ի՞նչ թիմային մթնոլորտ է տիրում ձեզ մոտ: Ի՞նչն է ամենակարևորը ստարտափների համար թիմի ընտրության գործում:

– Մեզ մոտ թիմում բոլորը ամեն ինչից տեղյակ են: Մենք կիսվում ենք նորություններով, զարգացման պլաններով, միասին ենք քննարկում, թե ինչ կարելի է ավելացնել, և ինչն է ավելորդ: Նպատակն այն է, որ թիմի յուրաքանչյուր անդամ կարողանա տարբեր խնդիրներ լուծել: Միգուցե այս մոդելը ճիշտ չէ արդեն կայացած, մեծ ընկերությունների դեպքում, սակայն ստարտափների դեպքում սա պետք է:

Ի՞նչ դեր ունի ընտանիքը այն մարդու կյանքում, ով որոշել է սփական գործ սկսել և այն էլ, IT ոլորտում:

– Սեփական գործով զբաղվող մարդն ավելի շատ ժամանակ է տրամադրում գործին, քան նա կտրամադրեր, եթե այլ ընկերությունում աշխատեր: Եթե ընտանիքը պատրաստ չէ դրան, դժվար է լինելու: Սակայն եթե ընտանիքի անդամները հասկանում և աջակցում են, էներգիան եռապատկվում է, և գործերը լավ են լինելու: Մեր դեպքում այդպես է: Ամուր ընտանիքը ազդում է գործնական հաջողությունների վրա:

Հրաչյա Մանուկյանը

Եթե դուք ինչ-որ նպատակ եք դնում և անընդհատ շարժվում եք այդ ուղղությամբ, ինչ-որ պահի դրան կհասնեք: Այդ ճանապարհը կարող է երկար լինել, կեսից չհիասթափվեք:

Հայաստանում գործելիս հանդիպե՞լ եք անհաղթահարելի խոչընդոտների: Երբևէ մտածե՞լ եք, որ չարժեր գործունեությունը սկսել Հայաստանում:

– Անհաղթահարելի խոչընդոտների երբեք չենք հանդիպել և չեմ կարծում, որ կհանդիպենք: Ցանկացած խոչընդոտ կարելի է հաղթահարել կամ շրջանցել: Հայաստանում չսկսելու մասին նույնպես չենք մտածել, հակառակը, հիմա ամեն կերպ ցույց ենք տալու, որ մենք հայկական ընկերություն ենք:

Հայաստանում ո՞ր ոլորտն ունի ամենից շատ նորարարությունների կարիք:

– Բոլոր ոլորտներում էլ նորարարությունների ներդնումը միայն առաջընթաց կարող է ապահովել: Ես կառանձնացնեմ առողջապահական ոլորտը: Շատ լավ կլիներ, որ բժշկական հաստատություններում չլինեին հերթեր, մարդը տանից դուրս գալուց առաջ իմանար, թե ուր է գնում, ում մոտ, որ ժամին, ինչքան է արժենալու և նման այլ հարցեր: Այդպես բոլորի կյանքն ավելի թեթև կլիներ:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են սեփական գործ հիմնել:

– Սկսեմ մի փոքրիկ պատմությունով: Մի քանի տարի առաջ մի քանի ընկերներով հավաքվել էինք Երևանի զբոսայգիներից մեկում՝ քննարկելու ընկերներիցս մեկի մոտ ծագած գաղափարը: Այդ ժամանակ բոլորիս մոտ էլ կային ինչ-որ մտքեր, որոնք պարզապես մտքեր էին: Եթե հիմա հարցուփորձ անեք երիտասարդությանը, բոլորի մոտ էլ նմանատիպ ինչ-որ մտքեր կգտնեք: 2 տարի է անցել և այդ բոլոր մտքերն արդեն վերածվել են ընկերությունների, իսկ մի քանիսը՝ գնահատվում են մի քանի միլիոն դոլար (ոչ մերը, առայժմ):

Երկու հետևություն այս պատմությունից: Եթե դուք ինչ-որ նպատակ եք դնում և անընդհատ շարժվում եք այդ ուղղությամբ, ինչ-որ պահի դրան կհասնեք: Եվ երկրորդը, այդ ճանապարհը կարող է երկար լինել, կեսից չհիասթափվեք:

Ո՞վ է տվել ձեզ ձեր կյանքի ամենակարևոր խորհուրդը:

– Ամենակարևոր խորհուրդը, որ այս պահին հիշում եմ, ստացել եմ Թրութլիով, անանուն: Բայց դա գաղտնիք է 🙂

In this article


Join the Conversation