Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՎԱՏ ՕՐԸ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ուրախությունը մեզ համար չպետք է լինի ինչ-որ երկրորդական մի բան: Այն պետք է լինի մեր օրվա և առհասարակ կյանքի պարտադիր բաղադրիչը:

2021
Ինչ անել վատ օրը լավը դարձնելու համար

Երբեմն կյանքում լինում են սև գծեր, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց տեղը զիջել սպիտակ գծերին: Այդպես լինում է անգամ ամենալավատեսների դեպքում, ովքեր անընդհատ ապրում են դրական համոզմունքներով, անընդհատ հիշեցնում են իրենք իրենց, որ ամեն ինչ հրաշալի է լինելու, օրը սկսում են ֆիզիկական վարժություններով և այլն, և այլն:

Լինում են օրեր, երբ ոչ մի բան ձեր ուզածի պես չի ստացվում, ասես ամեն ինչ ձեր դեմ է այդ օրը: Արդյունքում, ողջ օրն անցնում է բացասական հույզերով լցված, և դուք անհամբեր սպասում եք, թե երբ է վերջապես այդ վատ օրը ավարտվելու:

Այսպիսի դեպքերում պատճառը երբեմն անմիջապես գտնել հնարավոր չէ, և ժամանակ է հարկավոր լինում: Գուցե դուք այնպես չեք ապրում, ինչպես կցանկանայիք, և բացասական հույզերն ու իրադարձությունները ցույց են տալիս, որ պետք է փոխել նպատակները կամ կենսակերպը:

Իսկ գուցե ձեր բացասական տրամադրության վերջը տալն այնքան էլ բարդ գործ չէ: Այդպես լինում է գլխացավի դեպքում. երբ տանջվում ես գլխացավից, տանջվում, բայց բավական է մեկ դեղահաբ, և գլխացավն անհետանում է՝ ոչ մի հետք չթողնելով:

Ահա 3 փուլից բաղկացած միջոց, որն այնքան արագ ու հեշտ է ազդեցություն ունենում, ինչպես գլխացավի հրաշագործ դեղահաբը: Բայց ևս մեկ անգամ նշենք, որ, եթե ձեր դեպքում պատճառները չափազանց խորքային են, ապա այս տարբերակը գուցե և չօգնի ձեզ:

ՓՈւԼ 1-ԻՆ

Ազատվեք ֆիզիկական և մտավոր լարվածությունից

Մոտավորապես 20 րոպե արեք ինչ-որ մի բան, որը ձեզ չափազանց դուր է գալիս, մի բան, որից դուք հաճույք եք ստանում դրանից ֆիզիկապես: Դուք կարող եք վազել, պարել, դուրս գալ զբոսանքի՝ հրաշալի երաժշտություն կամ մոտիվացնող աուդիոգիրք լսելով: Կարևորն այն է, որ 20 րոպե դուք շարժվեք, իսկ ձեր ուղեղը զբաղված լինի ինչ-որ մոտիվացնող և թուլացնող բանով:

ՓՈւԼ 2-ՐԴ

Նոր նպատակներ դրեք օրվա համար

Հիշեք ձեր գլխավոր նպատակները, նախագծերը և ընտրեք ընդամենը 3 գործողություն, որ ուզում եք անել: Մինչև գործողությունը սկսելը, գրեք թղթի վրա վերջին 1 տարում ձեզ հետ պատահած բոլոր լավ բաները: Հիշեք այդ ամենը, շնորհակալ եղեք այդ ամենի համար կյանքին, Աստծուն և ինքներդ ձեզ: Շնորհակալության այդ ամբողջ զգացողությունը ուղղեք ձեր նոր նպատակի իրականացմանը: Պատկերացրեք ձեր նոր նպատակները արդեն իրականացած և անցեք գործի:

Իսկ պլանավորած յուրաքանչյուր գործը ավարտելու դեպքում ձեզ համար պարգևներ մտածեք, արեք ձեզ համար ինչ-որ շատ հաճելի մի բան՝ կերեք սիրելի ուտելիքը, շփվեք սիրելի մարդու հետ, գնեք ձեզ համար ինչ-որ բան և այդպես շարունակ:

ՓՈւԼ 3-ՐԴ

Ինչ-որ մեկի համար հաճելի բան արեք

Անսպասելի, անշահախնդիր և հաճելի: Շնորհավորեք այն մարդկանց ծննդյան օրը, ում սովորություն չունեիք շնորհավորելու: Կամ շնորհավորեք ինչ-որ այլ իրադարձություն: Զանգահարեք այն մարդուն, ով հիվանդ է կամ հիվանդանոցում է: Ինչ-որ մեկին ուշադրություն կամ բարի խոսքեր նվիրեք: Արեք դա 25 րոպե: 25 րոպե անշահախնդիր բարի գործերը ձեզ այնպիսի բարձր տրամադրություն կհաղորդեն, ասես դուք աշխարհի ամենաերջանիկ 10 մարդկանց թվում եք:

Սովորաբար այս երեք խորհուրդները բավարար են լինում անգամ ամենաանիմաստ ու վատ օրը «վերագործարկելու» համար: Այնպես, ինչպես համակարգչի դեպքում է դա լինում: Չէ՞ որ երբեմն այն վատ է աշխատում ինչ-որ խորքային խնդիրների պատճառով, իսկ երբեմն անհրաժեշտ է պարզապես անջատել միացնել համակարգիչը, և ամեն ինչ կրկին հրաշալի է:

Օրը լավը դարձնելու համար երբեք ուշ չէ: Մի կորցրեք օրը հենց այնպես. հիշեք, այն երբեք ետ չի վերադառնալու:

Խորհուրդները՝ Իցխակ Պինտոսևիչի

In this article


Join the Conversation