ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՁԵՐ ԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆԱԾԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԸ

«Արդյո՞ք ես ճիշտ գործով եմ զբաղվում», «Գուցե ես բոլորովին այլ առաքելություն ունեմ», «Իսկ ի՞նչ կլիներ, եթե այլ մասնագիտություն ձեռք բերեի»… Այս և նմանատիպ մտքերը տանջում են շատ մարդկանց՝ ամենատարբեր տարիքում:

8336
Ձեր իրական առաքելությունը

Ինչպե՞ս գլուխ հանել ինքներս մեզնից, հասկանալ, թե ինչ տաղանդներ և ինչ առաքելություն ունենք, կօգնի այս չափազանց հետաքրքիր ուսումնասիրությունը, որի հեղինակը հոգեբան Իվան Պիրոգովն է:

Հատկացրեք մի փոքր ժամանակ ինքներդ ձեզ համար, վերցրեք թուղթ ու գրիչ և ծանոթացեք այն տեխնիկայի հետ, որը կոչվում է «Անհատի առաքելության վերլուծություն»:

Դա անհնար է,- ասաց Պատճառը:
Դա անմիտ է,- ասաց Փորձը:
Դա անօգուտ է, – ասաց Հպարտությունը:
Փորձիր,- շշնջաց երազանքը:

Անհայտ հեղինակ

ՔԱՅԼ 1-ԻՆ: ԳՐԻ ԱՌԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Առաջին քայլով պետք է փորձեք հիշել ձեր բոլոր երազանքները: Ինչի՞ մասին էիք երազում մանկության տարիներին, իսկ հասո՞ւն տարիքում: Գրեք այդ բոլորը, մինչև այնպիսի զգացողություն չունենաք, որ ամեն ինչ արդեն գրի եք առել:

Բայց հաշվի առեք, որ ձեր երազանքները պետք է լինեն հենց ձերը և պետք է լինեն երազանք, այլ ոչ թե «առողջություն մտերիմներին» կամ «խաղաղություն աշխարհին» մաղթանքների շարքից: Դրանք պետք է լինեն ինչ-որ լավ բանի պատկերացումներ ձեզ համար և ձեր մեջ հաճելի հույզեր առաջացնեն:

ՔԱՅԼ 2-ՐԴ: ԲԱԺԱՆԵՔ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ «ՈՒՆԵՆԱԼ» ԵՎ «ԼԻՆԵԼ» ԽՄԲԵՐԻ

Բոլոր երազանքները բաժանվում են երկու տեսակի՝ լինել և ունենալ: «Ունենալ» շարքի երազանքները ինչ-որ բանին տիրապետելու հետ են կապված՝ «Ես երազում եմ տան մասին, մեքենայի մասին», «Ես երազում եմ շատ փող ունենալ» և այլն: այս երազանքները սովորաբար կապված են հասարակության մեջ ընդունված կարծրատիպերի հետ: Այնպես որ, ճիշտ կլինի դրանք մի կողմ դնել և շարունակել ուսումնասիրել «լինել» շարքի երազանքները: Դրանք շատ ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում իրենցից:

Բանն այն է, որ դրանք անմիջականորեն կապված են մեր բնածին տաղանդների հետ: Մենք սովորաբար երազում ենք ինչ-որ մեկը լինելու մասին՝ առաջնորդվելով այն հակումներով, որոնք ունենք ի ծնե: Բացի այդ «լինել» շարքի երազանքներն իրականացնելով՝ դուք չեք էլ նկատի, թե ինչպես կիրականանան նաև «ունենալ» շարքի երազանքները:

ՔԱՅԼ 3-ՐԴ: Ի՞ՆՉՆ ԷՐ ՁԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԹՐԹԻՌ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Շարունակում ենք աշխատել «լինել» շարքի երազանքների հետ: Փորձեք հիշել պահեր, երբ դուք հեռուստացույցով կամ իրականում տեսել եք որոշակի մասնագիտությունների տեր մարդկանց, գուցե կարդացել եք նրանց մասին և հիացել եք նրանցով, ներսում ինչ-որ բան թրթռացել է, և դուք էլ մեծ ցանկություն եք ունեցել նրանց դերում հայտնվելու:

Շատ հնարավոր է, որ այդպիսի պահերի դուք կարծել եք, որ դա անհնարին է, բայց, միևնույն է, այդ թրթիռը վկայում է այն մասին, որ դուք ունեք այդ գործի հանդեպ որոշակի հակումներ ու տաղանդ: Գրի առեք այդ մտքերը, անգամ եթե դրանք չէիք ներառել երկրորդ քայլը կատարելու ընթացքում:

ՔԱՅԼ 4-ՐԴ: ԻՆՉՈ՞Վ ԷՐ ՁԵԶ ԴՈՒՐ ԳԱԼԻՍ ԶԲԱՂՎԵԼ

Այս ամենին ավեացրեք այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք յուրացնելիս դուք առանձնահատուկ հաճույք էիք զգում: Ի՞նչն էր ձեզ հատկապես հեշտ տրվում, գուցե լեզուներ սովորե՞լը կամ թվաբանությո՞ւնը: Իսկ ի՞նչն է դուր եկել արդեն ավելի հասուն տարիքում: Հիշեք այդ ամենը և լրացրեք ձեր ցուցակը:

ՔԱՅԼ 5-ՐԴ: ԳՆԱՀԱՏԵՔ ԵՐԱԶԱՆՔԵՐԸ

Հիմա նորից աչքի անցկացրեք երազանքների ցանկը և ստուգեք. ո՞ր երազանքը ընթերցելիս ու պատկերացնելիս եք դուք վերապրում այդ ներքին թրթիռը: Մտեք ցանկալի դերի մեջ, այն դերի, որի մասին գրել եք ձեր երազանքում: Պատկերացրեք, որ դա արդեն իրականություն է: Ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ եք տեսնում, ի՞նչ եք զգում: Ուշադրություն դարձրեք ձեր զգացողություններին, գնահատեք ձեր հույզերի ուժգնությունը 1-ից 10 բալային համակարգով:

ՔԱՅԼ 6-ՐԴ: ԱՆԽՂՃՈՐԵՆ ԱԶԱՏՎԵՔ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հիմա ջնջեք բոլոր այն երազանքները, որոնք ամենից քիչ միավորն են ստացել նախորդ քայլի ընթացքում: Այդ երազանքներից կարող եք հենց այս պահին հրաժարվել: Դրանք ձեզ համար այլևս ակտուալ չեն:

ՔԱՅԼ 7-ՐԴ: ԽՄԲԱՎՈՐԵՔ ՈՐԱԿՆԵՐԸ

Եվ այսպես, ձեր առջև այն ցանկն է, որում ներկայացված են ձեր տաղանդները՝ ձևակերպված երազանքների տեսքով: Դրանք դեռ կույտով լցված են իրար վրա: Ուշադիր նայեք ցանկին և պատասխանեք այս հարցերին՝ ո՞ր կետերը այս ցանկից կարելի է խմբավորել, որո՞նք են կապված միմյանց հետ:

Օրինակ, եթե ձեր երազանքների ցանկում կան «Ուզում եմ ճանապարհորդել», «Ուզում եմ գրող դառնալ», «Ուզում եմ սովորել օտար լեզուներ» կետերը, ապա դրանք հրաշալի կարելի է համադրել միմյանց հետ և կստացվի պարզապես հրաշալի մի ծրագիր: Խմբավորումն ավարտելով՝ դուք միանգամային պարզ կնշմարեք ձեր իրական առաքելությունն այս աշխարհում:

ՔԱՅԼ 8-ՐԴ: ԱՆՎԱՆՈՒՄ ՏՎԵՔ ԱՅԴ ԽՄԲԵՐԻՆ

Նայեք խմբավորումներին և անվանումներ տվեք դրանց: Անվանման մեջ պետք է ընդգծել ձեր բնածին տաղանդը՝ «Մարդկանց օգնելու կարողություն», «Շրջապատը գեղեցկացնելու կարողություն», «Մարդկանց գեղագիտական արժեքներ նվիրելու ցանկություն», «Տեղեկատվություն փնտրելու և դա վերլուծելու կարողություն» և այլն, և այլն:

ՔԱՅԼ 9-ՐԴ: ԳՏԵՔ ԿԱՊ ԽՄԲԵՐԻ ՄԻՋԵՎ

Մենք համարյա մոտեցել ենք ավարտին: Այժմ հարկավոր է խմբավորումներին տված անվանումները գրել նոր ցուցակում: Նայեք այդ նոր ցուցակին և մտածեք, թե ինչպես կարող է մեկի գոյությունը նպաստել մյուսի գոյությանը: Փորձը ցույց է տալիս, որ դրանք միշտ փոխկապակցված են լինում մեկ մարդու մոտ:

Ենթադրենք, ինչ-որ մեկի խմբավորումների անվանումներն են «Տեքստեր, հոդվածներ, վերլուծություններ գրելու կարողություն», «Մարդկանց հոգեբանական օգնություն տրամադրելու ցանկություն», «Հասարակության առջև ելույթ ունենալու կարողություն»: Պարզ է, որ այս ամենը ձևավորում է հրաշալի փակ շղթա, որի մի օղակի գոյությունը արդեն իսկ պայամանվորում է մյուսի լինելը, և վերջ, մարդը գտել է իր առաքելությունը:

ՔԱՅԼ 10-ՐԴ: ԳՏԵՔ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գուցե այս քայլը ձեզ համար արդեն ավելորդ կլինի, քանի որ վերջնականապես բացահայտած կլինեք ձեր իրական առաքելությունն ու անելիքները, իսկ եթե ոչ, ապա կատարեք նաև այս ու հաջորդ քայլը:

Մտածեք և գրի առեք բոլոր հնարավոր տարբերակները ձեր տաղանդները իրական կյանքում կիրառելու համար: Ո՞ր ոլորտում պետք է գործունեություն ծավալեք: Գուցե ձեր տաղանդները միայն մեկ մասնագիտության չեն համապատասխանում: Որքան շատ լինեն տարբերակները, այնքան լավ:

ՔԱՅԼ 11-ՐԴ: ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ ԿՅԱՆՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Կիրառման հնարավոր տարբերակները գրի առնելուց հետո գնահատեք նաև այդ տարբերակները՝ 0-ից 10 բալային համակարգով: Այս պահից սկսած արդեն վերջնական պարզ կլինի այն ուղղությունը, որը արժանի է ձեր ուշադրությանը:

Հենց այդ ուղղությունը ձեզ կբերի հաջողություն, երջանկություն և, իհարկե, լավ եկամուտ: Չէ՞ որ եթե գիտես, որ այդ գործում դու բնածին տաղանդ ունես, գործերն առաջ կընթանան ավելի մեծ վստահությամբ և ոգևորությամբ:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին