facebook

10 ՆՇԱՆ, ՈՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՓՆՏՐԵԼ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ

Հոգու խորքում զգո՞ւմ եք, որ եկել է փոփոխությունների ժամանակը, բայց միևնույն ժամանակ չեք ցանկանում կորցնել ձեր եկամտի աղբյուրը: Կարծում ենք՝ արժե ավելի խորությամբ մտածել այդ մասին և, հաշվի առնելով կողմ ու դեմ փաստարկները, որոշում կայացնել:

1353
Ժամանակն է նոր աշխատանք փնտրելու

Շատերն են վախենում փոփոխություններից, այդ թվում և աշխատանք փոխելուց: Սակայն եթե ներքևում նկարագրված իրավիճակներից գոնե մի քանիսը առկա են ձեր կյանքում, ապա դուք, ամենայն հավանականությամբ, զուր եք վատնում ձեր կյանքի թանկ ժամերը, առողջությունը և ուժերը:

Եվ այսպես, առաջակում եք ծանոթանալ այն նշանների հետ, որոնք վկայում են, որ եկել է աշխատանքը փոխելու ժամանակը:

ԴՈՒՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՐԵՆ ՉԵՔ ԱՃՈՒՄ

Եթե ձեր աշխատանքի ընթացքում դուք անընդհատ նոր գիտելիքներ ու հմտություններ, նոր ծանոթություններ եք ձեռք բերում, ձեր աշխատանքը երբեք չի դառնա ձեզ համար միօրինակ ու ձանձրալի: Սակայն եթե աշխատավայր գալուն պես արդեն ձանձրանում եք և ամեն օր անում եք միևնույն բանը՝ առանց որևէ բան սովորելու, ձեր ունեցած գիտելիքների պաշարին որևէ բան ավելացնելու, ապա դա առաջին ազդանշաններից մեկն է, որ աշխատանքն արժե փոխել:

Բայց մինչև կմտածեք աշխատանքից ազատման դիմում գրելու մասին, խոսեք ձեր տնօրենի հետ, գուցե նա ձեզ նոր ոլորտ տեղափոխի կամ տա նոր նախագիծ, որի վրա կարող եք աշխատել շատ ավելի մեծ հաճույքով ու ոգևորությամբ, և այդպես կշարունակեք մասնագիտորեն աճել ու ռեալիզացնել ձեր ողջ պոտենցիալը:

ՕՐՆ ՈՒ ՇԱԲԱԹԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԴԱՆԴԱՂ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ

Դուք գիտեք, որ եթե 5 րոպեն մեկ նայեք ժամացույցին, ժամանակն ավելի արագ չի սկսի անցնել: Բայց եթե գիտեք սա և, միևնույն է, անընդհատ նայում եք ժամացույցին աշխատանքի ընթացքում, ապա պետք է պարզապես փախչեք այդ աշխատատեղից: Անիմաստ ծախսել ձեր կյանքի այդքան թանկ ժամանակը և զբաղվել մի բանով, որը ձեզ բոլորովին դուր չի գալիս. մի՞թե սա ասարսափելի չի հնչում ձեզ համար:

Հասկանալ, արդյոք սիրում եք ձեր աշխատանքը, թե ոչ, այնքան էլ դժվար չէ: Բավական է միայն ուշադրություն դարձնել այն բանին, թե որքան արագ է թռչում ձեզ համար ժամանակը աշխատավայրում: Նա, ով իսկապես հաճույքով է անում իր գործը, զարմանում է, թե այդ ինչպես եկավ տուն գնալու ժամանակը:

Նույնը վերաբերում է նաև շաբաթվա օրերին, եթե երեքշաբթի օրն արդեն իսկ անհամբեր սպասում եք ուրբաթ օրվան, իսկ կիրակին ձեզ համար սարսափելի օր է միայն այն պատճառով, որ հաջորդ օրը երկուշաբթի է, ապա պարզ է, որ ինչ-որ մի բան այստեղ ճիշտ չէ: Մի դադարեք փնտրել այն աշխատանքը, որը ձեզ կսովորեցնի անհամբերությամբ սպասել երկուշաբթի օրվան: Այդ աշխատանքը ինչ-որ մի տեղ անպայման գոյություն ունի:

ԴՈՒՔ ՀԱՃՈՒՅՔ ՉԵՔ ՍՏԱՆՈՒՄ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Շատ հաճախ մարդիկ անում են այս կամ այն աշխատանքը առանց հաճույք ստանալու, հանուն աշխատավարձի կամ այն պատճառով, որ վստահ չեն, որ ավելի հարմար աշխատանք կկարողանան գտնել իրենց համար:

Եթե համոզված չեք, որ դա այն գործն է, որով կցանկանաք զբաղվել ձեր ողջ կյանքի ընթացքում, ապա նայեք ձեր ղեկավարությանը: Եթե դուք գիտակցում եք, որ մի օր կուզենայիք հայտնվել նրանց տեղում, ապա դուք չեք սխալվել աշխատանքի ընտրության հարցում, իսկ եթե այդ ամենը ձեզ մռայլ ու անհետաքրքիր է թվում, եթե ձեզ այդ միտքը բոլորովին չի ոգեշնչում, ուրեմն դուք դեռ չեք գտել ձեր իրական կոչումը:

Անշուշտ, ընկերության ղեկավար լինել ոչ բոլորն են ցանկանում, բայց, օրինակ, թիմի կամ նախագծի ղեկավար դառնալը բոլորովին էլ անհավանական բան չէ և ձեզ մնում է պարզապես հասկանալ՝ ուզում եք դուք դա, թե ոչ: Եթե մոտակա տարիներին ձեզ չեք տեսնում այդպիսի պաշտոնում, ապա արժե մտածել այն մասին, թե որտեղ է ձեզ սպասում ձեր երազած գործը և ղեկավարի պաշտոնը:

ԴՈՒՔ ԼԱՎ ՉԵՔ ԶԳՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

Այն միջավայրը և շրջապատը, որտեղ դուք աշխատում եք, չափազանց մեծ նշանակություն ունի: Դուք չպետք է ձեզ ճնշված զգաք աշխատավայրում, եթե արդեն մի քանի ամիս աշխատում եք այնտեղ: Այդ մարդկանց հետ դուք անցկացնում եք ձեր օրվա և կյանքի մեծ մասը: Հետևաբար, ձեզ պետք է դուր գա նրանց հետ աշխատելը, միասին ժամանակ անցկացնելը:

Անգամ եթե աշխատանքն ինքնին ձեզ դուր է գալիս, բայց շփումը գործընկերների հետ չի ստացվում, դա վաղ թե ուշ իր բացասական հետևանքները կունենա նաև աշխատանքի վրա: Մտածեք, թե որտեղ են աշխատում մարդիկ, ովքեր ձեզ դուր են գալիս, ումից դուք սովորելու բան ունեք, և վերցրեք ուղղություն դեպի այնտեղ:

Նույնը վերաբերում է նաև տնօրենին: Ագրեսիվ, ինքնահավան ղեկավարը կարող է հունից հանել անգամ ամենալավ աշխատողին: Փնտրեք այն ղեկավարին, ով ձեզ համար չափանիշ կարող է դառնալ և նրան նմանվելն ու նրանից սովորելը ձեզ կարող է միայն դեպի վեր տանել:

ՁԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ

Եթե այն ընկերությունը, որտեղ դուք աշխատում եք, ոչ միայն չի աճում, այլ նաև դեպի ներքև է շարժվում, ապա արժե մտածել աշխատանքը փոխելու մասին: Դա նշանակում է, որ վաղ թե ուշ սկսվելու են կրճատումներն ու ձեզ խնդրելու են աշխատանքից ազատման դիմում գրել:

Եթե դուք ձեզ նավապետ չեք համարում, ապա արժե լքել խորտակվող նավը: Սկսեք հենց այս պահից նոր աշխատանք փնտրել, որպեսզի հետո ձեր ռեզյումեի մեջ ստիպված չլինեք նշել ընկերություն, որն արդեն գոյություն չունի:

ՁԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է, ԻՍԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ՈՉ

Անշուշտ, գումարից բացի այլ կարևոր բաներ ևս կան, սակայն ոչ ոք չի կարող հերքել, որ արած գործին համապատասխան աշխատավարձ ստանալը ամենալավ մոտիվացիաներից մեկն է: Եթե ձեր աշխատավարձն արդեն մի քանի տարի անփոփոխ է (եթե, իհարկե, չի նվազել), իսկ ահա ձեր աշխատանքային պարտականությունները տարեցտարի միայն աճում են, դա բոլորովին լավ չէ:

Անգամ եթե ձեզ պաշտոնի բարձրացում են առաջարկում, նախ համոզվեք, որ աշխատավարձն էլ է համապատասխանաբար բարձրանալու: Եթե դուք արժնապատիվ աշխատավարձ չեք ստանում և չեք վարձատրվում ձեր ներդրած ջանքերի համար, ապա սա ևս մեկ ազդանշան է աշխատանքը փոխելու համար:

ԴՈՒՔ ՁԵԶ ԳՆԱՀԱՏՎԱԾ ՉԵՔ ԶԳՈՒՄ

Մարդուն հարկավոր է զգալ իրեն գնահատված ոչ միայն ֆինանսական առումով: Բոլորովին հաճելի չէ, երբ ձեր գաղափարները օգտագործվում են, սակայն ոչ ոք ձեզ դրա համար շնորհակալություն չի հայտնում: Ձեզ հարկավոր է ստանալ արձագանք, հասկանալ, որ ձեր արած գործը կարևոր և օգտակար էր ինչ-որ մեկի կամ ընկերության համար:

Եթե դուք պետք է մի ամբողջ ամիս աշխատեք մի գործի վրա, իսկ վերջում պարզվի, որ ծրագրերը փոխվում են և ձեր արած ողջ աշխատանքը ջուրը ընկնի, ապա ավելի լավ չէ՞ արդյոք այդ մեկ ամսվա ընթացքում գտնել այնպիսի աշխատանք, որտեղ ձեզ սպասում են և որտեղ երախտապարտ կլինեն ձեր նվիրման ու ջանքերի համար:

ԱՇԽԱՏԱՆՔԸ ՎԱՏ Է ԱԶԴՈՒՄ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Չսիրած աշխատանքով զբաղվելը կարող է պատճառ դառնալ ոչ միայն վատ տրամադրության ու սթրեսների, այլև ֆիզիկական ու հոգեկան խանգարումների համար: Առողջությունն ամեն ինչից թանկ արժե: Եթե ձեզ համար վատ ինքնազգացողությունը սովորական բան է դարձել, սկսել եք հաճախ հիվանդանալ, գլխացավեր ունենալ, չափազանց նյարդային եք դարձել և ձեզ մոտ արդեն սկսել են զարգանալ խրոնիկ հիվանդություններ, ապա արժե մտածել այն մասին, թե արդյոք աշխատանքը և ձեր ծանրաբեռնվածությունը չեն դրա պատճառը:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՄՏԵՐԻՄՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դուք զգում եք, որ աշխատանքի պատճառով սկսել եք հեռանալ այն մարդկանցից, ովքեր թանկ են ձեզ համար կամ այնքան նյարդային եք վերադառնում տուն, որ չեք ցանկանում ոչ մեկի հետ զրուցել: Ամենավատն այն է, երբ դրանից տուժում է ձեր ընտանիքը՝ ամուսինը, երեխաները: Այդ ամենի պատճառը կարող են լինել սթրեսները, հոգնածությունը և չկարգավորված աշխատանքային գրաֆիկը: Մի՞թե արժե զոհել ընտանեկան երջանկությունը հանուն այն աշխատանքի, որը հաճույք չի պատճառում (hակառակ դեպքում դուք վատ տրամադրությամբ տուն չէիք վերադառնա):

ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Եվ վերջապես, եթե սեփական գործ սկսելու ցանկությունը ձեզ հանգիստ չի տալիս և դուք արեն իսկ գտել եք այն, ինչով ուզում եք զբաղվել ձեր ողջ կյանքում, սակայն ոչ մի կերպ չեք հասցնում իրականացնել դա ծանրաբեռնված աշխատանքի պատճառով, ապա եկել է ընտրություն կատարելու ժամանակը: Անշուշտ, շատ ավելի լավ կլինի, եթե դուք կարողանաք սկզբնական շրջանում համատեղել սեփական գործն ու աշխատանքը, սակայն եթե դրանք անհամատեղելի են, ապա միանշանակ նախապատվությունը տվեք առաջինին:

Մշակեք ձեր քայլերի հերթականությունը, նախապատրաստեք հիմքերը, և երբ ավելի ամուր կանգնած կլինեք հողի վրա, ապա համարձակորեն աշխատանքից ազատման դիմում գրեք: Նոր աշխատանք գտնել դուք միշտ էլ կկարողանաք, իսկ սեփական գործ սկսելու թե՛ հաջող, թե՛ անհաջող փորձը ձեզ համար անգնահատելի փորձ կդառնա:

In this article


Join the Conversation