ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐԻ ՄԱՏՐԻՑԱՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ԲԱՇԽԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ

Առաջարկում ենք ծանոթանալ մի մեթոդի հետ, որը կօգնի ճիշտ և արդյունավետ բաշխել ժամանակը ուսման կամ աշխատանքի մեջ: Սա հատկապես հարմար է այն դեպքերի համար, երբ ստիպված ենք անել մի քանի գործ միանգամից կամ պատրաստվել մի քանի քննության:

4776
Էյզենհաուերի մատրիցան

Էյզենհաուերի մատրիցան ժամանակի կառավարման ամենահայտնի գործիքներից մեկն է: Դրա հեղինակը ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Դևիդ Էյզենհաուերն է:

Եվ այսպես, ինչպես կառուցել այս մատրիցան: Նախևառաջ ձևակերպեք ձեր նպատակը, դեպի որը ընթանում եք: Ապա թուղթը բաժանեք 4 մասի և բաշխեք ձեր գործերն ու անելիքները այդ դաշտերում հետևյալ սկզբունքով:

Էյզենհաուերի մատրիցան

ԴԱՇՏ 1-ԻՆ. ՇՏԱՊ – ԿԱՐԵՎՈՐ

Այս գործերը շատ կարևոր են և չեն կարող հետաձգվել: Դրանք պետք է անել այսօր և անապայման: Դրանցից են՝ աշխատանք, որի հանձնման ժամկետը ավարտվում է, շտապ բժշկի գնալը, անհետաձգելի գործնական հեռախոսային զանգը և այլն:

ԴԱՇՏ 2-ՐԴ. ՈՉ ՇՏԱՊ – ԿԱՐԵՎՈՐ

Այս գործերը, իրականում, ամենակարևորն ու ամենահեռանկարայինն են: Հենց դրանցից պետք է հիմնականում բաղկացած լինեն յուրաքանչյուր մարդու օրվա գործերը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր առաջին հերթին զբաղվում են այս դաշտի գործերով, կյանքում հասնում են առավելագույն հաջողությունների, մասնագիտական աճ են ունենում, կարողանում են շատ գումար աշխատել և բավականաչափ ազատ ժամանակ են ունենում: Այս դաշտի գործերից են, օրինակ, նոր ծրագրավորման լեզու սովորելը  կամ TOEFL քննության պարապելը:

ԴԱՇՏ 3-ՐԴ. ՇՏԱՊ – ՈՉ ԿԱՐԵՎՈՐ

Այն գործերը, որոնք գտնվում են այս դաշտում, հիմնականում շեղում են ձեզ և չեն օգնում մոտենալ այն արդյուքներին, որոնց ձգտում եք: Շատ հաճախ դրանք պարզապես խանգարում են ձեզ կենտրոնանալ իսկապես կարևոր գործերի վրա և նվազեցնում են ձեր արդյունավետությունը: Դրանց թվում են չպլանավորված, հարկադրված հանդիպումները, որոնցից հնարավոր չէ հրաժարվել այդ պահին:

ԴԱՇՏ 4-ՐԴ. ՈՉ ՇՏԱՊ – ՈՉ ԿԱՐԵՎՈՐ

Առաջադրանքները, որոնք գտնվում են այս բաժնում, ձեզ չեն բերելու բացարձակապես ոչ մի օգուտ: Երբեմն լավ է ոչ միայն զբաղվել դրանցով ամենավերջում, այլ առհասարակ չզբաղվել դրանցով: Հենց դրանք են ձեր «ժամանակը խժռողները»: Դրանց թվում են՝ երկար զրույցները սոցիալական ցանցերում, հեռուստացույց դիտելը և այլն:

Երբ յուրացնեք Էյզենհաուերի մատրիցան և կարողանաք դրա օգնությամբ գրագետ բաշխել ժամանակը ձեր գործերի համար, կնկատեք, որ հասցնում եք ամեն ինչ անել ճիշտ ժամանակին և առանց շտապելու, ինչպես նաև կզգաք, որ ձեռք եք բերել մեծ քանակությամբ ազատ ժամանակ:

In this article


Join the Conversation