ԽՈՍԵ ՄՈՒԽԻԿԱ. ՄԱՐԴԸ

Ուրուգվայցիները Խոսե Մուխիկային կոչում են «ամենաղքատ նախագահը»՝ el presidente mas pobre: Երկրի արդեն նախկին նախագահը պետությունից իբրև աշխատավարձ ստացած 12.500$-ից իրեն էր պահում միայն 1200$-ը՝ ընթացիկ ծախսերի համար, իսկ մնացած 90%-ը բարեգործության ուղղում։

3333
Խոսե Մուխիկա

Այս գումարն ինձ լիովին բավարարում է, որովհետև շատ ուրուգվայցիներ ավելի ցածր աշխատավարձ են ստանում:

Խոսե Մուխիկա

Խոսե Մուխիկան եղել է Տուպամարոս պարտիզանական շարժման մասնակից, բանտերում է անցկացրել 14 տարի։ Հետագայում ընտրվել պատգամավոր, ապա՝ սենատոր։ Եղել է Ուրուգվայի անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարար։ 2010 թվականից մինչև 2015-ը եղել է Ուրուգվայի նախագահը։ 2014 թվականին առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի Ուրուգվայում մարիխուանայի օգտագործման թույլատվության օրենքի ստորագրման և պետական մենաշնորհի սահմանման համար: Հրաժարվելով շքեղ առանձնատանն ապրելուց՝ երկրի նախագահը բնակվում է գյուղական մի տնակում։ Նա ջուրը հանում է ջրհորից, ծաղիկներ ու բանջարեղեն է աճեցնում իր այգում։ Նախագահն աղքատ է համարում այն մարդկանց, ովքեր ողջ կյանքն ապրում ու աշխատում են հարստություն կուտակելու համար։

Խոսե Մուխիկա

Մուխիկան չունի բանկային հաշվեհամար: Միակ թանկարժեք իրը, որ ձեռք է բերել նա իր պաշտոնավարության ընթացքում, եղել է 1987 թվականի արտադրության 1945 դոլար արժողության ժուկ ավտոմեքենան:

Ներկայացնում ենք ձեզ չափազանց հետաքրքիր հարցազրույց, որը Մուխիկան տվել է Human նախագծի շրջանակներում:

ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՍՊԱՍՈՒՄ Է ՆՈՒՅՆ ԲԱՆԸ. ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ ԵՆՔ

Իմ անունը Խոսե Մուխիկա է: Սկզբում ես գումար էի աշխատում հողագործությամբ, հետո սկսեցի պայքարել իմ հասարակության մեջ կյանքի բարելավման և փոփոխության համար: Այսօր ես նախագահ եմ: Իսկ վաղը, ինչպես և մնացած բոլորը, որդերի բաժին կդառնամ ու կանհետանամ:

ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ես անցկացրել եմ ավելի քան 10 տարի բանտախցում, 7 տարի գիրք չեմ բացել և ունեցել եմ ժամանակ մտածելու համար: Եվ ահա թե ինչ եմ ես հայտնաբերել: Կամ մարդը երջանիկ է իր ունեցած քչով, առանց իրեն շատ ծանրաբեռնելու, քանի որ երջանկությունն իրականում հենց իր մեջ է, կամ ոչ մի բան էլ չի ստացվի: Ես չեմ պաշտպանում աղքատությունը, ես պաշտպանում եմ դատողական մտածողությունը:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ՍՊԱՌՈՒՄ Է ԻՐ ԿՅԱՆՔԸ

Մենք հորինել ենք բոլորովին ավելորդ սպառողական ապրանքների մի հսկայական քանակություն: Մենք անընդհատ ստիպված ենք գնել և թափել: Այդպես մենք վատնում ենք մեր կյանքը: Երբ դու գնում ես ինչ-որ բան, դու ոչ թե վճարում ես փողով, այլ քո կյանքի ժամանակով: Դու պետք է անդադար աշխատես, որպեսզի էլի գումար աշխատես և էլի ինչ-որ բան գնես: Բայց կյանքը հնարավոր չէ գնել, այն կարելի է միայն ծախսել: Եվ շատ տխուր բան է կյանքը վատնելը՝ կորցնելով սեփական ազատությունը:

Խոսե Մուխիկա

ԱՄԵՆ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳՈՒՄԱՐԸ ԾԱԽՍԻ ՍԿԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐԻ ՎՐԱ

Ուրուգվայը փոքր երկիր է: Նախագահը չունի իր ինքնաթիռը, բայց դրա կարիքն առանձապես չկա: Դրա փոխարեն մենք Ֆրանսիայից գնել ենք շատ թանկ մի ուղղաթիռ և դրել այն երկրի կենտրոնական մասում: Այդ ուղղաթիռը ծառայում է այն բանի համար, որ փրկի ավտովթարից տուժածներին կամ օգնության հասնի այլ արտակարգ իրավիճակներում: Ընտրությունը այնքան հեշտ է: Նախագահական ինքնաթի՞ռ, թե՞ փրկարար ուղղաթիռ: Ամբողջ խնդիրը դատողական մտածողության մեջ է:

Ես քարանձավների կամ ծղոտե տնակների ժամանակներ վերադառնալու կողմնակիցը չեմ, բոլորովին ոչ: Ես միայն այն բանի կողմնակիցն եմ, որ վերջ դրվեն անիմաստ ծախսերին, անիմաստ շռայլությանն ու շքեղ տներին, որոնք տասնյակ սպասավորների կարիք են զգում:

Ինչի՞ համար է այդ ամենը: Դրանք ավելորդ են: Կարելի է ապրել ավելի համեստ, միջոցներ հատկացնել այն իրերի համար, որոնք իրականում անհրաժեշտ են բոլորին: Դա հանրապետության իրական իմաստն է, որը պարզապես «մոլորվել է» քաղաքականության մեջ: Եթե մենք շարունակենք մեր միապետություններով, ֆեոդալական սրբություններով ու վասալներով, մենք այդպես էլ կմնանք միջնադարում:

Այդ դեպքում ինչի՞ համար են եղել հեղափոխություններ: Հանուն հավասարության և մնացած բաների: Նախագահական այդ պալատները նույն բանն են: Գերմանիայում ինձ ուղեկցում էին 25 հատ BMW մոտոցիկլով, ինձ նստեցրել էին Mercedes-Benz մեքենայի մեջ, որի յուրաքանչյուր դուռը կշռում էր 3 տոննա զրահապաշտպան նյութերի պատճառով: Ինչի՞ համար է այդ ամենը: Ես շարունակում եմ համեստ մնալ և վերցնում եմ այն, ինչ տրվում է ինձ, ապրում եմ նրանով, ինչ ունեմ:

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԻՐԵՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԱՐԴԻԿ

Մենք միջոցների պակաս չունենք: Մեզ քաղաքական կամք չի բավականացնում: Իշխանությունները հոգ են տանում միայն հաջորդ ընտրությունների արդյունքների մասին, այն մասին, թե ով է լինելու առաջնորդ: Նրանք պայքարում են իշխանության համար և մոռանում են մարդկանց մասին, գլոբալ խնդիրների մասին:

Ճգնաժամը ոչ թե բնապահպանության մեջ է, այլ քաղաքականության: Մենք հիմա քաղաքակրթության զարգացման այնպիսի փուլի վրա ենք գտնվում, որ անհրաժեշտ է միջմոլորակային կոնսեսուս: Բայց դա մեզ չի հետաքրքրում: Մենք տարված ենք շովինիզմով և ղեկավարման տենչով, հատկապես ավելի ազդեցիկ երկրներում, թեև հենց նրանք պետք է ծառայեին այդ օրինակը: Դա խայտառակություն է:

Կիոտոյի համաձայնագրի (շրջակա միջավայրի պաշտպանության մասին առաջին գլոբալ համաձայնագիրը-խմբ.) ստորագրումից 25 տարի է անցել, սակայն մենք դեռևս դժկամությամբ ենք կիրառում անգամ դրա տարրական պահանջները: Ամոթ է: Մարդը, թերևս միակ կենդանին է, որ ունակ է ինքնաոչնչացման:

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ ՊԱՅՔԱՐՆ Է ԵՎ ԴԵՊԻ ԱՌԱՋ ՇԱՐԺՈՒՄԸ

Մարդկային բնությունը զարմանալի բան է: Ի վերջո, մենք ավելի շատ բան սովորում ենք զրկանքների, այլ ոչ թե առատության շնորհիվ: Անշուշտ, ես չեմ խրախուսում տառապել կամ նման մի բան: Բայց ես ուզում եմ մարդկանց հասկացնել, որ նրանք միշտ կարող են ոտքի կանգնել:

Միշտ արժե է սկսել զրոյից, հազար անգամ, այնքան, քանի դեռ կենդանի եք: Սա է կյանքի հիմնական պատգամը: Միակ պարտվողները նրանք են, ովքեր դադարեցրել են պայքարը: Դադարեցնել պայքարը նշանակում է դադարել երազել: Պայքարել. Երազել, քայլել երկրի վրայով, բախվել իրականությանը, սա է գոյության իմաստը:

ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂՆԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՎԵՐՔԵՐԸ

Մենք չենք կարող ապրել՝ վիրավորանք աճեցնելով: Եվ մենք չենք կարող ապրել առանց ելք տեսնելու: Այն ցավը, որը ես ապրել եմ, ոչ ոք չի ուղղի և չի սրբի: Պետք է կարողանալ ապրել՝ կրելով սեփական սպիները, շարժվել առաջ՝ նայելով դեպի ապագան: Քանի դեռ ես ինքս ինձ նվիրում եմ իմ վերքերը բուժելուն, ես չեմ կարող առաջ շարժվել:

Ինձ համար կյանքը միշտ առջևում է: Կարևորը վաղվա օրն է: Ինձ ասում են, որ պետք է հիշել, որ չկրկնես անցյալը: Բայց ես գիտեմ մարդուն: Դա միակ կենդանին է, ով 20 անգամ ոտքը կխփի նույն քարին: Սերունդները սովորում են սեփական, այլ ոչ թե ուրիշների սխալների վրա: Ես չեմ իդեալականացնում մարդուն: Ի՞նչ կարող ենք սովորել մենք ուրիշների սխալների հիման վրա: Մենք սովորում ենք այն բանի վրա, ինչի միջով ինքներս ենք անցել:

In this article


Join the Conversation