10 ՈԳԵՇՆՉՈՂ ԵՎ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ԵՐԳԵՐ. ՄԱՍ 1-ԻՆ

Ինչ էլ, որ անելու լինեք, վազելիս, առավոտյան աշխատանքի պատրաստվելիս, նոր գործ սկսելիս, թե պարզապես փողոցում քայլելիս, ոգեշնչող ու մոտիվացնող երաժշտությունը ձեզ լրացուցիչ թևեր կարող է պարգևել և օգնել հաղթահարել ցանկացած դժվարություն:

11074

Եվ այսպես, ներկայացնում ենք ձեզ բոլոր ժամանակների լավագույն երգերի ընտրանին՝ մոտիվացնող երգեր, որոնք հավատ են ներշնչում սեփական ուժերի հանդեպ, տրամադրություն են բարձրացնում և ստիպում գործել, գործել և էլի գործել: Այս 10 երգերը միայն մի մասն են այդ ընտրանու: Հետևեք մեր թարմացումներին Ֆեյսբուքի էջում մոտիվացնող երգերի նոր «չափաբաժինը» բաց չթողնելու համար:

IT’S MY LIFE — BON JOVI

Խմբի թերևս լավագույն երգերից մեկն է սա: Հզոր էներգետիկայի, խորիմաստ բառերի, հոգին տակնուվրա անող երաժշտության և անշուշտ Ջոն Բոն Ջովիի ինքնավստահ ու հանդուգն կատարման շնորհիվ երգը արդեն շուրջ երկու տասնամյակ ոգեշնչում է սերունդներին: «Ես չեմ պատրաստվում լինել հերթական դեմքը ամբոխի մեջ, Դուք կլսեք իմ ձայնը, երբ ես գոռամ…»:

HEAL THE WORLD — MICHAEL JACKSON

Փոփ երաժշտության արքան մեկ անգամ չէ, որ իր երգերով հրավիրել է մարդկության ուշադրությունը երկրագնդի խնդիրների վրա: Այս բարի ու լուսավոր երգով նա կոչ է անում բոլորին դարձնել աշխարհը ավելի լավ վայր ապրելու համար: Բայց որպեսզի աշխարհն ավելի լավը դառնա, մենք նախևառաջ պետք է սկսենք ինքներս մեզնից:

SEVEN NATION ARMY – THE WHITE STRIPES

Այս երգը դարձել է սպորտային ամենահայտնի հիթերից մեկը: Այն ոգևորում է մարզիկներին խաղերից առաջ, ոգևորում է նաև հանդիսատեսին: Այն հնչում է թե NBA մրցաշարերի, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից առաջ: Այս ռիթմիկ երաժշտությանը զուգահեռ հնչում է Ջեք Ուայթի այն համոզմունքը, որ անգամ յոթ երկրների բանակները միասին չեն կարող իր «հախից գալ» և, անկախ ամեն ինչից, նա կանի իր գործը:

YOU RAISE ME UP — JOSH GROBAN

Ո՞ւմ եք դուք հավատում, ո՞վ է ձեզ ոգևորում, վստահեցնում, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի: Ո՞վ է այն մարդը, ում երախտապարտ եք ձեր նվաճումների ու հաջողությունների համար: Այս երգը հենց այդ շնորհակալության արտահայտությունն է ուղղված նրանց, ովքեր օգնում են մեզ ոտքի ելնել, երբ մենք ընկճված ենք, մարդկանց, ովքեր մեզ ավելի լավն են դարձնում: Secret Garden խմբի այս երգը համաշխարհային ճանաչում գտավ հենց Ջոշ Գրոբանի գեղեցիկ ու հզոր կատարման շնորհիվ:

EYE OF THE TIGER — SURVIVOR

Այս երգը գրվել է Սիլվեսթր Սթալոնեի՝ Ռոկկիի խնդրանքով, ով, եթե հիշում եք, ֆիլմում բաճկոն էր կրում, որի վրա դեղին վագր էր պատկերված: Երգը չափազանց հետաքրքիր է երաժշտության և խոսքերի առումով, որոնք առանձին-առանձին և առավել ևս միասին մոտիվացնում են, ոգևորում, ստիպում ընկնելուց հետո նորից ոտքի ելնել, չհանձնվել ու համարձակ քայլել առաջ: Հզոր վագրի պես դուք կարող եք քաղցած մնալ, բայց կուտակել ձեր էներգիան, սպասել ճիշտ հնարավորության և նետվել առաջ: Նա, ով համարձակություն է ցանում, քաղում է նաև փառք ու հաջողություն:

IMAGINE — JOHN LENNON

Այս ստեղծագործությունը Ջոն Լենոնի փորձերից մեկն է մարդկանց համախմբելու և ոգեշնչելու համար, որպեսզի նրանք ավելի լավ վերաբերվեն միմյանց և շրջակա աշխարհին: Շատերը կարծում են, որ Ջոն Լենոնը այս երգում կոչ է անում հրաժարվել ոչ այնքան նյութական բարիքներից, որքան այն բաներից, որոնք ծանրաբեռնում են միտքը՝ կարծրատիպերից ու նախապաշարմունքներից: Տեսահոլովակի մեջ Լենոնը նվագում է իր ճերմակ դաշնամուրի վրա, իսկ Յոկո Օնոն բաց է անում պատուհանները մեկը մյուսի հետևից՝ խորհրդանշելով ավելի լավ ապագայի հույսը:

I WILL SURVIVE — GLORIA GAYNOR

Գլորիա Գեյնորի այս համարձակ երգը սովորեցնում է, որ ինքնավստահությունն ու անկախությունը երբեք պետք չէ կորցնել: Անշուշտ, այս երգը առավել ոգևորում է ծանր բաժանումներից հետո, բայց այն կարող է տրամադրություն բարձրացնել և ոգևորել ցանկացած դժվար պահի:

LOVELY DAY — BILL WITHERS

Բիլլ Ուիթերսի փափուկ ձայնը և երգի՝ ոչ մի տեղ չշտապող տեմպը տրամադրություն են բարձրացնում, հատկապես այն օրերին, երբ եղանակն այնքան էլ արևոտ չէ: Բանն այն է, որ երգն ինքը այնքան լուսավոր է, որ այդ արևոտ տրամադրությունը փոխանցվում է ձեր հոգուն: Այս երգը հրաշալի տարբերակ է դրական էմոցիաներով օրը սկսելու համար:

WIND OF CHANGE –  SCORPIONS

Այս սքանչելի ստեղծագործության թողարկումից մեկ տարի առաջ քանդվել էր Բեռլինյան պատը, իսկ շուտով նաև Խորհրդային Միությունը քանդվեց: Այդ պատճառով Wind of change երգը ընկալվել է որպես Վերակառուցման, Սառը պատերազմի ավարտի հիմն և ամբողջ աշխարհում խաղաղության խորհրդանիշ։ Այս Փոփոխություններ քամին առ այսօր էլ գալիս ու տակնուվրա է անում ունկնդրի հոգին, ստիպում հավատալ իսկապես մեծ բաների: Scorpions խմբի այս հիթը հատկապես ազդեցիկ է, երբ այն լսում է ողջ լսարանը (օրինակ, թրեյնինգների ժամանակ), որովհետև երգը նաև համախմբող ուժ ունի:

PHARRELL WILLIAMS – FREEDOM

Սա թերևս վերջին տարիների ամենամոտիվացնող, տրամադրություն բարձրացնող երգերից մեկն է: Երգ, որը մղում է ապրել առանց սահմանափակումների ու կապանքների: Ֆարել Ուիլյամսը կոչ է անում պայքարել սեփական ազատության համար, դեմ դուրս գալ հասարակության մեջ ընդունված կարծրատիպերին: Ազատությունն առաջին հերթին պետք է դաստիարակել ինքներս մեր մեջ, աճեցնել այն, պետք է ազատ լինել շրջապատի կարծիքից, կողմնակի հայացքներից, գտնել ներդաշնակություն սեփական մտքերի ու ցանկությունների մեջ, լինել ազատ հիմա և այստեղ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին