ՌԻՆԳԵԼՄԱՆԻ ԷՖԵԿՏԸ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՈՔՐ ԹԻՄԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

1927 թվականին անցկացվեց շատ հետաքրքիր փորձերի մի շարք, որի արդյունքները այսօր այնքան էլ չեն հիշատակում, և իզուր: Այս փորձերի արդյունքները հոգեբանության մեջ մնացին որպես «Ռինգելմանի էֆեկտ»:

1674
Ռինգելմանի էֆեկտը

Փորձի էությունը հետևյալն էր: Ամենասովորական մարդկանց առաջարկում էին ծանրություն բարձրացնել: Նրանցից յուրաքանչյուրի համար ֆիքսում էին առավելագույն ծանրությունը, որը նրանք կարողանում էին բարձրացնել: Այս ամենից հետո մարդկանց միավորում էին խմբերի մեջ, սկզբում երկու հոգուց բաղկացած, հետո՝ չորս հոգուց բաղկացած, հետո՝ ութ:

Փորձի հեղինակները կարծում էին, որ եթե մի մարդը, պայմանականորեն, կարող է բարձրացնել 100 կգ, ապա երկուսը միասին կկարողանան բարձրացնել 200կգ կամ նույնիսկ ավելի: Չէ՞ որ առ այսօր կա ընդունված տեսակետ, որ խմբային աշխատանքը հնարավորություն է տալիս հասնել շատ ավելի մեծ արդյունքների և որ նրանց գրանցած արդյունքը գերազանցում է խմբի անդամների առանձին գրանցած արդյունքների ընդհանուր գումարը:

Սակայն փորձի արդյունքները հակառակ բանն էին ցույց տալիս: Երկու հոգանոց թիմերը կարողանում էին բարձրացնել իրենց անհատական ցուցանիշների ընդհանուր գումարի միայն 93%-ը: Իսկ 8 հոգանոց խմբերը՝ միայն 49%-ը:

Նույն փորձը հեղինակները անցկացրին նաև այլ վարժությունների համար: Օրինակ՝ պարանի ձգման վարժության ժամանակ ևս գրանցվում էր նույնատիպ արդյունք: Որքան մեծացնում էին խմբերի անդամների քանակը, այնքան ընկնում էր արդյունավետության տոկոսը:

Պատճառը պարզ է: Եթե ես հույսս դնում եմ միայն ինձ վրա, ապա ներդնում եմ առավելագույն ջանքեր: Իսկ խմբում կարող եմ էներգիա խնայել: Չէ՞ որ ոչ ոք չի նկատի, ինչպես այն պատմության մեջ, երբ գյուղի բնակիչները որոշում են տոնակատարության համար մի տակառ օղի հավաքել՝ ամեն տնից մի դույլ օղի բերելով: Սակայն երբ սկսում են լցնել օղին ու խմել, պարզ է դառնում, որ տակառը լի է մաքուր ջրով: Բնակիչներից յուրաքանչյուրը բերել էր մի դույլ ջուր՝ կարծելով, որ ընդհանուր քանակության մեջ իր խորամանկությունը չի նկատվի:

Երբ մենք ինչ-որ գործ ենք անում, կամա թե ակամա մտապահում ենք այն ջանքերի չափը, որ ներդնում ենք: Հետագայում, արդեն թիմային աշխատանքի մեջ, մենք ավելի պասիվ վերաբերմունք ենք դրսևորում գործի հանդեպ և ներդնում ենք նույնքան կամ ավելի քիչ ջանք, բայց երբեք ոչ ավելի, քան արել էինք նախորդ անգամ, երբ պատասխանատվությունը միայն մեզ վրա էր:

Անշուշտ անկումը անմիջապես չի լինում, իներցիան հզոր երևույթ է, և արդյունքները աստիճանաբար են անկում ցույց տալիս: Սակայն սա այն երևույթն է, որը այնքան հաճախ է հանդիպում այն ընկերությունների դեպքում, որոնք գնալով ընդլայնում են իրենց անձնակազմը:

Թեև այսօր կան բազմաթիվ սոցիալական հնարքներ թիմային արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար, սակայն դրանցից և ոչ մեկը դեռ չի կարողացել ամբողջությամբ հաղթահարել Ռինգելմանի էֆեկտը, այն է՝ որքան մեծ է խումբը, այնքան ավելի մեծ սոցիալական պասիվություն է դրսևորում թիմի յուրաքանչյուր անդամ:

In this article


Join the Conversation