Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ԲՈՒԼՂԱՐԻԱ ՄԵԿՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԸ

Բուլղարիայի հանգստավայրերը շատ հայտնի թե՛ Հայաստանում, թե՛ ողջ Եվրոպայում: Բոլոր ծովափերն այստեղ ծածկված են հրաշալի դեղին ավազով, Սև ծովի ջրերը տաք են ու հաճելի, իսկ Բուլղարիայի հիասքանչ լեռները անտարբեր չեն թողնում և ոչ մեկին:

1944
Բուլղարիա

Բուլղարիան հրաշալի վայր է խաղաղ հանգստի համար, իսկ զբոսաշրջիկը ահա թե ինչ պետք է իմանա, եթե որոշել է իր հանգիստն անցկացնել հենց այս երկրում:

ԿԼԻՄԱ

Բուլղարիա

Բուլղարիան առհասարակ շատ արևոտ երկիր է: Ձմռանն այստեղ լինում է մինչև -5 աստիճան, իսկ ամռանը՝ մինչև +40: Շատ մեծ դեր կլիմայի ձևավորման գործում խաղում են Սև ծովն ու լեռները: Բուլղարիայում հրաշալի զարգացած է լեռնադահուկային ակտիվ հանգիստը: Շատերը համարում են, որ Բուլղարիայի ձմեռային հանգստավայրերը լավագույններից մեկն են աշխարհում:

ԼԵԶՈՒ

Բուլղարիայի բնակչության 83%-ը բուլղարներ են: Այստեղ ապրում են նաև ռուսներ, հույնսեր, հրեաներ, հայեր և այլ ժողովուրդներ: Մեծամասնության լեզուն բուլղարերենն է, սակայն այստեղ խոսում են նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով:

ՎԻԶԱԲուլղարիա

Բուլղարիա մեկնող Հայաստանի քաղաքացին պետք է ստանա վիզա Բուլղարիայի դեսպանատանը, որը գտնվում է Նոր Արեշում՝ Սոֆիայի փողոց, 16 հասցեում: Պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է:

  • Անձնագիր, որը պետք է վավեր լինի նվազագույնը 6 ամիս (երկարացված անձնագրեր չեն ընդունվում)
  • 3×4 չափի 2 լուսանկար,
  • Տեղեկանք աշխատավայրից` պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով, ֆիրմայի բլանկի վրա (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Մասնավոր ընկերությունների համար` գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Տեղեկանք բանկային հաշվի վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), առկայության դեպքում՝ բանկային քարտեր
  • Ուսանող կամ աշակերտ լինելու դեպքում՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Սեփականաշնորհման վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
    Ամուսնության կամ ամուսնալուծության վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
    Ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր

Ամուսնացած չլինելու դեպքում`

  • Ծննդյան վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Ծնողների անձնագրեր, ամուսնության վկայական, չլինելու դեպքում՝ հայրության ճանաչման կամ միայնակ մայրության վկայական

Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրոյին համարժեք դրամ:

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ ԵՎ ԳՆԵՐ

Բուլղարիա

Բուլղարիայի դրամական միավորը բուլղարական լևն է: Դոլլարի կուրսը «լողացող» է, իսկ ահա եվրոյի կուրսը ֆիքսված է՝ 1 euro=1.95583 BGN (բուլղարական լև): Գումարը կարելի է փոխանակել բանկերում և փոխանակման կետերում, սակայն վերջիններս կարող են ոչ այնքան ձեռնտու տարբերակ առաջարկել: Բանկերը բաց են աշխատանքային օրերին՝ 8:30-17:00:

Բուլղարիայում գները բավական մատչելի են: Առհասարակ այս երկիրը ճանաչվել է ամենամատչելի եվրոպական երկրներից մեկը զբոսաշրջիկների համար: Սոֆիայում մեկ օրվա բնակության արժեքը միջինում կազմում է $67: Ամենամատչելի առողջարանային քաղաք ճանաչված Վառնայում մեկ գիշերը հյուրանոցում արժե $54։ Ամենամատչելիների թվում է նաև բուլղարական Արևային ափ առողջարանը՝ $74,5 դոլար:

Երևանից դեպի Բուլղարիայի տարբեր քաղաքներ թռիչքի երկկողմանի տոմսը մեկ անձի համար տատանվում է $500-550-ի սահմաններում:

Հյուրանոցներն այստեղ հիմնականում 4- և 5-աստղանի են, սակայն ծառայությունների որակին այստեղ այնքան մեծ ուշադրություն է հատկացվում, որ անգամ տեղական 3-աստղանի հյուրանոցները շատ ավելի բարձր որակ կարող են ապահովել, քան այլ երկրների 4-աստղանի հյուրանոցները:

ՀԱՆԳԻՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ

Բուլղարիա

Բուլղարիայում երեխաների հետ հանգստանալը շատ հարմար է: Այստեղ բոլոր ծովափերում ավազը մանր է, և ծովն էլ ափի մոտ համաչափ է խորանում, ինչը շատ կարևոր է փոքրիկ երեխաների համար: Բուլղարիայում հանգստանալիս երեխան միանշանակ չի ձանձրանա, նրան սպասում են բազմաթիվ ակվապարկեր, մանկական լողավազաններ, զվարճանքի վայրեր, ակվարիումներ և այլն, և այլն:

Մանկական սննդի հայտնի բրենդների արտադրանք այստեղ նույնպես հնարավոր է գտնել (Hipp, Nestle և այլն): Բուլղարական խոհանոցից երեխաներին հարմար են հետևյալ ճաշատեսակները՝ շոպական աղցան, հավով ապուր («պիլեշա սուպա»), կոլոլակով ապուր («տոպչետա»), հավի խորոված («պիլեշկո շիշչե»): Իսկ ահա հյութերը այստեղ միշտ շատ սառն են մատուցում:

ԽՈՀԱՆՈՑ

ԲուլղարիաԲուլղարական խոհանոցը շատ համեղ է, և չկա մեկը, ով փորձի այն և պարզապես չսիրահարվի այդ համեղ ուտելիքներին: Գաղտնիքն այն համեմունքների մեջ է, որոնք օգտագործվում են դրանք եփելու ժամանակ: Բուլղարական համեմունքները ոչ միայն ավելի համեղ են դարձնում ուտեստները, այլ շատ առողջարար են: Բուլղարական խոհանոցն առանձնանում է նաև բանջարեղենների առատությամբ: Կծու ուտեստներն այստեղ շատ սիրված են: Բուլղարական խոհանոցը հայտնի է իր գինիներով և այլ ոգելից խմիչքներով, ինչպիսին է, օրինակ ռաքիան։

Խորովածը՝ հատկապես տարբեր տեսակի երշիկներից պատրաստած, բավականին սիրված է բուլղարացիների կողմից:

Այստեղ կարող եք փորձել «քեբաբ», «քեբաբչե» (տապակած նրբերշիկներ), «գյուվեչ»(խաշած միս՝ կարտոֆիլով և բանջարեղեններով), «քավարմու» (մսով, սնկով, սոխով և կարտոֆիլով ուտեստ), «տարատոր» կոչվող բուլղարական ապուրը և «բանիցա» խմորեղենը:

ԹԵՅԱՎՃԱՐ

ԲուլղարիաԹեյավճարներ այստեղ սովորաբար տալիս են մատուցողներին, հյուրանոցների աղախիններին, բեռնատարներին և գիդերին: Դրանք պարտադիր չեն, սակայն սպասարկումից գոհ լինելու դեպքում դուք կարող եք թողնել գումար՝ հաշվի 10%-ի չափով:

ԾՈՎԱՓԵՐ

ԲուլղարիաԲուլղարիայում բոլոր ծովափերը հասարակական են: Ծովափի ողջ երկայնքից զբոսաշրջիկները կարող են անվճար օգտվել՝ անկախ այն հյուրանոցից, որտեղ կանգ են առել: Սակայն հովանոցների և նստարանների համար հարկավոր է վճարել օրական $5-7: Սրբիչների վարձույթ այստեղ չկա:

ՏՐԱՆՍՊՈՐՏ

Խոշոր քաղաքներում կան ավտոբուսներ, տրոլեյբուսներ և տրամվայներ: Մեկ ամբողջական տոմսը մեկ օրվա համար 2-3 BGL է: Տաքսիները ավանդական դեղին գույնի են՝ սև քառակուսիներով: Դիմապակուն փակցված է գնացուցակը և հաճախ նրանք նաև կտրոն են տրամադրում: Անշուշտ հանգստավայրերում կան տաքսիստներ, որոնք ուռճացված գներ կարող են առաջարկել; Այսպիսի դեպքերում պետք է անպայման սակարկել: Գիշերը և տոն օրերին սակագինը նույնպես բարձրանում է:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

ԲուլղարիաԵթե հանգստի ընթացքում ձեզ հանկարծ վատ զգաք, ապա նախևառաջ զանգահարեք ձեր առողջապահական ապահովագրության մեջ նշված հեռախոսահամարով: Դեղամիջոցները Բուլղարիայում համեմատաբար մատչելի են: Դեղատուն բառը բուլղարերենում գրվում այնպես, ինչպես ռուսերենում: Որպես կանոն՝ դրանք բաց են 9:00-ից 20.00, բայց կան նաև շուրջօրյա աշխատող դեղատներ:

ԳՆՈՒՄՆԵՐ

ԲուլղարիաԽոշոր խանութները, առևտրի կենտրոնները, բուտիկները Բուլղարիայում այնքան էլ շատ չեն: Խանութներն աշխատում են 9:30-18.00: Կան նաև հանգստյան օրերին, ինչպես նաև շուրջօրյա աշխատող խանութներ: Այստեղ սովորաբար զբոսաշրջիկները գնում են ասեղնագործած հագուստ, փոքրիկ խալիներ, օծանելիք, կաշվե իրեր, արծաթյա ձեռքի աշխատանքներ, երկաթե և պղձե արձանիկներ:

ՀԵՌԱԽՈՍԱԱՊ

Հեռախոսային կապը Բուլղարիայում շատ լավն է և համեմատաբար մատչելի: Այստեղ կարող եք զանգահարել փոստի բաժանմունքներից (սև ու դեղին տարբերակիչ նշաններով), ինչպես նաև օգտվել բջջային օպերատորների տրամադրած կապից, որոնք երեքն են՝ M-Tel, Globul, Vivacom:

Բուլղարիայում անցկացրած հանգիստը կարող է իսկապես լինել որակյալ և խաղաղ: Այստեղ լուռ է, անվտանգ, ստեղծված են բոլոր պայմանները ընտանեկան հանգստի համար: Այս երկիրը այն զբոսաշրջիկների համար է, ովքեր գնահատում են որակյալ հանգիստը, ծառայությունների բարձր որակն ու ոչ բարձր գները:

In this article


Join the Conversation