facebook

VELOPARK – ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ունեք հեծանի՞վ և քաղաքում շրջելիս կամ աշխատանքի ուղևորվելիս չգիտե՞ք՝ որտեղ կայանել հեծանիվը: Velopark հայկական հավելվածը ստեղծվել է հատուկ հեծանվասերների համար և օգնում է քարտեզի վրա գտնել հեծանվորդին ամենամոտ գտնվող հեծանվային կայանատեղիները:

1175
Velopark

Velopark-ը հնարավորություն է տալիս գտնել նաև հեծանիվների սպասարկման և վարձակալության կետերը, խանութները՝ ներկայացնելով մանրամասն տեղեկատվություն՝ նկար, հասցե և կոորդինատներ:

Բացի այդ Velopark-ը սոցիալական հավելված է, ինչը նշանակում է, որ օգտատերերն իրենք էլ նոր կայանատեղի հայտնաբերելու դեպքում կարող են ավելացնել նոր կետեր քարտեզի վրա ընդամենը մի քանի հպման միջոցով:

Velopark-ի թիմըՀավելվածն անվճար է, այն կարող եք ներբեռնել ինչպես iOS, այնպես էլ Android համակարգերի համար, իսկ այս հետաքրքիր հավելվածի ստեղծման պատմության հետ ծանոթանալու համար առաջարկում ենք ընթերցել մեր հարցազրույցը Veloparki հիմնադիրների՝ Արսեն Փյուսկյուլյանի և Արշակ Ալեքսանյանի հետ:

Ինչո՞ւ որոշեցիք հենց այս թեմայով հավելված պատրաստել:

Առողջ ապրելակերպի կողմնակից լինելով և ունենալով հեծանվորդ ընկերներ՝ մենք բավական լավ ծանոթ էինք ոլորտի խնդիրներին: Հավելված ստեղծելու միտքն առաջացավ շատ պատահաբար, երբ սրճարանում նստած քննարկում էինք ոլորտի խնդիրները: Որոշեցինք ստեղծել մի սոցիալական հավելված, որն օգտակար կլիներ հեծանվասերներին և զբոսաշրջիկներին:

Velopark-ի թիմը

Ովքե՞ր են ընդգրկված թիմում:

Հավելվածը գրվել է մեր «Ափարգ» թիմի կողմից: Velopark-ի վրա աշխատող թիմը կազմված է 5 հոգուց: Կուզենայինք նաև նշել մեր լավ ընկեր Գայանե Հարությունյանի ներդրումը՝ բարոյական աջակցության տեսքով:

Velopark-ի թիմըԱռողջ ապրելակերպի ջատագով լինելով՝ մենք ցանկություն ունենք այդ ոլորտը բարելավելու և խթան հանդիսանալու այս ոլորտում նորանոր հավելավծների ստեղծմանը:

Ինչպե՞ս է ընթացել նախագծի տեղեկությունների հավաքագրումը:

Չնայած նրան, որ հավելվածը լիովին սոցիալական է, և օգտագործողներն իրենք կարող են հեշտությամբ ավելացնել նոր կայանատեղեր, խանութներ, սպասարկման և վարձակալության կետեր՝ մենք հասկանում էինք, որ նախ և առաջ պետք էր ունենալ տվյալների սկզբնական բազա: Այդ գործում մեզ օգնեցին մեր ընկերները. շրջելով Երևանում մեկ օրվա ընթացքում՝ մենք նկարեցինք հավելվածի համար անհրաժեշտ բոլոր վայրերը, ինչը բավական զվարճալի էր:

Այժմ հավելվածն ունի ակտիվ օգտագործողների զանգված, ում կողմից ակտիվորեն ավելացվում են տարբեր կետեր, որոնք գտնվում են Երևանում և այլ մարզերում:

Velopark

Մեզ համար ամենակարևորը այն էր, որ հավելվածը լինի սոցիալական, և հեծանվորդներն իրենք զարգացնեն իրենց համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:

Հավելվածի ո՞ր գործառույթն են ամենից շատ օգտագործում օգտատերերը:

Հավելվածն ունի երկու գործառույթ, որոնք հատկապես շատ են սիրվել օգտատերերի կողմից: Նախ և առաջ դա հեծանվային կայանտեղերի գտնելու գործառույթն է: Քաղաքում անընդհատ ավելանում են նոր կայանատեղիներ, որոնց գտնվելու վայրը հեշտությամբ կարելի է որոշել մեր հավելվածի միջոցով:

Առավել հաճախ օգտագործվում է նաև հեծանիվ վարձակալելու գործառույթը: Այս գործառույթից հատկապես շատ են օգտվում տուրիստները, որոնք ցանկանում են վարձակալել հեծանիվ, բայց չեն էլ պատկերացնում, որ մոտակայքում գոյություն ունի հեծանիվների վարձակալության կետ:

Որո՞նք են այն դժվարությունները, որոնց հանդիպում են հեծանվորդները Հայաստանում:

Ցավոք, այսօր Հայաստանում այդքան էլ զարգացած չեն այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են հեծանվորդների համար: Այս առումով մենք փորձել ենք ինչ-որ չափով լուծել այս խնդիրը Velopark հավելվածի միջոցով: Վերջինս ինտեգրացնում է գոյություն ունեցող ենթակառուցվածքները մեկ տեղում: Մեզ համար ամենակարևորը այն էր, որ հավելվածը լինի սոցիալական, և հեծանվորդներն իրենք զարգացնեն իրենց համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:

Ի՞նչ է «կանաչ երթևեկությունը», և ովքեր են միացել այդ արշավին:

«Կանաչ երթևեկությունը» մեզ համար առաջին հերթին առողջ երթևեկությունն է, ապա՝ շրջակա միջավայրի համար անվտանգությունը: Այսօր նկատում ենք այն միտումը, որ վերջերս ավելանում են թե առանձին անհատներ, թե կազմակերպություններ, որոնք քարոզում են առողջ ապրելակերպ և «կանաչ երթևեկություն»: Հուսով ենք մեր հավելվածի շնորհիվ գրավել նոր մասնակիցներ և աջակիցներ:

Velopark-ի թիմը

Մենք հուսով ենք, որ Velopark-ը կդառնա հեծանվասերների գրպանի ձեռնարկը և կհամախմբի նրանց՝  զարգացնելով հեծանվային մշակույթը Հայաստանում:

Ի՞նչ արդյունքներ է գրանցել հավելվածն այս պահի դրությամբ:

Մենք բավականին գոհ ենք գրանցված արդյունքներից՝ հաշվի առնելով որ հավելվածն գործարկվեց ոչ հեծանվային սեզոնին՝ ձմռանը: Այնուամենայնիվ, այն ունի բավականաչափ օգտատերեր, և մենք վստահ ենք, որ հեծանվային սեզոնի բացվելուն պես, օգտարերը կավելանան: Մեզ նույինսկ ավելի շատ ուրախացնում է այն, որ օգտատերերը ոչ միայն պարզապես օգտվում են հավելվածից, այլ նաև ավելացնում են նոր կետեր՝զարգացնելով հավելվածը:

Ի՞նչ դեր կարող է խաղալ Velopark-ը Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացման համար:

Մենք հուսով ենք, որ Velopark-ը կդառնա հեծանվասերների գրպանի ձեռնարկը, որը նախ կներառի իր մեջ հեծանվասերների և հեծանվորդների համար անհրաժեշտ բոլոր գործիքները, և մյուս կողմից կհամախմբի նրանց՝ այդպիսով զարգացնելով հեծանվային մշակույթը Հայաստանում:

Velopark

Շուտով բացվելու է «հեծանվային» սեզոնը: Ի՞նչ նորություններ են սպասվում օգտատերերին:

Հեծանվային սեզոնին ընդառաջ՝ օգտատերերին հանձնվեց հավելվածի նոր թարմացումը: Վերջինիս մեջ ավելի ենք բարելավել հավելվածի սոցիալական կոմպոնենտը՝ ավելի ճկուն դարձնելով նոր կետերի ավելացումը և հեռացումը: Հավելվածի հաջողության դեպքում մենք պլանավորում ենք ավելացնել նոր գործառույթներ, որոնք կօգնեն կազմակերպել արշավներ և մրցույթներ:

Որքա՞ն եք պատրաստվում ընդլայնել հավելվածի «քարտեզագրությունը»: Մտադրություն ունե՞ք դուրս գալու միջազգային շուկա:

Հավելվածը չունի որևէ ռեգիոնալ սահմանափակումներ՝ դուք առանց որևէ խնդրի կարող եք ավելացնել կետեր աշխարհի ցանկացած վայրում: Նշեմ, նաև որ հավելվածի բոլոր գործառույթները՝ թե ՛առկա, թե՛ սպասվող, պատրաստ են համաշխարհային օգտագործման: Ուղղակի լինելով հայ և Հայաստանի քաղաքացի՝ մենք որոշեցինք հավելվածի մարքեթինգը սկսել մեր երկրից, այնուհետև փորձել տարածվել միջազգային շուկայում:

Պատրաստվեք հեծանվային սեզոնին, դարձրեք ձեր զբոսանքներն ու ուղևորությունները ավելի հեշտ և հարմարավետ:

  Google Play   AppStore

In this article


Join the Conversation