ՓՈՔՐԻԿ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ ՀԵՆՑ ԱՅՍՕՐ

Ինչ-որ մեկի հանդեպ բարի արարքը բումերանգի պես ձեզ է վերադառնում: Սրանք պարզապես դատարկ խոսքեր չեն: Հավանաբար հենց ձեր կյանքում էլ եղել են դեպքեր, երբ ինչ-որ բարի գործ անելուց հետո հանկարծ ճակատագրից նվեր եք ստացել:

1888
Փոքրիկ բարի գործեր

Առաջարկում ենք հիշել, թե ինչ բարի գործեր կարելի է անել ամեն օր՝ դրանով բարձրացնելով թե մեր, թե շրջապատի տրամադրությունը, և իհարկե, աշխարհը այդպես ավելի բարի ու մարդկային դարձնելով:

ՊԱՀԵՔ ԴՈՒՌԸ, ԵՐԲ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ

Շատ պարզ ու հասարակ քաղաքավարության կանոն, որի մասին, սակայն շատ շատերը մոռանում են շտապելիս: Մինչդեռ մարդը, ով գալիս էր ձեր հետևից, անպայման կգնահատի այն, որ դուք մի վայրկյանով կանգ առաք և պահեցիք դուռը իր համար, այլ ոչ թե շրխկացրիք իր երեսին:

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵՔ

Դասավորեք ձեր պահարանները և բոլոր  իրերն ու հագուստները, որոնք արդեն տևական ժամանակ է չեք կրում կամ օգտագործում, ուղարկեք մանկատուն կամ անապահով ընտանիքների: Մի շարք հասարակական կազմակերպություններ զբաղվում են հագուստի և իրերի հավաքագրմամբ այդ նպատակով և մեծ սիրով կօգնեն ձեզ: Այդ իրերը գուցե ձեզ արդեն պետք չեն, սակայն կարող են ուրախություն բերել մեկ ուրիշի, ջերմացնել նրա հոգին ու մարմինը:

ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ ԹՈՂԵՔ ՁԵՐ ՍԻՐԵԼԻ ՍՐՃԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Բավական է՝ բացասական կարծիք ունենանք ինչ-որ բանի մասին, և մենք ամեն ինչ պատրաստ ենք անել այդ կարծիքը հայտնելու համար: Հերիք է՝ մեզ վատ սպասարկեն, վիրավորեն և այլն, այդ մասին մենք հրապարակավ հայտարարում ենք սոց.ցանցերում, պատմում ենք բոլոր բարեկամներին: Մինչդեռ եթե ամեն ինչ հրաշալի է, մենք կարծես չենք շտապում այդ մասին գոռալ ի լուր աշխարհի: Եթե ձեզ դուր է եկել որևէ սրճարան, խանութ կամ ցանկացած այլ հաստատություն, թողեք նրա մասին դրական արձագանք (feedback): Ձեր այդ քայլի շնորհիվ սրճարանում նոր այցելուներ կհայտնվեն, իսկ ձեր ընկերներն էլ շնորհակալ կլինեն ձեզ լավ խորհրդի համար:

ԱՐՅՈՒՆ ՀԱՆՁՆԵՔ

Եթե դուք քաջություն գտնեք ձեր մեջ և հաղթահարեք ծուլությունը, ապա այսպես դուք կարող եք փրկել ինչ-որ մեկի կյանքը: Հարկավոր է պարզապես ծանոթանալ արյան դոնոր լինելու համար անհրաժեշտ նախապայմաններին:

ԱՇԽԱՏԵՔ ՈՐՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ

Այո, սա հեշտ գործ չէ և դրանով զբաղվելու համար պետք է որոշակի բնավորության գծերով օժտված լինել: Սակայն առանց բարեկամների մնացած կամ նրանց կողմից անտեսված ծերունիների հետ անցկացրած այդ մի քանի ժամը՝ զրույցը կամ ինչ-որ խաղը, նրանք շատ երկար կհիշեն և ձանձրալի ու միանման օրերի շարքում դա կլինի մի ամբողջ կարևոր իրադարձություն նրանց համար:

ՕԳՆԵՔ ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ

Եթե ձեր մուտքում նոր հարևաններ են հայտնվում, ապա նախևառաջ ողջունեք նրանց և հարցրեք՝ արդյոք կարող եք ինչ-որ բանով օգտակար լինել նրանց, հուշել ինչ-որ բան կամ տեղյակ պահել որոշակի հարցերի մասին: Այս պարզ գործողությունների շնորհիվ դուք նոր բարեկամներ ձեռք կբերեք և կօգնեք նրանց ավելի հեշտությամբ հաղթահարել իրենց կյանքի այդ կարևոր իրադարձությունը:

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ԶԻՋԵՔ ՁԵՐ ՀԵՐԹԸ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ

Եթե ձեր զամբյուղը լիքն է մթերքներով, իսկ ձեր հետևում կանգնած հաճախորդի ձեռքին ընդամենը մի շիշ ջուր է, ապա ինչո՞ւ չզիջել նրան ձեր հերթը, եթե շատ չեք շտապում: Նա հաճելիորեն կզարմանա և շնորհակալ կլինի, իսկ դուք շատ ավելի բարձր տրամադրությամբ կմոտենաք դրամարկղին նրանից հետո:

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՆՎԵՐ ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՈՋԸ

Հարկ չկա սպասել տոների: Պարզապես նրա տրամադրությունը բարձրացնելու համար կարող եք նրան ուղարկել մի փոքրիկ անակնկալ, գիրք կամ պարզապես բացիկ: Առանց առիթի ինչ-որ բան ստանալը մի քանի անգամ ավելի մեծ ուրախություն կարող է պարգևել:

ԻՆՉ-ՈՐ ՀԱՄԵՂ ԲԱՆ ԲԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ

Աշխատավայրում լավ տրամադրություն ստեղծելու տարբերակներից մեկն էլ հենց ինչ-որ համեղ բանով աշխատակիցների հետ կիսվելն է: Որքան անսպասելի լինի այդ համեղ բանը, այնքան ավելի մեծ ակտիվություն կառաջանա աշխատավայրում:

ԱՌԱՋԱՐԿԵՔ ՁԵՐ ՄԵՔԵՆԱՅԻ ԿԱՅԱՆՄԱՆ ՎԱՅՐԸ ՄՈՏԵՑՈՂ ՄԵՔԵՆԱՅԻՆ

Քաղաքի կենտրոնում մեքենա կայանելն իսկական գլխացավանք է, և եթե դուք պատարստվում եք արդեն հեռանալ, մեքենային մոտենալիս ուշադրություն դարձրեք մոտակայքում կայանման տեղ փնտրող վարորդին: Ակնարկեք նրան, որ դուք հիմա դուրս եք գալիս և նա կարող է կայանել մեքենան այդ տեղում:

ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՕԳՆԵՔ ԱՆՓՈՐՁ ՎԱՐՈՐԴԻՆ

Եթե դուք փորձառու վարորդ եք ևտեսնում եք, որ ինչ-որ մեկը կանգնել է ճանապարհին՝ վթարային ազդանշանները միացրած, կանգ առեք և օգնություն առաջարկեք:

ՀԵՐԹԻ ՄԵՋ ՄԱՆՐԱԴՐԱՄ ԱՌԱՋԱՐԿԵՔ, ԵԹԵ ԴՐԱ ԿԱՐԻՔԸ ԿԱ

Եթե դուք կանգնած եք հերթի մեջ, իսկ ձեր առջևում կանգնած մարդուն չի բավարարում մի քանի կոպեկ վճարելու համար (թեկուզ և պարզապես մանր չկա), նրան մանրադրամ առաջարկեք: Պարզ է՝ նա այդ գումարը ձեզ հետ չի վերադարձնի, բայց այդպես նա ստիպված չի լինի հրաժարվել իր գնումներից մեկից և ձեզ էլ շնորհակալ կլինի: Բացի այդ ձեզ շնորհակալ կլինի ձեր հետևում կանգնած ամբողջ հերթը, քանի որ դուք օգնեցիք խուսափել ժամանակի ձգձգումից:

ԶԻՋԵՔ ՆՍՏԱՏԵՂ ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻ, ԱՎՏՈԲՈՒՍԻ ԿԱՄ ՄԵՏՐՈՅԻ ՄԵՋ

Միայն ծերերին չէ, որ հարկավոր է զիջել: Եթե տեսնում եք, որ ձեզ մոտ կանգնած մարդու համար հեշտ չէ կանգնած երթևեկելը, որ նա շատ հոգնած է կամ ծանր պայուսակներ ունի, ապա զիջեք ձեր նստատեղը, եթե ինքներդ էլ այդ վիճակում չեք: Դա շատ ավելի լավ է, քան հայացքը պատուհանից դուրս ուղղելն ու ձևացնելը, թե նրան չեք տեսնում:

ԱՂԲԱՐԿՂԵՐԻ ՄՈՏ ՍՆՈՒՆԴՈՎ ՏՈՊՐԱԿՆԵՐ ԹՈՂԵՔ

Չորացած հացը կամ ուտելիքի մնացորդները, որոնք դեռ կարելի է և ուտել, դեն մի նետեք, այլ դրեք առանձին տոպրակի մեջ և կախեք աղբատարի մոտ: Անտուն ինչ-որ մեկը երկար չի փորփրի աղբարկղը, այլ կվերցնի ձեր թողած տոպրակն ու մտքում շնորհակալ կլինի ձեզ:

ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԵՔ ԳՏԵԼ ՓՈՂՈՑՈՒՄ, ՓՈՐՁԵՔ ԳՏՆԵԼ ՆԱԵՎ ՏԻՐՈՋԸ

Մեր օրերում բոլորովին դժվար չէ սոց.ցանցերի միջոցով գտնել ինչ-որ մեկին: Առավել ևս մեր երկրում. ձեր ծանոթների մեջ անպայման կգտնվի ինչ-որ մեկը, ում ծանոթների մեջ կլինի կորած իրի տերը: Դա հատկապես հեշտ է այն դեպքում, եթե դա դրամապանակ է կամ փաստաթուղթ, որտեղ նշված է մարդու անունը:

ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՄԵԿԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ, ՈՐՈՒՄ ԴՈՒՔ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՔ

Կիսվեք ձեր գիտելիքներով, նախ դա կամրապնդի ձեր իսկ փորձն ու գիտելիքները, և հետո՝ դուք կերջանկացնեք ինչ-որ մեկին՝ սովորեցնելով մի բան, որ կհեշտացնի նրա կյանքը կամ աշխատանքը:

ՕԳՆԵՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

Եթե տեսնում եք զբոսաշրջիկների, ովքեր փորձում են գտնել ինչ-որ ուղղություն, կամ փորձում են լուսանկարել իրենք իրենց, առաջարկեք ձեր օգնությունը: Չէ՞ որ երբ դուք եք մեկնում այլ երկիր, այնքան էլ հաճելի չէ, երբ ձեր բոլոր լուսանկարները լինում են սելֆիներ, իսկ գլխի հետևում՝ փոքրիկ ու ոչ հստակ երևացող տեսարժան վայրերը:

ՈՒՏԵԼԻՔ ՏԱՐԵՔ ԲԱԿՈՒՄ ԿԱՄ ՁԵՐ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՏԱՆՆ ԱՊՐՈՂ ՇԱՆ ՀԱՄԱՐ

Եթե տանը մսի ոսկերներ են մնացել, ապա մի շտապեք դրանք դեն նետել, հավաքեք դրանք ձեռքի հետ և ուրախացրեք նաև ինչ-որ շնիկի:

ԵԹԵ ԱՅԳԻ ԿԱՄ ԲԱՆՋԱՐԱՆՈՑ ՈՒՆԵՔ, ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ՀԱՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՄԹԵՐՔՈՎ

Եթե դուք կամ ձեր ծնողները այգի կամ բանջարանոց ունեն, իսկ այնտեղ ծիրանը ավելի շատ է աճել այս տարի կամ պարզապես յասամաններն են փարթամ ծաղկել, ապա ձեզնից ոչինչ չի գնա, եթե կիսվեք դրանցով ձեր ընկերների կամ հարևանների հետ:

ԿԻՍՎԵՔ ԶԵՂՉԵՐՈՎ

Եթե ձեզ մոտ ոչ խիստ անհրաժեշտ զեղչի քարտեր կան, իսկ ձեր ընկերներից մեկը պատրաստվում է նույն տեղից գնում կատարել, առաջարկեք նրան օգտվել դրանից: Հատկապես եթե դրանք ժամկետ ունեն, ավելի լավ է բարի գործ անել, քան պահել մինչև վերջին օրը և դեն նետել:

Անշուշտ սրանք փոքրիկ բարի գործերի ոչ բոլոր տարբերակներն են, սակայն սրանք այնպիսին են, որ կարող եք կիրառել պարբերաբար, առանց շատ ջանք ու միջոց ծախսելու, փոխարենը այսպես ուրախություն կպարգևեք թե՛ ձեր շրջապատի մարդկանց, թե՛ ինքներդ ձեզ:

In this article


Join the Conversation