facebook

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ ՈՒԺԵՂ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ. ՄԱՍ 2-ՐԴ

Մենք շարունակում ենք ներկայացնել ձեզ հրաշալի ֆիլմեր ուժեղ ու նպատակասլաց կանանց մասին: Վառ անհատականություններ, ովքեր չեն երկնչում իրենց առջև ելած դժվարություններից և համառորեն ընթանում են իրենց ճանապարհով:

3521
Ֆիլմեր ուժեղ կանանց մասինՖիլմեր ուժեղ կանանց մասին

Այս ֆիլմերից շատերը կենսագրական են՝ հիմնված իրական անձանց իրական պատմությունների վրա: Վստահ ենք, որ դրանք կոգեշնչեն և անշուշտ գեղագիտական մեծ հաճույք կպատճառեն նաև ձեզ:

ՄԱԼԵՆԱ

Малена/ Malèna

Ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2000
Ժանր: Դրամա, մելոդրամա
IMDb 7.5 / КиноПоиск.ru 7.9

Մալենայի դերակատարը հիասքանչ Մոնիկա Բելուչին է: Նրա հերոսուհին գեղեցկուհի այրի կին է, ով շարժում է շրջապատի կանանց նախանձն ու տղամարդկանց հիացմունքը: Անհաջողակ կանայք նրա մասին կեղտոտ բամբասանքներ են տարածում, իսկ նրանց ամուսինները հետապնդում են Մալենային: Նրան ոչ ոք աշխատանքի չի վերցնում՝ վախենալով արատավորել իր բարի անունը: Մինչդեռ Մալենան պարզապես գեղեցիկ էր: Այս կնոջ կերպարը իրական գեղեցկության հավերժական էտալոն է դարձել:

ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

Подмена/ Changeling

Ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2008
Ժանր: Թրիլլեր, դրամա, դետեկտիվ, պատմական
IMDb 7.8 / КиноПоиск.ru 8

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբում: Ֆիլմի գլխավոր հերոսուհին դիմում է ոստիկանություն՝ փնտրելով իր կորած երեխային, և շուտով ստանում է իր որդուն: Բայց չնայած արտաքին նմանությանը՝ նա հասկանում է, որ դա իր երեխան չէ: Նրա դիմումները տեղական իշխանություններին և լրագրողներին ոչ մի արդյունքի չեն հանգեցնում:

Գլխավոր դերակատարը հիասքանչ Անջելինա Ջոլին է, ով կարողացել է ներկայացնել իր հերոսուհու հուսահատության ահռելի չափը և միևնույն ժամանակ անսահման մայրական հույսը, որ իր որդին դեռ ողջ է:

ԿՈԿՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՇԱՆԵԼ

Коко до Шанель/ Coco avant Chanel

Ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2009
Ժանր: Դրամա, կենսագրություն, պատմական
IMDb 6.7 / КиноПоиск.ru 7.4

Ֆիլմն ուժեղ կնոջ մասին է, ով չի վախենում մարտահրավեր նետել հասարակության հնացած բարքերին ու կանոններին, նեղ կորսետներին ու պարահանդեսային հագուստներին:

Կա կարծիք, որ ֆիլմը փոքր-ինչ միալար է, սակայն մենք կարծում ենք, որ այն պարզապես չի շտապում ոչ մի տեղ և հենց դա էլ ֆիլմի առանձնահատկություններից մեկն է: Այն կյանքի պես է. երբեմն թվում է, թե ամեն ինչ դանդաղ է ընթանում, իսկ երբեմն փոփոխվում կայծակնային արագությամբ: Ֆիլմի ամենամեծ արժանիքներից մեկն էլ, իհարկե, Օդրի Տոտուի խաղն է լեգենդար կոկո Շանելի դերում:

ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ ԺՊԻՏԸ

Улыбка Моны Лизы/ Mona Lisa Smile

Ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2003
Ժանր: Դրամա
IMDb 6.4 / КиноПоиск.ru 7.6

Թերևս ամենաիմաստուն կանացի ֆիլմերից մեկը, որը սովորեցնում է արժանապատվություն, համարձակություն և նպատակասլացություն: Բայց որ ամենակարևորն է, ֆիլմը սովորեցնում է, թե որքան կարևոր է մտածել սեփական գլխով: Դերասանական փայլուն կազմի շնորհից ֆիլմը ստացվել է շատ թեթև և ընդգրկուն, ճիշտ և ճիշտ կանացի ենթագիտակցության պես:

ԵՐԿԱԹԵ ՏԻԿԻՆԸ

Железная леди /The Iron Lady

Ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2011
Ժանր: Դրամա, կենսագրություն, պատմական
IMDb 6.4 / КиноПоиск.ru 7

Այս կինոնկարը ներկայացնում է աշխարհի ամենահայտնի կին քաղաքական գործիչներից մեկի՝ Մարգարետ Թետչերի՝ «Երկաթե տիկնոջ» կյանքը: Դաստիարակվելով ավանդապաշտ հոր կողմից՝ Թետչերը շատ էր տարբերվում անհոգ ու թեթևսոլիկ աղջիկներից, ում համար ամենակարևոր խնդիրն անձնական կյանքը դասավորելն էր: Դեռ երիտասարդ տարիքից Մարգարետը որոշեց, որ ցանկանում է իր կյանքը նվիրել Մեծ Բրիտանիայի բարօրությանը: Նա անցավ բարդ ու երկար ճանապարհ, որպեսզի հասներ քաղաքական աստիճանահարթակի ամենավերին կետին:

Այս ֆիլմը Երկաթյա տիկնոջ պատմությունն է՝ երտասարդ տարիներից մինչև խոր ծերություն, լի երջանիկ, դրամատիկ և ողբերգական իրադարձություններով:

ԱՆԱՊԱՏԻ ԾԱՂԻԿԸ

Desert Flower/ Цветок пустыни

Ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2009
Ժանր: Դրամա, կենսագրություն
IMDb 7.4 / КиноПоиск.ru 8

Ֆիլմում ներկայացված է սոմալացի թոփ-մոդել Վարիս Դիրիեի պատմությունը: Նա առաջին կինն էր, որ համարձակվեց հանդես գալ աֆրիկյան երկրներում աղջիկների թլպատման դեմ:

Վարիսը 13 տարեկանում ինչ-որ աներևույթ ուժերի օգնությամբ հաջողացրեց անցնել անապատը՝ հասնելով Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո: Ինչ-որ ուժեր պահպանում էին Վարիսին, որպեսզի տարիներ անց Աֆրիկայում (և ոչ միայն) ապրող մարդկանց կյանքը ավելի հեշտ դառնար Վարիսի գործունեության շնորհիվ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԻԿՏՈՐԻԱՆ

The Young Victoria / Молодая Виктория

Ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2009
Ժանր: Դրամա, կենսագրություն, պատմական
IMDb 7.3 / КиноПоиск.ru 7.6

Թագուհի, ում անունը կրում է մի ամբողջ դարաշրջան: Կին, ով դեռ շատ երիտասարդ տարիքում կարողացավ ափի մեջ հավաքել ողջ խորհրդարանը: Կին, ով հավատում էր երկրի առաջընթացին և կին, ով գնում էր իր ճանապարհով: Կին, ով ապացուցեց, որ թագուհին կարող է ամուսնանալ սիրելով:

Ֆիլմում ներկայացված է թագուհու կառավարման առաջին տարին: Ֆիլմը Վիկտորիա թագուհու կամային բնավորության, մաքուր սրտի և բարի նպատակների մասին է:

ՎԱՅՐԻՆ

Wild / Дикая

Ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2014
Ժանր: Դրամա, կենսագրություն, արկածային, պատմական
IMDb 7.2 / КиноПоиск.ru 7.2

Մոր մահից և ծանր ապահարզանից հետո կոտրված և հուսահատված Շերիլը որոշում է միայնակ անցնել խաղաղօվկիանոսյան 4000 մետր երկարության լեռնային ու դժվարանցանելի զբոսաշրջային ճանապարհը: Այս կերպ նա փորձում է մոռանալ անցյալի և իր հոգեկան տառապանքների մասին և փյունիկի պես վերածնվել մոխրից:

Այս արկածային ճանապարհորդությունը բոլորովին էլ ուրախ ու հաճելի չէր, բայց օգնեց նրան ապաքինվել հոգեկան ծանր վերքերից և գտնել սեփական «ես»-ը այս ծանր կռվում:

Ուժեղ կանանց մասին ֆիլմերի ընտրանու առաջին մասը կարող եք գտնել այստեղ:

In this article


Join the Conversation