facebook

ԻՆՉՊԵ՞Ս ԶՐՈՅԻՑ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այսօր, երբ բարձր վարձատրվող աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ չէ, շատերն են սկսում նոր մասնագիտության և աշխատանքի որոնումները: Անգամ հումանիտար կրթությամբ շատ մարդիկ սկսում են հետաքրքրվել ծրագրավորմամբ: Այն հետաքրքիր է, եկամտաբեր, նորաձև ու կայուն: Այս հոդվածում մենք կփորձենք պատասխանել մի քանի հարցերի, որոնք հետաքրքրում են զրոյից ծրագրավորում սովորել ցանկացողներին:

5191
Ինչպես սովորել ծրագրավորում

Առաջին հերթին հարցրեք ինքներդ ձեզ՝ պե՞տք է ծրագրավորումը ձեզ առհասարակ: Եթե դուք ավելի հեշտությամբ սովորել եք մաթեմատիկան, քան հումանիտար առարկաները, եթե ձեզ դուր է գալիս երկար ժամանակ անցկացել համակարգչի առաջ, եթե դուք սիրում եք ինչ-որ նոր բան ստեղծել ու հետազոտել, ապա ծրագրավորումը ձեզ հարմար կլինի:

ԻՆՉԻ՞Ց ՍԿՍԵԼ

Ինքնակրթություն: Սա ամենադժվար տարբերակն է սկսնակների համար, սակայն այս տարբերակը կարող եք օգտագործել թե առանձին, թե՝ համադրելով ներքոնշյալ մյուս տարբերակների հետ: Համացանցում կարող եք գտնել բազմաթիվ կայքեր, գրքեր, հավելվածներ, որոնք սովորեցնում են տարբեր ծրագրավորման լեզուներ և տեխնոլոգիաներ:

Համալսարան: Համալսարանում անշուշտ չեք սովորի ծրագրավորում ամբողջությամբ, բայց դա կլինի որոշակի հիմք, ինչպես նաև ձեզ կտա մասնագիտական որակավորում, որը կարող է պետք գալ աշխատանքի ընդունվելիս: Սակայն եթե համալսարանում սովորելու ընթացքում չզբաղվեք նաև ինքնակրթությամբ, ապա ձեր ժամանակը պարզապես անիմաստ կվատնեք:

Մենթոր: Շատ լավ կլինի, եթե գտնեք մարդ, ով կհամաձայնի օգնել ձեզ և ճիշտ ուղղություն ցույց տալ: Մարդ, ով կհուշի ճիշտ գրքեր, կստուգի ձեր գրած կոդը, օգտակար խորհուրդներ կտա: Այդպիսի առաջնորդ ձեզ համար կարող եք գտնել ինչպես ձեր ծանոթ ծրագրավորողների մեջ, այնպես էլ տարբեր IT միջոցառումների ժամանակ, օնլայն ֆորումներում և այլն: Կարող եք հետևել Հայ-it.org կայքի գրառումներին և քննարկումներին, Armenian Code Academy-ի, ProductTank Yerevan-ի, Google Developers Group Armenia-ի, ԹՈՒՄՈ ստեղծարար արվեստների կենտրոնի նախաձեռնություններին, Ֆեյսբուքում Հայ ծրագրավորողների խմբին և այլն:

Մասնագիտացված դասընթացներ: Փնտրեք որակյալ կուրսեր, որտեղ կսովորեք ծրագրավորման որևէ լեզու: Armenian Code Academy-ն, օրինակ, ոչ միայն անցկացնում է այդպիսի դասընթացներ, այլև շրջանավարտներին հնարավորություն է տալիս անցնել բարձր վարձատրվող աշխատանքի Հայաստանի լավագույն IT ընկերություններում:

ԿԱՐԵՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԱՆԳԼԵՐԵՆ ԻՄԱՆԱԼԸ

Այո: Շատ կարևոր է: Եթե չգիտեք, սովորեք: Եթե գիտեք, կատարելագործեք: Սովորեք կարդալ, գրել, լսել և խոսել անգլերենով: Անգլերենով է ծրագրավորման վերաբերյալ ամենաթարմ ու որակյալ գրականությունը, անգլերենով են ծրագրավորման տեսադասերի մեծ մասը: Աշխատանքի մեջ օգտագործվող տերմինները գրեթե անհնար է թարգմանել այլ լեզուներով: Անգլերեն լավ իմանալու դեպքում ձեզ համար ասես երկրորդ շնչառություն կբացվի այս ոլորտում: Մասնագիտական գրականություն կարդալիս, դիտելիս ու լսելիս նախապատվությունը միշտ տվեք անգլերենով ռեսուրսներին: Դա միայն կհեշտացնի ձեր գործը:

Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԼԵԶՈՒ ԸՆՏՐԵԼ

Երբ դուք ծրագրավորող դառնաք, հարկ կլինի նաև մեկ այլ կարևոր ընտրություն անել՝ ընտրել ծրագրավորման լեզու, որի մեջ կհմտանաք և կդառնաք իսկական մասնագետ: Այս ընտրությունը կատարելիս սկսնակը պետք է հաշվի առնի հետևյալ չափանիշները:

Աշխատատեղերի առկայություն: Առանց աշխատանք ունենալու հեռանկարի դուք թերևս չէիք որոշի այս մասնագիտությունը ձեռք բերել, այնպես չէ՞: Հետևաբար արժե սովորել այնպիսի լեզու, որը շուկայում ունի պահանջարկ: Ուսումնասիրեք աշխատանքի հայտարարությունների կայքերը, դուրս գրեք այն լեզուները, որոնց մասնագետներին ամենաշատն են փնտրում ընկերությունները:

Ծրագրավորման ուղղություն: Դուք պետք է պարզեք ձեզ համար, թե որ ոլորտում եք ցանկանում աշխատել՝ մոբայլ, վեբ, խաղերի, դեսքթոփային և այլն: Այս հանգամանքը նույնպես շատ կարևոր է լեզվի ընտրության հարցում: Հայաստանում ամենաշատ աշխատատեղեղերը առկա են վեբ և մոբայլ ծրագրավորման ոլորտներում, որտեղ պահնաջվում է իմանալ PHP, JavaScript, Java, C, C++ և Swift լեզուները:

Մատչելիություն: Եթե դուք չափազանց երկար ժամանակ ծախսեք լեզվի նախնական ուսումնասիրության վրա, ապա կա հավանականություն, որ կկորցնեք ծրագրավորում սովորելու ցանկությունն առհասարակ: Կարդացեք այն լեզուների մասին, որոնք դուրս եք գրել՝ հաշվի առնելով առաջին չափանիշը, հասկացեք, թե որ լեզուներն են համեմատաբար ավելի հեշտ: Այդպիսիք են PHP-ն, Ruby-ն, Python-ը:

Python ծրագրավորման լեզվի կոդը ընթեռնելի է, պարտադիր չէ լինել ծրագրավորող, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացում կազմեք, թե ինչի մասին է ծրագիրը: Այն յուրացնելու համար բավական քիչ ժամանակ կպահանջվի, բացի այդ կա ահռելի քանակությամբ գրականություն, որը կխնայի ձեր ժամանակն ու նյարդերը:

Java-ն մի փոքր ավելի բարդ է, քան Python-ը, բայց և ավելի մեծ պահանջարկ ունի: PHP-ն նույնպես շատ հեշտ լեզու է, հեշտ է նաև ամենատարբեր ֆորումներում մենթոր գտնելը, ով կօգնի PHP յուրացնել: PHP-ն սակայն նախատեսված է բացառապես վեբ ծրագրավորման համար:

C և C# լեզուները շատ բարդ են սկսնակի համար: Ruby-ն հեշտ է և հարմար է որպես երկրորդ լեզու, սակայն առաջին ծրագրավորման լեզուն պետք է լինի այնպիսին, որ ձեզ օգտակար լինի և սովորեցնի ծրագրավորման տրամաբանությունը առհասարակ:

Հաճույք աշխատանքի պրոցեսից: Ձեր ընտրած լեզուն պետք է ձեզ դուր գա, հակառակ դեպքում ամեն ինչ իզուր է: Այնպես որ, ընտրեք այն լեզուն, որով կոդ գրելը ձեզ հաճույք է պատճառում:

Ծրագրավորման լեզուն սովորելուց հետո անհրաժեշտ կլինի սովորել նաև ծրագրավորման լեզվի կիրառական շրջանակը (application framework)՝ Zend, Codeigniter կամ Android ու iOS SDK-ներ: Ուսումնասիրեք նաև վեբ-տեխնոլոգիաները՝ HTML նշագրման լեզուն, CSS-ն ու JavaScript, ուսումնասիրեք նաև տվյալների բազան (database):

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁ

Որպեսզի սկսեք ծրագրավորել, բոլորովին կարիք չկա կարդալ ողջ գրականությունը ծրագրավորման վերաբերյալ և նոր միայն անցնել գործնական մասին:

Առաջին իսկ գրքի երկրորդ գլուխը կարդալիս սկսեք գրել ձեր կոդի առաջին տողերը: Կատարեք գրքերի բոլոր առաջադրանքները, սովորեք գլուխ հանել դրանցից, բարդացրեք դրանք, հարստացրեք սեփական գաղափարներով, ինքներդ ստեղծեք առաջադրանքներ ձեզ համար և լուծեք:

Գտեք ձեր սեփական նախագծերը: Սա թերևս ամենադժվար, բայց աշխատող տարբերակն է: Ինքներդ փնտրեք պատվերներ, կատարեք դրանք, սովորեք գլուխ հանել վարձատրության հետ կապված հարցերից: Գրանցվեք ֆրիլանսերների համար նախատեսված կայքերում, փնտրեք պատվերներ, որոնք կհամապատասխանեն ձեր գիտելիքների մակարդակին կամ գուցե փոքր-ինչ ավելի բարդ կլինեն: Անշուշտ, ձեր շատ հայտեր կմերժվեն, սակայն հաջողելու դեպքում դուք ձեռք կբերեք շատ կարևոր փորձ և հետագայում ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի աշխատելը:

Իրական փորձ ձեռք բերելու մեկ այլ տարբերակ էլ open source-ն է: Այսպիսի նախագծերի միշտ պետք են նոր մարդիկ, թեկուզ սկսնակներ: Դուք կարող եք բագեր փնտրել ծրագրում և լուծման տարբերակներ առաջարկել դրանց համար: Այդպիսի ծրագրեր կարող եք գտնել, օրինակ, GitHub-ում: Այստեղ կարող եք նաև տալ ձեզ հետաքրքրող հարցերը:

Չորրորդ տարբերակը ծանոթ ծրագրավորողներին օգնելն է: Խնդրեք նրանց ձեզ տալ փոքր և ոչ այնքան բարդ առաջադրանքներ: Եթե ինչ-որ հարցում դժվարանաք, դուք կկարողանաք դիմել նրան, սովորել նրանից, բացի այդ իրական մասնակցություն կունենաք ծրագրի ստեղծման մեջ:

Վերջին տարբերակը սեփական նախագծերն են: Դրանք միայնակ սկսելը դժվար է, այնպես որ փնտրեք թիմակիցների տարբեր հաքաթոնների ու միջոցառումների ժամանակ:

Կամայական տարբերակն ընտրելիս հիշեք, որ փորձը ծրագրավորողի համար ամենակարևոր բանն է: Այն հնարավոր չէ ձեռք բերել շատ կարճ ժամանակում, բայց հետզհետե կուտակվելով՝ այն ձեզ կդարձնի իսկապես արժեքավոր ու որակյալ մասնագետ:

Ծրագրավորման աշխարհը անսահմանափակ հնարավորությունների աշխարհ է, հարկավոր է միայն սկսել և շարունակել համառաբար, պրպտելով, փորձելով և անշուշտ սիրելով այն ճանապարհը, որը ընտրել եք:

In this article


Join the Conversation