ԻՆՉՈ՞Ւ Է ՄԵԶ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ՁԱՅՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ինչո՞ւ ենք նյարդայնանում՝ մեր սեփական ձայնը լսելով ձայնագրության մեջ: Ինչո՞ւ է այն թվում չափազանց ցածր, ճվճվան կամ բոլորովին ոչ այնպիսին, ինչպիսին մենք մտածում էիք նրա մասին: Ինչպե՞ս են իրականում այն լսում մեզ շրջապատող մարդիկ: Ահա այս հարցերի մասին ենք առաջարկում խոսել այս անգամ:

7029
Ինչու է մեզ նյարդայնացնում սեփական ձայնը

Վստահ ենք՝ մեկ անգամ չէ, որ ձեր ձայնը լսելով՝ ասել եք. «Մի՞թե սա ես եմ խոսում»: Ձեր գլխում հավանաբար այն բոլորովին այլ կերպ է հնչում: Իսկ ձայնագրության մեջ լսվող ձայնը ձեզ թվում է միանգամայն օտար ինչ-որ մեկի ձայնը՝ ավելի ճչացող, ավելի կոկորդային, ավելի կոպիտ կամ ավելի բարակ:

Լավ նորությունն այն է, որ դուք միակը չեք: Սեփական ձայնը ձայնագրված տարբերակով դուր չի գալիս ոչ մեկին, և դրա հետ մենք ոչինչ չենք կարող անել: Այլ հարց է, թե ինչու է դա այդպես, և ինչպես են իրականում մարդիկ լսում մեր ձայնը:

Փորձենք գլուխ հանել այս հարցերից և հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր ձայնի հնչողության հետ:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆԿԱԼՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ

Մարդու ականջը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։ Արտաքին ականջը կամ ականջախեցին գտնվում է մեր գլխի արտաքին մասում, դա մեր լսողության օրգանի տեսանելի մասն է: Այն հավաքում է ձայնային ալիքները և լսողական անցուղիով դրանք ուղղում անցուղու վերջում գտնվող հատուկ թաղանթի՝ թմբկաթաղանթի վրա: Ականջի միջին հատվածը բաղկացած է լսողական 3 փոքրիկ ոսկրիկներից (մուրճ, սալ, ասպանդակ), որոնք թմբկաթաղանթի տատանումներից սկսում են թրթռալ: Նրանք ուժեղացնում են ձայնը և փոխանցում այն ներքին ականջին: Հենց այստեղ է գտնվում ականջախխունջը, որը վերափոխում է ձայնը ձայնային ազդակների և ուղարկում դրանք գլխուղեղ:

ականջի կառուցվածքը

Յուրաքանչյուր ձայն, որը մենք ընկալում ենք, տատանումների հաջորդականություն է: Դրանք երեք ոսկրիկների միջոցով միջին ականջից փոխանցվում են ականջախխունջին:

Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԼՍՈՒՄ, ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ

Տատանումները, սակայն, մեր ականջին կարող են հասնել երկու տարբերակով՝ օդի միջով (այդպես մենք ընկալում ենք արտաքին ձայները՝ երաժշտությունը, կողմնակի խոսքը, սեփական ձայնը՝ ձայնագրության մեջ և այլն) և ոսկորների միջով (այդպես մենք ընկալում ենք մեր ներքին ձայները, այդ թվում՝ մեր ձայնալարերի տատանումները):

Ստացվում է՝ մենք մեր ձայնն ընկալում ենք որպես օդի և ոսկորների միջով փոխանցվող ձայների խառնուրդ: Բայց այդ ձայնը լսում ենք մենք և այլևս ոչ ոք:

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ԵՐԲ ՄԵՆՔ ԼՍՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՁԱՅՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս դեպքում մենք պարզապես չենք ստանում ոսկորների միջով փոխանցվող ձայնային տատանումները, այլ միայն այն ձայնը, որը փոխանցվում է օդի միջով: Մեզ ծանոթ ձայնի բաղկացուցիչ մի մասն անհետանում է, և արդյունքում մենք ստանում ենք անծանոթ հնչողություն:

ԻՆՉՈ՞Ւ Է ՄԵԶ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ ԱՅԴ ՁԱՅՆԸ

Այստեղ ահա մեր ուղեղը մեզ հետ չար կատակ է խաղացել: Բանն այն է, որ մեր գլխում մեր ներքին ձայնը կարող է հնչել այնպես, ինչպես ցանկանանք: Մեզ նույնիսկ կարող է թվալ, թե մենք Ջորջ Քլունիի կամ Պենելոպե Կրուսի ձայնով ենք խոսում, բայց մենք կլինենք միակը, ում մեր ձայնը կթվա այդպիսին:

Իրական կյանքում մեր ձայնը կարող է բոլորովին էլ այդպիսին չլինել, և հենց այդ տարբերությունն է, որ մեզ նյարդայնացնում է, երբ լսում ենք ձայնագրությունը:

Անշուշտ, սա այնքան էլ հաճելի ճշմարտություն չէ, բայց այն ձայնը, որը մենք լսում ենք ձայնագրության մեջ, այն ձայնն է, որ լսում են մյուսները (մասամբ, իհարկե, դա կախված է նաև ձայնագրության որակից): Դա այդպես է բոլորիս դեպքում, և հավատացեք, գրեթե ոչ ոքի դուր չի գալիս իր ձայնի ձայնագրությունը:

Բայց անկախ այս ամենից, սեփական ձայնի ավելի լավ հնչողության վրա ոչ միայն կարելի է, այլև պետք է աշխատել: Եվ այդ մասին մենք կշարունակենք խոսել առաջիկա հոդվածներում:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին