10 ՈԳԵՇՆՉՈՂ ԵՎ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ԵՐԳԵՐ. ՄԱՍ 2-ՐԴ

Շարունակում ենք ձեզ ներկայացնել բոլոր ժամանակների ամենամոտիվացնող և ոգեշնչող երգերը: Այս երգերը մի մասը ոգևորում են, համարձակություն ներշնչում, մյուսները դրական հույզեր են արթնացնում, իսկ մի մասն էլ ստիպում են մտածել կարևոր բաների մասին:

6633
Մոտիվացնող երգեր

Սրանք ոչ թե պարզապես մոտիվացնող երգեր են, այլև իրական մնայուն արժեքներ, որ վաղուց գտել իրենց անփոխարինելի տեղը համաշխարհային երգարվեստի պատմության մեջ: Ինչպե՞ս են ստեղծվել դրանք և ինչպե՞ս են շարունակում առ այսօր վայելել այսպիսի ճանաչում ունկնդիրների շրջանում: Առաջարկում ենք իմանալ այդ ամենի մասին այս հոդվածում:

QUEEN – WE ARE THE CHAMPIONS

Բրիտանական Queen խմբի այս լեգենդար երգը հայտնվեց նրանց «News of the World» ալբոմում՝ տեղ գտնելով մեկ ուրիշ հիթի՝ «We Will Rock You» երգի կողքին:

Այն ոչ միայն այս խմբի, այլև ողջ երգարվեստի պատմության ամենահայտնի երգերից մեկն է, հնչում է բազմաթիվ ֆիլմերում, մուլտֆիլմերում, սպորտային խոշորագույն միջոցառումների ժամանակ: Ամենատարբեր մարզաձևերի երկրպագուներ այս երգը համարում են իրենց հիմնը: Անշուշտ Queen խմբի երգացանկում էլ այս չեմպիոնական երգը շատ մեծ տեղ էր գրավում, և հենց այս երգով էլ տարիներ շարունակ նրանք ամփոփում էին իրենց համերգները:

EUROPE – THE FINAL COUNTDOWN

«The Final Countdown» երգը շվեդական Europe ռոք խմբի հանրահայտ ստեղծագործությունն է՝ գրված խմբի վոկալիստ Ջոուի Տեմպեստի կողմից 1986 թվականին: Ջոուին դեռ տարիներ առաջ այս երգի եղանակը երգում էր քթի տակ ու նվագում սինթեզատորի վրա, մինչև խմբի բաս-կիթառահարը չառաջարկեց այդ «տուդու-դուտ-տու»-ն վերածել ինչ-որ ավելի լուրջ բանի, հակառակ դեպքում այս հանճարեղ ստեղծագործությունը գուցեև այդպես էլ սևագրի տեսքով մնար:

Europe խմբին շատ հաճախ են համարում մեկ երգի խումբ, սակայն խմբի անդամները դրա հետ համաձայն չեն: «Եթե մենք գրեինք մեր մնացած երգերը, բայց չգրեինք «The Final Countdown»-ը, մեզ կհամարեին առնվազն 10 հիթի խումբ»,- ասում են նրանք: Ի դեպ այս երգը դարձավ վեճերի և բաժանության պատճառ խմբում, սակայն տարիներ անց՝ երկրորդ հազարամյակի վերջին համերգի ժամանակ նրանց խնդրեցին կատարել «Վերջնական հետհաշվարկը»: Երգն այնքան հզոր միավորող ուժ ուներ, որ ընդամենը երկու րոպեում կարողացավ հեղափոխել խմբի անդամներին և նորից միացնել նրանց:

IRENE CARA – WHAT A FEELING 

Այս երգը հանրահայտ դարձավ 1983 թվականին էկրաններ բարձրացած Flashdance ֆիլմի շներհիվ: Այրեն Քարան երգում է այն մասին, թե որքան կարևոր է քայլ առ քայլ իրականություն դարձնել երազանքը, հավատալ նրան և հետ չկանգնել վախի առջև: Բացի այդ երգը կոչ է անում չվախենալ դժվարությունից և անդադար աշխատել ինքդ քեզ վրա, այդ դեպքում վաղ թե ուշ կկարողանաք ձեր սիրելի գործը, հոբբին վերածել նաև գումար աշխատելու միջոցի:

MUSE – SURVIVAL

Այս երգը 2012 թվականի Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերի պաշտոնական երգն էր: Հենց Օլիմպիական խաղերով ոգեշնչված էլ խմբի անդամները գրել էին երգը, և դա չվրիպեց Օլիպիական հանձնաժողովի ուշադրությունից: Արդյունքում երգն ընտրվեց որպես խաղերի հիմն:

Երգը պատմում է այն մասին, թե ինչպես է պետք շրջանցել մրցակիցներին բոլոր չափանիշներով և հաղթել: Երգչախմբի, ինչպես նաև կիթառային հատվածի շնորհիվ երգը տակնուվրա է անում ունկնդրի հոգին ու մղում նրան մեծ հաղթանակների սպորտում և ոչ միայն:

Այս տեսահոլովակում խումբը ի մի է հավաքել Օլիմպիական խաղերի ողջ պատմության ընթացքում հաղթանակների ու պարտությունների ամենավառ պահերը:

ARETHA FRANKLIN – THINK (FREEDOM)

Սոուլի թագուհի Արետա Ֆրանկլինի այս երգը, գրված հեռավոր 1968 թվականին, իսկական հիթ դարձավ 60-ական և 70-ական թվականների համար՝ գրավելով բազմաթիվ հիթ-շքերթների առաջատար հորիզոնականները: Ավելի ուշ երգը դարձավ նաև The Blues Brothers (1980) ֆիլմի սաունդթրեքը: Երգը թարմացնող և ոգևորող ազդեցություն ունի, կոչ է անում մտածել և գործել ազատ բոլոր տեսակի կապանքներից:

R. KELLY – I BELIEVE I CAN FLY 

Space Jam ընտանեկան կարակերգությունը, որտեղ իրենք իրենց խաղում էին Մայքլ Ջորդանը և այլ բասկետբոլիստներ, բավական մեծ հաջողություն ունեցավ: Ժամանակի ընթացքում, սակայն, այն մոռացության մատնվեց, բայց ահա ֆիլմում հնչող երգերից մեկը առ այսօր վայելում է մեծ ճանաչում: Խոսքը «I Believe I Can Fly» երգի մասին է, որը ռիթմ և բլյուզ ոճի երաժիշտ Ռոբերտ Քելլիի (R Kelly) ստեղծագործությունն էր:

Քելլին երգը գրել էր ֆիլմի հեղինակների պատվերով՝ ինքն էլ լինելով բասկետբոլի մեծ սիրահար: Ֆիլմի աշխատանքային տարբերակը դիտելով՝ Քելլին անմիջապես ոգեշնչվեց ու կարճ ժամանակ անց երգը պատրաստ էր: Երգի իմաստը միանգամայն պարզ է՝ հավատացեք ինքներդ ձեզ, գնացեք դեպի ձեր նպատակը և վաղ թե ուշ դուք կկարողանաք թռչել: Երգն արժանացել է Գրեմմի մրցանակի, իսկ «Rolling Stone» ամսագիրը երգն ընդգրկել է բոլոր ժամանակների ամենալավ 500 երգի ցանկում:

 THE BEATLES – HERE COMES THE SUN

«Here Comes the Sun» երգը Ջորջ Հարրիսոնի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, որը ստեղծվել է Beatles-ի կազմում, երգն ընդգրկված է եղել Abbey Road ձայնասկավառակում:

1969 թվականը շատ ծանր տարի էր Հարրիսոնի համար: Նա վիրահատվեց այդ տարվա ընթացքում, բացի այդ հասցրեց բանտ ընկնել՝ թմրանյութերի պահման մեղադրանքով: Բիթլզի կողմից ստեղծված Apple Records ընկերությունը Հարրիսոնին այդ ժամանակ դպրոցի պես մի բան էր հիշեցնում, ուր ինքը ստիպված էր գնալ և զբաղվել անիմաստ թղթաբանությամբ:

Ահա թե ինչ է նա պատմում երգի մասին. «Մենք պետք է գնայինք այնտեղ ու ձևացնեինք, թե գործարարներ էինք, ստորագրեինք այս ու այն փաստաթուղթը: Անգլիայում ձմեռն այնքան երկար է տևում, որ երբ գալիս է գարունը, քեզ թվում է, թե դու արժանացել ես դրան: Եվ ահա մի հրաշալի գարնանային օր, ես որոշեցի մոռանալ Apple Records-ի մասին, չհանդիպել այդ հաշվապահիկների հետ: Անասելի թեթևություն զգալով՝ ես հյուր գնացի Էրիկ Կլեպտոնին և նրա ակուստիկ կիթառը ձեռքիս հենց նրա այգում էլ հորինեցի «Here Comes the Sun» երգը…»

Երգը այնքան արևոտ ու լուսավոր է: Եվ դրա պատճառը միայն երգի անվանման մեջ չէ, այլ այն հուսադրող հնչերանգի, որով երգում է Հարրիսոնը և վստահեցնում, որ ամեն ինչ վաղ թե ուշ լավ կլինի:

ISRAEL KAMAKAWIWO’OLE – SOMEWHERE OVER THE RAINBOW

Երգը հռչակվեց «Օզ երկրի հրաշագործը» մյուզիքլի շնորհիվ հեռավոր 1939 թվականին: Սակայն երբ երգը կատարեց Իսրաել Կամակավիվո’Օլեն, երգը միանգամից նոր կյանք ստացավ: Նա երգի սկզբնական տարբերակից թողեց միայն մի քանի տող և հիմնական երաժշտությունը: Սակայն նրա խաղաղ ձայնը, մեջբերումները Լուի Արմսթրոնգից ստեղծեցին երգի մեջ մի այնպիսի կախարդական տրամադրություն, որ երգը լսելիս կտրվում ես ամեն ինչից և սկսում հավատալ միայն ու միայն քո երազանքներին:

NICKELBACK – IF TODAY WAS YOUR LAST DAY

Nickelback խմբի «If Today Was Your Last Day» թողարկվեց 2009 թվականին՝ ներառվելով Dark Horse ձայնասկավառակի մեջ: Վոկալիստ և կիթառահար Չեդ Կրյուգերը երգը բնորոշում է որպես շատ դրական և մոտիվացնող երգ՝ նշելով, որ այն այդ ձայնասկավառակի երգերի թվում իր ամենասիրելին է: Երգը Վանկուվերում անցկացված Օլիմպիական խաղերը գովազդային հոլովակի երգը դարձավ, ինչպես նաև ամփոփեց 2012 թվականի Սթենլի Գավաթի play-off խաղերը:

Երգի բովանդակությունը ստիպում է մտածել շատ ու շատ կարևոր բաների մասին: Ի՞նչ կանեիք դուք, եթե սա ձեր վերջին օրը լիներ: Ամեն մի օրը Աստծո պարգևն է, և ոչ թե ինչ-որ բան, որի իրավունքը դուք այսպես, թե այնպես ունեիք: Չի կարելի բաց թողնել և ոչ մի վայրկյան, պետք է մոռանալ վախերի մասին և գնալ այն ճանապարհով, որի վրա դեռ ոչ ոք ոտք չի դրել: Այն, ինչն արժանի է մրցանակների, արժե նաև, որ դրա համար պայքարեն ու կռիվ տան: Երգն իսկապես համարձակություն է ներշնչում հոսանքին հակառակ գնալու և կյանքը լիարժեք ապրելու համար:

JAMES BROWN – I FEEL GOOD

Երգի անվանումն արդեն իսկ խոսում է իր մասին: Անհնար է լսել այս երգը մռայլ դեմքով ու վատ տրամադրությամբ: Սոուլի արքա Ջեյմս Բրաունի ձայնն ու կատարողական ոճը մի լավ «թափահարում են» ունկնդրին՝ նրան պարգևելով դրական հույզերի 3 րոպե: Հենց այս հրաշալի երգով էլ ամփոփում ենք այս անգամվա մոտիվացնող երգերի տասնյակը: Մաղթում ենք շատ բարձր տրամադրություն ողջ օրվա համար:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին