ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԱՐՏԱՓԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՎԱՃԱՌՎԵԼ 4 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

Հայ սպառողն այսօր արդեն սկսում է փնտրել բացառապես հայկական արտադրանք: Սա է ուժեղ տնտեսությամբ երկիր ստեղծելու միակ տարբերակը, երկիր, որի արտադրանքը կլինի մրցունակ ամբողջ աշխարհում, կարծում է gg համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը:

3276

Այս հայկական ստարտափը չի փնտրում կարճաժամկետ գումար աշխատելու եղանակ, և գտնում է, որ կենսունակ, դրամ վաստակող ընկերություն վաճառելը դիրք հանձնելու պես մի բան է: gg-ն շարունակում է ստեղծել ու զարգանալ սեփական երկրում, սեփական հողի վրա, և միևնույն ժամանակ ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ մուտք գործելով տարածաշրջանի մյուս երկրներ:

gg նորությունների, հայկական ատադրանքի մրցունակության և ամուր տնտեսություն կառուցելու մասին internest.am-ը զրուցել է Խաչատուր Գրիգորյանի հետ:

Ի՞նչ նորություններ ունի gg-ն:

Այս պահին մեր հիմնական խնդիրներից մեկն իրանական շուկայում ծավալվելն է:
Այժմ մենք բանակցում ենք մի քանի պոտենցիալ ներդրողների հետ, ինչպես նաև փնտրում ենք նոր ներդրողներ հերթական ներդրումային փուլը փակելու նպատակով:

Եվս մեկ լավ նորություն՝ մոտակա ամիսներին մենք տեղափոխվելու ենք նոր գրասենյակ, որը քաղաքում ամենահետաքրքիր աշխատավայրերից մեկն է լինելու:

Ինչպե՞ս է ընթանում gg-ի առաջխաղացումը վրացական շուկայում:

Արդեն զգալի առաջընթաց կա, մենք ունենք 200-ից ավելի գործընկեր վարորդ: Պատվերները նույնպես կայուն աճում են:

Ինչո՞վ են տարբերվում երկու հարևան ժողովուրդները՝ որպես հաճախորդ:

Թբիլիսիում վիճակը էականորեն տարբերվում է: Վրաստանում հիմնականում մեքենա պատվիրում են հենց փողոցից: Մոտենում են մեքենային և հարցնում են, թե ինչքան կարժենա ուղևորությունը, մի բան, որ Երևանում թերևս վաղուց վերացել է: Մինչ հաճախորդը բանակցում է մի վարորդի հետ, երկրորդ ավտոմեքենան կանգնում է առաջինի ետևը այն հույսով, որ հաճախորդն ու վարորդը համաձայնության չեն գա, և ինքը շանս կունենա պատվերն իրենով անել: Շատ դեպքերում հաճախորդը երկրորդ ավտոմեքենայի վարորդի հետ նույնպես ընդհանուր հայտարարի չի գալիս և սպասում է 3-րդ մեքենային:

Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց մեր կյանքի և մտածելակերպի մեջ: Ի՞նչ եք կարծում՝ ինչ կարող են և պետք է անեն քաղաքացիները, մեծ ու փոքր ընկերությունները նման իրավիճակներում:

Կարծում եմ՝ մենք պետք է շատ ավելի շատ աշխատենք, քանի որ այս տարածաշրջանում կենսունակ լինելու համար պետք է ունենալ ուժեղ երկիր, իսկ ուժեղ երկրի հիմքը ուժեղ տնտեսությունն է:

Մենք որպես ընկերություն որոշել ենք այսուհետ մեր ամբողջ եկամտի 10 տոկոսը հատկացնել Արցախին՝ տարբեր տեսակի սարքավորումների գնման, ինչպես նաև նախագծերի ֆինանսավորման տեսքով:

Ի՞նչ կարող ենք անել մենք թիկունքն ամուր պահելու համար: Ինչպե՞ս կարելի է ավելի պատրաստված ու ամուր հասարակություն դառնալ:

Ինչպես տեսանք, մեր երկիրը պաշտպանեցին 18 տարեկան հասարակ տղաները, ովքեր չվախեցան հակառակորդից և արժանապատիվ հակահարված տվեցին նրան: Մենք պետք է հետևենք նրանց օրինակին մեր ամենօրյա կյանքում և չվախենանք գործելուց: Կյանքը պայքար է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ պայքարին:

Առողջ հասարակություն ունենալու համար պետք է ունենալ առողջ, ժամանակակից ու մրցունակ տնտեսություն: Մեր ՏՏ ընկերությունները պետք է դառնան տնտեսությունը առաջ տանող լոկոմոտիվը և իրենց հետևից ձգեն մյուս ոլորտները: Այս գործընթացը իրականում սկսվել է, բայց մեզ պետք են վառ ընկերություններ, որոնց մասին բոլորը կխոսեն թե՛ Հայաստանում և թե՛ դրսում:

Մենք՝ հայկական ՏՏ ընկերություններս, պետք է Արցախում գրասենյակներ բացենք, որ այնտեղ նույնպես ոլորտը կայանա: Նման օրինակներ արդեն կան, որոնցից կուզեմ նշել Instigate ընկերությունը, որը մեծ գործ է անում ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Հայաստանի այլ քաղաքներում:

Որո՞նք են եղել մեր երկրի ամենամեծ բացթողումները վերջին 25 տարում:

Բացթողումներից ուզում եմ նշել սեփական ՏՏ հսկաներ չստեղծելը, բայց դեռ սխալները ուղղելու ժամանակ կա: Չկա հայկական «Գուգլ», «Ֆեյսբուք» և այլն, բայց կյանքը տեղում կանգնած չէ, այս պահին բազում այլ հնարավորություններ կան:

Ավագ սերունդը խիստ կասկածներ ուներ երիտասարդության վերաբերյալ, սակայն այդ կասկածները վերջին շրջանում փարատվեցին: Ի՞նչ եք կարծում՝ ինչ առաքելություն է վիճակված մեր սերնդին:

Մեր սերնդին հնարավորություն է տրված փոխելու մեր պատմությունը, մեր ավագ սերունդը այնպիսի հիմք է դրել, որի վրա մենք պետք է ստեղծենք այն ուժեղ ընկերությունները, որոնց արտադրությունը կսպառվի ամբողջ աշխարհում և դա այսօր հնարավոր է նույնիսկ ծով չունենալու պարագայում:

Ինչպե՞ս եք վերաբերվում թուրքական արտադրանքից հրաժարվելու մասին քննարկումներին: Հնարավոր համարո՞ւմ եք դա մոտ ժամանակներում:

Հարցը ոչ միայն թուրքական արտադրանքն է, հարցը տեղական արտադրանքին առաջնահերթություն տալն է: Մենք պետք է հասկանանք, որ տեղական արտադրանք չսպառելու դեպքում մենք կանգնեցնում ենք սեփական տնտեսության կայացումը, և դա լոկ խոսքեր չեն: Եթե մենք գնենք նույնիսկ անորակ տեղական ապրանք, ապա մեծ հավանականություն կա, որ տվյալ արտադրողը ստացված եկամտով կբարձրացնի իր արտադրանքի որակը: Սա առանձին թեմա է, և կարելի է սրա մասին անվերջ խոսել:

Որո՞նք են հայկական արտադրանքի ուժեղ ու թույլ կողմերը, եթե համեմատենք դրանք միջազգային շուկայի արտադրանքի հետ:

Դժվար է ընդհանրացված պատասխան տալ, ես կարող եմ նկարագրել մեր դեպքը: Մենք առանձնանում ենք մատուցված ծառայության որակով: Մենք կիրառում ենք ամենավերջին տեխնոլոգիաները և անընդհատ կատարելագործում ենք մեր արտադրանքը, և սա անընդհատ պրոցես է: Մեր թիմը շատ ուժեղ է, թե՛ ծրագրավորման և թե՛ բիզնեսի մասով:

Ընդհանուր առմամբ կարող եմ նշել մի հայտնի փաստ: Մեր երկրում առկա է մեծ մտավոր պոտենցիալ, որը մենք պետք է օգտագործենք: Նման հարստությամբ չի փայլում գրեթե ոչ մի եվրոպական երկիր: Բայց մեր խնդիրն այն է, որ այդ ներուժը այսօր շատ վատ է օգտագործվում: Ամեն դեպքում դեռ ուշ չէ, մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ մեզ հետ պետք է հաշվի նստել: Սա է միակ ճանապարհը:

Իր տեսակի մեջ gg-ն միակ հայկական արտադրանքն է Հայաստանում: Իսկ ի՞նչ կասեք ձեր միջազգային մրցակիցների մասին:

Մենք ունենք մի քանի խոշոր համաշխարհային մրցակից ընկերություն, որոնց հետ ուշ թե շուտ հատվելու ենք շուկաներից մեկում: Եվ այդ հատվելու ժամանակ պարզ կդառնա, թե մենք ի զորու ենք իրենց դիմադրել, կամ ճնշել, թե ոչ: Ամեն ինչ կախված է մեր թիմից: Ես համոզված եմ, որ եթե մենք ներդնենք մեր ամբողջ ներուժը և ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնենք, ապա ամեն ինչ հնարավոր է:

Դուք նաև առաջարկ եք ստացել վաճառելու gg-ն, ի՞նչ կասեք այդ մասին:

Այո, արծարծվել է 4 մլն դոլար թիվը: Սակայն մեր նպատակն է ստեղծել գերհզոր ընկերություն, այլ ոչ թե ճանապարհի կեսին կանգնել և անձնատուր լինել: Մենք երբեք չենք կարողանա ստեղծել միջազգային մակարդակի առաջատար հայկական ստարտափ, եթե առաջնորդվենք կարճաժամկետ փող աշխատելու մոլուցքով:

Պետք է գիտակցել, որ կենսունակ, դրամ վաստակող ընկերություն վաճառելը դիրք հանձնելու պես բան է, ինչպես նաև դիրք հանձնելու պես բան է, երբ լավ աշխատանք ունեցող ծրագրավորողը լքում է Հայաստանը և գնում արտերկիր՝ առաջնորդվելով «այստեղ ապագա չկա» կարգախոսով: Մենք մեր աշխատանքով և ստեղծածով ուզում ենք ապացուցել, որ այստեղ ապագա կա, այն էլ ի՜նչ ապագա: Այնպես որ, քանի շուտ է, հետ եկեք, թե չէ ամենահետաքրքիր մասը բաց կթողնեք 🙂

Իրականում սեփական հողի վրա արարելուց լավ բան չկա: Այնպես, որ վաճառվելու մասին խոսք գնալ չի կարող: Օրը կգա, և այսօր մեզ գնելու ցանկություն ունեցողները կզգան, որ մեզ հետ մրցակցելը այնքան էլ դյուրին չէ:

gg-ի բոլոր նորություններին կարող եք հետևել՝ Ֆեյսբուքի էջին միանալով: Վրաստանի բնակիչները կարող են հետևել ggGeorgia-ի էջին: Կայք այցելել, ինչպես նաև ներբեռնել հավելվածները կարող եք հետևյալ հղումով: 

Web   Google Play   iTunes

In this article


Join the Conversation