facebook

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ. 5 ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ

Խնայողություններ անելը միանշանակ լավ գաղափար է, սակայն ինչպե՞ս դա անել ամենալավ տարբերակով: Կան տարբեր մոտեցումներ այս հարցին, բայց երբեք էլ ուշ չէ փոխել սեփական մոտեցումը, որպեսզի կարողանաս խնայել ավելի արագ, ավելի շատ և առանց կորուստների:

1869
Խնայողություններ անելու արվեստը

Երբ մարդիկ որոշում են գումար տնտեսել, հաճախ գործում են նաև սխալներ ու չեն հասնում ցանկալի արդյունքի: Ահա գումար տնտեսողների շրջանում ամենից շատ տարածված 5 սխալները և խորհուրդներն այն մասին, թե ինչպես է պետք դրանցից խուսափել:

ՍԽԱԼ № 1. ԽՆԱՅՈՒՄ ԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ՄՆՈՒՄ Է

Այս տարբերակում դուք հավանաբար վճարում եք ձեր բոլոր հաշիվները, ծախսում գումար սննդի և ժամանցի վրա, իսկ այն, ինչ մնում է ամսվա վերջում, գցում եք ձեր բանկային հաշվի վրա: Այս տարբերակի բացասական կողմերն այն են, որ ձեր բանկային հաշվի շնորհիվ ունեք որոշակի ապահովության զգացում և կարող եք ձեզ թույլ տալ ավելի շատ ծախսեր, քան դրա կարիքը կար: Բացի այդ, այս դեպքում դուք չունեք հստակ նպատակ տնտեսվող գումարի չափի վերաբերյալ:

Մինչդեռ առաջին բանը, որ հարկ է անել աշխատավարձ ստանալուց հետո, բանկային հաշիվը համալրելն է:

Դա պետք է լինի ձեր առաջին և ամենակարևոր անելիքը, եթե, իհարկե, մնացած առաջնային ծախսերի համար գումարը ձեզ բավարարում է: Եթե աշխատավարձը կանխիկ չեք ստանում, կարող եք ակտիվացնել ավտոմատ փոխանցումների գործառույթը՝ ձեր աշխատավարձից դեպի ձեր խնայողական հաշիվը: Որոշ ժամանակ անց բանկային հաշվի վրա եղած գումարի չափը ձեզ հաճելիորեն կզարմացնի:

ՍԽԱԼ № 2. ԴՈՒՔ ԳՈՒՄԱՐԸ ՏՆՏԵՍՈՒՄ ԵՔ ՔԱՐՏԻ ՎՐԱ

Այն, որ դուք ամեն ամիս կարողանում եք գումար տնտեսել, արդեն իսկ շատ լավ է, բայց դուք ձեզ մեծ ռիսկի եք ենթարկում՝ այդ գումարը պլաստիկ քարտի վրա կուտակելով: Չէ՞ որ անսպասելի ինչ-որ ծախսի դեպքում դուք անմիջապես կվազեք բանկոմատի մոտ ու կհանեք այդ գումարը: Դուք դա կանեք, որովհետև դա շատ ավելի հեշտ է, քան բանկ գնալն ու գումարը այնտեղից հանելը:

Բանկում 6 ամսով կամ 1 տարով ավանդ դնելը շատ ավելի ապահով տարբերակ է խնայողություններ անելու համար: Բայց միևնույն ժամանակ խորհուրդ ենք տալիս ավանդի տեսքով չպահել ձեր ողջ գումարը: Որոշակի քանակություն ունեցեք նաև ձեռքի տակ (քարտի վրա) անկանխատեսելի իրավիճակների համար:

ՍԽԱԼ № 3. ՈՂՋ ԳՈՒՄԱՐԸ ՊԱՀՈՒՄ ԵՔ ՄԵԿ ՀԱՇՎԻ ՎՐԱ

Եթե դուք գումարը տնտեսում եք մեկ հաշվի վրա, շատ հեշտ է տեսնել գումարի աճը: Դա, անշուշտ, ուրախացնում է, և թվում է, թե այդ գումարը կբավարարի ամեն ինչի համար: Եթե դուք կուտակում եք գումար մեկ բանի համար՝ տան, հանգստի կամ մեքենայի, ապա այս դեպքում ամեն ինչ կարգին է: Բայց եթե ունեք մի քանի նպատակ, ապա մեկ բանկային հաշիվը դժվարացնում է ձեր գործը: Ձեզ համար ավելի դժվար է կողմնորոշվել՝ կբավականացնի՞ գումարը ամեն ինչի համար, թե՞ որոշ բաների համար հարկ կլինի էլի սպասել և կուտակել: Արդյունքում ստացվում է, որ գումարը հանգստի վրա ծախսելով՝ դուք այլևս գումար չեք ունենում մեքենա գնելու համար:

Ավելի նպատակահարմար է մի քանի հաշիվ ունենալը, մեկը, օրինակ, տան համար, մյուսը՝ մեքենայի, մյուսն էլ՝ հանգստի: Այս տարբերակում դուք կտեսնեք ձեր ֆինանսական հաշիվների իրական առաջընթացը:

ՍԽԱԼ № 4. ԽՆԱՅՈՒՄ ԵՔ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ, ԵՐԲ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՔ

Կան մարդիկ, ովքեր չեն խնայում գումար ամեն ամիս, այլ ետ են գցում խոշոր չափով գումարներ, երբ դա իրենց հաջողվում է: Խնայողության այս տարբերակը առաջացնում է երկու տեսակի զգացողություն՝ առատության զգացողություն և մեղքի զգացողություն: Վերջինը լինում է այն դեպքում, երբ ստիպված եք լինում գումար վերցնել ձեր խնայած միջոցներից:

Հիասթափությունը, որը ապրում եք այս դեպքում, կարող է անհետացնել գումար տնտեսելու ցանկությունն առհասարակ: Ավելի ճիշտ է խնայել պարբերաբար, այլև ոչ թե միանգամից: Թող դա լինի ոչ շատ մեծ չափի գումար, բայց կայուն ձևով ավելանա ամեն ամիս:

ՍԽԱԼ № 5. ԽՆԱՅՈՒՄ ԵՔ ԱՅՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ

Չնայած խնայողություններ կատարելու անհրաժեշտությանը՝ պետք չէ չափից շատ կենտրոնանալ այդ մտքի վրա և զրկել ձեզ կյանքի բոլոր հաճույքներից: Չէ՞ որ դրանց շնորհիվ ենք կարողանում պահպանել մեր հոգեկան առողջությունը, բավարարվածության և երջանկության զգացողությունը:

Նշենք նաև, որ խնայողությունների իդեալական չափը պետք է լինի այնքան, որ բավարարի ձեզ 6 ամսվա կյանքի համար, եթե ենթադրենք, որ դուք այդ ընթացքում որևէ այլ ֆինանսական եկամուտ չեք ունենալու:

Եթե դուք դեռ չունեք այս «ապահովության բարձը», ապա լավ կանեք ժամանակավորապես հետաձգեք ժամանցի համար արվող ծախսերը, կուտակեք նշված չափի գումար և նոր միայն ավելի հավասարաչափ բաշխեք ձեր եկամուտները՝ հետևելով վերը թվարկված խորհուրդներին: Մաղթում ենք ձեզ հաջողություն այս կարևոր գործի մեջ:

In this article


Join the Conversation