ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԼԱՐԱԾ ԹԱԿԱՐԴԸ. ԱՌԱԿ

Որքա՞ն հաճախ ենք մենք անտեսում այն բացասական փոփոխություններն ու վտանգները, որ սպառնում են մեր կողքի մարդուն: Կարծելով, թե դրանք մեզ համար չեն նախատեսված՝ մենք ինքնավստահորեն առաջ ենք շարժվում ու չենք էլ կռահում, թե ինչպես կարող է այդ ամենը ազդել նաև մեզ վրա:

8942
Առակ Թակարդը

Մի օր մկնիկը լսեց, թե ինչպես են ագարակատերն ու իր կինը խոսում տանը թակարդ դնելու մասին։ Նա վախեցած վազեց բակ ու գոռաց. «Տանը թակարդ են դնում. դա սարսափելի է»։

Հավը քթի տակ քմծիծաղ տվեց և ասաց.

-Ես հասկանում եմ Ձեր անհանգստությունը, տիկին Մուկ, բայց թակարդը ինձ ոչ մի կերպ չի անհանգստացնում, ես հո չեմ կարող դրա մեջ ընկնել:

Մկնիկը վազեց խոզի մոտ։ Խոզը, լսելով նրան, հանգիստ ասաց.

-Ես ներողություն եմ խնդրում, բայց դա իմ գործը չէ։ Ես կարող եմ միայն աղոթել Ձեզ համար։

Այնուհետև մկնիկը վազեց կովի մոտ և ասաց.

-Այս չար մարդիկ տանը թակարդ են դրել։

Կովը պատասխանեց.

-Ես, իհարկե, ցավում եմ Ձեզ համար, տիկին Մուկ, բայց դա Ձեր խնդիրն է և ինձ բոլորովին չի վերաբերվում: Ես այնքան մեծ եմ, որ ոչ մի թակարդ ինձ համար սարսափելի չէ։

Հիասթափված մկնիկը վերադարձավ տուն՝ փորձելով այսուհետ քայլել շատ ավելի զգույշ։

Հենց այդ գիշեր ուժեղ ձայն լսվեց. թակարդն էր։ Ագարակատիրոջ կինը վազեց տեսնելու բռնված մկանը։ Մթության մեջ նա չտեսավ, որ դա մուկ չէր, այլ թունավոր օձ, որի պոչն ընկել էր թակարդը։ Օձը կծեց ագարակատիրոջ կնոջը։ Ագարակատերը տարավ նրան հիվանդանոց։ Բժիշկները արեցին այն ամենը, ինչ կարող էին, և նրանք վերադարձան տուն։

Առավոտյան կինը դեռ շատ թույլ էր։ Իսկ ինչպե՞ս են ապաքինում ծանր հիվանդներին։ Իհարկե, հավի արգանակով։ Հավին մորթեցին ու արգանակ պատրաստեցին տիկնոջ համար: Բայց խեղճ կինը շարունակում էր հիվանդ մնալ, և ընկերներն ու բարեկամները եկան, որպեսզի նրա մոտ մնան ամբողջ շաբաթներով։ Իսկ որպեսզի կերակրի այդ բոլոր մարդկանց, ագարակատերը մորթեց նաև խոզին։ Ցավոք, ագարակատիրոջ կինն այդպես էլ չապաքինվեց և մի քանի օր անց մահացավ։ Նրա թաղմանը շատ մարդիկ եկան, և ագարակատերը ստիպված էր մորթել նաև կովին։

Մկնիկը պատի անցքից մեծ տխրությամբ դիտում էր, թե ինչպես մեկը մյուսի հետևից գնում էին նրանք, ովքեր ասում էին, թե թակարդը իրենց չի վերաբերում։

Երբ լսեք, որ ինչ-որ մեկը վատ դրության մեջ է, անգամ եթե դուք հաստատ համոզված եք, որ դա ձեզ չի վերաբերում, հիշեք թակարդի մասին, որը գուցե և ի սկզբանե ձեզ համար չէր լարված… 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին