ԷԼՈՆ ՄԱՍԿԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

Աշխարհի ներկան ու ապագան փոխող մարդկանցից մեկն այսօր Էլոն Մասկն է: Նա PayPal վճարման համակարգի հիմնադիրն է, առաջին մասսայական արտադրության էլեկտրամոբիլի՝ Tesla-ի, տիեզերական կենտրոնի՝ SpaceX-ի և արևային քաղաքի՝ SolarCity-ի ստեղծողը: Նա նաև վստահ է, որ կարճ ժամանակ անց մարդկությունը բնակություն կհաստատի Մարսի վրա:

5887
Էլոն Մասկը

Էլոն Մասկը ձեռնամուխ է լինում բոլոր այն գլոբալ խնդիրների լուծմանը, որոնք կարող են հսկայական օգուտ բերել մարդկությանը: Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում մեծ նորարարը իր աշխատանքում և ինչպե՞ս է պատկերացնում մարդկության ապագան:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երբ փորձում ես ինչ-որ նոր բան, նոր գաղափար, շատ տարբերակներ կարող է և չաշխատեն: Դա պետք է բնական համարել: Եթե դուք կարծում եք, որ ձեր արտահայտած յուրաքանչյուր միտք շատ մեծ հաջողություն է ունենալու, դուք չեք կարողանա իրականացնել ձեր գաղափարներից և ոչ մեկը:

***

Եթե որոշ բաներ չեն ստացվում, կամ ձեր մի գաղափարը չի աշխատում, խոստովանեք դա և մի խաբեք ինքներդ ձեզ, հակառակ դեպքում կմնաք սխալ տեղում անշարժ կանգնած:

***

Եթե ուզում եք իսկապես ինչ-որ նորարարական բան անել, դուք պետք է կենտրոնանաք խնդրի հիմնաքարային սկզբունքների վրա, այլ ոչ թե փնտրեք արդեն իսկ գոյություն ունեցող անալոգիաներ: Մի հետևեք ժամանակի տրենդներին, այն բաներին, ինչ արդեն կա: Անալոգիաները անցյալի մասն են: Հիմնվեք միայն այն խնդրի վրա, որը պետք է լուծել, և դուք կկարողանաք իսկապես նորարար դառնալ:

***

Ուսանողության տարիներին ես անընդհատ մտածում էի այն մասին, թե ինչը ամենամեծ չափով կարող է ազդել մարդկության ճակատագրի վրա: Եվ ես որոշեցի, որ դրանք կլինեն ինտերնետը, էներգիայի վերականգնվող ռեսուրսները և այլ մոլորակների բնակեցումը:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Աշխատեք առանց քիթ սրբելու: Եթե ուրիշներն աշխատում են շաբաթական 40 ժամ, իսկ դուք՝ 100, ապա անելով անգամ ճիշտ նույն բանը՝ դուք ձեր մրցակիցներից առաջ կլինեք 2 ու կես անգամ: Այն, ինչի համար մարդկանցից կպահանջվի մեկ տարի, դուք կանեք 4 ամսում: Իսկ եթե դուք ծույլ եք, ապա իզուր ժամանակ մի ծախսեք սեփական բիզնես հիմնելու համար:

***

Շատ կարևոր է, որ ձեզ դուր գան այն մարդիկ, ում հետ դուք աշխատում եք: Հակառակ դեպքում ձեր կյանքը բավական դժբախտ կլինի:

***

Շատ կարևոր է համառորեն խնդրել շրջապատից բացասական կարծիքներ և մեծ ուշադրությամբ լսել ու ընդունել դրանք: Սովորաբար մարդիկ խուսափում են դրանցից, որպեսզի տհաճ ապրումներ չունենան, բայց ես կարծում եմ, որ մեծ սխալ է բացասական արձագանքները չլսելն ու հաշվի չառնելը:

***

Եթե դուք մարդկանց ցույց տաք ճիշտ ճանապարհը, նրանք մոտիվացիայի հետ խնդիրներ չեն ունենա:

ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ

***

Եթե մենք կարողանանք նվազեցնել տիեզերքում տեղաշարժվելու ծախսերը, մենք կկարողանանք հրաշքներ գործել այնտեղ: Ես վստահ եմ, որ Մարսի վրա հնարավոր է հիմնել ինքն իրեն ապահովող և զարգացող քաղաքակրթություն:

***

Ես կցանկանայի թռչել տիեզերք: Դա իսկապես հրաշալի կլիներ: Ես սովոր եմ ռիսկի գնալ, բայց հիմա ես պատասխանատու եմ ոչ միայն ինձ համար, այլև իմ երեխաների և մեր գործերի համար: Երբ դա ավելի խելամիտ քայլ լինի իմ կողմից, ես անպայման կանեմ դա ու ինքս կդառնամ փորձարկող օդաչու:

ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

***

Ինչի՞ ենք մենք ուզում հասնել Tesla-ում: Մենք ուզում ենք հասնել նրան, որ բոլորս կարողանանք երթևեկել անվճար, անդադար և բացառապես արևի լույսի շնորհիվ:

***

Ամեն ուրբաթ մենք հավաքվում ենք ինժեներների ու դիզայներների հետ և քննարկում ենք մեր մեքենաների ամեն մանրուքը, փորձում ենք ուղղել ամեն թերություն, համապատասխանեցնել մեքենաները բոլոր տեխնիկական և անվտանգության պահանջներին: Ամեն միլիմետրը արժանանում է մեր ուշադությանը և ենթարկվում բազմաթիվ մշակումների: Միայն այդպես է ստացվում իսկապես լավ արտադրանք:

ԻՆՏԵԼԵԿՏԻ ՄԱՍԻՆ

***

Կարևոր է երեխային սովորեցնել փնտրել լուծումներ խնդիրների համար, այլ ոչ թե տրամադրել գործիքներ ու պատրաստի լուծումներ: Եթե ուզում եք, որ երեխան հասկանա, թե ինչպես են աշխատում շարժիչները, դուք նրան չեք սկսի պատմել ամեն ինչ պտուտակահանների մասին և այն մասին, թե ինչպես են դրանք աշխատում:

Ավելի ճիշտ կլինի ցույց տալ շարժիչը երեխային և հարցնել նրան, թե ինչպես նա կարող էր քանդել ու մասերի բաժանել այն: Փորձելով լուծել իր առջև դրված առաջադրանքը՝ երեխան կհասկանա, թե իրեն ինչ գործիքներ են ահրաժեշտ և այդ ժամանակ արդեն ցանկություն կունենա ուսումնասիրելու այդ գործիքները:

***

Զարգացած երկրներում հարստությունն ու կրթության բարձր մակարդակը հանգեցրել են ցածր ծնելիության: Ես չեմ ուզում ասել, թե երեխաներ պետք է ունենան միայն խելացիները, բայց ես ուզում եմ ասել, որ նրանք պետք է անպայման երեխա ունենան, գոնե այն բանի համար, որ փոխարինեն իրենք իրենց, մինչդեռ շատ խելացի կանայք կա՛մ չեն ունենում երեխաներ, կա՛մ ունենում են միայն մեկին:

***

Արհեստական ինտելեկտի ստեղծումը կլինի մարդկության պատմության ամենամեծ իրադարձությունը, բայց եթե մենք չսվորենք կանխատեսել ու չեզոքացնել ռիսկերը, դա, ցավոք, կարող է դառնալ նաև մարդկության վերջին հայտնագործությունը:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին