ԱՌԱԿ. ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ, ՔԱՆ ՓՈՂԸ

Նախաձեռնողականությունը, վճռականությունն ու ինքնավստահությունը ձեր ամենամեծ աջակիցներն են յուրաքանչյուր գործում: Եվ հենց դրանց վրա է պետք հույս դնել ամեն ինչից առաջ:

8789
Առակ. Ավելի արժեքավոր, քան փողը

Մի գործարար մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ և ելք չէր գտնում: Պարտատերերն անընդհատ ճնշում էին նրան, մատակարարները պահանջում էին վճարել…

Նա նստել էր այգու նստարանին և գլուխը կախ՝ մտածում էր, թե ինչը կարող է փրկել իր ընկերությունը սնանկացումից։ Եվ ահա նրան մոտեցավ մի ծերուկ ու ասաց.

– Տեսնում եմ, որ ինչ-որ բան Ձեզ մտահոգում է։ Չե՞ք ցանկանում կիսվել ինձ հետ։

Գործարարը պատմեց նրան իր խնդիրների մասին։ Ծերունին առանց ընդհատելու ուշադիր լսեց ու ի վերջո ասաց.

– Կարծում եմ, որ կարող եմ օգնել Ձեզ։

Նա հարցրեց գործարարի անունը, նրա անունով կտրոն դուրս գրեց ու մեկնեց նրան:

– Վերցրեք այս գումարը։ Մենք կհանդիպենք այստեղ ուղիղ մեկ տարի անց, և այդ ժամանակ Դուք արդեն կվերադարձնեք ինձ այս գումարը։

Ապա ծերունին շրջվեց և անհետացավ նույնքան անսպասելի, որքան և հայտնվել էր:

Գործարարը նայեց ձեռքերի մեջ գտնվող կտրոնին ու տեսավ դրա չափը՝ $500 000, իսկ ներքևում գրված էր ծերունու անունը՝ Ջոն Ռոքֆելլեր: Նա այդ ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկն էր աշխարհում, և գործարարը չէր կարողանում հասկանալ, թե ինչու նա այդքան առատաձեռն գտնվեց իր հանդեպ։

«Հիմա ես մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ ֆինանսական խնդիրներին», – մտածեց նա: Այնուամենայնիվ, նա կտրոնը դրեց չհրկիզվող պահարանում։  Միայն այն միտքը, որ ինքն ունի կես միլիոն դոլար պահարանում, նրան ուժ էր տալիս իր բիզնեսը պահպանելու և զարգացնելու համար ծրագրեր մշակել: 

Ծերունու հետ հանդիպումից հետո տղամարդը վերագտավ իր լավատեսությունն ու ոգևորությունը։ Նա սկսեց շահավետ գործարքներ կնքել և մի քանի ամսում սեփական միջոցներով կարողացավ վճարել բոլոր պարտքերը։ Նրա գործերը լավ էին գնում, և նա նորից սկսել էր գումար աշխատել, իսկ մեկ տարի անց նա՝ այն նույն կտրոնը ձեռքին, վերադարձավ այգի։ Նախապես պայմանավորված ժամին ծերունին նորից հայտնվեց այգում։ Տղամարդն ուզում էր գրպանից հանել կտրոնը ու վերադարձնել ծերունուն, երբ մի բուժքույր վազեց ու բռնեց ծերունու թևից.

– Ես այնքան ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան, – ասաց բուժքույրը: – Հուսով եմ՝ նա Ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում է տանից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոքֆելլերն է:

Գործարարը ապշած էր։ Մի ամբողջ տարի նա գործարքներ է կնքել՝ վստահ լինելով, որ կես միլիոն դոլար ունի իր պահարանում։

Եվ հանկարծ նա հասկացավ, որ անկախ այն բանից՝ իրական էր այդ փողը, թե ոչ, այն փոխեց իր կյանքը, ուժ և վստահություն տվեց: Ու հենց այդ վստահությունն էր, որ օգնեց իրեն հաղթահարել իր բոլոր խնդիրները ու հասնել այն ամենին, ինչը ինքը հիմա ուներ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին