ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ՀԱՅԸ՝ ԹՌՉՈՂ ԳՈՐԳԻ ՎՐԱ

Լաս Վեգաս քաղաքը, ինչպիսին որ կա, ստեղծել է Քըրք Քըրքորյանը։ Բայց դրանից առաջ Քըրքորյանը ստեղծել է ինքն իրեն: Ունենալով ընդամենը 8-ամյա կրթություն` նա սեփական ուժերի և խելքի շնորհիվ կարողացել է զրոյից կառուցել իր հսկայական կարողությունը:

2009
Քըրք Քըրքորյան

Քըրքորյանի կարողությունը, ըստ Forbes-ի, մոտ 4 միլիարդ դոլար էր կազմում: Բիզնեսում նրա հաջողություններն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանք նկարագրել անգամ մի ամբողջ գրքի էջերում։ Նա աշխարհի առաջին մարդկանցից էր, ով ուներ իր անձնական ռեակտիվ ինքնաթիռը, և լրագրողները նրան հաճախ անվանում էին «հայը՝ թռչող գորգի վրա»՝ նկատի ունենալով նաև նրա սրընթաց հաջողությունը ֆինանսական աշխարհում:

Չնայած մեծ փառքին և աշխարհով մեկ իր ձեռնարկած լայնածավալ բարեգործությանը՝ Քըրքորյանը մշտապես խուսափում էր ուշադրության կենտրոնում լինելուց, հրաժարվում էր բոլոր տեսակի պարգևներից և թույլ չէր տալիս, որ իր նվիրատվություներից որևէ մեկը կոչվի իր անունով։

Ծնված լինելով Ֆրեզնոյում՝ հայ ներգաղթյալների՝ Ահարոն ու Լիլի Քըրքորյանների ընտանիքում՝ նա ստիպված էր ընտանիքի հետ տեղից տեղ տեղափոխվել ավելի քան 20 անգամ: Նա ընտանիքում 4 երեխաներից ամենափոքրն էր: Քըրքորյանների տանը մշտապես խոսում էին հայերեն, ու նա անգլերեն էր սովորում միայն փողոցում և ժամանակ առ ժամանակ դպրոց հաճախելով: «Մեր առաջին լեզուն հայերենն էր, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ում ենք ծնվել: Մենք անգլերեն փողոցում ենք սովորել»,– ասում էր Քըրքորյանը:

Նրա հայրն աճեցնում էր ձմերուկներ, սակայն ձգտում էր մեծացնել իր գործը, և ի վերջո հաջողության հասավ: Նա կարողացավ գնել մի քանի ֆերմա ու 1000 հեկտար հողատարածք, սակայն 1921թ. տնտեսական անկման ժամանակ ամեն ինչ կորցրեց: Այդ ժամանակվանից Քըրքն օգնում էր ընտանիքին՝ թերթեր ու ձմերուկ էր վաճառում, իսկ երեկոյան մեքենաներ լվանալով էր գումար վաստակում։

Երբեմն չգիտես, թե որտեղից ուր կհասնես: Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ այդ թերթերը մի օր իմ մասին էլ են գրելու:

Քըրք Քըրքորյան

14 տարեկանում Քըրքը կիսատ թողեց ուսումը՝ նույնիսկ 8-րդ դասարանը չավարտած. ինչ իմաստ ունի սովորելը, եթե փող չունես բուհ ընդունվելու։ Նա գումար էր վաստակում՝ ավտոմեխանիկի օգնական աշխատելով ու մեքենաներ լվանալով, և անընդհատ մտածում էր՝ ինչպես դուրս գալ աղքատության ճիրաններից։

Մեծ փորձ ձեռք բերելով փողոցային կռիվներում՝ Քըրքորյանն ավագ եղբոր հետ սկսեց հաճախել բռնցքամարտի: 20 տարեկանում նա արդեն բավական լավ բռնցքամարտիկ էր ու հասցրել էր սիրողական բռնցքամարտի առաջնությունում չեմպիոն դառնալ: Նա ուներ 33 հաղթանակ ու 4 պարտություն և հայտնի էր Rifle Right անունով:

Քըրքն արդեն որոշել էր զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով, երբ նրա կյանքում մի ճակատագրական հանդիպում եղավ: 1939 թվականին 22-ամյա Քըրքը աշխատանքի անցավ բուխարիների վարպետ Թեդ Օ’Ֆլայերթիի մոտ՝ վարձատրվելով 45 ցենտ մեկ ժամի համար: Ինքնաթիռներով տարված Օ’Ֆլայերթին միշտ համոզում էր Քըրքին, որ իր հետ գնա ինքնաթիռ վարելու, և երկար մերժելուց հետո Քըրքը մի օր որոշեց գնալ: Առաջին թռիչքից հետո նա այնպես էր տպավորվել, որ հաջորդ օրն արդեն բռնցքամարտիկ դառնալու ցանկությունն անհետացել էր, քանի որ Քըրքի համար գերնպատակ էր դարձել օդաչու դառնալը:

Մարդը չի ծնվում աղքատ կամ հարուստ: Նա կարող է ծնվել աղքատ ընտանիքում, և դա իր ընտրությունը չէ: Բայց թե ինչպես նա կապրի իր կյանքը` դա արդեն իր ընտրությունն է: Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց աղքատ չեմ մնացել` իմ ընտրության արդյունքում: Չկա միակ ճիշտ տարբերակ: Ամեն ինչ շատ պարզ է` եթե քեզ հաճելի է ապրել քո կատարած ընտրության հետ, ուրեմն դա է ճիշտը: Բայց ամեն պահի կարող է հայտնվել մի նոր ընտրություն, որն ավելի հարազատ է քեզ: Ես կարող էի մինչև հիմա թերթ վաճառել, կամ մնալ որպես բռնցքամարտիկ, կամ էլ լինել թոշակի անցած օդաչու:

Քըրք Քըրքորյան

Նա փնտրում էր մարդ, ով կսովորեցներ իրեն ինքնաթիռ վարել. «Ես փող չունեմ, չունեմ նաև կրթություն, բայց ես ցանկանում եմ թռչել սովորել: Դուք կարո՞ղ եք ինձ օգնել»,- ասաց նա հայտնի կին օդաչու Ֆլորենս Բարնսին՝ փոխարենն առաջարկելով անվճար աշխատել նրա ռանչոյում, կթել կովերին և հավաքել գոմաղբը: Վեց ամիս անց Քըրքն ուներ արդեն օդաչուի վկայական:

Ստացած գիտելիքները նրան օգտակար եղան Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ ռազմաօդային ուժերում ծառայելիս: «Նրանք վճարում էին այնպիսի գումարներ, որոնց մասին ես անգամ երազել չէի կարող», – հիշում է Քըրքորյանը, – «1000 դոլար մեկ թռիչքի դիմաց: Մեր նպատակն էր հասցնել Կանադական ռմբարկիչները Լաբրադորից Շոտլանդիա: Սակայն այդ թռիչքները անչափ վտանգավոր էին, և 4-ից միայն 1-ն էր հետ վերադառնում»:

Իր ծառայության 2,5 տարիների ընթացքում Քըրքորյանը տեղափոխեց 33 ինքնաթիռ, անցկացրեց հազարավոր ժամեր օդում և թռիչքներ իրականացրեց 4 աշխարհամասերում: Նրան հաջողվեց պահպանել ոչ միայն սեփական կյանքը, այլ նաև վաստակած գումարների մեծ մասը: Դրանք այն գումարներն էին, որոնք սկիզբ դրեցին Քըրքորյան-գործարարի ֆինանսական գործունեությանը: Պատերազմից հետո նա իր աշխատած գումարի մի մասը՝ 5000 դոլար, ծախսեց մեկ շարժիչանի Cessna ինքնաթիռի գնման վրա ու սկսեց մասնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել Լոս Անջելեսից Լաս Վեգաս, ինչը շուտով սկսեց լավ եկամուտ բերել:

Քըրք Քըրքորյան

1944 թվականին նա առաջին անգամ այցելեց Լաս Վեգաս ու տարվեց մոլախաղերով: Երկար ժամանակ անտեղ անցկացնելուց հետո Քըրքը թողեց խաղերն ու սկսեց գնել Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ինքնաթիռներ, որոնք էժան գներով վաճառում էր ԱՄՆ կառավարությունը: Արդյունքում Քըրքորյանը ստեղծեք իր առաջին ընկերությունը՝ Transinternational Airlines-ը, որը ղեկավարում էր մինչև 1968 թվականը, ինչից հետո վաճառեց 104 միլիոն դոլարով:

Քըրքորյանն աշխարհի խոշորագույն հյուրանոցների կառուցողներից է։ Նրան են վերագրում Լաս Վեգասի զարգացման և դրա խաղատներն ու հյուրանոցներն իրենց ներկայիս կարգավիճակին հասցնելու պատիվը։ Ի վերջո, նա է եղել դրանցից շատերի հիմնադիրը։

1962-ին Քըրքորյանը Լաս Վեգասում սկսեց կառուցել լեգենդար Caesars Palace խաղատունը, ապա International հյուրանոցը, որն այսօր հայտնի է որպես Las Vegas Hilton: Այդ ժամանակ հյուրանոցը համարվում էր աշխարհում խոշորագույնը: Այս համալիրի ներսում Քըրքորյանը առաջին անգամ աշխարհում ստեղծեց հատուկ մի վայր, որտեղ երեխաները կարող էին խաղալ, լողալ և զվարճանալ, քանի դեռ նրանց ծնողները գտնվում էին խաղատանը: Լաս Վեգասի առաջին մանկական հրապարակը նա անվանեց Youth Hostel:

1969 թվականին Քըրքորյանը ձեռք բերեց MGM կիոնստուդիան, ինչպես նաև հիմնեց հսկայական չափերով MGM Grand Hotel and Casino հյուրանոց-խաղատունը: Հետագայում նա երեք անգամ վաճառեց այն և երկու անգամ հետ գնեց Metro-Goldwyn-Mayer-ը:

1973 թվականին Քըրքորյանը կառուցեց Լաս Վեգասի իր հերթական հյուրանոցը` կրկին ամենամեծը աշխարհում, և անվանեց այն Grand Hotel:

1970-ականների սկզբին նա գնեց Western Airlines ավիաընկերության վերահսկիչ փաթեթը: Լինելով հմուտ ներդրող՝ նա ներգրավվեց նաև ավտոարտադրության ոլորտում և դարձավ «Ֆորդ» և «Քրայսլեր» ընկերությունների նշանակալի մասի բաժնետերը։

Քըրք Քըրքորյան

Քըրքորյանի կարողությունն օր օրի աճում էր, իսկ անունն ավելի ու ավելի հաճախ էր տեղ գտնում համաշխարհային մամուլի էջերում, սակայն, չնայած դրան, նա չէր սիրում հարցազրույցներ տալ և միշտ խուսափում էր հրապարակայնությունից:

Ժամանակի հետ նա սկսեց մեծ գումարներ ծախսել բարեգործության վրա: Քրքորյանի բարեգործական ծրագրերի կենտրոնում իր պատմական հայրենիքն էր՝ Հայաստանը: Հենց Հայաստանում Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրման նպատակով 1989 թվականին ստեղծվեց Լինսի Հիմնադրամը, որի անվանումը Քըրք Քըրքորյանի Լինդա եւ Թրեյսի դուստրերի անունների համադրությունն է:

Լինսի հիմնադրամի շնորհիվ կառուցվեցին եւ վերանորոգվեցին տասնյակ շենքեր, նոր դպրոցներ ու հիվանդանոցներ կանգնեցվեցին: Հարյուրավոր մանուկների կյանք հնարավոր դարձավ փրկել միայն Քրքորյանի միջոցներով տրամադրած և այդքան սպասված դեղորայքի ու բժշկական օգնության շնորհիվ: Սակայն Քըրքորյանը երբեք թույլ չտվեց դպրոցներից կամ հիվանդանոցներից որևէ մեկն անվանել իր անունով: Նա անգամ մերժեց Հայաստանի իշխանությունների՝ իր անունով Երևանում հրապարակ անվանակոչելու առաջարկը։

Նրան պետք չէին փառք կամ ճանաչում. միակ մարդը, ում Քըրքորյանը երբևէ ցանկացել է ապացուցել իր նշանակությունը, հենց ինքն է եղել։ Անգամ 90-ն անց տարիքում մեծ գործարարն ու բարերարը չդադարեց զբաղվել բիզնեսով ու հասարակական գործունեությամբ: Քըրք Քըրքորյանը մահացավ 2015 թվականին՝ 98 տարեկան հասակում՝ թողնելով հսկայական ժառանգություն աշխարհին և Հայաստանին, թողնելով իր հետքը պատմության մեջ և հազարավոր մարդկանց սրտերում, ովքեր փրկվեցին իր շնորհիվ:

In this article


Join the Conversation