Ի՞ՆՉ Է ՔՈՈՒՉԻՆԳԸ ԵՎ Ո՞ՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԱՅՖ ՔՈՈՒՉԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Արևմտյան երկրներում աճող ու զարգացող ընկերություններից գրեթե յուրաքանչյուրն այսօր օգտվում է քոուչի ծառայություններից: Նույնը վերաբերում է նաև հայտնի ու հաջողակ մարդկանց: Ի՞նչ է քոուչինգը, ի՞նչ է կարող անել քոուչը, և ում են անհրաժեշտ նրա ծառայությունները: Առաջարկում ենք խոսել այդ մասին այս հոդվածում:

8839
Ի՞նչ է քոուչինգը

ՄԱՐԶԻԿ ԱՌԱՆՑ ՄԱՐԶԻՉԻ՞

Բոլորի համար էլ պարզ է, որ ոչ մի մարզիկ չի կարող հաջողության հասնել առանց մարզչի: Անգամ եթե դու պատրաստ ես քրտնաջան աշխատել, օրերով դուրս չգալ մարզասրահից, քեզ, միևնույն է, պետք է ղեկավար, խորհրդատու, առաջնորդ, ով կկատարելագործի քո ուժեղ կողմերը, կվերացնի թերությունները, որպեսզի դրանցից չկարողանա օգտվել մրցակիցդ, կմշակի հենց քո չափորոշիչներին համապատասխանող մարզումների համակարգ, բարոյապես կաջակցի քեզ մրցումների ժամանակ և այլն, և այլն:

Զարմանալի չէ, որ մարզիկներն իրենց հաջողությունները համար միշտ շնորհակալություն են հայտնում իրենց մարզիչներին, որովհետև հասկանում են, որ առանց նրանց իրենք չէին կարողանա սպորտային այդպիսի բարձունքների հասնել:

Քոուչն էլ մարզիչի պես չի անում ամեն ինչ իր սանի փոխարեն, չի թելադրում նրան ամեն մի քայլը, բայց նա մշտապես գտնվում է նրա կողքին և օգնում է հասնել շատ հստակ արդյունքների:

Քոուչն այն մարդն է,

  • ով օգնում է իր հաճախորդին հաջողության հասնել և չշեղվել ճիշտ ճանապարհից, մինչև նպատակն իրագործված չլինի,
  • ով աշխատում է իր հաճախորդի նպատակների վրա, փոփոխում և անգամ հեռացնում նրանք, որոնք արդեն հին են ու և ոչ արդիական, և օգնում է ընտրել ավելի նոր ու կարևոր նպատակներ,
  • ով օգնում է հաճախորդին կատարելագործել գիտելիքներն ու հմտությունները, մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ հիմնել, հաղթահարել հոգեբանական խնդիրները, բարելավել կյանքի որակը,
  • ով օգնում է ընտրել ճիշտ կենսական և մասնագիտական ճանապարհ, որով հնարավոր է կարճ ժամանակում հաջողության հասնել:

Եվ որ ամենակարևորն է՝ քոուչը դա չի անում՝ հաճախորդի վզին փաթաթելով իր միակ ու ճիշտ տեսակետը, նա անում է դա հաճախորդի ներքին պոտենցիալը բացահայտելու միջոցով:

ԻՆՉՈՎ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՔՈՈՒՉԸ ՀՈԳԵԲԱՆԻՑ ՈՒ ՄԱՐԶԻՉԻՑ

Լայֆ քոուչինգը հաճախ են շփոթում հոգեբանության հետ: Սակայն հոգեբանը կամ հոգեթերապևտը վերցնում են անցյալից էջեր ու սկսում երկար վերլուծել դրանք հաճախորդի հետ: Մինչդեռ քոուչը օգնում է առաջին հերթին հստակ որոշել նպատակը, ապա նայել իրավիճակին տարբեր կողմերից, հաղթահարել արտաքին ու ներքին դժվարությունները նպատակին հասնելու համար: Լայֆ քոուչը փորձում է իր հաճախորդի հայացքն ուղղել դեպի ապագա: Քոուչը տիրապետում է այդ ամենի համար անհրաժեշտ բոլոր «գործիքներին»: Բայց գործիքներից զատ՝ լայֆ քոուչը առաջին հերթին դրական էներգետիկայով անհատականություն է, ով ունի խարիզմա, փորձ և մարդկանց օգնելու մեծ ձգտում:

Իսկ ի տարբերություն սպորտային մարզիչների՝ քոուչները մասնագիտացած են ոչ թե մեկ նեղ ոլորտում, այլ կարող են ձեր խորհրդատուն լինել թե բիզնեսի, թե ընտանեկան կյանքի, թե անձնական աճի բնագավառում:

Քոուչը մարդ չէ պատրաստի պատասխաններով, այլ մարդ է, ով տալիս է ձեզ հարցեր, որոնց պատասխանները գտնվում են հենց ձեր մեջ: Նա չի պարտադրի ձեզ խնդրի իր լուծումը, այլ կօգնի գտնել սեփականը, չէ՞ որ եթե մարդը հաղթահարում է իր դժվարությունները, բարձրանում է նաև նրա ինքնագնահատականը, իսկ քոուչն այդ ընթացքում պարզապես ուղղորդում է նրան՝ թույլ չտալով շեղվել սկզբնական նպատակից:

Քոուչն ասես դառնում է իր հաճախորդի գործընկերը, թիմակիցը, մարդ, ում կարելի է և պետք է վստահել, ով կօգնի խուսափել վտանգներից կամ կօգնի ոտքի կանգնել անկումներից հետո: Նա այն մարդն է, ով կհավատա ձեզ, ազնիվ կլինի ձեզ հետ և անկեղծորեն կուրախանա ձեր հաջողություններով, ինչպես իր հաջողություններով:

ՈՒ՞Մ ԵՆ ՊԵՏՔ ՔՈՈՒՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լայֆ քոուչների մասին գոյություն ունեցող մոլորություններից մեկն այն է, որ նրանց օգնությանը դիմում են միայն թուլակամ մարդիկ: Բայց չէ՞ որ բազմաթիվ հաջողակ ու կայացած մարդիկ, օրինակ, օգտվում են հոգեբանների ծառայություններից, ովքեր օգնում են իրենց կարգուկանոն հաստատել սեփական մտքերի ու հույզերի աշխարհում: Եվ դա ոչ այն պատճառով, որ իրենք թույլ են, այլ այն պատճառով, որ դա ավելի արդյունավետ է:

Նույնը վերաբերում է, օրինակ, ատամնաբույժներին: Երբ ատամը ցավում է, շատ ավելի հեշտ է գնալ ատամնաբույժի մոտ, այլ ոչ թե փորձել ինքնուրույն հաղթահարել ցավը: Ատամնաբույժի մոտ գնալը թուլություն չի համարվում, բայց հենց խոսքը գնում է հույզերի, վախերի, հոգեբանական պատնեշների մասին, մարդիկ կարծում են, որ դրանք հաղթահարելն անպայման իրենց պարտքն է:

Քոուչի օգնությանը դիմելով՝ մարդիկ վերագտնում են կյանքի հանդեպ կորցրած հետաքրքրությունը, սկսում են մտածել նոր գիտելիքների, նոր ոլորտների մասին, որոնց ուղղությամբ իրենք ցանկանում են աճել: Մարդիկ սկսում են մտածել այն մասին, թե ինչ ժառանգություն են ուզում թողնել իրենցից հետո: Այն մասին, թե ինչ են արել, ինչ դեռ կարող են անել և ինչ թողնել մարդկությանն ու աշխարհին:

Քոուչների ծառայություններից օգտվում են ոչ թե թույլ կամ չափազանց հարուստ մարդիկ, այլ առաջադեմ մարդիկ, մարդիկ, ովքեր.

  • մտածում են ապագայի մասին,
  • ցանկանում են անընդհատ աճել,
  • ուզում են ոչ միայն շատ գումար աշխատել, այլև լինել լավագույնն իրենց ոլորտում,
  • չեն պատկերացնում ֆինանսական հաջողություն առանց անձնական զարգացման և այլն:

Ամենից հաճախ քոուչների օգնությանը մարդիկ դիմում են գտնվելով կյանքի կարևորագույն ճամփաբաժանի վրա, երբ զգում են, որ նպատակի իրականացման համար իրենց ինչ-որ բան պակասում է, պակասում է ինչ-որ մեկի մասնագիտական օգնությունը:

Քոուչը լրացնում է իր հաճախորդի գիտելիքների պակասը, մատնացույց է անում սխալներն ու օգնում է ուղղել դրանք, նա մնում է իր հաճախորդի հետ այնքան ժամանակ, մինչև արդյունքը չլինի այնպիսին, ինչպիսին, որ պետք է տվյալ մարդուն:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՔՈՈՒՉ

Եթե ձեր մտքով էլ անցավ դիմել քոուչի օգնությանը, ապա ընտրություն անելիս թերևս պետք է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների: Ամենակարևոր բաներից մեկն այն է, թե ինչ զգացողություն եք ունենում դուք՝ շփվելով այդ մարդու հետ: Եթե նրա հետ առաջին հանդիպումից հետո ձեր մեջ դեռ անորոշություն ու դատարկություն է, ապա ամենայն հավանականությամբ, դա այն մարդը չէ, ով կարող է օգնել ձեզ: Իսկ եթե նրա հետ շփումից հետո դուք ձեզ թևավորված եք զգում, և ձեզ թվում է, որ ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի, ապա հավանաբար դա հենց այն մարդն է, ով կօգնի ձեզ իրագործել ձեր նպատակները:

Ոչ պակաս կարևոր է նաև այն, թե ինչպիսի մարդիկ են օգտվում այդ քոուչի ծառայություններից, ինչ փոփոխություններ են եղել այդ մարդկանց կյանքում, ինչի՞ են հասել նրանք՝ քոուչների հետ աշխատելով:

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՔՈՈՒՉԸ

Աշխարհի ամենահայտնի քոուչներից մեկը Էնթոնի Ռոբինսն է: Նա ընդգրկված է Forbes-ի կողմից կազմված «100 ամենաազդեցիկ հայտնիների» ցանկում, «50 լավագույն բիզնես-ինտելեկտուալների» ցանկում՝ ըստ Accenture-ի, և «Քոուչինգի ոլորտում լավագույն 6 բիզնես-առաջնորդների» թվում՝ ըստ American Express-ի:

Էնթոնի Ռոբինսը հիմնավորապես ազդել է ավելի քան 50 միլիոն մարդու վրա աշխարհի 100 երկրներից՝ իր գրքերի, թրեյնինգների ու ելույթների շնորհիվ: Նրա կազմակերպած թրեյնինգներին առ այսօր մասնակցել է ավելի քան 4 միլիոն մարդ:

Նրա էներգիան անվերջ է թվում: Ռոբինսը կարող է 14 ժամ շարունակ ելույթ ունենալ՝ կենտրոնացած պահելով ողջ լսարանի ուշադրությունն այդ ամբողջ ընթացքում: Որպես լայֆ քոուչ նրա ծառայություներից օգտվել և շարունակում են օգտվել այնպիսի աշխարհահռչակ մարդիկ, ինչպիսիք են Անդրեյ Աղասին, Հյու ջեքմանը, Դոնալդ Թրամփը, Սերենա Ուիլյամսը, Բիլլ Քլինթոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Լարրի Քինգը, Էնթոնի Հոփկինսը և շատ ու շատ ուրիշներ:

Շարունակելի…

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին