ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ. ՆԵՐԴԱՇՆԱԿ ԿՅԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Ինչպե՞ս կարելի է չափել հաջողությունը, ինչպե՞ս կարելի է հասնել ներդաշնակության կյանքի բոլոր ոլորտներում և բարելավել կյանքի որակն առհասարակ: Կյանքն իսկապես արժևորելու և այն լիարժեք ապրելու գաղտնիքների մասին Internest.am-ը զրուցել է լայֆ քոուչ, «Զարթուցիչ» անձնային աճի թրեյնինգների հիմնադիր Գրիգոր Առաքելյանի հետ:

4637
Գրիգոր Առաքելյան

Ի՞նչ է հաջողությունը Գրիգոր Առաքելյանի պատկերացմամբ։

Իրական հաջողությունը այն է, երբ գիտակցում ես, որ կյանքը ամենամեծ պարգևն է, և որ այն պետք է արժանավայել ապրել: Ցավոք, ոչ միշտ է մարդը այդ գիտակցությանը գալիս ինքնաբերաբար: Հաճախ հարկավոր է լինում, որ մարդը կանգնի անդունդի եզրին, որպեսզի հասկանա այն ամենի արժեքը, ինչը կարող է կորցնել: Իհարկե, դա վտանգավոր խաղ է, քանի որ անդունդի եզրից ոչ բոլորն են կարողանում հետ դառնալ:

Կյանքը անցնում է չափազանց արագ, երբ այն չես գնահատում, մինչդեռ երբ սկսում ես արժևորել կյանքիդ ամեն րոպեն, ժամանակը զարմանալիորեն սկսում է դանդաղ ընթանալ. թվում է՝ շաբաթը, օրը, ժամը երկարել են: Կյանքը սկսում է հոսել այն արագությամբ, որ դու հասցնում ես դիտել դրա ամենակարևոր, գեղեցիկ ու հետաքրքիր պատկերներն ու իսկապես վայելել դրանք:

Իսկ ինչո՞ւ են մարդիկ թողնում իրենց կյանքը ինքնահոսի և չեն ունենում հստակ ձգտումներ:

Այսօր մեր կյանքում հարմարություններն այնքան շատ են, որ մեզ համար սովորական է դարձել ապրելը: Դա նման է այն բանին, որ մարդը մշտապես գտնվի արագընթաց սպորտային մեքենայի ղեկին: Բնական է, որ որոշ ժամանակ հետո նա արդեն չի զգա ո՛չ դրա արագությունն ու վտանգը, ո՛չ հաճույքը: Ոչ ոք երբեք չի մտածում, որ մահը կարող է իրեն էլ սպառնալ, այլ կարծում է, թե ժամանակը շատ երկար է, և ինքն ամեն ինչ էլ կհասցնի. կհասցնի լավացնել իր կյանքը, կհասցնի աշխատել իր վրա, կնոջը կհասցնի ասել, որ սիրում է նրան:

Բացի այդ մարդուն ոչ մի տեղ չեն ասում, որ ինքը պետք է բարելավի իր կյանքը՝ ո՛չ դպրոցում, ո՛չ համալսարանում: Ոչ ոք չի բարձրացնում այդ հարցը, և մեզ պարզապես թվում է, թե կյանքը ուղղակի տրված է այն ապրելու համար:

Իսկ ես ասում եմ, որ այն մեզ տրված է մշտապես ավելի լավը դարձնելու, կատարելագորելու համար: Մենք միշտ կարող ենք բարելավել մեր կյանքի որևէ ոլորտ՝ ընտանեկան հարաբերությունները, մարդկային շփումները, մասնագիտական կարողությունները: Բավական է որոշում կայացնել, և կարելի է ընդամենը 1-2 շաբաթում բարելավել այդ ոլորտը առնվազն 20%-ով:

Գրիգոր Առաքելյան

Զարթուցիչի բոլոր մասնակիցները գալիս են Ձեր թրեյնինգներին՝ փնտրելով հաջողության իրենց բանաձևը։ Ի՞նչ են պատկերացնում նրանք՝ հաջողություն ասելով։

Մարդկանց մեծ մասի մոտ կա այն կարծիքը, որ հաջողությունը պատահական բան է. կա՛մ բախտդ բերում է, կա՛մ՝ ոչ: Ես Զարթուցիչում մարդկանց ճշգրիտ գիտությունների միջոցով ապացուցում եմ, որ հաջողությունը 100%-ով կախված է մարդուց, այն չափելի, կանխատեսելի, շոշափելի երևույթ է, որին կարող են հասնել բոլորը՝ առանց բացառության: Պարզապես պետք են որոշակի գիտելիքներ, հանգամանքներ, որոնց առկայության դեպքում հաջողությունն անխուսափելի է:

Լայֆ քոուչինգի ի՞նչ գործիքներ է Զարթուցիչը կիրառում, որոնք օգնում են մասնակիցներին ավելի հստակ պատկերացնել իրենց նպատակներն ու մոտենալ դրանց։

Զարթուցիչի ելակետը հենց կյանքի իմաստավորումն է: Ամեն ինչ մեզ մոտ սկսվում է այն բանից, որ մասնակիցները հասկանում են, որ իրենք եկել են այս աշխարհ ոչ թե «ներկա» ստանալու, այլ իրենց հետքը թողնելու համար: Երկրորդ փուլում արդեն ես տալիս եմ այդ թանկարժեք պարգևի՝ կյանքի հետ վարվելու մոտեցումները և գործիքները:

Զարթուցիչում մենք հաճախ ենք օգտագործում անձնային աճի գործիքներ, այն է՝ հիշողության զարգացման գործիքներ, նպատակադրման, ենթագիտակցության վրա աշխատելու, աշխատունակության բարձրացման, հարաբերությունների կարգավորման տեխնիկաներ ու վարժություններ:

Այս տեխնիկաներին գումարվում են նաև մոտիվացիան, մթնոլորտը, միջավայրը: Վերջինս շատ կարևոր է, քանի որ, ինչպես մարզիկների դեպքում, թիմում մարզվելուց բացահայտվում են թիմի բոլոր անդամների թաքնված պահուստային էներգիան ու հնարավորությունները:

Գրիգոր Առաքելյան

Որո՞նք են այն խնդիրները, որոնցով ամենից հաճախ դիմում են Ձեզ:

Յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր են իր երեխաների, իր ամուսնու կամ կնոջ հետ հարաբերությունները, կարևոր է այն հարցը, թե ինչ մասնագիտական բարձունքների կարող է ինքը հասնել: Սակայն, անշուշտ, կան նաև հարցեր, որոնք շատ անհատական են, եզակի իրենց տեսակի մեջ, և այդ հարցերով մենք զբաղվում ենք արդեն անձնական քոուչինգի շրջանակներում: Այդ թվում կարող են լինել հոգեբանական խնդիրներ, վախեր, ամուսնալուծություն, անհաջողակի սինդրոմ, բիզնես խնդիրներ և այլն:

Մարդիկ կարծում են, որ լայֆ քոուչը պետք է չունենա իր սեփական խնդիրները, պետք է կայացած լինի կյանքի բոլոր ոլորտներում։ Արդյո՞ք դա այդպես է կամ այդպես պետք է լինի։

Լավագույն խորհուրդը, անշուշտ, անձնական օրինակն է: Ես ինքս կրում եմ այն գաղափարախոսությունը, որը խորհուրդ եմ տալիս մարդկանց, այն է՝ ստեղծել, այլ ոչ թե սպառել, մարզվել, ապրել առողջ ապրելակերպով, ապրել և ստեղծել Հայաստանում և այլն, և այլն: Ամեն օր իմ կյանքում ես որևէ խնդիր եմ լուծում, բայց այն խնդիրները, որոնք ես այսօր եմ լուծում, դրանք արդեն իսկ օրինակ վերցնելու խնդիրներ են:

Լայֆ քոուչներից մարդիկ ակնկալում են ստանալ իրենց բոլոր հարցերի պատասխանները: Արդյո՞ք Դուք ունեք այդ բոլորի պատասխանները:

Զարթուցիչը ստեղծվել է այն ժամանակ, երբ ես ավելի շատ հարցեր ունեի, քան պատասխաններ: Բայց ես թույլ չեմ տվել, որ որևէ հարց «քնի» իմ մեջ, և դրանց պատասխանները մեկը մյուսի հետևից բացահայտելով՝ եկել-հասել եմ գիտելիքների որոշակի պաշարի:

Իհարկե, ես չունեմ ինձ տրվող բոլոր հարցերի պատասխանները, բայց յուրաքանչյուր հարց, որի պատասխանը ես դեռ չունեմ, դառնում է աճի ու զարգացման պատճառ թե՛ իմ, թե Զարթուցիչի համար: Ես սկսում եմ ուսումնասիրել, հետազոտել խնդիրը, լուծումներ փնտրել: Մյուս Զարթուցիչին այդ հարցը ևս՝ իր պատասխանով հանդերձ, ավելացվում է դասընթացին: Դա է պատճառը, որ ամեն հաջորդ Զարթուցիչ ավելի հագեցած է լինում նախորդից 30%-ով:

Գրիգոր Առաքելյան

Ինչպիսի՞ հաղթանակներ են գրանցել այն մարդիկ, ում Դուք օգնել եք։ Հաղթանակներ, որոնցով Դուք հպարտանում եք և համարում եք նաև ձեր հաղթանակները։

Ինձ թերևս ամենից շատ շնորհակալություն են հայտնում այն բանի համար, որ բազմաթիվ դրական փոփոխություններ են լինում ընտանիքների ներսում: Փոխվում է ընտանեկան հարաբերությունների մակարդակը, նվազում է կոնֆլիկտների քանակը:

Մյուս կարևոր հաղթանակներից մեկը համարում եմ այն, որ Զարթուցիչի մասնակիցները սկսում եմ ավելի շատ ստեղծել, քան ստեղծում էին մինչև Զարթուցիչը: Զարթուցիչում կա այսպիսի մի վարժություն. մասնակիցները պետք է աշխատեն 30 հազար դրամ ոչ այն գործի միջոցով, որով իրենք զբաղվում են այդ պահին: Մարդը փորձում է ընդլայնել իր մտահորիզոնը, օգտագործել իր այն հնավորությունները, որոնց մասին ինքը չէր էլ մտածել նախկինում: Ես փորձում եմ այնպես անել, որ մարդիկ սկսեն զբաղվել իրենց սիրած գործով:

Հաղթանակ եմ համարում նաև այն, որ բիզնեսով արդեն իսկ զբաղվող մարդիկ Զարթուցիչին մասնակցելու արդյունքում սկսում են աշխատել իրենց վրա, ինքնակատարելագործվել, հետաքրքիր գաղափարներ կիրառել իրենց բիզնեսում, ձգտում են այլ թրեյնինգների մասնակցել և այլն:

Ուրախ եմ, որ եղել են նաև այնպիսի դեպքեր, երբ ես կարողացել եմ մարդկանց հետ պահել Հայաստանը լքելու և Հայաստանից դուրս ապագա փնտրելու մտքից, և այդ մարդիկ կարողացել են ոտքի կանգնել այստեղ, լուծել իրենց խնդիրներն ու բարելավել գործերը:

Ի՞նչ պետք է անի լայֆ քոուչը ինքն էլ մշտապես լավ մարզավիճակում լինելու համար։

Ես մարզվում եմ թե՛ սպորտային առումով, թե՛ մտավոր: Օրվա մեջ առնվազն 2 ու կես ժամ ես տրամադրում եմ ընթերցանությանը: Ես հաճախ եմ լինում արտասահմանում և մասնակցում փորձի փոխանակման թրեյնինգների: Այն վարժությունները, որոնք հանձնարարում եմ իմ հաճախորդներին, ինքս էլ շարունակ անում եմ: Ես մարզվում եմ Զարթուցիչի մասնակիցներին զուգահեռ:

Գրիգոր Առաքելյան

Համարո՞ւմ եք, որ գտել եք Ձեր երջանկության բանաձևը, այն է` օգտակար լինել մարդկանց։

Այո, կարծում եմ, որ միանշանակ գտել եմ: Ամենամեծ երջանկությունը ստեղծել կարողանալն է հենց քո տաղանդի ուղղությամբ: Ես կարող էի լինել հաշվապահ, ինչպես և սկսել էի իմ մասնագիտական ուղին, բայց ես չէի լինի այնքան լավ հաշվապահ, որքան լավ թրեյներ կամ լայֆ քոուչ եմ այսօր:

Ես կարծում եմ, որ բնության կողմից մեզ տրված տաղանդներով մենք պատասխանատու ենք հասարակության առաջ: Եվ դա ոչ միայն իմ երջանկությունն է, այլև իմ առաքելությունը: Ես չեմ կարող բարելավել իմ կյանքի որակը, եթե չօգնեմ այլ մարդկանց բարելավել իրենց կյանքը:

Հաջողակ մարդը այն մարդը չէ, ով աշխատում է երկու միլիոն դրամ, բայց չունի ընտանիք: Հաջողակ մարդը այն մարդը չէ, ով աշխատում է երկու միլիոն դրամ, ունի ընտանիք, բայց չունի ընկերներ և չի շփվում ոչ ոքի հետ: Հաջողակ մարդը այն մարդը չէ, ով աշխատում է երկու միլիոն դրամ, ունի ընտանիք, ունի ընկերներ, բայց չունի ժամանակ շփվելու իր ծնողների հետ: Հաջողակ մարդը այն մարդը չէ, ով ունի վերոնշյալը, բայց չունի առողջություն:

Հաջողակ մարդը այն մարդն է, ում կյանքի բոլոր ոլորտներում կա ներդաշնակություն և կա աճ: Եթե դուք ճիշտ ու հավասարաչափ բաշխեք ձեր կյանքի ռեսուրսները, դուք կհաջողեք ձեր կյանքի բոլոր ոլորտներում: Այն մեկ ժամը, որը դուք խլում եք ձեր կնոջից հանուն աշխատանքի, եթե վերադարձնեք նրան, ապա նրանից ստացած էներգիան ու մոտիվացիան ձեզ կօգնեն շատ ավելի արագ ու լավ անելու բոլոր գործերը:

Գրիգոր Առաքելյան

Լայֆ քոուչինգի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:
«Զարթուցիչ» թրեյնինգների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ

In this article


Join the Conversation