facebook

ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻ. ՍՈՒՊԵՐՄԵՆԻ ԿՅԱՆՔԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Ջորջ Քլունին հիացնում է ոչ միայն իր մեծ տաղանդով, գրավիչ արտաքինով, այլև մարդկային արարքներով, կշռադատված ու իմաստուն խոսքերով ու գործերով:

1063
Ջորջ Քլունի

Գործընկերները նրան իսկական սուպերմեն են համարում, մարդ, ում ամեն ինչ հաջողվում է անել ամենաբարձր մակարդակով: Եվ ուրեմն, որոնք են Ջորջ Քլունիի կյանքի սկզբունքները: Ի՞նչ ունենք սովորելու նրանից նաև մենք:

ԵՐԲԵՔ ՉՀԱՆՁՆՎԵԼ

Իմ ծնողները միշտ հավատում էին ինձ և ասում, որ անպայման կգտնեմ ինքս ինձ:

Ջորջ Քլունի

Ջորջ Քլունիին ոչինչ չի տրվել պատրաստի՝ սկուտեղի վրա դրված: Մանկության տարիներին նա հիվանդացավ ծանր հիվանդությամբ՝ Բելլի կաթվածով, որն ամբողջությամբ անշարժացրեց դեմքի մի մասը:

«Մենք նոր էինք տեղափոխվել այլ քաղաք, երբ ես հիվանդացա: Իսկ այդ տարիքում երեխաները անխնա ծաղրում են դիմացինի թերությունները: Համադասարանցիներս ինձ Ֆրանկեյնշտեյն էին կոչում: Բայց ես քիթս չկախեցի, քանի որ բավական վաղ հասկացա, որ պետք է առաջինը կատակել: Դա մարդուն զինաթափելու լավագույն տարբերակն է: Ես ինքս էի ծիծաղում իմ թերության վրա, ինչի պատճառով իմ հասակակիցների համար արդեն ավելի դժվար էր դառնում դա անել»:

Հիվանդությունը կոփեց Քլունիին և վստահություն տվեց նրան, որ այսուհետ ինչ ճանապարհ էլ ինքն ընտրի, ամեն ինչից էլ կկարողանա գլուխ հանել:

ԼԻՆԵԼ ՀԱՄԱՌ

Եթե կա աշխատելու հնարավորություն, բռնիր այն երկու ձեռքով:

Ջորջ Քլունի

Երբ 5 տարեկանում Ջորջ Քլունին մասնակցեց այն հեռուստաշոուին, որը վարում էր հայրը, որոշեց անպայման լրագրող դառնալ, բայց երբ ավելի մեծացավ և սկսեց առաջին փորձերը անել, հասկացավ, որ իրեն մշտապես համեմատելու են հոր հետ, և որ համեմատությունը իր օգտին չի լինելու: Հետո Քլունի որոշեց հոգևորական դառնալ, բայց երբ իմացավ, որ կանանց ու խմիչքներին պետք է բացառել, հրաժարվեց նաև այդ մտքից: Հայտնի չէ, թե ինչ կդառնար նա, եթե զարմիկը չառաջարկեր նրան հետաքրքրության համար նկարահանվել իր ֆիլմում: Ֆիլմն այդպես էլ էկրաններ չբարձրացավ, բայց նկարահանման հրապարակի մթնոլորտն իր գործն արեց:

Քլունին տեղափոխվեց Լոս Անջելես և անթիվ-անհամար կինոփորձերի մասնակցեց, սակայն ամենուրեք նրան մերժումներ էին սպասում: Քլունին չէր հանձնվում, հաճախ քնում էր ընկերների բնակարանների լոգարանում, սնվում էր էժանագին բիստրոներում: Վերջապես նրա պարգևատրվեց իր համառության համար և դեր ստացավ «Շտապօգնություն» սերիալում: Նրա հաջողությունն աննախադեպ էր: Իր դերակատարման համար Քլունին ներկայացվեց մի շարք հեռուստատեսային մրցանակաբաշխություններում, իսկ հետո էլ ստացավ մեծ թվով առաջարկներ նմանատիպ դերերի համար: Բայց Քլունին գիտեր նաև սպասել, և շուտով հեռախոսազանգ ստացավ հենց Տարանտինոյից, ով առաջարկեց նրան մանյակի դեր խաղալ «Մայրամուտից մինչև լուսաբաց» ֆիլմում: Հենց այս ֆիլմն էր, որ նրան սուպերաստղ դարձրեց:

ԱՇԽԱՏԵԼ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Ջորջ Քլունի

Ես սիրում եմ իմ աշխատանքն ու այն ճանաչումը, որն ունեմ: Խլեք այն ինձնից, և ես, հավանաբար, կմնեռնեմ:

Ջորջ Քլունի

Ջորջ Քլունին օժտված է զարմանալի աշխատունակությամբ: Նա հաջողացնում է միաժամանակ նկարահանվել երկու կինոֆիլմում և մեկ հեռուստասերիալում:

«Այդպես էր նաև հայրս: Նա միաժամանակ աշխատում էր 5 տեղում: Առավոտյան ռադիոհաղորդում էր վարում, ցերեկը՝ թոք շոու, նկարահանվում էր ֆիլում, երեկոյան էլ խաղում էր թատրոնում: Իսկ հանգստայն օրերին նա խաղային շոու էր վարում, որի նկարահանման համար ամեն անգամ Նյու Յորք էր մեկնում: Այսպիսին է մեր ընտանիքը: Եթե մեզ աշխատանք են տալիս, մենք հանձն ենք առնում այն կատարել»:

ՀԵՏԵՎԵԼ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Ինձ թվում է, որ ես տարիների հետ ավելի պարզ եմ լսում ժամացույցի թկթկոցը: Կյանքն այնքան կարճ է, իսկ հասցնել պետք է ամեն ինչ:

Ջորջ Քլունի

Քլունին արդեն 55 տարեկան է, սակայն առնվազն վերջին երկու տասնամյակում պարտադիր ընդգրկվում է աշխարհի ամենագեղեցիկ ու գրավիչ տղամարդկանց ցուցակներում: Թվում է՝ ժամանակը նրա համար կանգ է առել: Սակայն ինքը՝ Քլունին, իր կենսակերպը բոլորովին էլ գաղտնի չի պահում ու չի փորձում գունազարդել: Նա պարզապես ամեն օր գնում է մարզասրահ և շաբաթական երկու օր բասկետբոլ է խաղում: Նա սկզբունքորեն չի ծխում, քանի իր բարեկամներից 9-ը մահացել են թոքերի քաղցկեղից: Իսկ իր դիետային շատ պարզ անվանում է տվել՝ պարզապես «Փակիր բերանդ»:

ԾԱԽՍԵԼ ԳՈՒՄԱՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՃՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

Ինձ համար դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ ես կարող եմ կառուցել հսկայական խաղատուն, իսկ այդ ընթացքում աշխարհում սովից երեխաներ մահանան:

Ջորջ Քլունի

Արդեն վաղուց Քլունին որևէ խնդիր չունի ֆինանսների հետ, բայց նաև չունի սեփական կղզի, ինչպես իր գործընկերներից շատերը: Վերջին տարիներին նա ակտիվ զբաղվում է բարեգործությամբ:

«Երկար ժամանակ ես ինքս էլ աղքատ եմ եղել և հիմա մեղքի զգացում ունեմ այն գումարների համար, որոնք գալիս են ինձ հաջողության ու ճանաչման հետ համատեղ: Եվ ես որոշել եմ իմ բոլոր եկամուտների 25%-ը նվիրաբերել բարեգործական նպատակներով»:

«Փառքը բավական հետաքրքիր բան է: Եթե քեզ անընդհատ հետապնդում են տեսախցիկները, երբեմն կարող է թվալ, թե դու խեղդվում ես: Ես մտածեցի, որ լրագրողների հետաքրքրությունը կարելի է ավելի արդյունավետ օգտագործել, եթե տեսախցիկները հետևեն ինձ և լուսաբանեն այնպիսի պատմություններ, որոնք հսկայածավալ ու վտանգավոր աշխատանք են պահանջում»:

Նա հյուրընկալում է իր տանը անտուն թափառաշրջիկի, ընթրում է անօթևանների համար նախատեսված ճաշարանում, որպեսզի հրավիրի մարդկանց ուշադրությունն անօթևանների խնդիրների վրա:

Ջորջ Քլունին համահիմնադիրն է «Not On Our Watch» հիմնադրամի, որը ստեղծել է իր հայտնի գործընկերներ Բրեդ Փիթի, Դոն Չիդլի, Մեթ Դեյմոնի, Ջերի Ուայնթրաուբի հետ: Այդ կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում Սուդանի Դարֆուր շրջանում ցեղասպանությունից տուժածներին:

Քլունին նաև իր մեծ ներդրումն ունեցավ Ռուբեն Վարդանյանի ջանքերով հիմնված «Ավրորա» մրցանակաբաշխության և դրա մեծ հանրային ճանաճման գործում՝ հրավիրելով աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության իրողության վրա:

ՉՎԱԽԵՆԱԼ ԽԵԼԱՑԻ ԿԱՆԱՆՑԻՑ

Ջորջ Քլունի

Երբ Քլունին հայտարարեց իր և իրավաբան Ամալ Ալամուդինի ամուսնության մասին, աշխարհն ապշած էր, սակայն Քլունիի մտերիմների համար նրա ընտրությունը զարմանալի չէր: «Ջորջը միշտ էլ սիրել է խելացի ու բարձր կարգի կանանց»,- ասում էին նրանք:

Նրա առաջին կինը՝ Թալիա Բալսամը ևս խելացի կին էր ու լավ ընտանիքից էր, սակայն նրանց ամուսնությունը բավական վաղ տարիքում էր եղել, ինչը հանգեցրել էր ոչ ճիշտ կառուցված հարաբերությունների: Ամուսնալուծությունից հետո Քլունին որոշել էր երդվյալ ամուրի դառնալ, սակայն չկարողացավ դիմադրել գեղեցիկ ու խելացի Ամալին, ով իր մեջ համադրում էր բոլոր այն հատկանիշները, որոնք ինքը փնտրում էր կանանց մեջ:

Այսօր Քլունին ասում է, որ կատարելապես երջանիկ է կնոջ հետ, հպարտանում է  նրա հաջողություններով ավելի, քան երբևէ: Նաև ոստովանում է, որ Ամալն իրենց զույգի ուղեղային կենտրոնն է, և ինքը հաճախ է իրեն հիմար զգում կնոջ հետ զրուցելիս, սակայն դա իրեն ամենևին չի վախեցնում:

In this article


Join the Conversation