7 ԿԵՏ ՌԵԶՅՈՒՄԵԻ ՄԵՋ, ՈՐՈՆՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆ

Գործատուները ոչ միշտ են ի վիճակի ընթերցել ձեր ռեզյումեն սկզբից մինչև վերջ: Նրանց տարիների փորձը, ինչպես նաև ժամանակի սղությունը ստիպում են որդեգրել որոշակի սկզբունքներ և առաջնորդվել դրանցով տասնյակ և անգամ հարյուրավոր ռեզյումեներից արագ ու ճիշտ ընտրություն անելու համար:

4372
7 կետ ռեզյումեի մեջ, որոնց ուշադրություն է դարձնում գործատուն

Facebook ընկերության փորձառու HR մասնագետներից մեկը կիսվում է իր փորձով ու ներկայացնում այն հիմնական կետերը, որոնց ինքն ուշադրություն է դարձնում ռեզյումեներն աչքի անցկացնելիս:

ԻՆՉԻ՞Ն ԵՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՌԵԶՅՈՒՄԵԻ ՄԵՋ

  1. Վերջին աշխատանքը: Facebook-ի HR-մասնագետը նշում է, որ սա իր համար թերևս ամենակարևոր կետն է: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է թեկնածուն թողել իր վերջին աշխատատեղը, հեռացել է սեփական ցանկությամբ, թե ոչ, ինչ պարտականություններ է ունեցել այնտեղ, որքան երկար է աշխատել:
  2. Ընկերության ճանաչելիությունը: Թեկնածուի մասնագիտական որակավորման մասին կարող է վկայել այն ընկերության անունը, որտեղ նա աշխատել է: Եթե նակին աշխատատեղերի ցանկում կա հայտնի ընկերություն, ապա դա կամա թե ակամա թեկնածուին շնորհում է ևս մեկ հավելյալ առավելություն:
  3. Ընդհանուր փորձ: Կարևոր է նաև հասկանալ այն, թե արդյոք թեկնածուն մասնագիտական աճ ունեցել է նախկինում, թե ոչ, արդյոք նրա հաջորդ աշխատանքը նախորդից ավելի պատասխանատու ու բարձր է եղել, պարտականությունները, նրա առջև դրված խնդիրները հետզհետե ավելի բարդ ու կարևոր են դարձել, թե ոչ:
  4. Բանալի բառեր: Եթե գործատուն փնտրում է որոշակի հմտություններով թեկնածու, օրինակ՝ ծրագրավորող, ապա նա կարող է առանձնապես ուշադրություն չդարձնել ձեր կազմակերպչական կարողությունների վրա, այլ պարզապես օգտագործել Ctrl + F կոճակների համադրությունն ու որոնել ծրագրավորման այն լեզուն, որն իրեն անհրաժեշտ է համոզվելու համար, որ այն առկա է ձեր հմտությունների ցանկում:
  5. Դադարներ: Սա թերևս գործատուներին ամենաշատն է անհանգստացնում: Եթե ձեր երկու աշխատանքների մեջ կա մի քանի տարվա դադար, ապա դա կարող է մտահոգիչ լինել: Անգամ եթե այդ շրջանում դուք պարզապես ֆրիլանս աշխատանք եք կատարել կամ փորձել եք սեփական գործ ձեռնարկել կամ էլ ֆիզարձակուրդում եք եղել, նշեք այդ մասին ռեզյումեի մեջ. խորհուրդ է տալիս Facebook-ի HR մասնագետը:
  6. Սոցիալական ցանցեր: Դրանք կարող են ձեր մասին պատմել շատ ավելին, քան ռեզյումեն: Համոզված եղեք, որ գործատուների մեծ մասն այսօր կփորձի ձեզ որոնել Facebook-ում կամ Twitter-ում: Այնպես որ, աշխատանքի դիմելուց առաջ հոգ տարեք նաև այն մասին, որ ձեր սոցիալական հաշիվները պատշաճ տեսք ունենան:
  7. Եվ վերջապես ռեզյումեի արտաքին տեսք, գրագետ կառուցվածք, ուղղագրական սխալների բացակայություն, պարզություն, հստակություն. հատկանիշներ, որոնց մասին մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք:

ԻՆՉԻ՞Ն ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՌԵԶՅՈՒՄԵԻ ՄԵՋ

  • Կրթություն: Փորձն ավելի կարևոր է:
  • Ավելորդ ձևավորումներ:
  • Անձնական բնույթի տեղեկատվություն՝ ընտանեկան կարգավիճակ, երեխաների առկայություն, հոբբիներ և այլն:

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԴԱԴԱՐԵԼ ԱՆԵԼ

  1. Օգտագործել ռեզյումեների հնացած ու տարածված նմուշներ: Պարզ ու հարմարավետ դիզայնով հայերեն ռեզյումեների նոր նմուշներ կարող եք գտնել այստեղ
  2. Գրել տարբեր տառատեսակներով ու տառաչափերով:
  3. Գրել ռեզյումեն առաջին դեմքով (եթե, իհարկե, դա արված չէ շատ կրեատիվ տարբերակով):
  4. Կազմել բազմաթիվ էջերով ռեզյումեներ: 1-2 էջը միանգամայն բավարար է:
  5. Խաբել:

Անշուշտ այս խորհուրդներ որոշ չափով սուբյեկտիվ են, քանի որ տրված են մեկ մասնագետի կողմից, սակայն միանշանակ կարող են օգտակար լինել և մեծացնել ցանկալի աշխատանք ստանալու ձեր շանսերը:

Ռեզյումեն գրագետ կազմելու բովանդակային և տեխնիկական այլ խորհուրդների կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:

In this article


Join the Conversation