ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ – ԱՍՏԻՃԱՆԸ

Մի օր ես հանդիպեցի աստիճանին: Դա մի վերև տանող աստիճան էր, որից այնքան հաճախ ցած են գլորվում: Մենք երկար զրուցեցինք և ես շատ բան հասկացա նրա պատմություններից...

1787
Լեոնիդ Ենգիբարյան

Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե մարդու կյանքում գլխավորը ճանապարհն է: Ոչ, գլխավորը`աստիճաններն են, նրանցով մենք բարձրանում և իջնում ենք (ոչ միշտ և ոչ միշտ ինքնուրույն), աստիճաններով մենք մագլցում ենք, իսկ երբեմն երջանիկ վազում, ցատկում ենք միանգամից երկու աստիճանով դեպի հաջողության մարմարե հարթակը` երբեմն այնքա՜ն փխրուն:

Այդտեղից մենք շատ բան ենք տեսնում, և շատերն են տեսնում մեզ: Այդ ամենից հետո շատ կարևոր է որոշել` հարկ կա՞ արդյոք բարձրանալ ավելի վեր և ո՞ր սանդուղքով, կամ գուցե ավելի լավ է վերելակ կանչե՞լ և շարժվել մեկ վեր, մեկ վար` կախված նորաձևության մեխանիզմից, հասարակական կարծիքից և այն ամենից, ինչ կառավարում են այդ կամակոր վերելակը:

Կան նաև սլանալու սիրահարներ՝ տալով իրենց սրտի և մտքի ամբողջ ուժը ամենանեղ և վտանգավոր սանդուղքների ամենաբարձունքին, և այնտեղից ներքև իջնելով բազրիքների վրա նստած` հաճույք ստանալով մեծարանքի ծափահարություններից անմտության և քաջության համար: Այդտեղ վերջում չկանգնելու և ցած ընկնելու վտանգ կա, իսկ նրանց մոտ, ովքեր նման սանդուղքը իջնում են բազրիքների վրայով, շունչը կտրվում է, և գլուխը՝ պտտվում: Իսկ ծափահարողնե՞րը… Նրանք հավաքվում են, իհարկե, ոչ անկումի համար:

Այո, մեր կյանքում ամենակարևորը աստիճաններն են, որովհետև չէ՞ որ յուրաքանչյուր ճանապարհ վերջում նույն աստիճանն է, պարզապես սկզբում այնքան էլ դա չի զգացվում: Եվ հատկապես վտանգավոր են կորաձև աստիճանները, երբ շրջադարձերի պատճառով չես զգում, որ ավելի ու ավելի ցած ես իջնում:

Ահա թե ինչ պատմեց ինձ վերև տանող ծեր աստիճանը, որը շատ էր տանջվում, երբ իրենից ցած էին գլորվում:

Մի՛ նեղացրեք աստիճաններին:

Լեոնիդ Ենգիբարյան

In this article


Join the Conversation