ԷԼԵՈՆՈՐ ՌՈՒԶՎԵԼՏ. Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Էլեոնոր Ռուզվելտը ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կինն էր, ըստ ամերիկացիների՝ երկրի ողջ պատմության ընթացքում լավագույն առաջին տիկինը: Նա ոչ միայն ակտիվ հասարակական գործիչ էր, այլև իմաստուն կին ու մեծ մարդասեր: Ահա թե որն է երջանկության գաղտնիքը՝ ըստ Էլեոնոր Ռուզվելտի:

1802
Էլեոնոր Ռուզվելտ. Ինչ է պետք երջանկության համար

«Երջանկությունը նպատակ չէ, այլ հետևանք: Կարող է հակասական թվալ, բայց հանուն սեփական հաճույքի ապրելու ձգտումը ամենակարճ ճանապարհն է ինքդ քեզ դժբախտացնելու համար: Շատ կարճ ժամանակ անց դուք հասկանում եք, որ որևէ բան ձեզ չի կարող իսկապես երջանկացնել: Պատճառն այն է, որ կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ապագայի հանդեպ հույսը ապրում են մեր մեջ միայն այն դեպքում, երբ մենք ուրախություն ենք պարգևում այլ մարդկանց:

Հեշտ է սայթաքել ու հայտնվել եսակենտրոնության աշխարհում: Դա ճակատագրական կարող է լինել: Երբ մարդը մտահոգված է միայն ինքն իրենով, իր առողջությամբ, իր անձնական խնդիրներով ու առօրյա կյանքի մանրուքներով, նա անմիջապես կորցնում է հետաքրքրությունն այլ մարդկանց հանդեպ: Եվ ինչն ավելի վատ է, նա կորցնում է կապը կյանքի հետ: Այստեղից միայն մեկ քայլ է մնում, որ կորցնեք աշխարհի ու առհասարակ կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Դա վերջի սկիզբն է, դա մահվան մոտենալն է:

Մի անգամ ինձ հարցրին, թե որոնք են իմ կարծիքով երջանկության երեք նախապայմանները: Ես պատասխանեցի «Գիտակցությունը, որ դու միշտ ազնիվ ես եղել ինքդ քեզ և քեզ շրջապատողների հետ: Գիտակցությունը, որ դու արել ես ամեն հնարավորը քո աշխատանքի և անձնական կյանքի համար: Եվ ուրիշներին սիրելու կարողությունը»:

Բայց կա ևս մեկ հիմնաքարային պայման, և ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էի մոռանալ դրա մասին, այն է՝ գիտակցությունը, որ դու այս կամ այն կերպ օգուտ ես բերում: Օգտակար լինելը, ինչ տեսքով էլ, որ դա լինի, այն գինն է, որը մենք բոլորս պետք է վճարենք այն օդի համար, որը շնչում ենք, այն ուտելիքի համար, որը ուտում ենք, և Երկիր մոլորակի վրա բնակվելու իրավունքի համար: Օգուտ բերելը ինքնին պարգևատրում է և առաջին քայլն է երջանկության համար, ճիշտ այնպես, ինչպես խղճահարությունը ինքդ քո հանդեպ և կենսական դժվարություններից խուսափելը տառապանքների սկիզբն է:

Եվ հիշեք, ձեր կյանքը պատկանում է ձեզ, միայն եթե դուք կանգնած եք դրա ղեկի մոտ: Այն կանոնները, որոնցով դուք ապրում եք, պետք է լինեն ձեր կանոնները, ձեր արժեքները, ձեր համոզմունքներն այն մասին, թե ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ, ինչն է ճշմարիտ, իսկ ինչը՝ սուտ, ինչն է կարևոր, իսկ ինչը բոլորովին նշանակություն չունի: Եթե դուք ընդունում եք մեկ այլ մարդու կամ խմբի կանոններն ու արժեքները, որոնք ձեզ ճնշում են, դուք դավաճանում եք ինքներդ ձեզ, դուք կորցնում եք ձեր ուժը, ձեր անհատականությունը»:

Ըստ Էլեոնոր Ռուզվելտի՝ «You Learn by Living: Eleven Keys for a More Fulfilling Life» գրքի

In this article


Join the Conversation