ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ԵՐԲ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼՌԵԼ

Երբեմն լինում են այնպիսի պահեր, որ հազիվ ես զսպում քեզ չպատասխանելու համար, քանի որ գիտես, որ եթե հիմա չլռես, ստիպված կլինես ասել վատ բաներ, վիրավորել դիմացինին կամ հավիտյան փչացնել նրա հետ հարաբերությունները:

2291

Ի՞նչ անել այսպիսի դեպքերում՝ լռե՞լ, թե պատասխանել: Հոգեբանները գիտեն նաև այս հարցի պատասխանը և առաջարկում են ելք այս դժվար ու տհաճ իրավիճակից:

Եվ ուրեմն, դուք հայտնվել եք այնպիսի իրավիճակում, որ եթե արտահայտեք այն ամենն, ինչ կա ձեր ներսում, դա կդառնա վերջի սկիզբը: Հոգեբան և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լեոն Զելցերը ներկայացնում է 8 իրավիճակ, որոնցում ավելի լավ է լեզուն պահել ատամների արանքում:

1. ԵՐԲ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ, ՍԱԿԱՅՆ ԴԱ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ՏԱ ԾԱԳԱԾ ԽՆԴՐԻՆ

Եթե դուք հասկանում եք, որ այն, ինչ հիմա ձեր մտքին է, ընդամենը ձեր սեփական տեսակետն է տվյալ իրավիճակի հանդեպ, ապա ավելի լավ է լռել, քանի որ զգացմունքային ու նեղացկոտ մարդիկ (իսկ ձեր զրուցակիցը գուցե և այդպիսին է) լարված իրավիճակում չեն կարող ընդունել ուրիշի տեսակետը:

Ավելի լավ է՝ փորձեք իրավիճակը վերլուծել ինքներդ ձեր մեջ, հետևություններ անեք և լուծումներ փնտրեք, այլ ոչ թե «շպրտեք» ձեր տեսակետը դիմացինի երեսին:

2. ԵՐԲ ՁԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ. «ԵՍ ԱՅՍ ՆԿԱՐՈՒՄ ԱՀԱՎՈՐ ԵՄ, ՉԷ՞, ԴՈՒՐՍ ԵԿԵԼ» ԿԱՄ «ՏԵՍՔՍ ՇԱ՞Տ ՎԱՏ Է»

Սովորաբար այս հարցը երկու պատասխան է ենթադրում: Առաջինը՝ գոնե քաղաքավարությունից դրդված փորձել համոզել զրուցակցին, որ դա այդպես չէ: Երկրորդ՝ ասել ճշմարտությունը, ինչպիսին էլ, որ դա լինի: Սակայն երկու ելքն էլ հաջող չեն, քանի որ առաջին դեպքում նա վատ տեսքով կարող է գնալ աշխատանքի կամ հանդիպման, իսկ երկրորդ դեպքում կարող է շատ տխրել: Այնպես որ, այս դեպքում միանշանակ ամենալավ տարբերակը լռելն է:

3. ԶՐՈՒՑԱԿԻՑԸ ՀԱՏՈՒԿ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵՐ ՄԵՋ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԷՄՈՑԻԱՆԵՐ ԱՐԹՆԱՑՆԵԼ

Այսպես իրենց պահում են պասիվ-ագրեսիվ մարդիկ, ովքեր, թվում է, առանձնապես ոչինչ չեն անում, սակայն իրենց պահվածքով ու գործողություններով հանում են քեզ հունից, իսկ հետո էլ մեղադրում են, թե իբր դու ես ամեն ինչ սկսել:

Եթե այսպիսի մարդիկ քննադատում են ձեզ կամ արտահայտում իրենց հեղինակավոր կարծիքը, հարկավոր է լսել նրանց և պատասխանել շատ զուսպ ու հակիրճ՝ ձեր իրական վերաբերմունքը ձեր մեջ պահելով, և միայն ասել, որ դուք հաշվի եք առնում նրա տեսակետը:

4. ԵՐԲ ԶՐՈՒՑԱԿԻՑԸ ՏԱՔԱՑԱԾ Է, ԵՎ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԲԱՐԿԱՑՆԻ ՆՐԱՆ

Մինչև «տաքացած» մարդուն որևէ բան ասելը, թույլ տվեք, որ նա դուրս թափի իր բարկությունը, արտահայտվի, իսկ երբ հանդարտվի, ավելի հանգիստ ձևով արտահայտեք ձեր կարծիքը: Ցանկացած փորձ անել դա այն պահին, երբ նրանից ագրեսիա է դուրս հորդում, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, և անգամ ամենատրամաբանական դատողությունները նրա կողմից միանգամայն հակառակ ձևով կհասկացվեն:

5. ԵՐԲ ԶՐՈՒՑԱԿԻՑԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵԶ ԱՎԵԼԻ ԲԱՐԿԱՑՆԵԼ

Կան մարդիկ, ովքեր ի վիճակի են հունից հանել անգամ ամենահանգիստ մարդուն: Եթե զգում եք, որ բարկությունը ձեր մեջ էլ ավելի է մեծանում, սրտխփոցն արագանում է, ձեռքերը քրտնում են… պարզապես լռեք, հակառակ դեպքում այն ամենը, ինչ կասեք այդ բարկացած պահին (իսկ դուք հաստատ լավ բաներ չեք ասի), հետագայում կօգտագործվի հենց ձեր դեմ: Ինքդ քեզ զսպելը դժվար գործ է, բայց ոչ անհնար:

6. ԵՐԲ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԾԱՂՐԵԼ ՁԵԶ

Ծաղրանքներին պատասխանելը անշնորհակալ գործ է, քանի որ ծաղրողի նպատակը հենց ձեր պատասխան ռեակցիան է, ինչպիսին էլ որ այն լինի: «Պրոֆեսիոնալ ծաղրողները» կարող են ձեր դեմ օգտագործել ձեր ցանկացած պատասխանը: Միակ ռեակցիան, որ նրանք չեն ցանկանում ստանալ ձեզնից, արհամարհանքն է: Այնպես որ, հաճույք մի պատճառեք նրանց և ուշադրություն մի դարձրեք ձեզ հունից հանելու նրանց փորձերին:

7. ԵՐԲ ՁԵԶ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՆ ԶՐՈՒՅՑԻ ՄԵՋ, ՈՐԻ ԹԵՄԱՅԻՑ ԴՈՒՔ ՉԵՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Կան մարդիկ, որոնք փորձում են զրուցել այնպիսի թեմաներով, որոնցից իրենք գլուխ են հանում, իսկ զրուցակիցը՝ ոչ: Դա յուրատեսակ միջոց է սեփական ինքնագնահատականը բարձրացնելու և զրուցակցին ստորացնելու համար: Մյուս տարբերակն էլ այն մարդիկ են, ովքեր իրենց միշտ ճիշտ են համարում, և որոնց գրեթե անհնար է համոզել ինչ-որ բանում:

Մարկ Տվենն ասում էր՝ երբեք մի վիճեք հիմարների հետ: Դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք կտրորեն ձեզ իրենց մեծ փորձով:

8. ԵՐԲ ՁԵՐ ԱՐՁԱԳԱՆՔՆ ԱՎԵԼԻ ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՊԱՀՎԱԾՔԸ

Ամենաակնառու օրինակն այս դեպքում երեխաների հիստերիկաներն են: Այս կերպ նրանք փորձում են իրենց վրա հրավիրել մեծերի ուշադրությունը, իսկ հետո սկսում են էլ ավելի մեծ հիստերիկա բարձրացնել: Երբ երեխան ընկնում է և գրեթե ոչ մի վնասվածք չի ստանում, սկսում է կամացուկ տզզալ՝ ուշադրություն դարձնելով ձեր ռեակցիային: Եթե դուք իրար եք խառնվում և վախեցած վազում եք գրկելու ու հանգստացնելու նրան, կամացուկ տզզոցը միանշանակ վերածվում է բարձր հեկեկոցի: Իրականում շատ մեծահասակներ իրենց պահում են ճիշտ և ճիշտ փոքր երեխաների պես:

Ինչպես տեսնում եք, Լեոն Զելցերի այս խորհուրդները շատ պարզ էին, իսկ նրա նկարագրած իրավիճակները՝ ծանոթ գրեթե բոլորիս: Այնպես որ, դրանց մասին հիշելն ու կիրառելը առօրյա կյանքում բոլորովին էլ դժվար չի լինի:

In this article


Join the Conversation