9 ՖԻԼՄ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՀԱՅՏ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՍԻՆ

Այս ուժեղ ու յուրօրինակ անհատականությունները կերտում էին ոչ միայն իրենց կյանքը, այլև ձևավորում էին հասարակություն, ոճ, մտածողություն: Նրանք պայքարում էին իրենց երազանքների համար, փոխում պատկերացումները աշխարհի մասին:

1686
Ֆիլմեր հայտնի մարդկանց անհայտ կողմերի մասին

Այս մարդկանց կյանքը նման է թռչող ասուպի, որ իր հետքն է թողնում երկնակամարում: Սակայն նրանք էլ, բոլորիս պես, մարդիկ են եղել, ովքեր ունեցել են իրենց թուլությունները, խնդիրները և գաղտնիքները:

Ահա 9 հրաշալի ֆիլմեր, որոնք հնարավորություն կտան ավելի մոտիկից ծանոթանալ այս մեծ անհատների հետ:

ԿՈԿՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՇԱՆԵԼ

Коко до Шанель/ Coco avant Chanel

Ֆիլմեր հայտնի մարդկանց անհայտ կողմերի մասինՏարեթիվ: 2009
Ժանր: Դրամա, կենսագրություն, պատմական
IMDb 6.7 / КиноПоиск.ru 7.4

Մադմուազել Շանելը ոճի, կանացիության և վառ անհատականության իրական մարմնացում է: Բոլորը գիտեն մեծն Կոկոյի մասին, սակայն քչերին էր հայտնի, թե ինչու էր երիտասարդ Գաբրիելան ընտրել այդքան զվարճալի մականուն իր համար: Այս դրաման կբացահայտի բազմաթիվ գաղտնիքներ տաղանդավոր կնոջ մասին, ով համարձակվել էր դեմ գնալ բոլոր կարծրատիպերին: Նրա ձեռքերում կյանք էր ստանում յուրաքանչյուր կտոր, նրա հոգին շարունակում էր ավելիին ձգտել, իսկ ճակատագիրը նրան կանգնեցրել էր «սեր, թե արվեստ» ընտրության առաջ:

ԴԻԱՆԱ

Диана: История любви / Diana

Ֆիլմեր հայտնի մարդկանց անհայտ կողմերի մասինՏարեթիվ: 2013
Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրություն
IMDb 5.5 / КиноПоиск.ru 6.6

Կարո՞ղ է արդյոք փառքը մարդուն երջանկացնել: Դիանա Սփենսերի համար կյանքը հատուկ դեր էր էր վերապահել բրիտանական և համաշխարհային պատմության մեջ: Այս անկրկնելի կնոջը սիրում էին միլիոնավոր մարդիկ, նրան տրված էր բարձր դիրք հասարակության մեջ, հարստություն, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ էր թաքնված լեդի Դիի լուսավոր ժպիտի հետևում: Այս ֆիլմը ևս մեկ անգամ հաստատում է դարերի խորքից եկած ճշմարտությունը. իրական սիրո համար կարևոր չեն ոչ կարգավիճակը, ոչ դրամական հաշիվները, այն գալիս է, որպեսզի հանուն նրա դուք մեկընդմիշտ վերափոխվեք:

ԷԼՎԻՍ. ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԻՆԵՐ

Элвис. Ранние годы / Elvis. The Early Years

Ֆիլմեր հայտնի մարդկանց անհայտ կողմերի մասինՏարեթիվ: 2005
Ժանր: Դրամա, կենսագրություն, երաժշտություն
IMDb 7.4 / КиноПоиск.ru 7.7

Հիասքանչ Էլվիս Փրեսլին երբեք չի դադարի գրավել կանանց սրտերը: Նրա երգերի էներգետիկան անկրկնելի է, իսկ նրա ժպիտը ասես բոլորին հուսադրում է, որ աշխարհը կառավարում է սերը: Դերասան Ջոնաթան Մայերսին, թվում է, հաջողվել է անել անհնարինը. տաղանդավոր կերպով մարմնավորել դարաշրջանի կուռքին, ցույց տալ կինոդիտողին, թե ինչպիսին էին լեգենդար երաժշտի երիտասարդ տարիներն ու բացահայտել շատ ու շար զարմանալի փաստեր նրա մասին:

7 ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՄԵՐԻԼԻՆԻ ՀԵՏ

7 дней и ночей с Мэрилин / My Week with Marilyn

Ֆիլմեր հայտնի մարդկանց անհայտ կողմերի մասինՏարեթիվ: 2011
Ժանր: Դրամա, կենսագրություն
IMDb 7 / КиноПоиск.ru 7

Երբեմն մարդու հետ անցկացրած մեկ շաբաթը կարող է ավելի շատ բան բացահայտել նրա մասին, քան նրա ամբողջ կենսագրությունը: Ֆիլմի իրադարձությունները ներկայացնում են Մերիլին Մոնրոյի կյանքից մի հատված, երբ 1957 թվականին նա նկարահանվում էր «Արքայազնն ու պարուհին» ֆիլմում: Դուք կտեսնեք ամեն ինչ՝ կերպարանափոխություն, հիասքանչ բեմական հագուստներ, ստեղծագործական վեճեր: Կիմանաք նաև, թե ինչպես ֆիլմի գլխավոր հերոսուհին անսպասելիորեն հրապուրվում է ռեժիսորի օգնականով, ով էլ հետագայում կգրի մի ամբողջ գիրք այս մի քանի արագասահ օրերի մասին:

ՀՈՔԻՆԳ

Хокинг / Hawking

Ֆիլմեր հայտնի մարդկանց անհայտ կողմերի մասինՏարեթիվ: 2004
Ժանր: Դրամա, կենսագրություն
КиноПоиск.ru 7.9

Այնպիսի անսովոր մարդիկ, ինչպես ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգն է, հենց այնպես լույս աշխարհ չեն գալիս: Այս ֆիլմ-դրամայում դուք կարող եք տեսնել, թե ինչպես է աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկը կորցնում իր մարմնի վերահսկողությունը, սակայն թույլ չի տալիս իր բանականությանը հանձնվել, իսկ սրտում պահպանում է սերն ու հույսը: Սա չհորինված կերպարի անչափ հուզիչ պատմություն է, որին մարմնավորել է տաղանդավոր դերասան Բենեդիկտ Քամբերբետչը:

ԵՐԿԱԹԵ ՏԻԿԻՆԸ

Железная леди /The Iron Lady

Ֆիլմեր հայտնի մարդկանց անհայտ կողմերի մասինՏարեթիվ: 2011
Ժանր: Դրամա, կենսագրություն, պատմական
IMDb 6.4 / КиноПоиск.ru 7

Այս կինոնկարը ներկայացնում է աշխարհի ամենահայտնի կին քաղաքական գործիչներից մեկի՝ Մարգարետ Թետչերի՝ «Երկաթե տիկնոջ» կյանքը: Սա նրա պատմությունն է՝ երտասարդ տարիներից մինչև խոր ծերություն, լի երջանիկ, դրամատիկ և ողբերգական իրադարձություններով: Այն բացահայտում է աշխարհի իրական պատկերը, որտեղ մարդկային սրտերը կառավարվում են պարզ հաշվարկի միջոցով: Կինոդիտողը կտեսնի Թետչերի իրական կերպարը, կին, ով ստիպված էր ընտրություն կատարել անձնական կյանքի, անձնասիրության և «կայսրության» շահերի միջև:

ՋԻԱ

Джиа / Gia

Ֆիլմեր հայտնի մարդկանց անհայտ կողմերի մասինՏարեթիվ: 1998
Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրություն
КиноПоиск.ru 7.9

80-ական թվականների սկզբին ֆոտոմոդել Ջիա Քարանջին գրավեց ողջ աշխարհն իր անկրկնելի գեղեցկությամբ: Համարձակ, կրքոտ ու անկախ այս աղջիկը փորձում էր քայլել ժամանակի հետ համընթաց. հաջողության հասնել, փայլել ամսագրերի շապիկներին, փորձել բոլոր արգելված պտուղները: Սակայն այսպիսի ճանապարհը իր մեջ նաև շատ մեծ վտանգներ է թաքցնում: Ֆիլմին առանձնահատուկ հմայք է հաղորդում Անջելինա Ջոլիի հրաշալի խաղը, ով, ի դեպ, ասում են, անմիջապես չի համաձայնվել նկարահանվել ֆիլմում՝ պատճառաբանելով, որ ֆոտոմոդելի կյանքը չափազանց շատ է իրեն հիշեցնում իր սեփական կյանքը:

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

Мать Тереза / Madre Teresa

Ֆիլմեր հայտնի մարդկանց անհայտ կողմերի մասինՏարեթիվ: 2003
Ժանր: Դրամա, կենսագրություն
КиноПоиск.ru 7.7

Հուզիչ ֆիլմ հանրահայտ Մայր Թերեզայի մասին, ում սուրբ էին համարում դեռ կենդանության օրոք: Այստեղ ներկայացված է մեծ կնոջ կյանքի այն շրջանը, երբ նա դուրս է գալիս մենաստանից: Նրա առջև կյանքի ամենակարևոր ընտրություններից մեկն է, սակայն նա չի վախենում Կալկաթայի հետնախորշերից ու մեկնում է այնտեղ: Այսուհետ նրա սպիտակ-կապույտ հագուստը կդառնա բարության խորհրդանիշ աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ մարդիկ մոռացել են, թե ինչ է ուրախությունը:

ԴԱՌՆԱԼ ՋՈՆ ԼԵՆՈՆ

Стать Джоном Ленноном / Nowhere Boy

Ֆիլմեր հայտնի մարդկանց անհայտ կողմերի մասինՏարեթիվ: 2009
Ժանր: Դրամա, կենսագրություն, երաժշտություն
IMDb 7.2 / КиноПоиск.ru 7.5

Լեգենդար «The Beatles» խմբի մասին բազմաթիվ փաստագրական ֆիլմեր են նկարահանվել, սակայն չոր փաստերը դժվար թե կարողանան փոխանցել այն, թե ինչպես ու ինչ կյանքով է ապրել մարդը: Չէ՞ որ շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսին էր Ջոն Լենոնը 16 տարեկանում, ում էր սիրում, ինչ դժվարություններ էր հաղթահարում: Այս կինոժապավենում Ջոն լենոնը միանգամայն այլ լույսի ներքո է ներկայանում: Կինոդիտողն իմանում է նրա կյանքում մոր և մորաքրոջ դերերի մասին և այն մասին, թե ինչպես էր նա ստեղծում իր ամենաառաջին խումբը՝ Quarrymen-ը:

In this article


Join the Conversation