3 ՔԱՅԼ` ՁԵՐ ԳԼԽՈՒՄ ՊՏՏՎՈՂ ԱՆՊԻՏԱՆ ՄՏՔԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպե՞ս ազատվել անպետք մտքերից, որոնք խանգարում են մեզ որևէ գործ ձեռնարկելիս ու հետ են պահում մեծ հաջողությունից: Ինչպե՞ս հաղթել սեփական մտքերի դեմ ճակատամարտում: Անձնական աճի փորձագետ, քոուչ Արևիկ Հայրապետյանը առաջարկում է պարզ ու հետաքրքիր տարբերակ այդ հաղթանակին հասնելու համար:

4553
ինչպես ազատվել անպիտան մտքերից

Լինում են պահեր, երբ ցանկանում ենք մի ինչ-որ յուրահատուկ բան իրագործել մեր կյանքում, այնպիսի մի բան, որի մասին մեր ընտանիքի անդամները կամ հասակակիցները երբևէ չէին էլ կարող երազել: Մեր երևակայության մեջ մենք մեզ ազատություն ենք տալիս՝ ներկայից աներևութանալու և մեծ երազանքներ կառուցելու համար: Դրանք մեզ թևեր են տալիս, մենք զգում ենք դրական էներգիայի հոսք և պատրաստ ենք գրավել աշխարհը:

Եթե միայն այս պահերը անվերջ լինեին…

Յուրաքանչյուրիս ճանապարհին էլ լինում են պահեր, երբ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք էինք պլանավորել: Մենք հիասթափվում ենք և կորցնում մեր ուղին: Եվ սա լավ առիթ է մեր անպիտան մտքերի համար՝ սկսելու իրենց «դասախոսությունը»:

«Ի՞նչն է ստիպում քեզ մտածել, որ դու կարող ես դա անել»: «Ո՞վ ես դու, որ նույնիսկ փորձես ինչ-որ նշանակալից բան ստեղծել»: «Դու շատ փոքր ես՝ որևէ փոփոխություն իրականացնելու համար: Ապրի՛ր միջակության սկզբունքով»:

Ծանոթ է, չէ՞:

Հատկապես եթե դուք հեռուն գնալու ծրագրեր ու մեծ երազանքներ ունեք, պատրաստ եղեք, որ այդ բացասական մտքերը շարունակաբար փորձելու են ահաբեկել ձեզ: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է սովորել պայքարել նման մտքերի դեմ՝ ցանկացած իրավիճակում սեփական մտքերի համար պատասխանատվություն ստանձնելով: Ինչպես և ցանկացած այլ ճակատամարտում, մեր գլխում պտտվող անպիտան մտքերից ազատվելը և դրանց նկատմամբ հաղթանակ տանելը պահանջում է ռազմավարություն:

Երբ զգում եք, որ բացասական մտքերը սկսում են գլուխ բարձրացնել և վերահսկել ձեզ, խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ 3 պարզ, միաժամանակ օգտակար քայլերից բաղկացած ռազմավարությունը:

1. Երբևէ մի՛ անտեսեք Ձեր գլխում պտտվող բացասական մտքերը: Դուք կկարողանաք հաղթել այս ճակատամարտում միմիայն այն դեպքում, եթե լավ գիտակցեք, թե ով է ձեր «թշնամին» և լավ ճանաչեք վերջինիս: Այս գործընթացը որքան հնարավոր է հետաքրքիր դարձրեք: Օրինակ, դուք կարող եք յուրաքանչյուր բացասական մտքի մի որևէ ծիծաղելի անուն տալ: Որքան հնարավոր է ստեղծարար եղեք: Օրինակ, ամեն անգամ, երբ զգում եք, որ վախի ձայնը սկսում է իր «ներկայացումը», սկսեք խոսել նրա հետ. կարող եք ասել նրան հետևյալը, «Իզուր ես եկել, Բուբաբու՛, ասա՛ այն, ինչ ունես ասելու մինչ ես քո հարցերը կլուծեմ» 🙂

2. Բուբաբուի ուղերձն ուշադիր, բայց սառնասրտորեն լսելուց հետո, Դուք պետք է նրան մի լավ դաս տաք: Կարող եք բարձրաձայնել բոլոր այն հաջողությունները՝ մեծ կամ փոքր, որ ունեցել եք Ձեր կյանքում: Ասե՛ք Բուբաբուին, որ նախկինում ևս ձեր գլխում իր նման անպիտան մտքեր են բզզացել, բայց դա Ձեզ չի խանգարել ձեռբերումներ ունենալ և հաջողությունների հասնել:

3. Եվ վերջում, ի սրտե «Շնորհակալություն» հայտնեք Բուբաբուին: Հիշեք՝ այն, որ ձեզ այցի է գալիս Բուբաբուն կամ իր նման մեկ այլ միտք, փաստում է, որ դուք ինչ-որ նշանակալից բանի հասնելու ճանապարհին եք: Դա նշանակում է, որ ԴՈՒՔ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:

Երբ դուք կատարեք այս 3 պարզ քայլերը, Դուք ձեզ թեթևացած կզգաք. կարծես ձեր ուսերից ծանր բեռ հանված լինի: դուք ձեզ ավելի ուժեղ կզգաք: Որքան շատ կիրառեք այս ռազմավարությունը, այնքան ձեր մտքերը կառավարելու և ամենակարևորի վրա կենտրոնանալու հարցում ավելի հմուտ կդառնաք:

Հիշեք, որ ձախողելու կամ քննադատվելու վախը միշտ էլ ձեզ այցի է գալու. դա մարդկային աճի անբաժանելի մասն է:

Այն դրական ազդեցությունը, որ դուք կարող եք ունենալ աշխարհում՝ ձեր լավագույն տաղանդները արտահայտելու շնորհիվ, անչափ կարևոր է մեզ բոլորիս համար, և դուք պարզապես իրավունք չունեք ձեր գլխում պտտվող անպիտան մտքերին վերջին խոսքի իրավունք տրամադրել: Այնպես որ՝ Առա՛ջ:

Աղբյուր


Արևիկ Հայրապետյանը
Արևիկ Հայրապետյան  Kaizen Mastery-ի համահիմնադիրն է: Արևիկը խորապես ուսումնասիրել է անհատական աճին և կազմակերպություններում աշխատակիցների զարգացմանը վերաբերող մի շարք թեմաներ և եկել է այն համոզմանը, որ յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի ապրել այնպիսի մի կյանք, որն արժանի է «Գլուխգործոց» կոչվելու:

In this article


Join the Conversation