ՎՍՏԱՀԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ. ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Նկատե՞լ եք` երբեմն գեղեցիկ դիմագծերով, հրաշալի կառուցվածքով և լավ հոգեկերտվածքով մարդիկ ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան արտաքին ու ներքին հմայքից զուրկ մարդիկ: Ասվածը վերաբերում է թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց: Պատճառը ինքնագնահատականն է:

19299
Ինչպես բարձրացնել ինքնագնահատականը

Ինքնագնահատականը կարելի է սահմանել որպես մարդու սեփական ինքության գիտակցումը անկախ արտաքին պայմանների փոփոխությունից: Երբ մարդ տանից դուրս է գալիս և հայելու մեջ նայելիս դրական է գնահատում ինքն իրեն, ապա օրվա մեծ մասն անցնում է հաջող ու թեթև: Նման օրերին մարդկանցից հնարավոր է հաճոյախոսություններ լսել, իսկ անծանոթներից էլ արժանանալ այնպիսի հայացքների, որ վկայում են` Ձեզնով հիացած են:

Որքան մարդու ինքնագնահատականը բարձր է, այնքան գեղեցիկ ու հաճելի է նա շրջապատող մարդկանց համար:

Բարձր ինքնագնահատական ունեցող կինը շրջապատին ինքն է թելադրում, երբեմն էլ պարտադրում իր գրավչությունը, հմայքը: Նույն հոգեբանական իրավիճակն է ցածր ինքնագնահատականի դեպքում: Երբ տղամարդը կամ կինը գիրուկ է, կամ էլ ունի արտահայտիչ քիթ և ամեն պահ հիշում է այդ մասին, ապա դիմացինը ակամայից զգում է դա: Նույնիսկ եթե մարդը ցանկանում է ինչ որ կերպ թաքցնել «թերությունները» նա է՛լ ավելի է ընդգծում դրանք, ինչը աննկատ չի մնում:

Մարդու ինքնագնահատականը ձևավորվում է մոտ 5 տարեկանում: Իհարկե, այստեղ գլխավոր դեր ունեն փոքրիկի ծնողները: Եթե նրանք բավարարված են իրենց հարաբերություններով, շփվում են միմյանց հետ և ընկերասեր ու անկեղծ են, ինչպես նաև աջակցում և խրախուսում են փոքրիկին` սովորեցնելով համառորեն լուծել ցանկացած խնդիր, ապա երեխան կմեծանա բարձր ինքնագնահատականով: Երբ երեխան թերագնահատում է ինքն իրեն և իր հնարավորությունները, իսկ ծնողներն անգամ երեխային ինչ-որ բանից կախման դրության մեջ են պահում, ապա նրա մոտ առաջանում է սեփական արժեքի և կարևորության պակաս և փոքրիկը մեծանում է ցածր ինքնագնահատականով:

Զիգմունդ Ֆրեյդը, հետագայում էլ` Էրիկ Ֆրոմը, խորությամբ պեղեցին մարդ էակի ենթագիտակցական այն շերտերը, որոնց վրա կառուցված է մարդու «ես»-ը` իր հատուկ ինքնագնահատականով: Պատահական չէ, որ այսօր մասնագետները մարդու հոգեբանական շեղումների պատճառները փնտրում են հենց ինքնագնահատականի տիրույթում: Ըստ հոգեբանների մարդիկ բաժանվում են 2 խմբի. նրանք, ովքեր ցանկացած իրավիճակում ձգտում են հաջողության հասնել, և նրանք, ովքեր պարզապես խուսափում են հաջողությունից, վերջիններս էլ հենց ցածր ինքնագնահատականով մարդիկ են:

Թե’ բարձր, թե’ ցածր ինքնագնահատականի տեր մարդիկ հոգեբանորեն վարակում են շրջապատողներին և ստիպում են, որ իրենց հանդեպ հատուկ վերաբերմունք ստեղծվի:

Ինքնագնահատականը մարդու ներքին շարժիչն է` բազմաթիվ լավ ու վատ արարքների արդյունքը: Մարդը կարող է հասնել ցանկացած հաջողության, եթե հավատա իր ուժերին: Սիրեք և գնահատեք ինքներդ ձեզ և նույն վերաբերմունքին կարժանանաք շրջապատից:

ԹԵՍՏ. ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՁԵՐ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին