ԻՆՉՊԵ՞Ս ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐՆԵՐ ՔՆԱԾ ԺԱՄԱՆԱԿ

Առաջարկում ենք ծանոթանալ այն հինգ քայլերին, որոնք կօգնեն ձեզ լիարժեք օգտագործել ձեր ուղեղի հնարավորությունները և կսովորեցնեն խնդիրներ լուծել անգամ այն ժամանակ, երբ դուք քնած եք:

5780
ԻՆՉՊԵ՞Ս ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐՆԵՐ ՔՆԱԾ ԺԱՄԱՆԱԿ

Մի՞թե չեք նկատել, որ այն ամենը, ինչ ձեզ այդքան բարդ ու անլուծելի էր թվեում երեկոյան, առավոտյան դառնում է շատ ավելի պարզ ու հեշտ:

Ալեքսանդր Բելլ, գյուտարար

Քանի դեռ մենք քնած ենք, մեր ուղեղը նվազեցնում է իր որոշ հատվածների ակտիվությունը և ավելացնում այլ հատվածներինը: Օրինակ, ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է մեր անհատականության, հուզականության, որոշումներ կայացնելու, մեր պահվածքի վրա, քնում է մեզ հետ միասին:

Գիշերը «ազատորեն գործելու» ամենամեծ հնարավորությունը տրվում է ենթագիտակցությանը: Քանի դեռ մենք քնած ենք, նա կարող է գործել առանց խոչընդոտների: Փորձենք հասկանալ այս գործընթացը և այնպես անենք, որ առավոտյան ունենանք անհրաժեշտ ուժեր ու ցանկություն մեզ հուզող խնդիրները լուծելու համար:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՈՒՂԵՂԸ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾՈՒՄ, ԵՐԲ ՄԵՆՔ ՔՆԱԾ ԵՆՔ

Քանի դեռ գիտակցությունը քնած է, մեզ կառավարում է ենթագիտակցությունը: Այն վերլուծում է նախորդ օրվա իրադարձությունները և տեղեկատվությունը պահպանում երկարաժամկետ հիշողության մեջ:

Ես հավատում եմ մեր ուղեղի ենթագիտակցական գործունեությանը: Ուղեղն աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ մենք դրա մասին չենք էլ գուշակում: Գիշերը նա աշխատում է այն հարցերի վրա, որոնց շուրջ մենք մտածել ենք օրվա ընթացքում: Երբ ես երկար ժամանակ աշխատում եմ ինչ-որ բանի վրա, ապա քնելուց առաջ անպայման մտածում եմ դրա մասին: Առավոտյան արդյունքները ինձ հաճախ զարմացնում են:

Ալեքսանդր Բելլ

Սակայն հաշվի առեք, խնդիրը չի լուծվի ասես կախարդական փայտիկի մի հարվածով: Որպեսզի ենթագիտակցությունը կենտրոնանա այն հարցի վրա, որը ձեզ անհանգստացնում է, հարկավոր է դրա մասին հաճախակի մտածել: Ենթագիտակցությունը գիշերը կսկսի լուծումներ փնտրել՝ միմյանց կապելով այն ոչ ակնհայտ փաստերը, որոնք գուցե վրիպել են ձեր ուշադրությունից:

Ենթագիտակցության կատարած աշխատանքը հրաշալի ներկայացնում է ահա այս առակը:

Խնդրի լուծումը կամ այն ուղղությունը, որով դուք պետք է շարժվեք, կարող է արտացոլվել ձեր երազների մեջ: Ուշադրություն դարձրեք այն մտքերին, որոնք գալիս են ձեր գլուխը, հենց դուք արթնանում եք: Արեք դա անմիջապես, քանի որ դրանք շատ հեշտությամբ կարող են հօդս ցնդել ու մոռացության մատնվել:

Թեև մենք ազդեցություն չունենք մեր երազների վրա, սակայն դրանք մեծապես կարող են օգնել մեզ խնդիրներ լուծելու հարցում: Բանն այն է, որ մենք երազներ տեսնում ենք արագ քնի փուլում:

Մի գիտական հետազոտության ժամանակ մասնակիցներին առաջարկել են գլուխկոտրուկներ անմիջապես արթնանալուց հետո: Մասնակիցների մի մասին արթնացրել են արագ քնի ժամանակ, մյուսներին՝ թեթև նինջից: Արագ քնի փուլում արթնացած մասնակիցները 32%-ով ավելի լավ են լուծել առաջադրանքները:

ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՔՆԱԾ ԺԱՄԱՆԱԿ

Ամենից առաջ որոշեք, թե ինչն է ձեզ անհանգստացնում: Օրինակ, մենք կարող ենք դժգոհ լինել մեր աշխատանքից, կարող ենք չկողմնորոշվել հարաբերությունները շարունակելու կամ ավարտելու հարցում, այլ քաղաք կամ երկիր բնակության տեղափոխվելու հարցում և այլն: Երբ մենք այս ամենի մասին մտածում ենք ցերեկը, մեզ շեղում են հարյուրավոր այլ մտքեր և թույլ չեն տալիս կենտրոնանալ ամենակարևորի վրա:

Դա նման է այն բանին, որ խորհուրդ հարցնեք 20 ընկերներից, և նրանք բոլորը սկսեն խոսել միաժամանակ: Նրանք անկեղծորեն ցանկանում են օգնել, բայց մտածողության տարբերությունների ու աղմուկի պատճառով այդ խորհուրդներն արժեզրկվում են:

Քնի ու երազների միջոցով խնդիրներին լուծում գտնելու համար անհրաժեշտ է նախապատրաստվել՝ կատարելով այս հինգ քայլը:

1. ՄՏՔՈՒՄ ԱՄՐԱԳՐԵՔ ԽՆԴԻՐԸ

Քնից առաջ մոտավորապես կես ժամ առանց լարվածության մտածեք այն հարցի շուրջ, որը ձեզ անհանգստացնում է: Հիշեք այն լուծման տարբերակները, որոնք դուք արդեն փորձել ենք և որոնք դեռ չեք փորձել:

2. ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԵՔ

Երբ անկողին մտնեք, գրի առեք կամ ևս մեկ անգամ մտքում կրկնեք այն խնդիրը, որը անհրաժեշտ է լուծել, և որոշակի ժամանակահատված սահմանեք դրա համար: Ասեք ինքներդ ձեզ, օրինակ. «Ես դժգոհ եմ իմ աշխատանքից և ուզում եմ հասկանալ, թե ինչն եմ սխալ անում: Ուզում եմ, որ մինչև առավոտյան 7-ը, երբ ես արթնանամ, ինչ-որ ելք գտնվի այս իրավիճակից»:

3. ԳՐԻ ԱՌԵՔ ՁԵՐ ՄՏՔԵՐԸ

Առավոտյան արթնանալուց հետո անմիջապես գրի առեք այն գաղափարները, որ կգան ձեր մտքին: Որպեսզի չմոռանաք այդ մասին, մահճակալի մոտ թուղթ ու մատիտ դրեք կամ հեռախոս: Եթե որևէ միտք չունենաք, մի հուսահատվեք. դուք մտքերի առաքում չէիք պատվիրել: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ու զինվեք համբերությամբ:

4. ԳՏԵՔ ԺԱՄԱՆԱԿ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ձեզ համար թեյ կամ սուրճ պատրաստեք, հարմար տեղավորվեք ձեր սիրելի անկյունում ու, նոթատետրով ու գրիչով զինվելով, կես ժամվա ընթացքում գրի առեք ձեր մտքերը: Մինչև փորձելը դա կարող է ձեզ ծիծաղելի կամ անիմաստ թվալ, բայց մոռացեք այդ մասին: Պարզապես ձեր մտքերը թղթին հանձնեք՝ անկախ դրանց քանակից ու կարևորությունից:

5. ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՔ

Երբ վերջացնեք գրի առնելը, փոքրիկ դադար վերցրեք և վերընթերցեք ձեր գրածը: Ընդգծեք կարևոր մտքերը և մտածեք, թե ինչպես կարող են դրանք ձեզ օգնել խնդիրը լուծելու հարցում:

Իրավիճակից միանշանակ ելք դուք կարող է և չգտնեք, բայց դուք հաճելիորեն կզարմանաք, թե լավ քնից հետո որքան հեշտ կդառնա այն խնդիրը, որը ձեզ երեկոյան դեռ անլուծելի էր թվում: Եվ իհարկե, վատագույն դեպքում, այս հինգ քայլերից հետո դուք առնվազն գործողությունների պլան կունենաք:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին