10 ԲԱՆ, ՈՐ ԿԻՄԱՆԱՔ ՄԻԱՅՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Հղիության ինն ամիսների սպասումն անցկացրած ու մայրիկ դարձած կանայք ներկայացնում են իրենց գլխավոր տասը բացահայտումները: Եթե դուք էլ արդեն մայրիկ եք դարձել, առաջարկում ենք ավելացնել այս բացահայտումներին նաև ձեր փորձը և կիսվել դրանցով մեկնաբանություններում:

983

Ցավին հնարավոր է դիմանալ

Ցավի մասին բոլոր պատկերացումները, խոսակցությունները կարող եք դնել մի կողմ, եթե դեռ չեք ծննդաբերել: Այն, ինչ տեսել են ու զգացել ծննդաբերած կանայք, կարելի է պատմել հավերժ, բայց պատկերացնել՝ երբեք: Ինչպես տղամարդիկ են ընդամենը երկու տարի ծառայում ու մի ամբողջ կյանք պատմում այդ մասին, այնպես էլ մենք կարող ենք ամեն օր, անդադար պատմել մեր հղիության ու ծննդաբերության մասին. մանրամասների պակաս երբեք չի լինի, մոռանալ երկունքի ցավերը՝ առավել ևս:

Կարելի է չքնել

Երբեք չէի մտածի, որ կարող եմ մի քանի գիշեր չքնել կամ քնել կիսանստած՝ գրկումս էլ երեխա: Բայց ամեն ինչ հնարավոր է: Նույնիսկ մի քանի օր չքնելուց հետո երեխայի՝ նույնիսկ շշուկով արձակած ձայները լսում ես, առավոտյան ավելի թարմ ես լինում, քան երբևէ: Իսկ մինչև երեխայի ծնունդն արված խրոխտ հայտարարությունները, թե՝ իմ երեխան երբեք իմ կողքին չի քնելու, աննկատ մոռացվում են: Երեխայի հետ քնելը ոչ միայն հարմար է, քանի որ ամեն րոպե ստիպված չես վեր կենալ, կերակրել, հանգստացնել, նորից քնեցնել, այլ նաև շատ հաճելի է:

Կարելի է ապրել օրակարգով

Անկանոն սնվել, արթնանալ միայն այն ժամանակ, երբ կա դրա կարիքը, մի խոսքով՝ ապրել, ինչպես ուզում ես: Մոռացե՛ք անկանոն կյանքի մասին, եթե պատրաստվում եք երեխա ունենալ: Երեխաները միայն առաջին հայացքից են անկանոն քնում, լացում, ուտում: Նրանք սիրում են հստակ օրակարգ: Իսկ ծնվելուց մի քանի ամիս հետո նույնիսկ կես ժամ ուշ զբոսանքի դուրս գալը կարող է արժենալ մեկ ամբողջ անքուն գիշեր:

Արագություն

Եթե մինչև հիմա մասնակցել եք թեկուզ «Ֆորմուլա-1»-ի, մեկ է, արագության մասին ոչինչ չգիտեք: Արագաշարժ ուղղակի հնարավոր չէ չդառնալ, եթե երեխայի չդադարող լացի տակ պետք է փոխել նրա շորերը, տակդիրը ու հասցնել նաև կերակրել: Իսկ տնից դուրս գալու համար պետք կլինի ընդամենը երեք րոպե՝ հագնվելու, շպարվելու, երեխային հագցնելու, նրա սննդի ու շորերի համար մեծ պայուսակ ճանկելու համար:

Ուժ

Ես չգիտեի, որ այդքան ուժեղ եմ: Եթե սպորտով երբեք չես զբաղվել, երբեք ծանրություն չես վերցրել, չես էլ պատկերացնի, որ հնարավոր է տեղաշարժվել երեխայի հետ մեքենայի համար նախատեսված սայլակով՝ քարսիթով, զբոսասայլակով, մեծ ու ծանր մանկական պայուսակով: Հավատացնում եմ՝ հնարավոր է:

Երեխայի իրերն ավելի շատ են

Նույնիսկ մեկ ժամով տնից դուրս գալու համար պետք է հավաքել երեխայի խնամքի պարագաների ու հագուստի մի ամբողջ ճամպրուկ: Իսկ եթե պատրաստվում եք մի քանի օրով տնից բացակայել, պատրա՛ստ եղեք, որ Ձեզ հետ տանելու եք ամեն ինչ՝ հագուստ, շա՜տ հագուստ, շա՜տ տակդիրներ, ծածկոց, խաղալիքներ, շշերի տարբեր տեսակներ, դեղեր: Եվ, ամենակարևորը, երբեք մի՛ մոռացեք երեխայի շիշը կամ առավել ևս՝ ծծակը:

Ամենակարևոր բանն այս աշխարհում

Գիտեմ, որ բոլորն են Ձեզ ասել, որ երեխայի ծնունդով կյանքը կփոխվի, որ դա հրաշք է, որ դա կյանքի իմաստն է: Գիտեմ, որ հավատացել եք այդ խոսքերին, բայց վստա՛հ եղեք՝ երբեք, ոչ մի դեպքում, ոչ մի գրքով ու ֆիլմի միջոցով հնարավոր չէ պատկերացնել այն, ինչ Ձեզ կտա երեխան: Ձեր կյանքը կբաժանվի երկու անհավասար մասերի՝ երեխայի ծննդից առաջ ու հետո:

Մեկ ժպիտ

Մեկ ժպիտ, ու աշխարհում ամեն ինչ կմոռանաք: Միայն մեկ հայացք ու ուրախության նշույլ, և կդառնաք աշխարհի ամենասենտիմենտալ էակը: Նույնիսկ անքուն ամիսները կմոռացվեն, եթե առավոտյան Ձեր երեխան ցույց տա, որ իրոք գիտի, թե ով եք Դուք:

Էգոիզմ

Եթե նույնիսկ էգոիզմն ու մայրը իրար հետ որևէ կապ չունեցող բաներ են, հավատացնում եմ, իրականությունն այլ է: Եթե Դուք երեխա ունեք, ու հատկապես եթե նա նորածին է, Դուք վերածվում եք կենդանական բնազդներով առաջնորդվող էգ առյուծի, որը պատրաստ է հեռացնել բոլոր նրանց, ովքեր կմոտենան երեխային: Ի վերջո, մենք երեխա ունենում ենք հենց մեզ համար:

Ամենակարևոր զբաղմունքը

Մինչև երեխայի ծնունդը ես էլ ամենից շատ սիրում էի աշխատանքս, երեկոյան ու գիշերային զբոսանքներն ու խրախճանքները, շոփինգը: Բայց երեխայի ծնվելուց հետո ժամանցին ու ամենահետաքրքիր վայրերին փոխարինում է նա: Ձեզ համար արդեն հետաքրքիր է միմիայն այնտեղ, որտեղ Ձեր երեխան է: Անտանելի է այնտեղ, որտեղ չկա նա: Ու նույնիսկ աշխատանքի կամ հաճելի ժամանցի մի քանի ժամերն ու րոպեները կարող են թվալ մի ամբողջ հավերժություն, մինչև կհասնեք Ձեր փոքրիկին:

Աղբյուր

In this article


Join the Conversation