ONLINEKODAK. ՏՊՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՆՈՐ ԿՅԱՆՔԸ

OnlineKodak-ը լուսանկարների տպման տեխնոլոգիական ծառայություն է՝ առցանց հավելված։ Այն հնարավորություն է տալիս օգտատերերին առանց լուսանկարների տպման վայր այցելելու, առանց ժամանակի կորստի և ավելորդ գումար ծախսելու, ցանկացած սարքից, ցանկացած պահի ուղարկել նկարները տպագրության և ստանալ ցանկացած վայրից անվճար առաքմամբ։

6180
Online Kodak

Լուսանկարները հնարավոր է ուղարկել տպագրության ոչ միայն սմարթֆոնից այլև համակարգչից, ֆոտոապարատից, «խելացի» հեռուստացույցից և այլ սարքավորումներից: Հավելվածն ունի պարզ կառուցվածք և ինտեգրման մեծ արագություն։

Նախագծի հիմնադրման, ձեռքբերումների ու Հայաստանում ստարտափերի մշակույթի մասին Internest.am-ը զրուցել է Online Kodak-ի հիմնադիր Ջանիկ Սևոյանի հետ:

Ինչպե՞ս ծագեց նման հավելված ստեղծելու գաղափարը:

Լինելով Պոլիտեխնիկական համալսարանի «Ճարտարագետ» ամսագրի գլխավոր խմբագիրը, մշտապես կարևոր ու հետաքրքիր հանդիպումներ էի ունենում, բայց բազմազբաղ լինելու պատճառով այդ հանդիպումներից արված լուսանկարները թողնում էի թվային տիրույթում։ Մեր ընտանիքում ավանդույթ կա` հավաքել լուսանկարներն ալբոմներում, թողնել մակագրություն օրվա, խորհրդի հետ կապված։ Մայրս ամեն օր հարցնում էր, թե երբ են նկարները տեղ գտնելու իմ ալբոմում, և նրա հերթական հարցին ի պատասխան քույրս առաջարկեց փնտրել համացանցում մի ծրագրային միջոց, որը հնարավորություն կտա ուղարկել ֆոտո նկարները տպագրության և ստանալ առաքմամբ։

Ջանիկ Սևոյանը

Բնականաբար համացանցում չգտնվեց նման վստահելի, հարմարավետ հավելված և ես՝ մի քանի գաղափարակից ընկերների հետ, որոշեցի աշխատել այս ուղղությամբ։ Ահա այն կետը, որից սկսեց զարգանալ ու ընդարձակվել գաղափարը։

2016թ. ՀՀ Նախագահը ՏՏ ոլորտում պարգև հանձնեց մեզ մեր գաղափարների համար, ինչի գումարը մենք ծառայեցրեցինք հենց այս նախագծի կյանքի կոչմանը, որը բացի ֆոտոտպագրման հավելված լինելուց, նաև երկրում ֆիլատելիան զարգացնող լուրջ արշավ է։

Ի՞նչպիսին էին առաջին արձագանքները:

Բոլոր ժամանկներում, երբ ինչ-որ նոր բան է ստեղծվում, դրա հանդեպ լինում են հակասական մոտեցումներ։ Մարդիկ երկընտրանքի առաջ են կանգնում, բոլորը սկսում են իրենց համոզել, թե այն ոչ ոքի պետք չի գա, ոչ ոք չի օգտվի։

Բայց մեզ մոտ առաջին իսկ օրերից արձագանքը եղել է դրական: Ինչո՞ւ, որովհետև ֆոտո նկարները յուրաքանչյուրի համար արդեն իսկ թանկ են և սիրելի։

Ինչ խոսք, ինչպես յուրաքանչյուր ստարտափ, մենք նույնպես դեռ շատ անելիքներ ունենք, բազմաթիվ նպատականեր ու ծրագրեր։

Արդյո՞ք մեր թվային ժամանակներում մարդիկ կարիք ունեն տպված լուսանկարների: Ի՞նչ եք կարծում որքան «կյանք է մնացել» տպված լուսանկարներին:

Թրենդայինությունն այսօր ստիպում է մարդկանց նկարվել և հրապարակումներ անել սոցցանցերում։ Արագ զարգացող աշխարհում մարդիկ աշխատանքի, զբաղվածության պատճառով չեն հասցնում լրացուցիչ ժամանակ հատկացնել՝ տպագրելու նկարները:

Մեր օրերում նկարները պահվում են թվային տիրույթում՝ ամպային տարածքներում, բջջայինում, համակարգչում, կրիչներում, բայց ասացեք խնդրեմ, որտեղ են Ձեր մեկ-երկու տարի առաջ արված նկարները: Ձեր պատասխանը կլինի հետևյալը, մենք փոխել ենք բջջայինը, նկրաները սխալմամբ ջնջվել են, կամ մոռացել ենք ամպային տիրույթի գաղտնաբառը: Իսկ հիմա եկեք մի պահ պատկերացնենք 25 տարի անց, ինչ եք կարծում կհիշե՞ք արդյոք Ձեր ամպային տիրւյթների գաղտնաբառերը, կհիշե՞ք, թե որտեղ ինչ եք պահել, արդյոք Ձեր զավակներին տատիկ, պապիկների լուսանկարները ցույց կտա՞ք ֆեյսբուքից։

Թվային լուսանկարները մեզ պետք են կարճ ժամանակահատվածի, իսկ տպված լուսանկարները մեր հիշողությունները լավագույնս պահպանելու համար։

Ի՞նչ փոփոխությունների և նորարարությունների կարիք կա այս ոլորտում: Պատրաստվո՞ւմ եք ընդլայնել նախագծի շրջանակները:

Ծրագրային սկզբունքային նորարարություններն արդեն արված են։ Դրանք են ցանկացած սարքից տպագրության ուղարկելը, ներբեռնվող, ուղարկվող նկարների ծավալի անսահմանափակությունը, պատվերի առաքմանը հետևելը, գաղտնիության իրավունքի պահպանումը (պատվերից 24 ժամ անց նկարները ավտոմատ կերպով ջնջվում են համակարգից), անվճար առաքումը և այլն:

Մենք պատրաստվում ենք համակարգը գործարկել 70 լեզվով։ Մոտ ապագայում կներկայացնենք նաև նոր առաջարկ՝ աշխարհում առաջին բազմաֆունկցիոնալ լուսանկարները՝ multiPhoto: Դրանց հետ միասին հասանելի կդառնան multiFrame ունիվերսալ շրջանակը և multiAlbum բազմաձև հենդմեյդ ալբոմները, որոնք պատրաստվելու են հայաստանյան ձեռագործ ստարտափի՝ Tevian Handmade Accessories-ի կողմից:

Ի՞նչ թիմ է աշխատում ստարտափի վրա: Ի՞նչն է ամենակարևորը ստարտափների համար թիմի ընտրության գործում:

Մեր թիմում ներգրավված են այնպիսի անդամներ, ովքեր ունեն պատասխանատվություն, ստեղծագործ միտք, համապատասխան կրթություն: Թիմի յուրաքանչյուր անդամն ունի անձնական հաջողություններ իր ոլորտում, տեխնիկական և գործարար այն անհրաժեշտ հմտությունները, որոնք հարկավոր են հարթակի առաջխաղացման և նոր մշակումներ կատարելու համար:

Թիմի ընտրության գործում ամենակարևորը յուրաքանչյուր անդամի հավատն է սեփական գաղափարներին։ Ընդհանրապես ես կասեի հավատը ամենուր է կարևոր։

Հայաստանում ո՞ր ոլորտն ամենից շատ ունի հետաքրքիր գաղափարների և նորամուծությունների կարիք:

Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներն էլ ունեն զարգացման և նորարարությունների կարիք։ Ապա հիշեք, թե 90-ականներին աշխարհը որտեղ էր ՏՏ ոլորտում, թե առցանց առևտուրը ինչ զարգացում ուներ դրսում, մարդիկ ինչպես էին համացանցի միջոցով առաքումներ անում, և այս ամենը մեզ մոտ նոր-նոր է զարգանում։

Իսկ եթե գլոբալ պատասխանեմ, միանշանակ որպես ոլորտ կնշեմ ռազմաարդյունաբերությունը։ Ամենից շատ այս ոլորտին է հարկավոր նորամուծություններ։ Որպես պատերազմող երկիր, անվտանգության առումով նույնպես մենք մեր գաղափարները, ջանքերն ու եռանդը այս ոլորտում պետք է ներդնենք։ Սա է առաջնային և կենսական նշանակության ոլորտը։

Հայաստանում գործելիս հանդիպե՞լ եք անհաղթահարելի խոչընդոտների: Երբևէ մտածե՞լ եք, որ չարժեր գործունեությունը սկսել Հայաստանում:

Անհաղթահարելի խոչընդոտներ չեն լինում, ինչպես ասում են, մեր օրերում անհնարին ոչինչ չկա։ Իսկ այ դժվարություններ եղել են, և դժվարությունները յուրաքանչյուրի համար են։ Սթիվ Ջոբսը մինչ «Apple»-ի կայացումը, հազարավոր զանգեր էր կատարում և բազմաթիվ փակվող դռներ փորձում բացել։ Այնպես որ, ոչ ոք բացառություն չի։ Իսկ Հայաստանում գործունություն սկսել կամ չսկսելու համար կասեմ, որ համենայն դեպս ՏՏ ոլորտում տրվող արտոնությունները քեզ ընտրության առջև չեն կանգնեցնում։ Այստեղ պատասխանը մեկն է, անկախ հանգամանքներից միանշանակ սկսել հանուն զարգացող երկրի։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են սեփական գործ հիմնել:

Միգուցե կրկնվեմ, բայց խորհուրդս մեկը կլինի, հավատացեք այն գործին, որը սկսելու եք։ Եթե թեկուզ չնչին անհավատություն ունեք գործը հաջողելու հետ կապված, ապա մինչև վերջին տարրը համոզվեցեք։

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին