ԼԻՆԵԼ ԻՆՔՆԱՏԻՊ COPY-PASTE-ԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ո՞րն է ամենակարևոր դասը, որը պետք է սովորենք երեխաներից: Ինչի՞ մասին ենք մոռանում մենք՝ մեծերի աշխարհում մեր տեղը զբաղեցնելով: Այս մասին է խոսում իր հոդվածում անձնական աճի փորձագետ, քոուչ Արևիկ Հայրապետյանը:

495

Հավանաբար լսած կլինեք «սովորե՛ք երեխաներից», «մի՛ վախեցեք ձախողելուց», «երազե՛ք երեխաների նման» արտահայտություններից գոնե մեկը։

Հարց․ քաջարի՞ եք այնքան, որ հետևեք վերոնշյալ խորհուրդներին։

Պատասխան․ Իհարկե։

Անկեղծ պատասխան․ «Ո՛չ»։

Գուցե փոքր-ինչ տարօրինակ թվա, բայց հասուն, խելացի, բարեկիրթ, երբեմն «լուրջ և իմաստուն» դեմքի արտահայտություն ունեցող մարդիկ դեռ այնքա՜ն շատ բան ունեն սովորելու մանուկներից։ Իսկ երեխաներից ստացած արժեքավոր «դասերը» կիրառելու համար հաճախ քաջություն է պահանջվում։

Ինձ համար, թերևս, մանուկներից ընդօրինակած կարևորագույն հատկանիշը սեփական յուրահատկությունս անմնացորդ արտահայտելն է։

Նորություն չի լինի, եթե ասեմ, որ մեզանից յուրաքանչյուրը բնության անկրկնելի ստեղծագործություն է։ Նկատե՛ք խնդրեմ «անկրկնելի» բառի նշանակությունը՝ բացառիկ, եզակի, նմանը չունեցող։

Ցավոք, սակայն, մարդկանց մեծամասնությունը հետևողականորեն անում է ամեն հնարավոր բան՝ սեփական յուրօրինակությունը թաքցնելու համար։ Հավանաբար, շատերն այդպես են վարվում, քանի որ վստահ են, որ դա է կյանքն ապրելու ամենահարմարավետ տարբերակը։ Ըստ իս՝ դա մարդկային կյանքն ամենաթշվառ ձևով ապրելու ամենահեշտ միջոցն է։

Խնդրում եմ առաջին հնարավորության դեպքում գնացե՛ք մոտակա մանկական խաղահրապարակ կամ մանկապարտեզ և մի քանի րոպե հետևե՛ք երեխաների ամեն մի քայլին։

Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ առ այն, որ երեխաներն առհասարակ չեն էլ մտածում սեփական ինքնատիպությունն արտահայտելու մասին։ Նրանք պարզապես թույլ են տալիս իրենց մեջ ապրող «հանճարիկին» արտահայտել իր կախարդական ուժը։

Գուցե զարմանալի թվա Ձեզ, բայց վստահեցնում եմ, որ Դուք էլ եք եղել այդ երեխաների նման՝ ազատ, անկաշկանդ ու ներդաշնակ։

Մեծանալով, սակայն, մոռացել եք Ձեր լավագույն հատկանիշների մասին, սովորել եք թաքստոցում պահել Ձեր ստեղծարար ներուժը, կառուցել Ձեր ամբողջ կյանքը՝ հասարակության և հեռուստատեսության, հիմա էլ արդեն սոցիալական մեդիա կողմից հրամցվող արժեքների և գաղափարների վրա ։

Պիկասոյի խոսքերն այստեղ միանգամայն տեղին են․

«Յուրաքանչյուր երեխա էլ արտիստ է։
Խնդիրն արտիստ մնալն է, երբ մեծացել ես»։

Դեռևս փոքր տարիքից մեզ սովորեցնում են մտածել և ապրել, ինչպես բոլորը։ Մեզ զգուշացնում են, որ եթե փորձ կատարենք տարբերվել մեր հասակակիցներից, առանձնանալ ամբոխից, մարդիկ դա չեն ընդունի, և մենք մենակ կմնանք։ Կաթիլ առ կաթիլ այդ խոսքերը սպանում եմ մեր մեջ ինքնատիպ լինելու ցանկությունը, և մենք սկսում ենք մեր գողտրիկ տեղը փնտրել մեծամասնության ապաստանում։

Ինքդ քեզ հավատարիմ մնալը մեծ քաջություն է պահանջում․ ուրիշներին կրկնօրինակելը շա՜տ ավելի հեշտ է։

Զգուշացում․ Ձեր ինքնությունն արտահայտելու ճանապարհին լինելու են մարդիկ, ովքեր Ձեզ պարզապես չեն հասկանալու։ Նրանցից ոմանք Ձեզ դաժանորեն քննադատելու են, ոմանք էլ ծիծաղելու են Ձեզ վրա։

Ինչու՞։

Քանի որ նման մարդիկ իրենց մեջ քաջություն չեն գտել՝ սեփական յուրօրինակությունն արտահայտելու։ Եվ նրանց մեծ ցավ է պատճառում տեսնել, որ մեկ ուրիշն անում է դա՝ անկախ ամեն ինչից։

Իմ պատասխանը այս մարդկանց հետևյալն է՝ Կրկնօրինակների կամ Copy-paste-երի աշխարհում «Դու լրիվ տարօրինակ ես» արտահայտությունն իսկական հաճոյախոսություն է ինձ համար։ Հաճա՛խ արեք այն։ Շնորհակալ եմ։

Ինքնաարտահայտման Ձեր ուղու վրա Դուք նաև հանդիպելու եք մարդկանց, ովքեր պատրաստ են լինելու անկեղծ լինել Ձեզ հետ։ Նրանք չեն վախենալու հանդես գալ իրենց իսկական «ես»-ով կամ խոցելի թվալ։

Հուշում․ շատ դեպքերում դա հնարավոր է դառնալու, քանի որ այդ մարդիկ ոգեշնչվելու են հենց Ձեր օրինակով։ Երկա՜ր ժամանակ այդ մարդիկ փնտրում էին մեկին, ով կընդուներ իրենց այնպիսին, ինչպիսին իրենք կան, ով իսկապես կլսեր, ով իսկապես կհասկանար և կհարգեր իրենց անհատականությունը՝ անկախ նրանից՝ որքան «տարօրինակ» այդ անհատականությունը կարող է թվալ այլ մարդկանց։

Եվս մեկ զգուշացում․ իսկ եթե Դուք, այնուամենայնիվ, որոշեք հանդես գալ մեծամասնությունից արված copy-paste-ով, ապա տվյալ անհատը հավանաբար նույնը կանի, և ոչինչ չի փոխվի։

Միայն պատկերացրե՛ք, որ Ձեր ինքնությունն արտահայտելով, Դուք նաև ոգեշնչում եք, օրինակ եք ծառայում այլ մարդկանց համար անելու նույնը։

Հ․Գ․ Այս նյութի մասին մտքերով ոգեշնչվեցի իմ լավ ընկերների հետ զրույցի ընթացքում։ Ինչպես նրանցից մեկն է ասում․

«Երբեք մի՛ թաքցրու ԻՆՔԴ ՔԵԶ․ Դու երբեք չես իմանա, ով կսիրի այն «ես»-ը, որը Դու այդքան խնամքով ձգտում ես թաքցնել»։

Արևիկ Հայրապետյան
Արևիկ Հայրապետյանը Kaizen Mastery-ի համահիմնադիրն է: Արևիկը խորապես ուսումնասիրել է անհատական աճին և կազմակերպություններում աշխատակիցների զարգացմանը վերաբերող մի շարք թեմաներ և եկել է այն համոզմանը, որ յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի ապրել այնպիսի մի կյանք, որն արժանի է «Գլուխգործոց» կոչվելու:

Աղբյուր

In this article


Join the Conversation