ՈՒՈԼԹ ԴԻՍՆԵՅԻ ԵՎ ՌԵՖՐԵՅՄԻՆԳԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ․ ՍԵՓԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ

Internest.am-ը ներկայացնում է Ուոլթ Դիսնեյի ու Ռեֆրեյմինգի մեթոդները, որոնք կօգնեն ձեզ ոչ միայն հասնել ձեր նպատակներին, այլև զարգանալ ու կատարելագործվել:

2420
Ուոլթ-Դիսնեյ

Ուոլթ Դիսնեյ

Ուոլթ Դիսնեյի մեթոդը շատ գործուն է ու բավականին լավ արդյունքներ է տալիս, բացի այդ թույլ է տալիս իրավիճակին նայել տարբեր տեսանկյուններից, զարգացնում է անհատականությունը: Այս մեթոդը հնարավորություն է տալիս նպատակը դիտարկել երազողի, ռեալիստի ու քննադատի աչքերով:
Այս երեք մոտեցումներն ինչ-որ չափով գերակշռում են մեր մեջ, սակայն պետք է հասնել դրանց ամբողջական կիրառությանը: Դա անելու համար հոգեբաններն առաջարկում են օգտագործել աթոռների մեթոդը, այսինքն՝ դնում եք երեք աթոռ՝ յուրաքանչյուրին որևէ դեր տալով: Երկխոսության ընթացքում նստում եք դրանց վրա՝ զգալու համար յուրաքանչյուրի հետ առնչությունը:
Առաջին դերը երազողինն է, քանի որ սկզբում պատկերացնում եք, ապա ցանկանում: Դրանից հետո ձեր նպատակները ստանում են ինչ-որ ձև ու փորձում իրականանալ: Պետք է մտածել, որ այն արդեն իրականացել է: Ստեղծում եք հստակ պատկեր, թե ինչպիսին է արդյունքը իրականում, ի՞նչ եք զգում այդ պահին, ի՞նչ են ասում ձեզ մարդիկ: Ի՞նչ ստացաք դրանից ու ի՞նչ փոխվեց ձեր կյանքում:
Հաջորդը ռեալիստի հերթն է, որը փորձում է արագ ու հեշտ ճանապարհներ գտնել նպատակին հասնելու համար: Նստում եք աթոռին և հարցնում ինքներդ ձեզ՝ ի՞նչ պետք է անել առաջին հերթին, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, ի՞նչ միջոցներ պետք է գործի դնել, ո՞ւմ օգնությանը դիմել:
Հերթը երրորդ աթոռինն է, որի շնորհիվ կարող եք ծրագրին նայել քննադատի տեսանկյունից: Հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչը և ո՞վ կարող է խանգարել, ո՞ր դեպքերում այն հաջողության չի հասնի, որո՞նք են բացասական կողմերը, ի՞նչ խոչընդոտներ կարող են լինել, որքանո՞վ է այն իրականանալի, ովքե՞ր չեն խրախուսի ու գնահատի այն:

Բոլոր պատասխանները պետք է գրի առնել, որից հետո վերադառնալ այն հարցերի ցուցակով, որը կազմել է քննադատը՝ ռեալիստի աթոռին նստած: Դժվարությունների դեպքում խորհուրդ հարցրեք երազողից, որը կերևակայի ու կասի՝ ինչպես է հասել հաջողությունների:

Ռեֆրեյմինգ

Երբ առաջանում է այնպիսի զգացողություն, թե հայտվել եք փակուղու մեջ և ոչ մի կերպ չեք կարողանում ելք գտնել, դիմեք ձեր ենթագիտակցությանը՝ նրա տրամադրվածությունը փոխելու համար: Այս ընթացքը կոչվում է ռեֆրեյմինգ, որը բաղկացած է վեց քայլից: Սա բավականին արդյունավետ վարժություն է, որի շնորհիվ ամբողջությամբ կփոխվի ձեր կյանքը:
Պառկեք հատակին, փակեք ձեր աչքերն ու փորձեք հանգստանալ: Այնուհետև կենտրոնացեք ձեր շնչառության վրա. այն պետք է լինի դանդաղ ու խորը: Այդպես հարկավոր է մնալ 5 րոպե՝ փորձելով հասկանալ ձեր զգացողություննները:
Այժմ պատկերացրեք, թե ձեր առջև կա սպիտակ ու մեծ էկրան: Երբ դա հստակորեն կպատկերացնեք, անցեք հաջորդ քայլին: Հարցրեք ինքներդ ձեզ արդյոք ձեր ենթագիտակցությունը պատրաստ է համագործակցել ձեր գիտակցության հետ: Պատասխանը պետք է հայտնվի երևակայական էկրանին: Դրական պատասխանից հետո կարող եք դիմել նրան ցանկացած հարցով:
Հարցրեք ինչերի միջով պետք է անցնել արդյունքի հասնելու համար: Պետք է պարզել, թե որ նպատակն է ճմարիտ: Պատասխան ստանալու դեպքում փորձեք դիմել ձեր ստեղծագործական մտածողությանը, որպեսզի առավել ստեղծագործ տարբերակներ առաջարկի և ձեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ կոնֆլիկտներ չառաջանան: Վերջում նորից ուշադրություն դարձրեք ձեր շնչառությանը, հաշվեք մինչև տասը, խորը շնչեք ու դանդաղ բացեք աչքերն՝ աստիճանաբար վերադառնալով իրականություն:

Այս մեթոդները կօգնեն ձեզ ոչ միայն հասնել ձեր նպատակներին, այլև զարգանալ ու կատարելագործվել: Հենց նման մարդիկ են հասնում հաջողությունների ու լայն ճանաչում ձեռք բերում:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին