ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ՉՈՒՇԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Ճշտապահությունն ու ճիշտ ժամանակին աշխատավայրում լինելը մարդկային այն կարևորագույն հատկանիշներից են, որոնք նպաստում են կարիերայի աճին, աշխատանքի բարձր արդյունավետությանն ու որակին։

5833
ուշացում-1

Հաճախ էի ուշանում

– Կար ժամանակ, երբ ուշացումներս պարբերական բնույթ էին կրում․ հաճախակի էի ուշանում աշխատանքից, ու օրեցօր ուշացման ժամանակահատվածը մեծանում էր։  Իհարկե, կային նաև արդարացումներ․ չէ՞ որ չկա որևէ բան, որ պատճառի սկզբնաղբյուր չունենա։ Այնուամենայնիվ, դրանք համարվում էին ուշացումներ, որքան էլ պատճառաբանված լինեին։ Սկզբում դա նկատելի ազդեցություն չուներ, սակայն աստիճանաբար սկսեց բացասաբար անդրադառնալ աշխատանքային արդյունավետություն վրա՝ առաջ բերելով նաև ղեկավարի դժգոհությունը։

Մարդիկ ուշանում են, որովհետև․․․

– Սովորաբար ուշացումներն ունենում են տարբեր պատճառներ։ Դրանք կարող են պայմանավորված լինել մարդու խառնվածքով, ինչպես նաև սովորություններով։
Շատ հաճախ մարդիկ ուշանում են, որովհետև չեն կարողանում հստակ պլանավորել տնից աշխատավայր ընկած ժամանակահատվածը։ Երբեմն էլ ուշացումները լինում են այլ՝ չնախատեսված պատճառներով (խցանումներ, լրացուցիչ գործեր, անսպասելի իրադարձություններ և այլն), ինչը, սակայն, հարգելի է համարվում հաճախակի չկրկնվելու դեպքում։ Ի վերջո, արդարացումներ միշտ էլ կարելի է գտնել:

Սովորություն, թե՞ բնավորության գիծ

– Ուշանալն ինչ-որ չափով կարելի է համարել բնավորության հակվածություն, բայց ոչ երբեք հաստատուն գիծ, որն այլևս հնարավոր չէ ուղղել։ Եթե կա ձգտում որևէ բան փոխելու դեպի լավն ու դրականը, ապա հնարավոր է հաղթահարել ու հասնել կատարյալ արդյունքի։ Միայն ցանկություն է պետք։

Սեփական փորձով

– Իմ ուշացումներն ունեին երկու պատճառ՝ տնից աշխատավայր հասնելու ժամանակահատվածի սխալ հաշվարկումն ու ցրվածությունը։
Մենք մի քանի անգամ ավելի քիչ ենք պատկերացնում այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է ճիշտ ժամանակին աշխատավայրում լինելու համար։ Մենք հիմնականում դիտարկում ենք փոխադրամիջոցում անցկացրած րոպեները, այնինչ սովորաբար դա կազմում է ժամանակի կեսը միայն: Իսկ ցրվածությունն արտահայտվում էր գործերը վերջին պահին թողնելու և անելու սովորությամբ։

Դադարեցի ուշանալ, երբ․․․

– Մի փոքր ժամանակ էր հարկավոր ինքս ինձ վերլուծելու, պատճառները գիտակցելու և դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Դրան մեծապես նպաստեց նաև այն, որ հայտնվել էի ուշացողների ցուցակում, ինչն ինձ դրդեց մեկընդմիշտ ազատվելու այդ պիտակից։
Դադարեցի ուշանալ, երբ հասկացա, որ հասարակ սովորությունները կարող են վտանգի ենթարկել իմ կարիերան։

Խնդիրը լուծելու հնարավոր ուղիները

– Խնդիրը լուծելու համար նախ և առաջ պետք է յուրաքանչյուրն իր սեփական փորձով հասկանա պատճառներն ու փորձի վերացնել ուշացման պատճառ հանդիսացող գործոնները։
Ուսումնասիրելով իմ սեփական փորձը՝ հանգել եմ հետևյալ եզրակացությանը․

  • Արթնանալը ողբերգություն չդարձնլ

     Եթե միևնույնն է, զարթուցիչով ենք արթնանալու, ապա կարևոր չէ, դա տեղի կունենա 20 րոպե շուտ, թե ուշ:

    Այնինչ, շուտ արթնանալը թույլ է տալիս նաև ավելի ռացիոնալ օգտագործել առավոտը:

  • Ճիշտ կառավարել ժամանակը
    Պետք է կարողանալ այնպես հաշվարկել տնից աշխատավայր ընկած ժամանակահատվածը, որ առնվազն 15 րոպե շուտ լինեք աշխատավայրում։ Դա թույլ կտա օրը սկսել ճիշտ և հաճույքով, վայելել առավոտյան ընթերցանությունը մեկ գավաթ տաք ըմպելիքով:
  • Պլանավորել առավոտը
    Հարկավոր է նախօրոք պլանավորել հաջորդ օրվա անելիքները, այսինքն՝ երեկոյան նախապատրաստել հագուստը, աքսեսուարները, սնունդը, որպեսզի առավոտյան լրացուցիչ ժամանակ չծախսեք։
  • Հաշվարկել
    Արժե մեկ անգամ մի լավ բարկանալ և մանրակրկիտ հաշվարկել ամեն ինչ: Հաշվարկը թույլ կտա մեկընդմիշտ վերացնել ուշանալու արատավոր սովորությունը:

    • Որքա՞ն են տևում լողանալը, լվացվելը, սանրվելը, և նմանատիպ գործերը
    • Որքա՞ն է տևում հարդարվելը
    • Որքա՞ն է տևում հագնվելը
    • Որքա՞ն է տևում ճանապարհը (վերելակով իջնել + մեքենայի շարժիչը գործարկել/տաքսիին կամ երթուղայինին սպասել + ճանապարհ + մեքենայի կայանում +ոտքի ճանապարհ…)
    • Որքա՞ն ով կարող են ազդել չնախատեսված իրադրությունները (բանալին չի գտնվում, փողոցներում խցանում է, կայանատեղի չկա…)
  • Ֆիքսեք որոշակի ժամ
    Ֆիքսեք որոշակի ժամ ու փորձեք չխախտել այն։ Ընդ որում պետք է ֆիքսել տնից դուրս գալու և ոչ թե նշված ժամանակին աշխատավայրում լինելու ժամը։ Որոշ ժամանակ անց այն կդառնա լավ սովորություն ու կազատի Ձեզ ավելորդ խնդիրներից։

Փորձեք հետևել այս մի քանի պարզ ու հեշտ իրականացվող խորհուրդներին ու ծառայեցրեք դրանք ձեր օգտին։

Դրական տեղաշարժ

– Վերջին տարիներին հազվադեպ եմ ուշանում, ինչի առավելությունն այժմ շատ ավելի լավ եմ գիտակցում։ Բացի այն, որ նպաստում է կարիերայի աճին ու աշխատանքային արդյունավետությւնաը, նաև հնարավորություն է տալիս առավոտը վայելելու համար։

Իր փորձով ու խորհուրդներով մեզ հետ կիսվեց մարքեթոլոգ Լուսինե Նալբանդյանը։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին