ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՒՐԲԱԹ. ԻՆՉՊԵՍ ԱՇԽԱՏԵԼ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ

Ուրբաթ օրերին պետք է ոչ թե բողոքել, որ ժամացույցի սլաքները հետ են մնում իրենց սովորական ընթացքից, այլ կենտրոնանալ անելիքների վրա, ավարտին հասցնել դժվար գործերը, և դեռ մի բան էլ ավելին՝ թեթևացնել երկուշաբթիի «բեռը»:

4767

Ուրբաթ օրը հավանաբար շատերի համար ամենադժվար ու դանդաղընթաց օրերից մեկն է: Այդ օրն աշխատել ընդհանրապես չի ստացվում, գործերը կուտակվում են հաջորդ շաբաթվա վրա, և մենք ամեն առիթ օգտագործում ենք այդ օրը պարզապես «գլորելու» համար: Ուրբաթ օրվա մոտիվացիաների և ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու մասին կխոսենք այս անգամ:

ՇԱԲԱԹԸ ՊԱՏՎՈՎ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սկսեք ամենադժվար գործից: Աշխատանքային օրվա առաջին կեսին ավարտին հասցրեք ձեր անելիքների ցանկի ամենադժվար գործը, օգտագործեք ամենաարդյունավետ ժամերը դրա համար: Չէ՞ որ օրվա երկրորդ կեսին աշխատակիցներից շատերը փորձում են հնարավորինս շուտ «պլստալ» գործից, և դուք պարզապես չեք կարողանա ձեր բարդ առաջադրանքների վրա կենտրոնանալ՝ տեսնելով այդ ամենը:

Խուսափեք երկար ընդմիջումներից: Ուրբաթ օրերին երկար ընդմիջում անելը, չափից շատ ուտելը կդանդաղեցնի ձեր տեմպը օրվա երկրորդ կեսի համար: Մի թուլացեք: Շաբաթը պետք է «պատվով» ամփոփել:

արդյունավետ ուրբաթ

Կազմեք հանգստյան օրերի անելիքների ցանկը: Դա ձեր ուրբաթ օրվան միանշանակ տեմպ կհաղորդի: Մի մտածեք այն մասին, որ շաբաթ և կիրակի օրերին բազմոցից (կամ անկողնուց) վեր չեք կենալու, անգամ եթե դա այդպես է: Մտածեք այն մասին, թե ինչ եք պատրաստելու ընտանիքի անդամների համար, ինչով եք ուրախացնելու նրանց, ինչ գնումներ եք անելու, ում եք այցելելու:

Մտածեք երկուշաբթիի մասին: Երկուշաբթին միանշանակ գալու է: Այն, ինչ չեք անի այսօր, ձեզ կսպասի մինչև երկուշաբթի, բայց ոչ ավելին, և կգումարվի այդ օրվա՝ առանց այդ էլ շատ անելիքների ցանկին:

Պլանավորեք ժամանակը: Գրի առեք ձեր անելիքները ուրբաթ օրվա համար: Փորձեք անել այնպես, որ բոլոր գործերն ավարտելուց հետո կարողանաք աշխատանքից 10 րոպե շուտ դուրս գալ: Այդ դեպքում հաստատ կձգտեք բոլոր առաջադրանքները հնարավորինս արագ ավարտել:

Ճիշտ օգտագործեք շաբաթվա առաջին կեսը: Հիմնական ծանրաբեռնվածությունը կենտրոնացնելով շաբաթվա առաջին կեսի վրա՝ դուք կհասկանաք, որ ընդունակ եք անելու շատ ավելին, քան կարծում էիք: Այդպես ոչ միայն գործերում առաջընթաց կունենաք, այլև ուրբաթն ավելի հեշտ կլինի:

ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹՆ ԱՎԵԼԻ ՈՒՐԱԽ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

արդյունավետ ուրբաթ

Իսկ եթե շաբաթը հագեցած է եղել, և դուք էլ գոհ եք ձեր արդյունքներից, ապա կարող եք նախապատրաստվել հաջորդ երկուշաբթին: Նախապես դարձրեք այն հաճելի ու հետաքրքիր, և անհամբերությամբ կսպասեք նրա գալուն:

Կարևոր հանդիպումների և պայմանավորվածությունների համար նամակներ գրեք ուրբաթ օրը: Հավանականությունը, որ ձեզ կպատասխանեն հենց այդ օրվա ընթացքում, քիչ է, բայց փոխարենը երկուշաբթի օրը դուք արդեն ստացած կլինեք պատասխանների մեծ մասը:

Պլանավորեք ամբողջ շաբաթը: Հիշեցումներ դրեք համակարգչի կամ հեռախոսի մեջ: Օրերով, ժամերով, վերջնաժամկետներով գրանցեք բոլոր անելիքները: Այդպես դուք վստահ կլինեք, որ հանգստյան օրերի ընթացքում չեք մոռանա կարևոր անելիքների մասին, արդյունքում կկարողանաք ազատվել լարվածությունից շաբաթ և կիրակի ու լիաթոք հանգստանալ: Իսկ ահա երկուշաբթի ձեզ մի փոքր ավելի երջանիկ կզգաք:

Որևէ լավ սովորություն փորձեք ձեռք բերել, այնպիսի սովորություն, որը ձեր աշխատանքն ու կյանքն ավելի հեշտ ու հետաքրքիր կդարձնի: Գրեք այդ մասին թղթի վրա և դրեք աշխատանքային սեղանին: Եվ թող այն անպայման ձեր աչքով ընկնի երկուշաբթի առավոտյան:

Ուրբաթ օրը մտածեք ձեր ապագայի մասին: Արդյոք դուք ընթանում եք դեպի ձեր նպատակը, որտեղ եք ձեզ պատկերացնում 5 տարի հետո: Գրի առեք այդ մտքերը: Երբ երկուշաբթի թարմ գլխով կարդաք այդ ամենը, ձեր ուղեղը, ամենայն հավանականությամբ, մի խելոք բան կառաջարկի ձեր կյանքը բարելավելու համար:

արդյունավետ ուրբաթ

Ձեզ համար անակնկալ թողեք: Գրասեղանի դարակում շոկոլադ թողեք, բուրավետ մոմ կամ մեկ այլ դրական բան, որ ձեզ կուրախացնի երկուշաբթի օրը, հատկապես, եթե մոռացած լինեք դրա մասին:

Մտածեք նաև ձեր աշխատակիցների մասին: Գուցե նրանցից մեկը ձեզ այս շաբաթ օգնել է կամ պարզապես լավ տրամադրություն է փոխանցել: Ուրախացրեք նաև նրան՝ նամակով, կոնֆետով կամ այլ նվերով: Հանգստյան օրերի ընթացքում դուք կվայելեք այն հաճույքը, որը կարելի է զգալ միայն ուրիշներին ուրախացնելիս:

Հուսով ենք այս ամենը ձեզ կօգնի ավելի արդյունավետ աշխատել շաբաթվա վերջին օրը, իսկ ահա այս հուշումները ուղղված են մեր «ղեկավար» ընթերցողներին, նրանց, ովքեր մտածում են իրենց աշխատակիցների արդյունավետության, հանգստի ու լավ տրամադրության մասին:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին