ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ

Տրամաբանական խնդիրներ աշխատատեղի թեկնածուներին տալիս են ստուգելու համար նրանց վերլուծական կարողությունները: Այսպիսի հարցեր կարող են հնչել ամենատարբեր աշխատատեղերի համար հարցազրույց անցնելիս: Բայց եթե անգամ դրանց չբախվեք, ապա նախապես տեղեկացված լինելը ու ինքներդ ձեզ այսպիսի խնդիրներով փորձելը ձեզ միայն վստահություն կհաղորդի:

70254
Տրամաբանական խնդիրներ

Աշխատանքի համար դիմելիս և հարցազրույցի գնալիս՝ մենք կարծում ենք, որ մեզ հարցեր են տալու մեր փորձի, հմտությունների և մասնագիտական կարողությունների մասին: Բայց երբեմն հարցազրույցն անցկացնող մասնագետները աշխատատեղի թեկնածուներին տալիս են այնպիսի հարցեր, որոնք ոչ մի կերպ կապված չեն ոչ նրա նախկին, ոչ ապագա աշխատանքի հետ:

Այսպիսի խնդիրներ տրվում են թեկնածուի տրամաբանությունը և ստեղծագործ մոտեցումը ստուգելու համար, հասկանալու համար, թե ինչպես նա կլուծի իր առջև հայտնված խնդիրը: Այդ հարցերից որոշները անգամ հստակ պատասխան չունեն և ազատ տեղ են թողնում երևակայելու և բազում հնարավոր լուծումներ փնտրելու համար: Ահա մի քանի հետաքրքիր հարցեր, որոնք ձեզ կարող են ուղղել հարցազրույցների ժամանակ:

Տրամաբանական խնդիրներ

ԼԱՄՊԵՐՈՎ ՍԵՆՅԱԿԸ

Խնդիրը: Կա փակ սենյակ, որտեղ կա երեք լամպ: Սենյակի դրսի կողմում կա երեք անջատիչ: Դուք պետք է իմանաք, թե ո՛ր անջատիչը ո՛ր լամպի համար է: Սենյակ կարող եք մտնել միայն մեկ անգամ:

Լուծումը:  Եվ այսպես, սենյակը փակ է, և դրսից լամպերը տեսնել հնարավոր չէ: Եթե միացնեք անջատիչներից մեկը, կստանանք տեղեկություն միայն մեկ լամպի մասին, մինչդեռ պետք է գլուխ հանել միանգամից 3 լամպից: Այդ պատճառով պետք է ինչ-որ բան մտածել անջատիչների ու լամպերի կապը հասկանալու համար: 

Ելքը հետևյալն է: Հարկավոր է միացնել անջատիչներից մեկը և սպասել մի քանի րոպե: Այդ ընթացքում անջատիչին կապված լամպը կտաքանա, և անջատելուց հետո դեռ որոշ ժամանակ այդպես տաք կլինի: Հիմա հարկավոր է անջատել վառվող անջատիչը, միացնել մյուս երկուսից մեկը և անմիջապես սենյակ մտնել: Իսկ ահա սենյակում մենք կտեսնենք հետևյալը՝ լամպերից մեկը վառվում է, իսկ մյուս երկուսը չեն վառվում, բայց դրանցից մեկը տաք է, իսկ մյուսը՝ սառը: Ահա այսպես կարելի է որոշել, թե որ անջատիչը որ լամպին էր կապված: 

Այս խնդիրն առ այսօր օգտագործվում է Microsoft ընկերությունում նոր կադրերի հետ հարցազրույցի ժամանակ:

ԿՈՏԼԵՏՆԵՐԸ ԹԱՎԱՅԻ ՎՐԱ

Խնդիրը: Կա երկու թավա և երեք կոտլետ: Կոտլետի մեկ կողմը տապակելու համար անհրաժեշտ է 1 րոպե ժամանակ: Մեկ թավան տեղավորում է միայն մեկ կոտլետ: Որքա՞ն նվազագույն ժամանակ է հարկավոր, որպեսզի բոլոր կոտլետները տապակվեն ամբողջությամբ:  

Լուծումը: Երկու կոտլետը տապակելու համար մեզ հարկավոր է երկու րոպե: Դրանք տապակելուց հետո մենք պետք է վերցնենք երկու կոտլետները և թավաներից մեկի մեջ սկսենք տապակել երրորդ կոտլետը: Ստացվում է, որ մեզ հարկավոր է ևս 2 րոպե, իսկ ընդհանուր հաշվով՝ երեք կոտլետի համար անհրաժեշտ ժամանակը 4 րոպե է:

Բայց կա նաև տարբերակ երեք րոպեում տեղավորվելու համար: 

Այսպես, կա երկու թավա, որոնց վրա կարելի է տապակել միաժամանակ: Երկու կոտլետները տապակելուց և երրորդին անցնելուց հետո թավաներից մեկը կմնա դատարկ և չի օգտագործվի: Կոտլետների համար անհրաժեշտ ժամանակը կրճատելու համար հարկավոր է օգտագործել նաև այդ թավան: Ահա թե ինչպես:

Կոտլետների տապակման ամբողջ ընթացքը բաղկացած է 6 փուլից՝ 2 կողմ 3 կոտլետի համար: Այս 6 փուլերի համար մեզ անհրաժեշտ է 6 րոպե, քանի որ յուրաքանչյուր կողմը տապակվում է 1 րոպեում: Բայց քանի որ ունենք 2 թավա և կարող ենք 6 րոպեն բաժանել 2 թավայի վրա, նշանակում է, որ մենք կարող ենք տեղավորվել նաև 3 րոպեում: Մնում է միայն հասկանալ գործողությունների հերթականությունը:

Պետք է դնել տապակվելու երկու կոտլետ, բայց մի կողմը տապակվելուց հետո կոտլետներից մեկը պետք է ոչ թե շրջել, այլ հանել կրակի վրայից: Փոխարենը պետք է դնել դեռևս հում կոտլետը: Եվս մեկ րոպե անց կոտլետներից մեկը արդեն պատրաստ կլինի և նրա տեղում կարող ենք դնել կիսատ տապակվածը: Երրորդ րոպեի ընթացքում կտապակվեն այդ երկու կոտլետների մյուս երեսները:

Մենք կշարունակենք ձեզ ներկայացնել հետաքրքիր տրամաբանական խնդիրներ, որոնք կարելի է օգտագործել տրամաբանությունն ու ստեղծագործ մտածելակերպը ստուգելու համար, իսկ առայժմ հուսով ենք, որը վերը նշված երկու հետաքրքիր գլուխկոտրուկները պետք կգան թե՛ մեր գործատու ընթերցողներին, թե՛ նրանց, ովքեր այս պահին պատրաստվում են իրենց երազանքի աշխատատեղի համար հարցազրույցին:

Աղբյուր
In this article


Join the Conversation