Իհարկե, այդ երկրներից շատերը հեծանվորդների համար նաև շատ հարմարավետ պայմաններ են ապահովում, և Հայաստանում դեռ շատ գործ կա այդ առումով անելու, բայց հետզհետե ավելի հաճախ կարելի է հանդիպել աշխատանքի գնացող կամ աշխատանքից վերադարձող հեծանվորդների: Եվ ավտոմեքենաների վարորդների աչքերն էլ կամաց-կամաց սովորում են ճանապարհի վրա իրենց կողքին հեծանվորդներին տեսնելուն:
Եթե դուք ունեք կամ ցանկանում եք ձեռք բերել հեծանիվ, բայց վստահ չեք՝ արդյոք արժե աշխատանքի գնալիս օգտվել այդ փոխադրամիջոցից, ուրեմն մեր այս գրառումը հենց ձեզ համար է: Եվ այսպես, 5 պատճառ հեծանիվով աշխատանքի գնալու համար:
ՁԵԶ ՉԵՆ ՍՊԱՌՆԱ ՍԹՐԵՍՆԵՐԸ
Հեծանիվ վարելով՝ դուք ձեզ իսկապես երջանիկ կզգաք: Կբարձրանա ձեր ինքնագնահատականը, կավելանա ձեր ինքնավստահությունը: Իսկ այդ ամենը մաքուր օդում գտնվելու, ինչպես նաև արևի լույսի շնորհիվ, որը բարձրացնում է «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի քանակությունը: Հենց սերոտոնինի շնորհիվ ենք մենք հաղթահարում դեպրեսիան: Անգամ ամպամած օրերին մաքուր օդում մնալը լավացնում է քնի որակը: Հեծանիվ վարելու շնորհիվ ձեր օրգանիզմի օրվա ռիթմը կկարգավորվի, և կնվազի կորտիզոլ հորմոնի քանակությունը, որը սթրեսային իրավիճակներն է զարգացնում:
ԴՈՒՔ ԿԽՈՒՍԱՓԵՔ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր պարբերաբար սպորտով են զբաղվում, ավելի քիչ են հակված հիվանդանալու այնպիսի հիվանդություններով, ինչպես սրտանոթային հիվանդությունները, դիաբետը, ուռուցքաբանական հիվանդությունները, էլ չենք խոսում արյան բարձր ճնշման և ճարպակալման մասին: Օրվա ընթացքում 4-5 կմ հեծանիվով անցնելը կրճատում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը 50%-ով և լավացնում է մարսողությունը:
ԴՈՒՔ ԲԱՎԱԿԱՆ ՇԱՏ ԳՈՒՄԱՐ ԿԽՆԱՅԵՔ
Հեծանիվով աշխատանքի գնալը, ինչպես նաև առհասարակ նրան որպես տրանսպորտային միջոց օգտագործելը մեծ չափով կխնայի ձեր անձնական և ընտանեկան բյուջեն: Բենզինի, ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման, երթուղայինների կամ տաքսիների համար հատկացվող գումարն արդեն կարելի է խնայել: Ինչպես նաև հեծանիվով երթևեկելու դեպքում վերը 2-րդ կետի շնորհիվ դուք շատ ավելի քիչ գումար կսկսեք ծախսել դեղամիջոցների վրա: Այս ամենը տարվա կտրվածքով կարող է կազմել մինչև մի քանի հարյուր հազար դրամ, որը էականորեն կթեթևացնի ձեր ծախսերը:
ԿԶԲԱՂՎԵՔ ՍՊՈՐՏՈՎ
Մասնագետները վստահ են, որ ճարպերի այրում տեղի է ունենում ոչ միայն հեծանիվ վարելու ընթացքում, այլև դրանից հետո: Հատկապես արդյունավետ է նյութափոխանակությունն իրականացվում նրանց մոտ, ովքեր նախընտրում են արագ ընթացք: Հեծանիվն արագ վարողների մոտ ճարպերի այրումը մինչև երեք անգամ ավելի շատ է տեղի ունենում, հետևաբար նրանք ոչ թե ծերանում են, այլ պարզապես մեծանում: Ի դեպ, հեծանվորդները ոչ միայն արտաքնապես են մինչև տասը տարի ավելի երիտասարդ երևում, այլև ներքուստ են իրենց այդպես զգում:
ՉԵՔ ԱՂՏՈՏԻ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ
Հեծանվով երթևեկությունը փաստացի զրոյական վնաս է հասցնում երկրագնդին: Ամբողջ աշխարհում СО2-ի արտանետման ամենամեծ չափաբաժինը հենց ավտոմեքենաներին է բաժին հասնում: Այնպես որ, եթե մտածում եք ոչ միայն ձեր, այլև ձեր սերունդների առողջության մասին, ահա ձեզ ևս մեկ շատ կարևոր պատճառ, որպեսզի հիմնական փոխադրամիջոց ձեզ համար դառնա հենց հեծանիվը: Իսկ ավտոմեքենան կարող է հրաշալի ծառայել երկար ուղևորությունների, ընտանիքով որևէ տեղ գնալու կամ բեռնափոխադրման համար: Այդպես դուք էլ ձեր ներդրումը կունենաք ձեր քաղաքի, երկրի և ամբողջ երկրագնդի բնապահպանության գործում:
Եվ մի փոքր վիճակագրություն եվրոպական երկրներից.
- Հեծանվով երթևեկելը 20 անգամ ավելի անվտանգ է, քան ցանկացած այլ տիպի տրանսպորտային միջոցի օգտագործումը:
- Հեծանվորդի՝ անձրևի տակ ընկնելու հավանականությունը 3%-ից ավելի չէ:
- Քաղաքի փողոցներում, իսկ երբեմն նաև քաղաքից դուրս հեծանվով կարելի է մինչև 2 անգամ ավելի արագ ընթանալ, քան ավտոմեքենայով:
- Մեկ ավտոմեքենայի կայանման տեղում կարելի է կայանել 10 հեծանիվ:
Եվ վերջապես, մեր շրջակա աշխարհը շատ ավելի գեղեցիկ է, երբ նրան ստիպված չես ավտոմեքենաների ու երթուղայինների պատուհաններից նայել:
Join the Conversation