ԱՌԱԿ ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԾՈՎԸ

Հրաշալի առակ մոտիվացիայի ու երազանքերի մասին: Ո՞րն է դեպի երազանքը տանող ամենալավ ճանապարհը:

10504
Ճանապարհ դեպի ծովը

Մի աղքատիկ գյուղում ապրում էր մի տղա: Նա ապրում էր այնպես, ինչպես բոլոր մարդիկ իր գյուղում՝ գլորելով մեկը մյուսից չտարբերվող ու անիմաստ օրերը և պատկերացում չունենալով այն մասին, թե ինչ է ուզում անել իր կյանքի հետ: Եվ հանկարծ մի հրաշալի գիշեր նա երազում ծով տեսավ: Գյուղում ապրողներից և ոչ մեկն իր կյանքում ծով չէր տեսել, ուստի ոչ ոք չէր կարող հաստատել, որ աշխարհում առհասարակ գոյություն ունի այդպիսի բան:

Երբ տղան հայտարարեց, որ ինքը պատրաստվում է գնալ իր երազի ծովի որոնումներին, բոլորը նրան խելագար համարեցին: Բայց տղան անկախ նրանց արձագանքից ճանապարհ ընկավ: Երկար քայլեց, մինչև հայտնվեց մի ճամփաբաժանում: Նա ընտրեց ուղիղ գնացող ճանապարհը ու մի քանի օր անց հասավ մի ավանի, որտեղ մարդիկ ապրում էին խաղաղ ու բարեկեցիկ կյանքով: Երբ նա հայտնեց տեղի բնակիչներին, որ փնտրում է ծովը, վերջիններս ասացին, որ նա միայն իզուր ժամանակ է կորցնում և ավելի լավ կանի՝ մնա իրենց հետ ապրելու այնքան երջանիկ, որքան իրենք են:

Մի քանի տարի տղան ապրեց այդ ավանում ապահովված կյանքով, բայց մի օր երազում կրկին ծով տեսավ և հիշեց իր անկատար երազանքի մասին: Նա որոշեց հեռանալ ավանից և շարունակել իր որոնումները: Հրաժեշտ տվեց բոլորին և վերադարձավ ճամփաբաժանի մոտ: Հիմա նա ընտրեց հակառակ ուղղությամբ գնացող ճանապարհը: Նա գնաց երկար, շատ երկար և հասավ մի մեծ քաղաքի: Քաղաքը շքեղ էր, զարգացած, իսկ մարդիկ ավելի կրթված ու հետաքրքիր: Տղան սկսեց սովորել, աշխատել, ուրախանալ և ժամանակի ընթացքում մոռացավ իր ճանապարհորդության նպատակի մասին:

Եվս մի քանի տարի անց արդեն հասուն տղամարդ դարձած՝ նա կրկին երազ տեսավ ծովի մասին ու հասկացավ, որ եթե չիրականացնի իր երազանքը, ապա կյանքն անիմաստ կանցնի: Եվ նա վերադարձավ այն նույն ճամփաբաժանի մոտ ու ընտրեց երրորդ ճանապարհը, որը նրան տանում էր անտառ: Անտառի բացատում՝ մի փոքրիկ խրճիթի մոտ, նա մի հրաշագեղ կին տեսավ: Կինն առաջարկեց տղամարդուն մնալ և ապրել իր հետ, քանի որ իր ամուսինը գնացել էր պատերազմ ու չէր վերադարձել: Տղամարդը համաձայնվեց:

Երկար տարիներ նրանք ապրեցին երջանիկ, երեխաներ ունեցան ու մեծացրին նրանց, բայց մի օր արդեն ծերացած մարդուն կրկին երազում ծովը երևաց: Նա թողեց այն ամենը, ինչի հետ կապված էր երկար տարիներ, վերադարձավ ճամփաբաժան և գնաց ամենավերջին ճանապարհով, որը ոլոր-մոլոր էր ու քարքարոտ: Ուժասպառ լինելով՝ ծերունին քայլեց ճանապարհով, մինչև հասավ մի մեծ լեռան ստորոտի: Նա որոշեց բարձրանալ այդ լեռը և գոնե հեռվից տեսնել իր երազանքների ծովը:

Երբ արդեն ուժերը հատում էին, նա ի վերջո հասավ լեռան գագաթին: Բարձունքից նա տեսավ ճամփաբաժանը և այն ավանը, որտեղ մարդիկ ապրում էին բարեկեցիկ կյանքով: Տեսավ նաև մեծ քաղաքը և կնոջ տունը, որտեղ շատ երջանիկ տարիներ էր անց կացրել: Իսկ հեռվում նա տեսավ անծայր, կապույտ ծովը:

Նա տեսավ, որ բոլոր այն ճանապարհները, որոնցով ինքը գնացել էր, տանում էին դեպի ծովը, բայց այդ ճանապարհներից և ոչ մեկը նա չէր անցել մինչև վերջ:

In this article


Join the Conversation