Եթե ձեր CV-ն արժանացել է գործատուի ուշադրությանը, և դուք այն երջանիկների թվում եք, ում հրավիրել են հարցազրույցի, ապա պետք է նախապատրաստվել, ինչպես հարկն է, և չգործել այն սխալները, որոնք կստիպեն գործատուին ընտրություն անել ոչ ձեր օգտին:
ՀԱԳՆԵԼ ԱՄԵՆԱԼԱՎ ՀԱԳՈՒՍՏԸ
Հարցազրույցի ժամանակ պետք չէ հագնել ձեր զգեստապահարանի ամենալավ հագուստը: Միևնույն ժամանակ պետք չէ հագնել բացարձակապես ոչնչով աչքի չընկնող և առօրյա հագուստ: Ամենից տեղին կլինի համեստ, բայց էլեգանտ գործնական հագուստը: Սանրվածքը, շպարը, օծանելիքը նույնպես պետք է լինեն շատ զուսպ, բայց խնամքով արված:
ԺԱՄԱՆԵԼ 1 ԺԱՄ ԱՌԱՋ
Հարցազրույցի գալ պետք չէ ինչպես ուշացած, այնպես էլ չափազանց շուտ: 10 րոպեն բավարար ժամանակ է շունչ քաշելու, արտաքին տեսքը կարգի բերելու և իրավիճակը գնահատելու համար: Ավելի շուտ գալու դեպքում դուք անհարմար կացության մեջ կդնեք ինչպես տնօրենին, այնպես էլ մյուս աշխատակիցներին: Վերջիններս ստիպված կլինեն մտահոգվել ձեզ զբաղեցնելու մասին, իսկ տնօրենը գուցե տեղում չլինի կամ չկարողանա ընդհատել իր գործերը ձեզ ավելի շուտ ընդունելու համար:
Միևնույն ժամանակ չուշանալու համար պետք է նախապես պլանավորել, թե որքան ժամանակ կտանի ձեզնից աշխատավայր հասնելը: Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ պատճառով ուշացել եք, պետք չէ շնչակտուր ներս վազել կամ, որ ավելի վատ է, առհասարակ չներկայանալ: Զանգահարեք և անպայման տեղեկացրեք, որ ժամանակին չեք կարող ներկայաալ, և հարցրեք, թե երբ ձեզ կկարողանան ընդունել:
ԲՈՂՈՔԵԼ ՆԱԽՈՐԴ ԳՈՐԾԱՏՈՒԻՑ
Հարցազրույցի ժամանակ ձեզ անշուշտ կհարցնեն, թե ինչ պատճառով եք հեռացել նախորդ աշխատանքից: Ոչ մի դեպքում մի քննադատեք ձեր նախորդ ղեկավարին: Նշեք միայն չեզոք պատճառներ՝ «չկար մասնագիտական աճի հնարավորություն», «չէի կարողանում բացահայտել իմ ողջ պոտենցիալը», «աշխատավայրը չափազանց հեռու էր» և այլն: Այնուամենայնիվ, եթե եղել է որոշակի կոնֆլիկտ, և դուք ստիպված եք այդ մասին պատմել, դա արեք հնարավորինս զուսպ՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ դուք փորձել եք ամեն կերպ հարթել այդ անախորժությունը:
ԼՌԵԼ
Գործատուն հարցազրույցի ընթացքում պետք է ստանա իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և չպետք է ստիպված լինի այդ հարցերի պատասխանները ձեզնից «ակցանով դուրս քաշել»: Նա պետք է ամբողջական պատկերացում ունենա ձեր մասին՝ իբրև մասնագետի: Եթե նա խնդրում է մի քիչ պատմել ձեր մասին, ապա պատասխանը լռությունը չպետք է լինի:
Նախապես պատրաստվեք այդ հարցին: Պատասխանը պետք է ընդգրկի տեղեկություններ ձեր կրթության, աշխատանքային փորձի և աշխատանքի հանդեպ ձեր վերաբերմունքի մասին: Այդ պատմությունը չպետք է ձգվի ավելի երկար, քան երեք րոպեն, և դրանում ներառել ավելորդ տեղեկություններ ձեր անձնական կյանքից պետք չէ:
ԱՄԱՉԿՈՏ ԼԻՆԵԼ
Հարցազրույցի ժամանակ դուք իրավունք չունեք ամաչկոտ կամ անինքնավստահ երևալու: Գործատուն պետք է հասկանա, որ դուք վստահ եք ձեր մասնագիտական կարողությունների վրա: Միևնույն ժամանակ պետք չէ չափից շատ գովալ ինքներդ ձեզ: Այն ամենը, ինչ դուք կներկայացնեք ձեր մասին, պետք է հավաստի լինի, առանց չափազանցությունների, բայց այդ հարցազրույցը ձեր մասնագիտական կարողությունները «վաճառելու» հնարավորությունն է, և դուք այն չպետք է բաց թողնեք:
Խոսեք ձեր ուժեղ կողմերի մասին, իսկ երբ կհարցնեն բացասական գծերի մասին, պետք չէ ասել, որ, օրինակ, դուք սովորություն ունեք ուշանալու աշխատանքից: Այս հարցի պատասխանը մտածեք նախապես: Այն նույնպես գրեթե միշտ ուղղում են հարցազրույցն անցնող թեկնածուներին: Նշեք այնպիսի հատկություն, որը իրականում ի վնաս ձեզ չէ, օրինակ, այն, որ դուք չափազանց ծանր եք տանում մասնագիտական դժվարությունները: Եթե ձեզ խորամանկ հարցեր են տալիս, պատասխանեք դրանց թեթև, անկեղծ ժպիտով և դրականորեն տրամադրված:
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՉՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՊԱԳԱ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՆԴԵՊ
Երբ թեկնածուն չի ցանկանում ցույց տալ, որ շատ է ցանկանում ստանալ այդ աշխատանքը, կարող է չափազանց անտարբեր դիրք ընդունել: Մինչդեռ գործատուին հարկավոր է համոզվել, որ թեկնածուն հետաքրքրված է այդ աշխատատեղով և իմիջիայլոց չի վերաբերվելու գործին: Պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերել ընկերության գործունեության և ձեր պարտականությունների հանդեպ: Ուշադիր եղեք այն ամենի հանդեպ, ինչ ասում է գործատուն և գործնական հետաքրքրություն ցուցաբերեք:
ԽՈՍԵԼ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՍԵՍ
Ազատ շփվելու կարողությունը չի նշանակում, որ պետք է ձեր գործատուի հետ քննարկեք ամենատարբեր հարցեր, որոնք չեն առնչվում աշխատանքին՝ ընտանեկան, ֆինանսական, առողջական հարցեր: Այդ ամենը գործատուին չի վերաբերվում: Եվ կարող է ձեր թեկնածության վրա ազդել միայն բացասաբար: Պետք չէ նաև չափից շատ խոսել ինքներդ ձեր մասին կամ ձեր աշխատելաոճի ու սկզբունքների մասին: Հնարավորինս զուսպ եղեք, փորձեք հասկանալ այն աշխատանքային վիճակը, որ տիրում է տվյալ հաստատությունում: Գուցե այստեղ բոլորովին այլ աշխատանքային սկզբունքներ են գործում:
ԽՈՍԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ի՞նչն է ձեզ հրապուրում» հարցի ենթատեքստում պետք է հասկանալ այն, թե ինչու գործատուն պետք է աշխատանքի վերցնի հենց ձեզ: Փորձեք հնարավորինս քիչ խոսել այն մասին, որ ձեզ դուր է գալիս աշխատավարձի չափը, տանը մոտ գտնվելը: Ավելի շատ շեշտը դրեք այն փաստարկների վրա, որոնք կխոսեն ձեր մասին իբրև աշխատակից, որի համար կարևոր է այն միջավայրը, որտեղ ինքն աշխատում է, և ով կիսում է ընկերության հաջողություները: Ցույց տվեք ոչ թե ձեր անձնական, այլ մասնագիտական հետաքրքրվածությունը տվյալ աշխատանքի հանդեպ:
ՀԱՐՑՆԵԼ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ
Սովորաբար աշխատավարձի հարցը քննարկվում է հարցազրույցի վերջում, այնպես որ, այդ մասին հարցնել զրույցի սկզբում կամ ընթացքում, պետք չէ: Եթե հարցազրույցի վերջում վստահ եք, որ դուր եք եկել գործատուին, կարող եք հարցնել աշխատավարձի մասին: Պատրաստ եղեք նաև, որ գործատուն ինքը ձեզ կհարցնի, թե որքան աշխատավարձ եք ակնկալում ստանալ:
Որպեսզի գործատուի նշած աշխատավարձի չափը ձեզ անակնկալի չբերի, փորձեք նախապես հետաքրքրվել աշխատավարձի մոտավոր չափի մասին ձեզ ծանոթ աշխատակիցներից կամ ուսումնասիրեք ինտերնետում եղած տեղեկատվությունը: Շատ հնարավոր է, որ աշխատավարձի հարցը առաջին հանդիպմանը չքննարկվի: Մի անհանգստացեք: Եթե ձեր թեկնածությունը հարմար լինի, և ձեզ ևս մեկ անգամ կանչեն հարցազրույցի համար, աշխատավարձի չափի մասին անպայման կտեղեկացնեն:
ՀԱՐՑԵՐ ՉՏԱԼ
Հարցազրույցի ընթացքում ձեզ անպայման կխնդրեն ուղղել նաև ձեր հարցերը: Եթե թեկնածուն հարցեր չունի, դա բացասաբար է ազդում գործատուի տպավորության վրա: Եթե աշխատանքը ձեզ իսկապես հետաքրքրում է, դուք պարզապես պարտավոր եք հարցեր ունենալ ձեր աշխատանքային պարտականությունների, ընկերության հիմնական նպատակների, ամսվա կտրվածքով աշխատանքային պլանների մասին և այլն:
Հարցազրույցին կարող եք ձեզ հետ նոթատետր վերցնել և գրի առնել ձեզ ասվող նոր տեղեկատվությունը: Դա կլինի թե՛ ձեր հետաքրքրվածության ապացույց, թե կօգնի կողմնորոշվել ճիշտ ու խելացի հարցեր տալու համար:
Եթե ձեր թեկնածությունը հարցազրույցից անմիջապես հետո չի հաստատվել, մի քանի օր անց զանգահարեք տվյալ ընկերություն և հարցրեք նրանց որոշման մասին: Եթե որոշումը բացասական է եղել, ապա հետաքրքրվեք, թե որն էր պատճառը, որպեսզի հաջորդ անգամ ուշադրություն դարձնեք հենց այդ բացթողման վրա:
Internest.am-ը մաղթում է ձեզ հաջողություն ձեր երազանքի աշխատանքի որոնումներում:
Join the Conversation