ԻՆՉՊԵ՞Ս ՆՇԵԼ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՎ ՉՓՉԱՑՆԵԼ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Առջևում ամանորյա արձակուրդներն են՝ բոլոր հաճելի և ուրախ պահերով, հանդիպումներով ու համեղ ուտեստներով: Բայց այս արձակուրդները բերում են նաև իրենց բնորոշ խնդիրները. մենք շատ ենք ուտում, գիրանում ենք, սպորտով չենք զբաղվում և հաճախ արձակուրդից վերադառնում ենք ֆիզիկապես և հոգեպես ավելի հոգնած:

4453
Ինչպես նշել Նոր տարին

Ինչպես նշել Նոր տարին և իսկապես հանգստանալ, ինչպես պահպանել առողջությունը, ներդաշնակ հարաբերություններն ու հոգեկան անդորրը հանգստի ողջ ընթացքում:

Ահա Նոր տարվան ամենից բնորոշ խնդիրները և պարզ լուծումներ դրանցից յուրաքանչյուրի համար:

ՍՊՈՐՏ

Խնդիր 1-ին: Չկա մարզասրահ:

Լուծում: Եթե քաղաքից դուրս եք գնացել, և այնտեղ չկա մարզարահ, կամ պարզապես հանգստյան օրերին ձեր մարզասրահը չի աշխատում, պետք չէ համարել, որ ամեն ինչ կորած է: Ինտերնետում փնտրեք և գտեք ֆիթնես տեսանյութեր և մարզվեք տանը: Իսկ եթե գյուղ եք գնացել, այնտեղ հաստատ կգտնվի ֆիզիկական աշխատանք, որը ձեզ կստիպի լավ մարզավիճակում մնալ:

Խնդիր 2-րդ: Ժամանակ չկա մարզվելու:

Լուծում: Եթե սովորաբար ավելի երկար ժամանակ եք հատկացնում մարզվելուն, ապա տոն օրերի վազվզոցի մեջ հատկացրեք դրան 10-15 րոպե, բայց հնարավորության դեպքում կրկնեք նույնը օրվա ընթացքում ևս մեկ կամ մի քանի անգամ:

Խնդիր 3-րդ: Տոնական ծուլություն:

Լուծում: Երբ շրջապատում բոլորը հանգստանում են, դժվար է պահպանել քո սովորական կարգուկանոնը: Բայց պատկերացրեք, թե որքան դժվար կլինի վերադառնալ այդ կարգուկանոնին տասնօրյա ընդմիջումից հետո: Թող այդ միտքը լինի ձեր մոտիվացիայի հիմնական աղբյուրը: Ամեն անգամ, երբ ծուլանալու ցանկություն ունենաք, հիշեք այդ մասին և բաց մի թողեք մարզումները:

Խնդիր 4-րդ: Տան անդամները համարում են դա անիմաստ:

Լուծում: Նրանց հետ վիճել ու հակառակն ապացուցել պետք չէ: Շարունակեք ձեր պարապմունքներն, իսկ հնարավորության դեպքում տան անդամներին նույնպես ներգրավեք դրանց մեջ:

Նոր տարին ձմեռային սպորտով զբաղվելու հրաշալի ժամանակ է ողջ ընտանիքի համար: Եթե ձեր քաղաքում ձյուն կա, ապա անպաման օգտվեք այդ հնարավորությունից: Անգամ ամենասովորական ձնագնդի խաղալը հրաշալի մարզանք է: Եվ իհարկե, կարելի է գնալ սահադաշտ կամ Ծաղկաձոր՝ դահուկ քշելու: Բաց մի թողեք այդ հնարավորությունը:

ՈՒՏԵԼԻՔ

Խնդիր 1-ին: Ուտելիքներով գերբեռնված սեղաններ: Անառողջ սնունդ:

Լուծում: Ինչ-ինչ, բայց ուտելիքը մեր սեղաններին Նոր տարուն չպետք է քչություն անի: Այդպես է ընդունված: 4-5 տեսակի աղցան, մի քանի տաք ուտեստ և լիքը քաղցրավենիք: Այս ամենի մեջ, իհարկե, կալորիաների անսահմանափակ քանակություն կա: Որպեսզի շատ չգիրանաք, նախընտրությունը տվեք ոչ յուղոտ մսին, օրինակ՝ հնդկահավի: Սահմանափակեք նաև ալկոհոլի օգտագործումը, այն նույնպես խթանում է աղի և յուղոտ ուտելիքի հանդեպ ցանկությունը:

Եթե դուք եք պատրաստողը կամ կարող եք խառնվել այդ գործընթացին, ապա այնպես արեք, որ սեղանին շատ լինեն մրգերը, բանջարեղենը և առասարակ թեթև, անգամ դիետիկ սնունդ:

Խնդիր 2-րդ: «Մի հատ էլ այս մեկը փորձեք, մինչև բլինչկները գան»:

Լուծում: Սա թերևս շատերի համար ամենամեծ խնդիրն է: Բոլոր տեղերում լսում ենք միևնույն բանը՝ «Այս մեկից հաստատ ոչ մի տեղ չեք կերել», բայց, իհարկե, ուտում ենք նույնը, այն էլ՝ օրվա մեջ մի քանի անգամ: Եվ բավական է՝ քո ափսեն դատարկ տեսնեն, անմիջապես ավելացնում են նոր ուտելիք:

Խորամանկ եղեք. կերեք դանդաղ, ստեղծեք տպավորություն, որ անընդհատ ուտում եք: Անցուդարձի մեջ դա չի նկատվի, իսկ դատարկ ափսեն ոչ ոքի աչքից չի վրիպում:

Խնդիր 3-րդ: Նախորդ օրվա ուտելիք:

Լուծում: Ի՞նչ ենք անում հունվարի 1-ի առավոտյան: Իհարկե, բազմոցին պառկած ուտում ենք Դեկտեմբերի 31-ի ուտելիքների մնացորդներն ու նայում քաջ ծանոթ ամանորյա ֆիլմերն արդեն 100-րդ անգամ:

Այս խնդրից խուսափելու համար պարզապես քիչ ուտելիք նախատեսեք 31-ի գիշերվա համար, որպեսզի հունարի 1-ին ստիպված լինեք վեր կենալ բազմոցից և թարմ մթերքներից ուտելիք պատրաստել ձեզ համար:

ՀՈԳԵԿԱՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ

Խնդիր 1-ին: Բարեկամներ

Լուծում: Նոր տարին ընտանեկան շփման շրջան է: Բայց ոչ միշտ է այդ շփումը միայն ուրախություն բերում, այնպես չէ՞: Երբեմն բարեկամներն իրենց կարոտն առնելուց հետո սկսում են անհարմար հարցեր տալ, քննադատել կամ հիշել հին-հին խոսակցություններ:

Ամեն գնով խուսափեք հարաբերություններ պարզելուց, մի փորձեք փոխել ձեր բարեկամներին: Եթե զգում եք, որ խոսակցությունը ոչ ճիշտ հունով է ընթանում, փոխեք թեման, առաջարկեք ինչ-որ բան խաղալ: Դա միշտ շատ լավ լուծում է:

Խնդիր 2-րդ: Չարդարացված հույսեր

Դեռ դեկտեմբերից մենք անհամբեր սպասում ենք Նոր տարվան, ծրագրեր ենք կազմում, որոշում՝ ում հետ ենք դիմավորելու, ինչ ենք անելու, ինչ ենք գնելու և այլն, և այլն: Բայց հաճախ ոչ ամեն ինչն է հնարավոր լինում հասցնել: Եթե ձեր հույսերն ամբողջությամբ չեն իրականացել, մի տխրեք:

Նոր տարին նոր տարի է, և ամեն ինչ նոր է սկսվում: Դուք դեռ լիքը ժամանակ կունենաք ձեր բոլոր ցանկություններն այս տարում իրականացնելու համար: Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնե՞ս. դա ընդամենը խոսքեր են: Չէ՞ որ եթե դու կարդում ես այս հոդվածը մեր կայքում,ուրեմն դու էլ մեզ պես համոզված ես, որ ամեն ինչ (այդ թվում՝ քո երջանկությունը նոր տարում) հենց քո ձեռքում է:

In this article


Join the Conversation